Հուլիսը նոր-նոր է իր իրավունքների մեջ. այս աջուձախ հաստատված «անշարժ-անհաղթահարելի-անտանելին» ուրիշ ի՞նչ է, եթե ոչ երևանյան բանգլադեշյան իրավունք ամառվա՝ հուլիսի…
Ոռոգման հետ կապված հոգսերը դառնում են առաջնային-կարևոր, ու դրանք անվերջանալի են թվում… Գարնան տունկը, գարնանային ողջ չարչարանքը կարելի է այնքա՜ն աննկատ-հեշտությամբ հուլիս-օգոստոսին կորցնել… Կրթահամալիրի ավագ-դպրոց վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանի նախաձեռնությամբ սովորողների հերթապահությունը Մայր դպրոցի կանաչ ծածկույթի պահպանման-խնամքի հուլիսի գուցե ամենասպասված գործն է… Ինչպիսի՞ զարգացում կունենա կամավորական պարտեզապուրակային այսպիսի գործունեությունը կրթահամալիրով մեկ. Երևանում գտնվող սեբաստացիները կլսե՞ն ծառերի-թփերի հուլիսյան ավելի ու ավելի հուզիչ հնչող կանչը… Թե՞ ձերը տնկելն էր։ Մի հարցնող լինի՝ բա մեր վեց հեկտար հողատարածքը, որ մեր խնամքի տակ գտնվող Հայաստանն է, խնամելը՝ որպես ուսումնական աշխատանք, ո՞ւմ եք թողել, ինչպե՞ս պիտի կազմակերպվի…Կա գյուղացիական ուսումնական տնտեսություն՝ Արտեմ Խաչատրյան ղեկավարով… հուլիս-օգոստոսին օրինական արձակուրդի մեջ գտնվող մանկավարժական աշխատողներով, տարատարիք սովորողներով… Բա ամենօրյա այս աշխատանքը՝ վեց հեկտար կանաչի ոռոգումը, հունձը, մաքրումը, բերքահավաքը, հողի որակի մշտական լավացումը… ո՞վ պիտի անի։ Այ, սա՛ պիտի լիներ սեբաստացիական պատանեկան ճամբարի խնդիր։
Արհեստների դպրոցում ամառային բակային աշխատանքերը շարունակվում են. սովորողներին միացել են բակի տղաները: Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:
Ամառային-ուսումնական՝ հուլիսյան նոր նախագծեր են դրվում շրջանառության մեջ… Ինչպե՞ս են սովորողները տարատարիք և ուսուցիչները գործածում անհատական բլոգները՝ որպես ինքնակրթության ու այլոց ուսուցման գործիք, ինչպե՞ս խրախուսել բլոգերներին, թույլ չտալ նրանց գնալու հուլիսյան արձակուրդի… Հուլիսը երևանյան ու ոչ երևանյան մանկապարտեզ-նախակրթարանների դաստիարակների համար վերապատրաստումների ամենահարմար շրջանն է… Շաբաթը հինգ օր, առավոտից մինչև օրվա վերջ աշխատող դաստիարակը ուրիշ ե՞րբ կարող է ծանոթանալ այլոց փորձին, իրեն անհրաժեշտ լրացուցիչ կրթություն ստանալ, եթե ոչ արձակուրդին՝ հուլիս-օգոստոսին… Մշտաներկա Աիդա Պետրոսյանը իր ընկերների հետ տասնյակ ուսումնական ծրագրեր է առաջարկում՝ մեկը մյուսից գայթակղիչ:
Գևորգ Հակոբյանն էլ առաջարկում է դասվարների բաց ճամբարը։ Իհարկե։ Ո՞վ է ստանձնում ճամբարի ղեկավարումը, սեբաստացի դասվարներից ովքե՞ր են մասնակցում այս բաց ճամբարին։ Շատ էլ հետաքրքիր կլինի քաղաքի, հանրապետության դպրոցներից խառը խմբերով լողացող, շախմատ խաղացող, մաթեմատիկական խնդիր լուծող ու թվային տեխնոլոգիաներ կիրառող դասվարների աշխատանքը, հատկապես, որ հավասար պայմաններ ենք ապահովում բոլորի համար, իսկ մարզերից եկողներին տրամադրում ենք անվճար կացարան։
Ջուխտակ վանք. Կարինե Պետրոսյանի լուսանկարները՝ հատուկ բլոգի համար:
Մաեստրո Հարություն Թոփիկյանը և անբաժան ընկեր Սեյրան Ավագյանը երկարատև ճամփորդական համերգային շրջագայությունից հետո՝ Տիգրան Համասյանի հետ Երևանի կամերային երգչախմբով երկու տասնյակ համերգներ Գյումրիում, Թբիլիսիում, Թուրքիայում…, Երևանում են ու պատվել են մեզ իրենց հյուրասիրությամբ կրթահամալիրի Գեղարվեստում… Ինչպես ես արտահայտվեցի, արվեստագետի գործունեության չափման երկու գործիք գիտեմ՝ անցած ճանապարհը դրսում՝ կիլոմետրերով, և այդ ընթացքում ստացած ծափերի քանակը՝ կիլոգրամներով… Տպավորված են թբիլիսյան համերգներով ու Թուրքահայաստանով… Երգել-նվագել են բարձրակարգ երաժշտություն ամենուր՝ դահլիճներում՝ Կարսի, Վանի, Տիգրանակերտի, Ստամբուլի… և եկեղեցիներում՝ Անիի Մայր տաճարում, Աղթամարի Սուրբ խաչում… Թուրքեր, քրդեր թե վրացիներ. պատմականորեն համատեղ հարյուրամյա կյանքով ընդունել են հայոց մշակութային լինելը, ու վաղուց ժամանակն է, որ ամենատարբեր-ամենաբարձր համերգային ծրագրերը-խմբերը շրջեն ու շրջեն՝ այլոց ծափերը հավաքելու համար: Այս է մեր կան, մեր իսկական արժեքը հաստատելու ամենա-ճանապարհը: Այս դեպքում ինձ համար փաստ է ու ցուցանիշ Հարություն Թոփիկյանի ոգևորվածությունը:
Լուսանկարները՝ Երևանի կամերային երգչախմբի անդամ Լուսինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:
Շուշան Բլեյանն ավելի ու ավելի է քսան տարեկան դառնում… Հուլիսի 13-ը տեսանելի է որպես կարևոր խորհուրդ իմ կյանքում… Ուրիշ հաճույք է երրորդ անգամ քսան տարեկան աղջկա իրողության ընկալումը։ Առանձնահատուկ՝ Դավթի և Շուշանի կապը, նրանց հանդիպումը, Դավթի սպասումը.
