Տաթև Հարությունյանն իմ ուշադրության, օրվա իմ պատումի կենտրոնում է երկու պատճառով. նախ, որ դիմել է մրցութային-ներառող համակարգով կրթահամալիրի հեղինակային մանկավարժությամբ զբաղվողների հավաքանու լիիրավ անդամ դառնալու: Եվ, իհարկե, Գեղարվեստի կրտսեր դպրոցի 1-ին դասարանցիների կրթական ծրագիրն է յուրացնում-կարևորում-զարգացնում դպրոց-պարտեզ սկզբունքորեն նոր որակի միջավայրում: Այս տեսանյութն ինքնին սիրելի է իր կոկիկությամբ, խնամքով պատրաստվածությամբ, կոնկրետությամբ: Կրթահամալիրային փոխազդեցությունների այս շղթան` կրթահամալիր-փորձարարական-հետազոտական միավորում, դպրոց-պարտեզ, պարտեզից դպրոց սահուն անցումն ապահովող կրթական ծրագիր՝ հատուկ կազմակերպված իր միջավայրով, ապահովում է հեղինակային մանկավարժության մշակման, կազմակերպման, փոխանցման բաց համակարգ, այնպիսին, որ ապահովի ինչպես 5-6 տարեկան սովորողի՝ իր առանձնահատկություններին, զարգացման մակարդակին համապատասխան մուտքը, այնպես էլ այդ երեխայի նոր ուսուցչի՝ Տաթև Հարությունյանի ընտրության-մասնակցության-ներառման բնական ճանապարհ:
Մեր կրթական միջավայրը ծրագրված բաց է: Թարմ օրինակներով խոսեմ: Բարձրագույն մանկավարժական մասնագիտական կրթություն ստացողների համար, խնդրեմ, փետրվարի 17-ից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների 12 հոգիանոց հերթական խումբը փորձառությունը կսկսի կրթահամալիրի Դպրոց-պարտեզում: Փետրվարի 28-ից մարտի 3-ը Թբիլիսիի նախադպրոցական հաստատությունների դաստիարակների և տարրական դասարանների դասվարների 35 հոգիանոց խումբը, վրացական կողմի նախաձեռնությամբ, մեր մանկավարժական ծրագրով վերապատրաստումներ կանցնի կրթահամալիրի նախակրթարաններում, կրտսեր դպրոցներում: Օրերս կրթության և գիտության նախարարություն ներկայացրինք առաջարկ՝ Երևանի արվարձաններում և Հայաստանի քաղաքներում մեր կրթահամալիրում մշակված-փորձարկված ուսումնական հաստատության նոր տեսակ՝ դպրոց-պարտեզներ բացելու մասին: Մենք պատրաստ ենք տարիների մեր ամբարածով ներդրում կատարել ամենափոքր հայաստանցիների համար, որ ավելի գրավիչ-զարգացնող իրականություն ունենան:
Ես իմ 2012-ի նախըտրական-հրապարակային՝ պայմանագրային արժեք ունեցող խոստմանը (պարտավորությանը) հավատարիմ, ապակուսակցական եմ: Չգիտեմ էլ՝ օրագրի ընթերցողին որքա՞ն են օգնում համացանցային ԶԼՄ-ներից իմ կազմած «թոփերը», որոնք կազմելն ինձ համար բացարձակ դժվարություն չի ներկայացնում: Սպասված անսպասելին, իհարկե, Հանրապետական կուսակցության քաղխորհրդի 2015 թ. փետրվարի 12-ի նիստում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ընդարձակ գլխավոր ելույթն էր: Ես այն ամբողջությամբ կարդացել եմ: Բնական է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթն ընթերցելը։ Սրանք մեծացող թափով շրջանառվող տեքստեր են, ուստի իմ «թոփում» չեմ ներառում։ Խորհուրդ եմ տալիս կարդալ Lragir.am-ում «ԱՄՆ-ն բեկում է մտցնում Հայաստանում» հարգելի լրագրող-վերլուծաբան Հակոբ Բադալյանի փետրվարի 10-ի հրապարակումը: Ուզում եմ, որ ԱՄՆ-ը կարողանա Հայաստանի