Որտեղից որտեղ առտու գիշերով, երբ շփոթված, անելիքս կորցրած՝ խաղում էի պլանշետով, հայտնվեց Շուշան Բլեյանը՝ իր Սեյրանով… Սեյրան ջանով… Որքա՛ն մարդկային բան կա այս Բլեյանների մեջ… Ժամեր առաջ, երբ ես լուսումթով դուրս եկա հեծանվով կրթահամալիրի Մեդիակենտրոնից ու բռնեցի տան ճամփան, Սեյրան բարձունքի պահանջ ունեցա, թեքեցի ղեկը ու անցկացրի այնքա՛ն կարևոր-հուզիչ րոպեներ Սեյրան բարձունքին… Սա իմ, այո, հայտնաբերած հարթակն է, իմ դադարը որտեղ սիրում եմ մենակ լինել, վերուվար անել բարձունքով, նկարել…
Հետո հայտնվեց Լիլիթն իր «Բարի գիշերով»… Լիլիթ ջան, ես իմ գիշերը բարի ունեցել եմ ու անցել օրվա մեջ, սա բաց չեմ թողնի երբեք… Կարոտել եմ աղջիկներիս՝ փաթեթով։ Լինում է… հուզում է… Լիլիթը շարունակում է երգել… միտքը, որ հոկտեմբերի 12-ին Դավթի հետ Լիլիթի համերգին ենք մասնակցելու, ինձ գրել-պատմել է տալիս. այս անգամ էլ այդպես հաղթահարեցի օրագիրն ընդհատելու որոշումս, երբ միտքը, որ անձրև է գալիս, կաթիլ-կաթիլ, պապակ ու փոշի դարձած հողի մեջ մտնող ջրի ձայնը ինձ դուրս են տանում, ինձ խանգարում գրել…
Մայրամուտ… կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:
Իրիկունը Դավթի մատիտներն էի սրում խաղաղ, Արմինեն Դավթի սենյակից հավաքում է բոլոր ներկերը, Դավիթը կենտրոնացել է մատիտսրիչների հրաշագործության վրա…
— Պա՛պ, էս ո՞նց… տես՝ ինչ ներկեր եմ ունենում բարակ-հաստ-գույնզգույն, կարճ ու երկար, սուր, հեշտ քսելու…
Զառա տեխնոլոգ-դիզայներն ու Դավիթը կարևոր որոշում են կայացրել, որ որպես ուսումնական նախագիծ իրագործեն Դավթի սենյակը… Ինձ համար Դավթի ոգևորվածությունը իր պարապմունքներով-ընկերներով-ուսուցիչներով ամենակարևորն է, շփումը Դավթի հետ տանը՝ որպես ուսումնական զարգացնող գործունեություն, երջանկության ժամեր է պարգևում մեզ, հատկապես որ Արմինեն ու ես դառնում-գործում-մասնակցում ենք որպես սովորական հայրիկ-մայրիկ, թելադրողը Դավթի իմացողությունն է… Հենց այդպես էլ բազմոցի վրա մեր աշխատասերը, ինչպես մեղուն, քնեց…
Ինձ սպասեք հոկտեմբերին ուսումնական բոլոր պարապմունքներին, բոլոր խմբերում, դասարաններում, դպրոցներում. ես ղեկավարելու, կենտրոնանալու եմ հոկտեմբերի օրացույցով որոշված ուսումնասիրությունների, մանկավարժական քննարկումների վրա… Չեմ թողնելու երբեք… կեղծիքի ոչ մի դրսևորում, երբ մի բան գրված է, մի բան ինչ-որ մի իներցիայով-ծուլությամբ-անկարգությամբ արվում է…
Երեկ, Մարգարիտ Սարգսյանի ուղեկցությամբ, անցա Միջին դպրոցի ուսումնական տարածքներով-կաբինետներով… Բաց-կազմակերպված-աշխատանքային վիճակը գոհացրեց ինձ. սովորող-ուսուցիչ՝ թվային գործիքով, բոլորն ու յուրաքանչյուրը, գոհացնող ինտերնետ ու ֆիզիկական միջավայր: Երբ բոլորն ու յուրաքանչյուրը ուսումնական աշխատանքի մեջ են:
2-4 տարեկանները կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից
Մարգարիտի ու Վանուհի Բաղմանյանի հետ փնտրում ենք գերմաներենի ուսուցչի Գյոթեի ինստիտուտով մեկ… Ահա ինչու այս հրապարակումը ինձ հետաքրքրեց, որքան էլ ըստ Վանուհու սա վաղուց կար… Մինչև տարեվերջ Հայաստանում կբացվի Գյոթեի ինստիտուտի կենտրոն, որ կունենա երկու հիմնական գործառույթ՝ մշակութային և լեզվական։ Կենտրոնը ոչ միայն կմատուցի մշակութային ծրագրեր, այլև կզբաղվի գերմաներենի տարածմամբ և ուսուցմամբ… Միջին դպրոցի սովորողները կունենան գերմաներենի ուսուցիչ:
Հետաքրքիր էր և հայտնի ամսագրի հիմնադրի մահվան-նրա մասին պատմող այս նյութը:
Թբիլիսիի մանկապարտեզների վարիչ-դաստիարակների մեծ խմբի հետ, բնական է, ես երեկ տարբեր մոդելներով-ձևաչափերով հանդիպումներ ունեցա Արևելքում, Հարավում, Քոլեջում, Մայր դպրոցում… Ի՜նչ ուրախ-անկեղծ շփումներ էին… Վարիչ Նատո Մեստիաշվիլիին դուր եկավ, մեխվեց գրիգորխաչատրյանական ձևակերպումը՝ մենք այստեղ չենք աշխատում, ապրում ենք։ Իսկ օրը սկսել էի նրանց հետ`8.30 Արևմուտքի կացարանում`նախաճաշով:
Մանկավարժության կենտրոն-լաբորատորիայում ես օրվա վերջին խաղաղ-անշտապ ներկայացնում էի իմ առաջադրանքը հոկտեմբերյան ուսումնասիորւթյունների մասին. մասնագետների հայտնի խմբի համար այսպիսի ծավալուն-կոնկրետ ամբողջական ուսումնասիրությունը ճանաչում եմ հոկտեմբերի աշխատանք՝ անհատական աշխատաժամանակով որոշված… Ով մանկավարժությամբ է համակված, կշահի…
Կրթահամալիրի Բանգլադեշը կանաչի մեջ…
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի
#1164