— Դավիթ, ժամը երեքն է,- պատանդի վիճակում, դատապարտվածի նման խնդրում եմ ես.
— Լավ չէ, որ ժամը երեքն է, լավ կլիներ՝ երկուսը լիներ գիշերվա: Հետո կլինե՞ր երեքը գիշերվա, հետո՝ չորսը գիշերվա, հետո՝ հինգը… Հայրիկ, առավոտը ե՞րբ է սկսվում…

Երևի երեկ իրիկունը բուռն-մարդաշատ աղմկոտ հավաքը գրգռեց-խառնեց-վերջնականապես անկանխատեսելի դարձրեց մեր հերոսին. առիթը՝ մեր, հիշում ե՞ք, Էդվարդ Բլեյանի, Էդվարդի ծոռ, Թաթոսի թոռ, Արամի անդրանիկ զավակի երկու տարեկան դառնալն է… Իմ ավագ եղբոր երեք տղաներն իրենց ու քավոր-սանիկով, մեծով, պստիկով, գումարած՝ ես, իմ ընտանիքով, իմ քույր Էմմայի ավագ դուստր Սուսանը՝ Նազենի կրտսերով, ու էլի…

Մեծ ուրախություն ու հավաք, որտեղ Դավթի՝ կենտրոնում լինելու, եղած ավտոները տնօրինելու իրավունքը շարունակ վիճարկում է մեր լավ մեծացած, իր խասյաթով արդեն իր կարգավիճակին համապատասխան Էդվարդիկը: Ի՜նչ լավ էր, որ հավաքվեցինք։ «Պիտի հավաքվենք առիթներով ու առանց դրանք բաց թողնելու, որ չօտարանանք ու որպես բարեկամներ կարողանանք մեր մնացած հարցերը կարգավորել»,- այսպես ճշգրիտ ձևակերպեց սեղանի գլխավերևում, որպես թիվ մեկ շահառու նստած մեր իմաստուն եղբայր Թաթոս Բլեյանը…

Հոգնած էինք, իհարկե, երբ վերադարձանք իրիկվա 10-ին, բայց, ո՞վ իմանար, որ «концерт только начинается»…
— Դե, ձեր մեռելն եկեք տարեք…, — հենց մտանք տուն, նետում է Դավիթը…
— Ո՞վ է այդպես ասում, Դավիթ եղբայր…
— Ո՞վ է ասում, դո՛ւ ես ասում…

Մենք միասին գիշերվա 2-ից 3-ը mskh.am-ում ենք՝ զմայլված, զույգով 3-րդ անգամ նայում ենք Սոֆյա-Կարինե-Գոհարի համերգը Դավթի խմբում…[youtube https://www.youtube.com/watch?v=6U0cfnebqJU]
— Ինչո՞ւ չես երգում. կեսից ո՞ւմ հետ ես խաղում, Դավիթ…
— Չեմ ուզում, չեմ երգում, լսում եմ համերգը, չեմ խանգարում:
— Սիրո՞ւմ ես քո կուկուներին, — խոսեցնում եմ ես…
-Ու ընկեր Սոֆյային, Կարինեին
-Ընկեր Մելինեին, Գոհարին, Նորային, քույրիկ Տաթևին…, — հայրական երախտագիտությամբ շարունակում եմ ես…

Հրդեհը mskh.am մեդիայում իր սև գործն արել է, ու մենք երեկ-այսօր այլ բան չունենք անելու, քան առաջնահերթ դրա հետևանքները վերացնելը, մեր մեդիան բնականոն վիճակի բերելը: Սեբաստացի ծնողի այս գրառումը, վստահ եմ, արտահայտում է շատերիս սրտում-մտքում կատարվածը. «Շատ տխուր էր… Տխուր էր, որովհետև mskh-ը չկար: Ու Ձեր զայրույթը, անհանգստությունն ու հուզմունքը տեղին էին: Սա էլ կարծես մի երեխա լինի, որին պահում ես, փայփայում,գուրգուրում ու… հիվանդանում է: Այնքան ցավ էի ապրում, երբ օրվա մեջ, երևի չափազանցություն չլինի, հարյուր անգամ բացում էի, ու էլի… լռություն: Փառք Աստծո, ամենի ավարտը բարի եղավ»:

Տարիքը զգա՞լ է տալիս, թե՞ հուզիչ են, իրոք, Մանեի Հովհաննիսյան-Նունեի-Էրիկ Թելունցի խոստովանությունները «Շողակնում»… «Էթիկետի» վարժարանային (գիմնազիական) ընթացքը… Էրիկի՝ Տերյանի «Հոգևոր Հայաստանը» հաղթահարելու փորձը… Ընթերցասերների ակումբի հերթական, մարգարիտսարգսյանական շնորհքով արվող «Իրականությունից հեքիաթ» նախագիծը, նրա առաջին խիզախ դրսևորումը, որ հուզելու աստիճան անմիջական է՝ Ֆրեդ Սահակյանի պատումով…

Գեղարվեստի երկարացված օրվա Դիանա Գևորգյանի խմբում ընթերցանության ժամ է

Որևէ ստուգում, վարկանիշավորում, որևէ ձևաթղթեր՝ իրենց արհեստականություն պարտադրող գործակիցներով չեն կարող մեզ շեղել ապրելուց, կյանքից՝ կրթահամալիրի Բանգլադեշում, տանը, փողոցում…

«Մեզանում շարունակ մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը եւ դրանով արդարացնում իրենց անտարբերությունը դեպի այդ ամենը»: Վ. Տերյան

Մեդիայում աշխարհի խելառության ամբողջականության ընկալման հնարավորություն ունես: Տեսեք, նույն օրում.