պետական իշխանությանն առաջարկել տնտեսական օգնության այնպիսի ծրագիր, որ Հայաստանի հասարակության համար շփոթ այս շրջանում տնտեսական ակտիվություն և դրական սպասումներ առաջանան: Յուրաքանչյուրիս շահն է: Հակոբ Բադալյանը եզակի աշխատասիրություն, բեղուն գրիչ ունի. ահա նրա «Անսպասելի սպառնալիք իշխանության համար» 2015-ի փետրվարի 11-ի հրապարակումից մի նախադասություն, որ կարող է խայծ դառնալ Ռուսաստանում աշխատանք փնտրողների մասին այս վերլուծություն-մեկնաբանությունը կարդալու համար. «Գործողության ավարտից հետո պարզվեց, որ հանրությանը խաբել են, համենայն դեպս դրա այն մասին, ով հավատացել եւ ակնկալել է, որ ԵՏՄ անդամակցումից հետո ավելի հեշտությամբ կմեկնի Ռուսաստան աշխատանքի: Պարզվում է, որ 50-60 հազար մարդ մնացել է«դրսում», այսինքն՝ Հայաստանում»: Եվ երրորդ նյութը, որ նույնպես ընտրել եմ Lragir.am-ից՝ «Հանգուցալուծումը մոտենում է». ահա այսպիսի Հայաստան…
Միմյանց առաջին բուժօգնություն են ցուցաբերում Դպրոց-պարտեզի
Արմինե Գյոնջյանի 3-րդ դասարանցիները
Մենք` մեր ունեցվածքով, մեր ողջ կրթահամալիրով-ունեցածով յուրաքանչյուր հայաստանցունն ենք: Տեսեք, այս օրերին որքան սիրով-կոնկրետ, մեր նախաձեռնությամբ, առանց ցուցադրվելու, տասնյակ դպրոցների գրադարաններ ստացան պիտանի ուսումնական գեղարվեստական գրականություն: Շնորհակալական նամակ-զանգերը մեր գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանի ու ընկերների, այդ թվում` գրադարանին օգնող տասնյակ սովորողների, հանրային արժեք ունեցող ձեռքբերում է:
Ինձ հարցնում են՝ չի նեղո՞ւմ, ո՞նց է, որ մեր իրականության այս քաոսի մեջ ոչ միայն չեմ ընդհատում իմ մանկավարժական պատումը ամենօրյա, այլև ավելի խանդավառ եմ կրթական-հանրային գործունեությամբ: Լավ է, որ չեք հանդիմանում: Երեկ ես մասնակցեցի Գեղարվեստի ավագ դպրոցի ծնողների և սովորողների հավաքին: Ամենավերջում իմ առաջարկով ծնողների և ուսուցիչների դիմաց պատի երկայնքով շարվեցին հավաքին ներկա մի քանի տասնյակ գեղարվեստցիները: Տեսարան… հմայիչ, թարմ, կենսուրախ, պարզ-ճաշակով-ազատ հագնված: Ահա իմ, մեր պարգևը, մեր վարձքը, որ ամեն օր ստանում ենք, կարող ենք ստանալ լիուլի՝ այսքան երեխաների, այսքան հետաքրքիր գրավիչ անհատների վայելքը… Մանկավարժի համար իմը, քոնը ո՞րն է, սրանցից յուրաքանչյուրն իմն է՝ իր բերած վայելքով, նրան օգտակար լինելու, միասին մեր աշխարհն այլ դարձնելու, նոր աշխարհ ստեղծելու ծով հնարավորությամբ: Շնորհակալ եմ, որ միասին ենք:
«Սովորում ենք կոճակ կարել»
Դպրոց-պարտեզի 3-րդ դասարան, դասվար՝ Արմինե Գյոնջյան
«Երբեք մի՛ սահմանափակիր քեզ,փորձի՛ր և ճանաչի՛ր քո տարբեր կողմերն ու հնարավորությունները»: Ահա այս միտքն էր, որ ինձ բերեց Գեղարվեստի դպրոց: Ինչպես ասում են.«Ամեն միտք իր իրականացման տեղն է գտնում»:Ստեղծագործական պրոցեսն ինքնին հետաքրքրական է,հատկապես,երբ համագործակցում ես ամենաերևակայող էակների՝ երեխաների հետ:Ուրախ եմ, որ հենց 5-6 տարեկաններն են ստեղծում այդ միջայրը և տալիս այդ հնարավորությունն ու առիթը ստեղծագործելու: