Բանգլադեշից՝ հենց կրթահամալիրի Մայր դպրոցից կամ Սուրբ Երրորդության եկեղեցուց Շերամի փողոցով, Չորրորդ գյուղով, ղռերով, Սասունիկի ճամփով, Քասախի կիրճով որ վեր կենաս ու քայլես Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ուր հանգչում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, ոտքով, իհարկե, քանի՞ ժամվա ճանապարհ կլինի… Մի խուրջին՝ իր ջրով ու առաջին անհրաժեշտ պիտույքով հիգիենայի, վերցնես ու ոտքով, իհարկե, ճամփա ընկնես… Ա՜յ, սա կլինի ուխտ Օշական: Կամ հեծանվով. տեսնենք՝ մեր ո՞ր հեծանվային ակումբը առանջ կընկնի, ինձ էլ իր հետ կտանի… Թե չէ՝ մեքենայով գնա, իջի աղմկոտ խճուղու վրա, հենց եկեղեցու դռների մոտ… էքսկուրսիա է: Սպասեք իմ ու տիար Գևորգի ֆեյսբուքյան թե mskh.am-ի հայտարարությանը՝ ուխտի… Ոտքով, իհարկե, կրթահամալիրի Բանգլադեշից, Աշտարակ քաղաքից… Ո՜նց եմ շտապում էս լուսանալուն, մամա ջան… Մաշտոցն իր Օշականի Քասախի կիրճով ձգում է։

Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաները:
Ֆոտոշարը՝ Գայանե Թորոսյանի:

Երեկ սեբաստացի մի խումբ ղեկավարներով, միկրոավտոբուսով, մեր այցի անունը դրեցինք աշխատանքային՝ որպես արտագնա վարչական խորհուրդ, եղանք նաև եկեղեցուն կից դպրատանը՝ Խրիմյան կրթօջախում… Ինչո՞ւ էր նախկին 8-ամյա դպրոցի նորոգված-ծավալուն շենքը այսքա՜ն դատարկ, ինչպե՞ս կարելի է և պիտի օգտագործվի Հայոց ամենամեծ ուխտի սպասավոր այս շինությունը… Եղանք և Օշականի 540 սովորողով միջնակարգ դպրոցում, մի մասս՝ մեքենայով, մյուսները՝ հայտնի ճամփորդ-հետախույզ տիար Գևորգի առաջնորդությամբ, Դիդիկոնդի բարձունքից, ուղիղ ճանապարհով։ Բարձունքի փեշերը բռնած-փռված ընդարձակ հողատարածքով, նորոգված-նորոգվող մասնաշենքերով դպրոց է… Հին շենքը դպրոցի, որ հիմա լքված է, ինձ ներկայացավ որպես կացարան՝ աշխարհի տարբեր կողմերից Ուխտի եկածների… Դպրոցը բարձունքով միանար՝ Ուսուցչի ճանապարհով, Ուսուցչի եկեղեցուն… դպրատանը… Բլուրը, եկեղեցին, դպրոցը-կենտրոնը բացվեին ուխտավորների-սովորողների առաջ դեպի Քասախ, Ուսուցիչը մեր՝ իր եկեղեցով, դպրոցով-դպրատնով, Քասախի կիրճով, Արագածով, Արայի լեռով, Արարատ սարով կանչե՜ր ու կանչե՜ր, Ուխտի-խոնարհումի-ուսուցումի-ուժի-որպես Անլռելի մի Զանգակատուն…

Հարավային դպրոց-պարտեզի 2-րդ դասարանցիները:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Երեկ առավոտ կրթահամալիրի Սեբաստիա մարզադաշտում հավաքվում-սպասում էինք Օշական այցելության, երբ մեկը, բարձր կանչեց.
— Տիար Բլեյան, մի կո՛ղմ քաշվեք…
Շուռ եկա, մեր Գևորգ Հարությունյանն էր, ինը տարեկան, որ Հյուսիսի դպրոցի իր չորրորդ-հինգերորդ դասարանցի ընկերների հետ վազում էր Մայր դպրոցի վազքուղով… Այո, այն Գևորգը, որ քանի՜ տարի ուղեկցողի օգնությամբ էր տեղաշարժվում… մեքենայից՝ գեղարվեստի դպրոցի շենք ու տուն… Բայց տեսեք՝ տարիների ձգտումը՝ հավասարվելու իր ընկերներին, իր ընկերների հետ լինելու առանց մեծահասակ ուղեկցողի, ճիգը-ջանքը-մղումը ինքնուրույն առաջ շարժվելու… հրաշքին հավասար գործեցին… Այսպիսին է ամբողջական ներառման ուժը… հանրակրթության… Աչքերիս առաջ եկավ նաև այլ պատկեր. օրեր առաջ, Օշականի ճանապարհին, իր ընկերներից, ուղեկցող մեծից կտրվեց ու դեպի ինձ եկավ վեց տարեկան Ասլանը, գրկեց ինձ, պաչիկ արեց… Լսվեց Քնարիկ Ներսիսյանի ձայնը.
— Տիա՜ր, Ասլանը այնքան բարի է…
Համբերեք, վստահեք ներառականության՝ բոլորիս ու յուրաքանչյուրիս անընդհատ ազդելու ուժին-աջակցությանը, ու հրաշքը Ասլանի մղումին-ջանքին-ճիգին ընդառաջ կգա… Ինչպե՞ս Գևորգի, Ասլանի, … հաջողության պատմությունը-ճանապարհը բերես եթեր… Ոչ այնպես, ինչպես արեցին, փորձում էին անել «Եթե բոլորը» հաղորդման  հեղինակները, վարողները… Մինչև հիմա նրանց եթերի սայլակով տղայի պատկերը՝ չորս պատի մեջ քշված, զորանոցի նստարանները շարած, վերջին նստարանի մոտ պատին կպած-խցկված… անհատական պարապմունք անցկացնող մեծահասակը գլխին, աչքիս առաջ է… Չի՛ կարելի: Մեկ էլ ցուցափայտը ձեռքին ուսուցիչը՝ Մաշտոցի տառերի հուշարձանի մոտ, հետո Օշականի եկեղեցու պատի տակ շարած սովորողներին, անգիրի տեքստերը բաժանած… ինչպես Քասախի կիրճում՝ գետը պատով բարձր բաժանած ուտուշ-խմուշի զոնում… Չի՛ կարելի:

Բակային խաղեր Հարավային դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1161

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թե չէ, քո ընկերը չեմ լինի…

Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին, Իր ետևից կամաց դուռը փակեց, Վերջին անգամ նայեց իր տնակին — Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը։ — Ցուրտ էր։ — Արևը դեռ հորիզոնից Նոր

Երկինքներ, որպես երազներ հոգու…

Լուսինեն, Արևիկը ուղիղ լուսաբանումով, ֆոտոշարերով կարողացել են մեր քայլքը պահել Բլեյան դպրոցով հետաքրքրվածների ուշադրության կենտրոնում․․․ Միացե՞լ են—կմիանա՞ն քայլքի պատանի մասնակիցներն իրենց բլոգային հրապարակումներով, որոնց հղումներին սպասում եմ․․․ Երևանյան լճի եզերքի քարանձավ—աղբյուրի հայտնագործումն իմ

Քաղաքացիությունը կորցնելու ճանապարհի՞ն

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում… Այս նյութն էի կարդում ուշ երեկոյան, երբ ինձ զանգեց զինծառայող, 2013-ի կրթահամալիրի շրջանավարտ մեր Վիտալի Գրիգորյանը… Մոբիլ կապը, ա՜յ, հենց սրա