Իրիկնային Երևանում, և այն էլ հեծանվով, ե՜րբ էի եղել… Երեկ իրիկունով Լրատվական ռադիոյի հյուրն էի որպես Թարմ ուղեղ, և հեծանիվը ծառայեց որպես փոխադրամիջոց… Ատամնաբույժ Արմեն Կարապետյանը այս ռադիոյի բաժանորդ է, ես հավանում եմ միջավայրը, ստեղծագործական երիտասարդ խումբը… Բայց իրիկունով հեծանիվ որևէ պատճառաբանությամբ Երևանում վարել չի կարելի, ամեն անգամ համոզվում եմ ես, հետո՝ մոռանում… Մի մոռացկոտի էլ գտա այսպիսի թույլ լուսավորված քաղաքում, ճանաչեց, իրար խոստացանք, որ վերջին անգամ կլինի…

Դավիթ Բլեյանը վերադարձել էր կենդանաբանական այգի իր ճամփորդությունից, իր Էդվարդ եղբոր-ընկերոջ հետ, այսպիսին է մեր Արամ Բլեյանը՝ բարեխիղճ-հետևողական, որպես Դավթի հորեղբայր-ավագ եղբայր, խոստացել էր մի շաբաթ առաջ և երկու Բլեյան ժառանգի կիրակին դարձրեց նշանավոր…
— Պա՛պ, խոսք ես տվել՝ պիտի կատարես, անգամ եթե ինքդ քեզ ես խոսք տալիս… Հետո ի՜նչ, որ ուրիշը քեզ չի լսում…
— Հա՞, Դավիթ,- խեթում եմ ես, ու մեր փիլիսոփա-բարոյագետը լռվում է. առավոտյան խիստ խոսակցություն ենք ունեցել իր դասարանով Արզական ճամփորդության ժամանակ անկարգ պահելու համար, երբ Դավիթը, Ռազմիկը, Արամը Խաչատրյան ոգևորված-խումբ կազմած, առաջ ընկած՝ լարվածություն են ստեղծել Լուսինե ուսուցչի, իր օգնական Մելինեի ու Արմինեի համար…

Դավթի ու ընկերների ճամփորդությունը Նեղուցի վանք:
Կուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ուսումնական ճամփորդությունը մեր մանկավարժական քննարկման-ուսումնասիրման առարկան է հոկտեմբերի օրացույցով իմ նախաձեռնությամբ… Իմ զայրույթը՝ սեպտեմբերի 21-ի առիթով-օրացույցային ուսումնական ճամփորդությունների կարգազանց նախապատրաստման առիթով, օրագրի սեբաստացի ընթերցողներին հասե՞լ է… Ուսումնասիրության ընթացքում-քննարկման օրը ես ավելի ամբողջական ու կոնկրետ կարտահայտվեմ։ Ճամփորդության յուրաքանչյուր մասնակից ճամփորդության երեք շրջանում էլ կարգով որոշված անելիք ունի, և «դե, լավ էլի»-ն այն դարձնում է վտանգավոր ժամանց կամ էքսկուրսիա…Դավիթը կասեր՝ не бывать. տարիներ, տասնյակ ու տասնյակ ուսուցիչների-կազմակերպիչների ջանքերով պարապմունքի տեսակ դարձած մեր ուսումնական ճամփորդությունը՝ մեկօրյա-բազմօրյա-ճամբար բաղադրիչներով, ձևավորել է օրացույցով ուսուցում, եզակի-հանդուգն-կենդանի մի կառույց, մանկավարժական ձեռքբերումների փոխանակման-տարածման հուսալի ուղիներ-հաղորդակցության հաստատում, որից հրաժարվել չկա, բայց որի պահպանում-զարգացումը մեզ բոլորիս կարգապահ-համերաշխ կդարձնի…

Աշխատանքային այց Օշական:
Լուսանկարները՝ քոլեջի ուսանող Մարինե Խաչատրյանի:

