Գրիգոր Խաչատրյանն անուն կպցնելու վարպետ է։ Վերնագիրն իմ այս օրապատումի իրենից քաղեցի. Սեբաստացի ագարակի ճամփին, երբ կրթահամալիրի տեխնոլոգ-նկարիչների մեծ խմբով Գեղարվեստում Քնարիկ Ներսիսյանի ու Կարինե Մացակյանի նախաձեռնած Կլոր սեղան-տիտիկից հետո թեթև բեռով ու հեռուն գնացող ամառային նախագծերով մեր աշխարհի կենտրոն՝ Արվարձանի կրթական պարտեզի ոլոր-մոլորով, Բաբաջանյանի վերգետնյայով մտանք Բ-4… Բախշյան պուրակով սկսվե՞ց մեր արտի ճամփեն, որ աշխատանքի խինդով լեցուն-ընդունակ մարդկանց այսպիսի սիրելի խմբով անցնենք Դպրոց-պարտեզով մինչև, Գրիգորի ասած՝ Սեբաստացի ագարակ ու սրա պլեներային քարափ (սա էլ՝ Քնարիկի դրած անունը)։ Անուններն այդպես ապրել-ապրեցնելով են առաջանում-մնում։ Սեբաստացի ագարակ կոչենք, Գրիգորի բարձր ձեռամբ, մեր գյուղացիական տնտեսությունը՝  իր ձիանոց-մանեժով։ Իսկ սրան հաջորդող լանդշաֆտը՝ պլեներային քարափ՝ իր պուրակով, աղբյուրով… Իսկ տանող ճամփան, որ ամեն օր, շնորհիվ Անահիտ Մելքոնյանի, Խորեն Հազարումյանի աշխատանքային ջոկատների ու Սոնա Փափազյանի ընկերության ջոկատի՝ արտով…

Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:

Ագարակը մեր շրջապատված է առվույտի, կորնգանի, վարսակի արտերով, ծաղկուն թմբերով, կանաչ լանջերով ու նխշուն պատկերներով, որ սկսել են-սկսում են իրականացնել նկարիչներ Աշոտ Երիցյանի, Թամար Հարությունյանի, Անի Հովհաննիսյանի, Հասմիկ Թոփչյանի, Զառա Ոսկանյանի, Գերմանիայից վերադարձած Արեն Շահնազարյանի նախագծային խմբերը, Արման Գրիգորյանի, Կարինե Մացակյանի, Գագիկ Չարչյանի, Կարեն Մկրտչյանի սաները… տարածաշրջանի ամենաէսթետիկ ագարակը անկասկած՝ Ամառ 2016-ի հուլիսին-օգոստոսին… Հա, ես իմ ընկերների հետ պատրաստվում եմ սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին, որ կանցնի, իհարկե, Կրթական պարտեզով, Մետաքսի մեր ճանապարհով… Իսկ մեր ճանապարհը, ինչպես մեր օրը, իմ քայլքը, ճամփորդությամբ ուսուցումը, հարուստ են գյուտերով՝ նոր ուսումնական նախագծերով, որպես ճամփորդական խթաններ, գտածոներ… Քանի՜ պուրակներ տեսանք-ձևավորեցինք, քանի՜ պլեներային տարածքներ, լրացուցիչ կրթության՝ նկարիչ-տեխնոլոգների բնական, կյանքով ընտրության կազմակերպումներ։

Ոչ մի խոստում՝ իմ բերանից թռած, որպես գործ-նախագիծ-ծրագիր, որ անկատար-դրժած մնա… Ցերեկը պատրաստել էի Սևանա լճի իմ այլընտրանքը՝ «Վանա լճում» լողալը, ու օրվա վերջում (ունի, հա՞, իմ օրը՝ սկիզբ ու վերջ) ես վերագտա ինձ Գեղարվեստի ծիծաղախիտ «Վանա ծովում»… Համեցե՛ք, հեռու-մոտիկ ընկերներ…

Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Դավիթ Բլեյանը մազերը կտրել է տվել։ Ինձ սպասում է անհամբեր, դռան ետև թաքնված, որ մազերը, նոր սանրվածքը ցուցադրի։ Ա՛յ, իսկական Աշոտիկ… Ես նրան լողարան տանեմ, պիտի ավելի պսպղա-խաղա, ազատվի իրեն տանջող կամուկացից… մինչև երկուշաբթի, երբ կստանա իր դաստիարակների, քույրիկների-եղբայրների, ընկեր-ընկերուհիների հավանությունը… Տղա-աղջիկը՝ երկուսը մեկում, այսպես է լինում, երբ մեկն է։ Լինե՜ր գոնե երեքը, ինչպես մեր Մանուշակ Աբրահամյանինն է, որ ցերեկը եկել էր՝ իր Արփի հաշվետվությամբ ու Դիանա Գևորգյանի հետ, այնքա՜ն կարևոր լիցքեր փոխանցեց Գեղարվեստի կազմը համալրած Նարինե Ամուջանյանին։ Մեր տեխնոլոգ-նկարիչ Նարինեին՝ քանդակագործ ամուսնով, ուկրաինուհի տատով, մեր հինգ տարեկանների նոր ուսուցչին, իհարկե, կաջակցենք։ Լավ ուսուցիչն ուրախության-շնորհի աղբյուր է նորանոր սեբաստացիների համար… Ինձ ուրախացնում եք, Կարինե Բաբուջյան, Կարինե Մամիկոնյան, հիմա նաև Նարինե Ամուջանյան, հինգ թե վեց տարեկանների առաջին դասարաններում…

«Ընկերություն» ջոկատի աշխատանքները:
Մաքուր պուրակ, բարեկարգ ու խնամված միջավայր:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի, Զարուհի Առաքելյանի:

Ցերեկը, իմ անձնականով բազմազբաղ ու մտահոգ (իմ եղբայր Թաթոսին այսօր Արամ կրտսեր եղբորս հետ մի հիվանդանոցից տեղափոխեցինք մի ուրիշը), ես, իհարկե, եղա և՛ Հիմնականում, և՛ Նոր դպրոցում, և՛ Մայրում, և՛ Քոլեջում… Ամենուր ճամբարային-նախագծային խինդ-ստեղծականություն… Ավագ դպրոցում վերջին պատրաստություններն են ընթանում իննից-տասներկուերորդ դասարանցիների՝ հունիսի 27-ին մեկնարկող՝ «Նախագծում ենք մեր ավագ դպրոցը» պատանեկան ճամբարի… Հիմնականում Բաբուջն ավարտում է իր առաջին դասարանի ընդունելությունը, Նոր դպրոցում մտածում են նոր առաջին դասարանի մասին։ Իսկ Քոլեջում ոչ միայն լսեցի պարտիզապուրակային մասնագիտությամբ պետական որակավորման հանձնաժողովի նախագահի հիացական խոսքերն այս տարվա նախագծերի մասին, այլև Քոլեջի ղեկավարի հետ ճշտեցի նոր բացվող՝ հինգ տարեկանների խմբասենյակի նախագիծը։ Սկսում ենք, իհարկե։ Դավիթ Բլեյանը պատրաստվում է արդեն երկուշաբթի կնքել հինգ տարեկանի ուսումնառության պայմանագիրը, որին, քանի՜ շաբաթ է, շատ խնամքով ծանոթանում էին՝ Տաթև քույրիկով, մյուս ղեկավարներով ու դաստիարակներով, և որը երեկ իմ աշխատանքային սեղանի գլխավոր փաստաթուղթն էր։

Կաթսայատան ձևավորման աշխատանքներ:
Զառա Ոսկանյան և Գեղարվեստի ջոկատ:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:

Շատ-շա՜տ երեխաներ, սեբաստացիներ նոր, հատկապես 5-6 տարեկաններ, որ ոտքով թե հեծանվով, խինդով-երգով այս սեպտեմբեր պիտի բռնեն Սեբաստացի ագարակի արտով անցնող ճամփան։ Մեր ձիերի խրխնջոցն ու շների հաչոցը լսեցի՞ք…

Ֆոտոխմբագիր՝ Զարուհի Առաքելյան
#712

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մաթեմատիկա-լող-շախմատ

Ամառային դպրոցները կրթահամալիրի հուլիսի մեջ, տեսեք, իրենց որքա՜ն լավ են զգում, անգամ, համաբանգլադեշյան-համաքաղաքային այնպիսի իրադարձություն, ինչպիսին կրթահամալիրի ավագ դպրոցների շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսությունը և Աննա Բլեյանի՝ իմ եղբայր Ստեփանի սքանչելի

Թիվ 304 սենյակ։ Առողջագետի իրիկնային տեղեկանք 

Կեսօրից հետո, նույն ինտենսիվությամբ, ինչպես առավոտյան, շարունակվում է բժիշկների նշանակված պրոցեդուրաների կարգապահ ընդունումը։ Արանքում տիար Գևորգի հետ փորձում ենք հասցնել նաև մայիսյան հավաքին ընդառաջ մեր դիտարկումները։ Նախ՝ ինչու մայիսի 3-7,

Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է…

Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է. Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում — դա կամուրջ է. Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում. Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն,