Ընթերցողն ի՞նչ մտածեց. քարկապ* բացելո՞ւ, թե՞ ստեղծելու… Դավիթ Բլեյանն իր մատիկներով-թաթիկներով ուզում է կեդերն ինքնուրույն հագնել՝ հագուստն ամբողջությամբ կոճկելով, տաբատի գոտին կապելով… Ստացվում է. ուժեղ և հասուն է դառնում այսպես ինքնուրույն լինելով։ Մի կեդի կապերը հանգույց են ընկել՝ քարկապ, ոչ մի կերպ չի կարողանում քանդել. տեսարա՜ն է… Խոսում է, համոզում, փորձում… քարկապն էլ համառ է։ Վերջը ստիպված դիմում է, մեղավոր մի տեսակ.
— Հայրիկ, կօգնե՞ս…
Ծիծաղում եմ.
— Դե, էդպես հագի էսօր էլ…
Ծիծաղում է ինքն էլ.
— Հարմարավետ չէ։
Քարկապը բացվում է հենց այդ բառի վրա, գրկում եմ՝ չդադարելով հիանալ-զարմանալուց. դեռ երեք ամսից վեց տարեկան դարձողի  էս ի՜նչ հասուն լեզու է…
— Հայրիկս է, է՜, քարկապի մասնագետ…

Երկարացված օրվա ճամբարականները Ագարակում:
Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի։

Երեկվա իմ գրից հայտնի Թբիլիսիի թիվ 100 մանկապարտեզի վարիչ Նատոն գերում է ինձ իր անմիջականությամբ։ Ձեզ հետաքրքիր չէ՞, թե ովքեր են վրացուհի վարիչները, դաստիարակները, որպես մարդիկ, կանայք, շփման մեջ սովորական, անծանոթ կրթահամալիրի լրիվ նոր միջավայրում՝ Մայր դպրոցում, երեկվա մեծ ինքնաբուխ տոնախմբությանը, 2-5 տարեկանների մեր խմբերում… սուրճի սեղանի շուրջ, իմ իմպրովիզ ներխուժումով նրանց աշխարհ, իմ հայտնի անցումներով՝ որտեղից ո՜ւր.. Մեկ էլ, աչքերիս շիտակ նայելով, Նատոն պայթում է.
— Вы мостовщик…
Հա՜, կուզեմ կամրջաշինարար կոչվել. մի կյանքում, մտածել եմ, շնորհ ունենայի քարտաշ-կամրջագործ լինելու…

Մեր աշխարհիկ կառույցների մեջ կամուրջներն իմ թուլությունն են… Ձեզ տարա Օշական, Աշտարակի-Քասախի հին (ձորի) կամրջով, տարա կանգնեցրի Օշականի ձորում, դեպի Էջմիածին ուղղությամբ, հին կամրջի խառնարանում… Վայոց ձորից Սելիմով Սևանի ավազան Մարտունու Գեղհովիտ անցման ժամանակ ոչ մի կամրջակ աչքիցս չի վրիպել.. հերթով կանցնեմ, կողքին կնստեմ, կնայեմ, տակը կնստեմ… Հրազդանի կիրճը՝ բոլոր կամուրջներով, իմ մշտական ուշադրության կենտրոնում է։ Հիմա էլ «Գետը բնակավայրում՝ գյուղում, քաղաքում»  նախագծով քանի՜ գյուղ-դպրոց-համայնք կարելի է իրական գործով կապել, քանի՜ կամուրջ գցել, իրական ֆիզիկական գետերի-առվակների վրայով անցումներ ու մարդկային հաղորդակցության այսպիսի խառնարանով, որ փնջային հավաք է կոչվում։ Առաջինը, որ երեկ սկսվեց, Սևանի ավազանի Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Արտանիշի դպրոցների հիսունի չափ սովորողների, ուսուցիչների հետ երկօրյա հավաքն էր։ Երեկ կեսօրին միաժամանակ շարժվեցին Որոտանի գետով Հրազդանի աջ ափ՝ կրթահամալիրի Բանգլադեշ կամրջաշինարարների, Սևանի ավազանի Վարդենիկ, Երանոս, Զոլաքար գյուղերի գետերով նոր կամրջակներով Սևանի ավազանը մեզ մի նախագծով կապող, փնջային հավաք նախապատրաստող խմբերը… Առանձին փնջային հավաքներ՝ իրական-իսկական-խելամիտ նախագծային աշխատանքի փուլերով…