Ես խոստացա ավելի հաճախ, նպատակային ընտրությամբ կարդալ սովորողների-ուսուցիչների բլոգները ուսումնական ճամփորդության պատրաստության, ընթացքի, ուսումնական արդյունքների գրանցման երեք փուլերում էլ… Քոլեջի մեծաքանակ նորեկների առաջին ուսումնական ճամփորդության կարևորությունը հարգանքով շեշտելով՝ ընթերցած ճամփորդության բոլոր հրապարակումներից այդպես էլ հասկանալի չէ, թե ինչու Մարմարիկի ձախ ափի Արտավազի դպրոցի սովորողները ձեզ հետ չէին Թեժառույքում, իրենց գյուղի եկեղեցում, ինչո՞ւ նրանք կամ Մարմարիկի-Մեղրաձորի հովտի դպրոցները ներառված չեն «Գետը համայնքում» նախագծում, ինչո՞ւ քոլեջը իր ընդունակ դասավանդողների և սովորողների կազմով չի նախապատրաստում փնջային հավաք, Մարմարիկի-Մեղրաձորի հովտի դպրոցների հայրենագետ-բնապահպան նախաձեռնող խմբերով… Սպասում են հանձնարարությա՞ն, ո՞ւմ… «Գետը համայնքում» նախագծի համակարգողի՞… Ինչո՞ւ է հապաղում-ուշացնում Քնարիկ Ներսիսյանը այդ հանձնարարությունը հնարավոր… Կապ հաստատվե՞ց այս ընթացքում Քնարիկ Ներսիսյանի և «Բարձունքի նվաճում. Թեժառույք» ուսումնական ճամփորդության խմբի ղեկավարների հետ… Ի դեպ, նրանցից մեկը՝ Անահիտ Եղյանը, կարծեմ Հյուսիսային դպրոցի բնագիտության ուսուցիչն է, իսկ Շողիկ Պողոսյանը՝ Քնարիկի 2017-ի պարտիզապուրակային նախագծի ղեկավարը… Ինչքանո՞վ է Թեժառույքը բարձունք քոլեջի ուսանողների համար, Մարմարիկի հովտում չկա՞ն հայտնի-պատշաճ գագաթներ, որ քանի տարի մնում են աննվաճ…

5 տարեկանների լողափնյա ստուգատես կրթահամալիրի հյուսիսում:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Դժվար էր չնկատել, որ Հանրային հեռուստատեսության «Եթե բոլորը…» հաղորդմանը ես զայրացած էի այնպես, որ ոչ մի մոնտաժ, ցավոք, այն հանել չէր կարող… Լրագրողները հաճախ են կոպիտ խախտում պայմանավորվածությունները, իսկ ես պայմանավորվածությունների մարդ եմ… Հետո, էս հաղորդում վարողները… մանկավարժական նյութին չեն տիրապետում, ջանք չեն թափի Բլեյան Աշոտի մանկավարժությանը, մեր ներառական կրթության կազմակերպմանը ծանոթանալու համար, ինչպես բարձունք հաղթահարող մեր ուսուցիչը… Բա հաղորդումից առաջ, լավ առիթ է, չէ՞, գան կրթահամալիր, անցնեն մեր դպրոցներով, կենդանի պրոցեսում դիտարկումներ անեն, խոսեն հատուկ կարիքով տարատարիք 94 սովորողի ներառումն ապահովող ուսուցիչների-ծնողների-սովորողների հետ… Գլխավորը. ես ասել եմ ու չեմ մասնակցելու (ոչ միայն ես, ձեզ էլ հորդորում եմ չմասնակցել) հաղորդման-քննարկման, որտեղ թեման-խնդիրը ոչ թե հանրակրթությունն է, որպես կոնկրետ խումբ սովորողների (դպրոցների), հավաքանու ամբողջական ներառում, այլ հատուկ կարիքով երեխայի հակադրումը իրենից տարբեր շատ երեխաների… Թե ինչ եղավ հետո կամ ինչու եղավ, կարդացեք իմ վաղվա՝ 1161-րդ գրում…

#1160

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անմիջական արտահայտման բանաձև է իմ գիրը…

Անմիջական արտահայտման բանաձև է իմ գիրը՝ թվով 1301-ը… Ի՜նչ հոբելյան բաց թողեցիք, սեբաստացիներ-ընթերցողներ բոլոր կարգի, տարված հիմա էլ տրնդեզով, որպես մեր իսկական հարսանիքի շարունակություն, որպես հունիսյան ազգագրական փառատոնի հարսանյաց շարքի

Արի, այսպիսի օրից, շաբաթից հետո դեռ գրի, էլի գրի ու պատմի…

Էլ ի՜նչ պատմեմ, էլ ե՜րբ պատմեմ, ախր, ի՞նչը չեմ պատմել, բա՞ն է մնացել, որ չեմ պատմել, անուն-դեպք-միջադեպ-մտածում… Լավ, ինձ իմ գրում արձակուրդ չի հասնո՞ւմ, պիտի ասվածի նման վեց հարյուրիննսունինն օրվա

Ձուկը որ չիմանա, ջուրը կիմանա…

Օրեր առաջ ֆրանսիացի լրագրող Մարիամ Գոմն ինձանից փորձում էր կորզել իմ 1999-2001թթ՝ կալանավոր շրջանի իրավապաշտպան գործունեության ապացույցներ,  իր ընթերցողին հետաքրքրող օրինակներ, պատմություններ… Ինչ պատմել եմ, պատմվել-վկայվել է այդ շրջանի մասին, բավ