Չեմ ուզում, մամա ջան, չեմ ուզում…

Ուսանողական տարիներ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում (1972-1977թթ․), ամենամյա ամառային շինարարական ջոկատներ՝ ընկերներով Ղազախստանի տափաստաններ, Ռուսաստանի ոչ սևահողային շրջաններ, Կարելիա՝ Մուրմանսկ, Մագադանի մարզ… օրեր տևող ճամփորդություններ գնացքով-«պլացկարտով»*-ավտոբուսով-ինքնաթիռով, կիթառով երգեր, իհարկե, հեղինակային-թափառող, իմպրովիզի լայն դաշտ․․․

Աժդահակի ճանապարհին, դեպի գագաթ, աջ ու ձախ՝ յայլաներ, արոտավայր-մարգագետիններում տարածված հոտեր ոչխարների, նախիրներ խոշոր եղջերավորների, ոտավոր-ձիավոր հովիվ-չոբաններ, նախրապաններ, դրանց մեջ երիտասարդներ, վրանային-դաշտային կացարաններ․․․ Սեբաստացի ուսուցիչների խմբի հետ՝ չամուսնացած աղջիկներ. ու որտեղից-ո՜ւր՝ երգը ուսանողական շրջանի, կրկնվող առաջին տողով «Աղջիկս կտամ․․․»… աղջկան փեսացուների առաջարկություններ՝ կոշկակար, խոհարար․․․ և այսպես, ու կրկնվում է աղջկա մերժման տողը՝ «Չեմ ուզում, մամա ջան, չեմ ուզում․․․», և պատճառը կա․․․
Աղջիկս կտամ չոբանին․․․
— Հը՜, հարցնում եմ,- հովիվ տղա կուզե՞ք, կառնե՞ք․․․
Ու էդ կացարաններում պատկերացրի՞ք մեր գյոզալներին՝ Լուսինեներին Ներսեսյան-Փաշայան, Տաթևին Աբրահամյան, Հասմիկին Սիմոնյան․․․ ծաղկե գիսակով, խորոտիկ-գունեղ․․․

Ի՜նչ թշվառ, կներեք, քրջոտ, վանող կենցաղ կա այս տնտեսություններում սարերի․․․ Ուզեցի Աժդահակ բարձունքից հետո մինչև մեր վրանատեղին հասնելը մեր խմբով մտնել այս կացարաններից մեկը, մածուն ուտել, նստել, զրուցել․․․ չզորեցի-չհաղթահարեցի այս կենցաղը․․․ Ես, որ գիտեք՝ ինչե՜ր եմ տեսել, ու չգիտեմ ինչ չեմ․․․

Աժդահակի լանջերին, բարձունքին…
Լուսանկարները՝ ավագ դպրոցի սովորող Սիրանուշ Ասատրյանի:

Ամեն տարի երեք ամիս և ավելի Հայաստանով մեկ հազարավոր տարեցներ-թոռներ, հարսներ-ջահելներ, ապրում են այս կացարաններում, կյանք անցկացնում, եկամուտ ստեղծում, բայց տեսե՜ք սրանք դրսից ու ներսից․․․ որքա՜ն տգեղ․․․ անկենցաղ․․․ հարմարեցված յայլայի. կարծես մի ժամի, մի անգամվա, մի գիշերվա, ուրիշի համար լինեն․․․  Մինչդեռ իրե՛նց կյանքն է․․․ իսկական․․․ տարին 3-5 ամիս․․․  Ու տեսե՜ք, այս դաշտում իրենց ու իրենց մշակած կաթի, պահած անասունի-թռչունի-շան հիգիենան, իրենց խոհանոցը, իրենց անկողինը, զուգարանը․․․ Բեռնատարի բաց թափքից երկու ժամ, Աժդահակի լանջերից մինչև Գեղարդ գյուղ, մեխվել-մնացել են հարյուր մետրը մեկ իրար հաջորդող այս կացարանները․․․ Երեսուն տարում ազատ-անկախ պետության մեջ, բաց աշխարհում, առանց երկաթե վարագույրների, կարող էր, չէ՞, դռանը մեկ-երկու կցասայլով-շարժական անիվներով նորմալ կացարանը լիներ, երբ ուզում ես, ուր ուզում ես՝ քշի, տար, հավաքի, ապրի մարդավարի դաշտում, սարում, մարգագետնում․․․ բնությանը վայել գեղագիտությամբ, այնպես որ աղջիկը չոբանին տալդ գա…
Արթուր Շահնազարյանը կասեր՝ ծպտունդ չլսեմ․․․