Արևմտյան դպրոցի դիզայնի ընտրությամբ խումբ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Ամենադժվարը, իհարկե, ներքին կամուրջներն են՝ աշխատանքային, մշտական բանուկ, հարմարավետ կամուրջները, նոր անցումներով, նոր կապերով… Նախագծային ուսուցման պարտադրանքն է սա, նրա ամենամեծ արդյունքն ու անշրջելի պայմանը՝ մշտական բանուկ կամուրջներ-հաղորդակցություն… Մեր սովորողների ծնողների հետ, երեխային, որևէ տարիքի սովորողին շրջանցող կամուրջ ուղղակի չի ստացվի, սխալ ճանապարհ է… Այս կապը՝ դպրոց-ընտանիք առ այսօր հենց դրան էլ ծառայել է՝ սովորողին շրջանցելու համար… Ես այդպիսի նախագծերով կամուրջներ ոչ միայն չեմ գցի, այլև վճռական դեմ եմ կանգնում… Սովորողը իր անհատականությամբ, իր ձեռքբերումներով պիտի մեզ կապի… Մեր պայմանագիրը ուսումնառության հենց սովորողի հետ է, ու ցանկացած կապ-քննարկում-առաջարկ չի կարող շրջանցել սովորողին… ինչի՛ կբերի, ուր կտանի. խուլերի խոսակցություն… Ես ուզում եմ, մենք մտավախություն ունենք, մենք թույլ չենք տա, մենք պահանջում ենք, ի վերջո, խնդրում ենք… Այսքա՞նը… Սա կամուրջ չեղավ, սա քարկապ է, սա անդունդի վրա է գցվում կամ անդունդ է տանում…

Առավոտյան ընդհանուր պարապմունքը Արևմուտքում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։

*Քարկապ — 1. Նեղ անցք ժայռերի միջով, կապան։ 2. Քարհանգուստ, հանգույց
Աղբյուրը՝ Ստ. Մալխասյանց, Հայերեն բացատրական բառարան

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1165

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շշմելու ես այսպես… շփոթված, տիա՜ր…

«Շշմելուն» որ չուղեկցեր, այդ վիճակի ապրումներ պարբերաբար ինձ չպարգևեր, ես մանկավարժության հետ մի կյանքի չափ քայլողը չէի՜… Շփոթված վիճակի զգացողությունները, որ խիտ կենսափորձով այնքա՜ն վաղուց եմ հաղթահարել, թվում էր՝ անվերադարձ

Իմ գիրը՝  հակակոռուպցիային աջակցություն

«Թրանսփերանսի Ինթերնեշնլ» ՀԿ-ից ինձ ուղղված հարցերին բաց եմ պատասխանում, որ  այսպիսով լինի հակակոռուպցիոն… Ընթերցողն այսպես և՛ ինձ կհսկի, և՛ իր պատասխանով իր աջակցությունը կբերի։ Իրավիճակ փոխենք։ Ի՞նչ փոփոխություններ կուզենայիք տեսնել

Ե՛վ Բլեյան, և՛ սեբաստացի․․․ Փառքդ շա՜տ…

Իրիկունը՝ «Անակնկա՜լ»,- կբացականչի Դավիթ Բլեյանը, սպասված ամեն օր՝ կավելացնեմ ես, մեզ այցելել են նշանավոր-սիրելի Բլեյաններ՝ Մարիամ և Արման քույր-եղբայրը։ Դավիթը ՝ բութը վեր տնկած, վայելքի մեջ, միանգամից երկու  ձուձու կակա