— Շուշոն ե՞րբ է գալու… Արի գնանք՝ պատշգամբից տեսնենք…
Շուշանը ոչ միայն մնաց, գիշերեց, ու Դավիթը ոչ միայն արթնացավ, Շուշանին տեսավ, ինչպես ուզում էր, այլ նաև Շուշանը նրան լողացրեց։ Բա քսան տարեկան աղջիկը ո՞նց պիտի այս կարողությունները ունենա՝ առանց փոքր եղբորը լողացնելու-խնամելու։
Բարևն Աստծունն է՝ գիտեմ ես… Իմ ճանապարհին ես ողջունում եմ ծանոթ-անծանոթներին՝ բոլորին, մեծ թե փոքր, ոստիկան թե զինվոր, առանց արտահագուստին, հագուկապին նայելու… Այնքա՜ն հեշտ է վրիպելը հիմա, երբ ես ավելի ու ավելի հաճախ եմ մարդկանց հեծանվի վրա հանդիպում, դիմավորում. ինչպես մի վեց տարեկան ճամբարական ներկայացրեց իր մայրիկին.
— Տես, որ ասում եմ՝ էս Բլեյանը հեծանիվի վրա է…
Լինում են, իհարկե, հանդիպումներ, որոնց մասին անմիջապես չեմ պատմում, որքան էլ դրանք այդ պահին արժանի-տպավորիչ են թվում. բաց եմ թողնում, որ … մոռացությամբ ստուգվեն։ Ստուգվում են մնում, իրավունք ձեռք բերում պատմվելու… Ամերիկայի դեսպանատան մոտ հերթապահություն իրականացող ոստիկանները հաճախ են փոխվում. այստեղ՝ պահակային խցի մոտ, ես հաճախ եմ ստիպված դադար առնում բարձր եզրաքարերի պատճառով ու միշտ խնդրում եմ փոխանցել, ո՞ւմ, որ եզրաքարերը հանեն, հարգեն անվավոր մարդկանց իրավունքները։ Կարճ զրույցի ենք բռնվում. երիտասարդ մի ոստիկան հետաքրքրվում է.
— Դուք էլի գրքե՞ր եք գրում… Ձեր գրած գրքերը ես շատ էի հավանում, կարդում։ Որ գաք, ինձ Ձեր նոր գրքերից բերեք։ Այստեղ կարդալու ժամանակ լինում է…
Ինձ թվաց՝ մարդը ոչ թե իմ ժողովածուները նկատի ուներ, այլ դասագրքերը բլեյանական, աղմուկ հանած, ու վերագրում է դրանք ինձ… Ի՞նչ է մնում ինձ անել. փոխանցում եմ ոստիկանի հիացմունքը Մարիետին, Սուսանին, Աիդային, Գևորգին, Անահիտին… Նոր գրքեր գրեք, որ ես տանելու բան ունենամ։
2-4 տարեկանները ծիրանաչիր են անում: Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:
Դավիթը ուշ քնեց, ուշ քնեց Շուշանը, ես՝ ավելի ուշ… Դավթին հեքիաթ պատմելը հեշտ բան չէ՝ ամեն բառ, տող ստուգում է, կանգնեցնում է իր հարցերով… Արգելավազք է հիշեցնում ինձ պատումը, որի վերջը ես չեմ հիշում, ես ավելի շուտ եմ քնում, քան, երևի, Դավիթը…
— Ասա տեսնեմ՝ ո՞ր ճանապարհով է անտառից իջնում գյուղ…
— Մթան մեջ ինչպե՞ս է աղվեսը տեսնում…
— Եթե աղվեսի ոտները կարճ են, ինչպե՞ս է, որ արագ է վազում… Շներն ամեն քեզ չհասան… Ինչպե՞ս է, որ շները չեն հասնում աղվեսի հետևից…
— Ինչո՞ւ են մարդիկ հավաբնի դուռը բաց թողնում, մոռանում… Ի՞նչ ասել է մոռանալ…
— Լավ է, չէ՞, որ մենք ամեն օր առավոտը և իրիկունը միասին ճոճվում ենք։ Ես չեմ մոռանում…
— Ի՞նչ գազան է աղվեսը, հայրիկ։
— Ինձ թվում է՝ վայրի, Դավիթ։
— Ինչո՞ւ աղվեսները չեն հարձակվում կովերի վրա…
#379