Լա՜վ, բա ո՞նց է առաջանալու կենցաղային նոր հիգիենայի-գեղագիտության պահանջը, ո՞նց է սրա կազմակերպումը հանրային-համաժողովրդական աշխատանք-կյանք դառնալու Հայաստանով մեկ, գյուղում-շենում-յայլաներում, քաղաքում, Բանգլադեշում, բնակավայրերում․․․ Եվ սա ինչպե՞ս է դառնալու ուսուցում՝ հանրակրթություն․․․ Մի՞թե չենք տեսնելու, չենք սկսելու, հենց սրանով չենք զբաղվելու, մաքրելու-հավաքելու-չթափելու, կոկիկացնելու-«դեզիգն» անելու, ծաղկեցնելու, մարդավայել միջավայր դարձնելու․․․ Ո՜ւր սարերը-արտերը-գույները-հեռանկարները-խաղերը, որպես փախո՞ւստ քո կենցաղից-իրականությունից, ո՜ւր քո բնակավայրն ու իր բնակիչը․․․

Ավազախաղ. 2-4 տարեկանների ամառային պարտեզ:
Լուսանկարները՝ Սաթեն Գևորգյանի:

Որտեղից որտեղ Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևի»  Աղունը՝ Թումանյան-Շիլլերի այս տողերով-ձայնով-տեսքով-դատապարտվածությամբ ներկայացավ․․․ Վերջ։

Մնաք բարով, դո՛ւք, արոտնե՛ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։
Մենք ետ կըգանք ձեզ նորեկ գարունքին,
Երբ զարթնեն ուրախ երգերը կըրկին,
Երբ որ սարերը զուգվեն կանաչով,
Երբ որ ջըրերը վազեն կարկաչով։
Մնաք բարով, դո՛ւք, արոտնե՛ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։

#1122

* Գերմաներենից՝ Platzkarte < Platz տեղ + Karte տոմս — երկաթուղային լրացուցիչ տոմս կամ անդորրագիր, որի վրա նշված է ուղևորի տեղը վագոնում։ Տեղատոմսային վագոն։
Աղբյուրը՝ ռուս-հայերեն բառարանarmdict.com։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ա՛յ, այսպես էլ ապրում ենք երկրում մեր

Իմ 650-րդ գիրը՝ որպես ճամփորդական նոթեր՝ ես սիրում եմ իմ երկիրը։ 2016թ. ապրիլի 22։

Թեժ ուսումնական ամառ կրթահամալիրի Բանգլադեշում…

Հասմիկ Ղազարյանի ուսումնական ամառվա հուլիս-օգոստոսին ուղղված առաջարկը իմ փոստում, Կարինե Պետրոսյանի հրապարակած ճամբարական շաբաթվա օրացույցը, Նունե Մովսիսյանի՝ հայոց լեզվի քննությունների վերլուծությունը… Ամառային դպրոցի՝ իմ փոստում ավելացող առաջարկները վկայում են թեժ ուսումնական ամառ

Մայրիկ, գիժ կուկուների վրա մի՛ ջղայնանա

Կամ՝ Ոգին փոխանցվում է ոգու հետ… Դավիթ Բլեյանն իրիկնային հաշվետվություն էր ներկայացնում ինձ՝ պարտեզային բուռն-լիարժեք գործունեությունից. մեր հերոսը մեծերի խմբում («ես էլ եմ մեծ, ես ամենամեծն եմ իմ կուկուներից») կերել-խմել,