Անի Արղությանի մոտ ետծննդյան օրեր են… Այս 7-րդ դասարանցի հմայիլը ի՜նչ ծնունդ է, ինչպիսի՜ թռիչք դեպի… Տեսե՞լ եք Անիին… Թերթում եմ Անիի և ընկերների բլոգ-ամսագիրը, հալալ է բոլոր սեբաստացի ուսուցիչներին, որ ջանասեր հարթում են հազարավոր տարատարիք սովորողների ճանապարհ դեպի ինքնորոշման-ազատ խոսքի-մտքի թռիչքի հարթակներ՝ ուսումնական անհատական ու խմբային բլոգներ… Երաժշտությունը որ կա՝ որպես աղավնի խաղաղության, մեր հեղինակած մանկավարժությունը բուն իմաստով, խորքում թռիչք են դեպի միտք… դեպի կատարելություն… Եվ որքա՜ն մարդասիրական հասուն է Անի Արղությանի բլոգի խորագիրը՝ Բաց թողեք ձեր մտքի թռիչքը… Հոկտեմբերի 5-ի օրով, ուսուցիչների միջազգային օրվա առիթով, նվեր-կոչ է հենց ուսուցիչներին ուղղված… Հուզեց ինձ… «Մի ճամփորդ կա իմ մտքում, մի թափառող ճամփորդ, որ կայուն կանգնած է, բայց միևնույն ժամանակ երգում է, սիրում, հիշում, կարոտում: Նա ամեն երևույթը իմ երգի միջոցով վերածում է հուշերի, մի ալբոմի, որը չի ավարտվում, որի թերթերը անվերջ կթերթեմ և չեմ հոգնի, քանի որ իմ երգը միշտ ինձ հետ է, հնչում է, հնչում և հնչում…»։
Ընտանեկան աշխատանքնե՞ր, թե՞ ընտանիքով ուսումնական աշխատանքներ. Դավիթ Բլեյանին Լուսինե Փաշայանի առաջադրանքներին ես ու Արմինեն, Տաթև քույրիկը ուշադիր հետևում ենք… Մեր հեղինակային մանկավարժությունը չի կարող ամեն օր տուն չմտնել ամեն սովորող սեբաստացու հետ՝ բարձր տրամադրություն, միտք, ճաշակ… միասին գործելու հավես պարգևելով ընտանիքին, որպես Անի Արղությանի խաղաղության աղավնի… Այս բացառիկ կարգավիճակը, որ մենք ընտանիքում և դպրոցում ունենք՝ մանկավարժության հեղինակների կարգավիճակը, չի կարող առավելագույն գործուն-ստեղծական-համերաշխ չդարձնել մեզ, ծնող, սովորող, տարատարիք մանկավարժական աշխատող, փոխադարձ հարգանքի խարիսխով մշտական քննարկման-բանավեճի ռեժիմում…
Մատիկանկարչություն 5 տարեկանների խմբում
Հյուսիսային դպրոց-պարտեզ։
Եվ երկարօրյա ուսումնական ճամբարը չի ստեղծված՝ թաքուն թե բացահայտ կատարելու համար առարկայական ուսուցչի կամ այլ ծնողի՝ մեզ համար անընդունելի հանձնարարությունները, այդ թվում՝ դասապատրաստումներ… Սրա համար երկու ճակատ էր առանձնացված երեկվա միասնական սեմինար պարապմունքներին՝ երկարօրյա ծրագրով ուսումնական ճամբարը՝ ճամբարի կազմակերպիչ մանկավարժական աշխատողների, և նախագծերով ուսուցումը՝ կրթահամալիրի մյուս մանկավարժական աշխատողների մասնակցությամբ… Ինքը, փաստը, հարգանք է առաջացնում. ամեն չորեքշաբթի ժ. 12.00 և 15.15, Մայր դպրոցում, նախօրոք հրապարակված օրակարգով բաց-միասնական պարապմունքներ են: Համեցեք, հոկտեմբերի 11-ի պարապմունքները ներկայացված են…
Երկարօրյա ուսումնական ճամբարներն իմ թիրախում են, ես բաց չեմ թողնի. այս խողովակներով ամեն օր 500-ի չափ 1-ից 7-րդ դասարանցիներ, ժամը 13.30-17.00, չեն կարող այլ մանկավարժական միջավայրում գտնվել, այլ գործունեությամբ զբաղվել, քան հեղինակային կրթական ծրագրերով որոշվածը… Սրա համար մեր յուրաքանչյուր դպրոց և ընտանիք պիտի համաձայնության գան և՛ սննդի կազմակերպման, և՛ անձնական հիգիենայի, և՛ ինքնակրթության, և՛ լրացուցիչ կրթության (անհատական թե խմբային), այսինքն՝ անվտանգ մանկավարժական գործունեություն կազմակերպման շուրջ, ուսումնական ճամբարում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում-վստահում են, որը փոխօգնության-ինքնավար-նախաձեռնողական-ինքնասպասարկվող միջավայր է…
Կադրեր «Գնացք TV» հաղորդումից.
Կարինե Խառատյան և ընկերներ։
Ինքը փաստը, որ կրթահամալիրի դպրոցների ղեկավարները խառը մանկավարժական խմբերով երեկ միաժամանակ ներկայացնում էին հոկտեմբեր ամսվա ուսումնական նախագծերը, ո՛չ վերնագրերը, այլ ուսումնական փաթեթներ, որպես նոր բովանդակություն ու ձև՝ կազմակերպում, բաց-մասնակցային տարատարիք-երկարաժամկետ-անձնավորված… Խոսուն է: Մանկավարժական լաբորատորիայում երեկ օրվա վերջում պայմանավորվեցինք առավելագույն աջակցություն ցուցաբերել դպրոցին, տնօրենին, նախագծի ղեկավար ուսուցչին յուրաքանչյուր նախագիծ դպրոցի կայքում պատշաճ ներկայացնելու համար, որ յուրաքանչյուր շահառուի-ծնողի-մեզանով հետաքրքրվածի առաջ մի հղումով (հպումով) բացվեն մեր ուսումնական ջանքերով, մեր կողմից փոփոխվող-ստեղծվող այս կյանքի մուտքերը…
Աշխատանք կավով. Հյուսիսային դպրոց, 2-4 տարեկաններ։
Դուք իմացա՞ք, որ երեկ ես կարևոր մեկ ժամ Անահիտ Եղյանի «Կոմպոստ» նախագծով պարապմունքին էի մասնակցում Հյուսիսում՝ 4-5-րդ դասարանցիների մոտ՝ դրանից առաջ և հետո մեկ ժամ Լուսինե Ալեքսանյանի հետ փնտրելով նախագծում ընդգրկված յուրաքանչյուր սովորողի հրապարակումները սովորողի և ուսուցչի անհատական բլոգում, զրույցում սովորողի հետ կոմպոստի բովանդակության մասին: Ի՞նչ կա, ի՞նչ տեսա. այսպե՞ս պիտի լիներ… Հոկտեմբերը մեր օրացույցով ուսումնասիրությունների ամիս է. կհանդիպենք։
Սա՝ բլոգային-նախագծային ուսուցումը, հենց դրա համար էլ ստեղծված է՝ ուսուցչի-սովորողի-ծնողի մտքի թռիչքի:
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1170