Մեդիայում նյութի-հարցազրույցի-լուրի ընտրությունը ես կատարում եմ ըստ թեմայի, դրա նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքի, անկախ անձի նկատմամբ իմ վերաբերմունքից։ Այս տեսանյութը և «եռատոնին» վերաբերող էլի նյութեր բաց չեմ թողնում. ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչ է փոխվել հանրային գիտակցության մեջ։ ԱԺ փոխնախագահի այս անմիջական խոսքը չեմ մարսում. տիրապետող-պաշտոնական գնահատականներ են: Այսինքն ո՞նց… տիկին Հերմինե Նաղդալյան… Եթե չլիներ Մեծ հայրենական-համաշխարհայինը, որին մենք մասնակցել ու, ասում եք-ասում են, 300 հազարի չափ զոհ ենք տվել, չէինք ունենա նաև մայիսի 8-ի Շուշիի գրավո՞ւմը, ազատ Արցա՞խը… Այսքա՜ն թանկ գի՞ն ենք վճարել՝ 1941-1945 թթ  զոհված մեր հայրերի-պապերի 300 հազար կյանքը… Ես գիտեի՝ միայն մեր ապրող սերունդն է 1988-ից ցայսօր վճարում իր կյանքով ու 1991-1994-ի հազարավոր  զոհերով, հայ-ադրբեջանական սահմանին ամեն օր իրեն վտանգող-զոհվող պայմանագրային-ժամկետային զինծառայողներով, շարունակվող գաղթով, որ սկսել է 1990-ից…

Ես մտածում էի, որ մեր հայրերը խորհրդային կայսրության կազմում, որպես ժողովուրդ, 1941-1945-ին մասնակցում էին, այո, հարկադրաբար՝ թաքուն-բացահայտ ոչ միայն էն հույսով, որ ֆաշիզմի դեմը կառնվի, այլև դրա դիմաց, դրա ընթացքում և արդյունքում ետ կբերեն 1915-ի Հայոց ցեղասպանությամբ կորսվածը, Լենին-Աթաթուրք գործարքով կորցրած էրգիրը, նրա մի մասը… Որ գերմանական նացիզմի կողմում հայտնված, նրա հետ, թվում էր, պարտվող, հետո հաղթողների կողմն անցած Թուրքիան (այդպես էլ 1941-1945թթ չպարտվեցին, հա՞,  թուրքերը կարմիր Ռուսաստանին) ստիպված կլինի հատուցել որևէ ձևով ու չափով հաղթանակը բերած հայ ժողովրդին… Հայ պաշտոնյան, ավա՜ղ, նաև ոչ պաշտոնյան, լրագրողն ու ոչ լրագրողը այս օրերին էլ հղում չի անում հայտնի պատարագի ժամանակ հնչեցրածելույթին. «Մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու կոմունիզմն էին, ստալինիզմը»:

Այսինքն, ցեղասպանության մասով միշտ համաձայն ենք-երախտապարտ, ֆաշիզմի մասով այս օրերին մեր վարքով-բարքով-տոնով հղում չենք անում, բայց, տեսեք՝ վեճ չկա, որ ֆաշիզմը չպետք է կրկնվի, իսկ այդ կոմունիզմի, խորհրդային բռնապետության հերթն այդպես էլ չի հասնո՞ւմ… Իսկ Գեորգիևյան ժապավենն ի՞նչ խորհուրդ է, որ «անմոռուկի» նման հանկարծ հայտնվեց, որտեղի՞ց, ո՞ւմ է «հիշեցնում», ինչո՞ւ… Ահա ձեզ հայտնի ուսուցիչ-հասարակագետ Աշոտ Տիգրանյանի արձագանքը։ Գուցե ուրիշ հիշատակո՞ւմ անենք՝ մեր պապերին, իմ Զալիբեկ-Սարիբեկ հորեղբայրներին՝ համաշխարհային պատերազմի՝ պարտադրաբար զոհ տարած ու նրանց ժառանգներին առ այսօր որևէ փոխհատուցում չտված… Իմ մեծ քրոջ ամուսինը, ով հաջորդ տարի կնշի 90-ամյակը, Հայրենական թե համաշխարհային պատերազմի վետերան է՝ մի թոռը Տավուշի սահմանի վրա, մյուսը՝ բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ գործազուրկ, իմ 85-ամյա քույրը՝ հիվանդ… Լիքը կենցաղային դժվարություններ ունեն՝ սկսած չստացված խորհրդային բանկի ավանդներից (կարելի էր, չէ՞, գոնե այդ խմբին վճարել), վերջացրած բնակարանային տարրական պայմաններով՝ 4 ընտանիքով ապրում են Նորքի IV զանգվածի «խրուշչովկաներից» մեկում… Հիմա որ բանակից եկավ Մկրտիչ թոռը, ի՞նչ է լինելու, մի գործազո՞ւրկ է ավելանալու… Կարելի՞ էր, չէ՞, պատերազմը հաղթած վետերանին մի բնակարան տալ՝ մեկ-երկու սենյականոց…

Ես ունեմ հարցեր, որոնց հետևողական անդրադառնալու եմ։ Ուզում եմ, որ մեր հասարակագետ ուսուցիչները, ծնողները, սովորողները օգնեն ինձ՝ այդ հարցերի պատասխանը ստանալու։

  1. Ինչո՞ւ էր պետք «եռատոն» սարքել՝ խառնելով իրար անհամատեղելին…
  2. Որտեղի՞ց այս պաշտոնապես՝ դասագրքերում, մամուլում, պաշտոնյաների կողմից շրջանառվող իրարամերժ տեղեկությունները՝ համաշխարհային թե հայրենական պատերազմին հայ ժողովրդի մասնակցության, զոհերի մասին։
  3. Եվ, վերջապես, կենցաղից կտրվենք. 20-րդ դարի երեք մեծագույն չարիքների շարքում՝ Հայոց ցեղասպանություն, կոմունիզմ, ֆաշիզմ (ժամանակագրությամբ շարեցի),  ե՞րբ է գալու խորհրդային բռնատիրության դատապարտման հերթը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հաշվեք, որ դուք արդեն տանն եք…

Հաստատ է, որ ես հարգանքով կարդում եմ ինձ հասցեագրված յուրաքանչյուրիդ նամակը, «Դպիր»-ում ամեն մի հրապարակում… կարող է՝ ամոթալի մի վրիպում լինի տարվա մեջ։  Անարձագանք չեմ թողնում ոչ մի դիմում, հրապարակում… Այսպիսի հաղորդակցությունը

Հավատարիմ խաչին

Հայոց մեջ կան արտահայտություններ, որոնք անհիշելի ժամանակներից են, ու տեղից ելնողը գործածում է, բայց ես շարունակում եմ չհասկանալ… «Մի ձեռքում՝ սուր, մի ձեռքում՝ խաչ»: «Երկու ձեռքով խաչը կրելը», «հավատարիմ իր

Հանրակրթական համակարգը պետք է հարմարեցնել նոր մարտահրավերներին

Զրույց 1in.am լրատվականում։ Լրագրող՝ Գոհար Հայրապետյան։