  • Եգիպտոսում մոլեգնող ավազե փոթորկի պատճառով նավագնացության համար փակվել է Սուեզի ջրանցքը, ինչպես նաև Կարմիր ծովի նավահանգիստների մեծամասնությունը…
    Դադարեցված է ծովային հաղորդակցությունը Սաուդյան Արաբիայի հետ (1in.am, 12.02.2015):
  • Հյուսիսայի Կորեայի իշխանությունները Հարավային Կորեային սպառնացել են «ամենադժբախտ վերջաբանով», եթե այն Փխենյանի դեմ «ագրեսիվ պատերազմում» միանա ԱՄՆ-ին:
    Կորեան նախազգուշացրել է նաև, որ կարող է պատասխանել Հարավային Կորեայի կողմից հարվածներին (1in.am, 12.02.2015):
  • «Նորմանդական քառյակի» բանակցությունները Մինսկում շարունակվում են նեղ կազմով, «Նորմանդական ձևաչափով», որին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները (1in.am, 12.02.2015):

Ես ներկայացրի փետրվարի 12-ի առավոտի մեդիայի «թոփ եռյակը»:

— Հիմա կգա, կասի ձեր հավեսը չունեմ, դրա ձենը կտրեք,- էլի Դավիթն ինձ է մեջբերում, հենց այնպես, երբ գիշերվա 2-3-ին հեր ու տղա միասին ենք անցկացնում գիշերը իր պարտադրած օրակարգով՝ մարդասիրական միջանցք բացելով (ազատելով ննջարանը) կանանց համար…

— Առաջին ժամ դասի եմ, թողեք քնեմ, ա՛յ Բլեյաններ,- իր բախտից դժգոհ, թե քնի մեջ ազարտի, գիշերվա 1-2-ի արանքում մեզ դուրս արեց սեբաստացիների մայրենիի ուսուցիչ Արմինեն, երբ արդեն մեկ ժամի չափ, ամենախաղաղ, ամենառոդարիական պատումներն էինք կարդում, իհարկե, ու միշտ՝ Հովհաննես Թումանյան…
— Ուզում եմ՝ համակարգչի առաջ միասին նստենք ու կայքը նայենք,- իր որոշումն է հրապարակում Դավիթը…
Մնացածը դուք գիտեք… Ժամը 3-ից հետո ոչինչ չեմ հիշում. աչքերս բացել եմ 6.30 ու վռազ-վռազ պատմում եմ բարեխիղճ և անկեղծ…

Սեբաստացիներ, 2015-ին ուղղված ամեն ինչ ասվել է իրականություն դառնալու և բեկում առաջացնելու վճռականությամբ… mskh.am-ի մուտքերի հաշվիչները կարծես՝ այսպիսի վիճակի համար են: Փետրվարի 11-ին գրանցվել է 5400-ի չափ մուտք և 400-ից ավելի մուտք ունեցել է իմ բլոգը. ասել է թե՝ կայքի կարոտը, պահանջը այնքան զորեղ է, որ գործարկելուց հետո, մի քանի ժամում այսպիսի ցուցանիշներ է արձանագրում …

Քնածների շարքը շարունակում են Գեղարվեստի նախակրթարանի Ինգայի և Բուրիկի սաները

One thought on “Որ չասի. «Դե, ձեր մեռելն եկեք տարեք»…”

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենալավ նվերը աշխարհում…

Քո ժամանակն է, որը նվիրում ես մեկ այլ մարդու… Նանոր Հովհաննիսյան, Միջին դպրոցի 8-րդ դասարանից, նրա «Մտադարակ» հարթակից, ժամանակը՝ ամենաարժեքավոր բանն աշխարհում, ու նվիրում ես անվերադա՞րձ… Հայ-վրացական աշխուժության իրիկնային հարթակ դարձավ

Նասլեդ՝ на след?… հետքի վրա՞, ժառանգո՞րդ…

Չգիտեի Նասլեդ անունը, որ Հայաստանում ինձ չի հանդիպել, Ջավախքի հայերի շրջանում տարածված է: Երեկ Վաչիանի մշակույթի տան պարի խմբի՝ գյուղի դպրոցի սովորողների կրթահամալիրում գտնվելու վերջին օրը՝  «Սեբաստիա» համերգասրահում հրաժեշտի հանդիպման

Այսօր ես դա չէի անի

Այսպիսի հարց տարբեր ձևակերպումներով և առիթներով, ինչպես այսօր ստեպ-ստեպ (ի՞նչ ասել է ստեպ-ստեպ, Սուսան Մարկոսյան) հնչում է. — Կա՞ բան, որ տարիների հեռվից ասում ես՝ այսօր ես դա չէի անի…