Դժվար չէ լինել բարի, դժվար է լինել արդար: Իմ կիրակնօրյա ընթերցարանի համար միանգամից վերնագիր որոշեցի Վիկտոր Հյուգոյի 20 ամենաուժեղ համարվող մտքերից սա. արդարությունը, արդար գործելը ինձ համար կողմնացույց է: Այդպես չի եղել. այդպես է: Երբ արդար չեմ գործում, հնարավոր արագությամբ շտկում եմ: Երբ վարանում եմ վճիռ կայացնել, անգամ երբ հայտարարել եմ, ուրեմն արդարության խնդիր կա:
Նունե Մովսիսյանի «Կիրակնօրյա ընթերցարանը», Միջին դպրոցի «Կիրակնօրյա ֆիլմադարանը», «Սեբաստացիներ TV-ի» ամենշաբաթյա «Լրատու-հաշվետու»-ն (թվով 12-րդ), պահանջում են իմ կազմած ընթերցարանը դարձնել տեսադարան՝ ավելի թեթև, ավելի արդար, իմ սեբաստացի գործընկերների կիրակիի մեջ տեղավորվող: Փորձում եմ: «Լրատու-հաշվետու» նախագծի համահեղինակը` արդեն ամերիկյան համալսարանի ուսանող Նարեն, հասկանալի է, երեկ դրա ժամանակը չուներ. շրջանավարտի «հոգսերի» մեջ էր… կեցցե Դավիթը, որ տղամարդավարի մոտեցավ գործին: Նարե աղջիկ, քեզանով չի վերջանում, էլի… Այդպիսի՞ խոստումներ ենք լսել:
Շաբաթ օրվան կրկնակի եմ սպասում հիմա. վայելք է առավոտյան, երբ դատարկ են փողոցները, հեծանվով անցնել Խանջյան-Իսակովի խճուղի-Բանգլադեշ ճանապարհը: Միացե՛ք ինձ որևէ կետում. ես հետաձգում եմ ճամփից թեքվելու, նոր աշխարհներ հայտնաբերելու գայթակղությունը ընկերովի օրերի համար… Հատկապես չուսումնասիրված-մոռացված աշխարհ է Հրազդանի կիրճը` Հաղթանակի և Շենգավիթ կամուրջների միջև…
Արդար չէ նաև Եվրատեսիլին հայոց մոտեցումը, այն հայոց, ովքեր որոշում են կամայականորեն՝ ով ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում, և այն հայոց, հայաստանյան հասարակության, որ թույլատրում են այս կամայականությունը. չի ստեղծվում հանրային կարծիքով ընտրության ավանդույթ… Կարող էր, չէ՞, ընտրության ներքին` հայաստանյան փուլ լիներ, ընդունելի, մատչելի փառատոն, որի ամենաերևելի համարը, երգիչը, խումբը ստանար այդ իրավունքը հայաստանյան հասարակությունից, նրա եվրատեսիլյան ակտիվություն-աջակցություն բերող հատվածից… ինչ-որ ուղղության երգասերներից… Ե՛վ «Genealogy» (ծագումնաբանություն) խմբի ձևավորումը, և՛ նրա երգ-ներկայացումը 2015-ի ապրիլյան ֆոնին՝ լավ երևույթ էր, լավ նախագիծ, իր գործն արեց, տարածեց, տարածվեց… Ինչո՞ւ էր պետք բերել Եվրատեսիլ, ո՞ւմ կամքով, ի՞նչ «տրյուկ» էր պարզունակ (հայավարի` խորամանկ), օգտագործելու եվրատեսիլյան բեմը… Ինչի՞ համար… Երգի մրցանակաբաշխություն է, առանց կարևորելու, ազգի լինել-չլինելու հարց դարձնելու կարելի է, չէ՞, մեր հասարակության հավանած-ընտրած երգն ու խմբին (երգչին) բերել, որ երգի… Առանց ազգային խնդիր դարձնելու, առանց ազգին պարտադրվող հավակնությունների… Ավելի արդար կլինի հաստատ, այսպես արդար չէ:
Բացօթյա ընթերցանություն. 2-րդ դասարանի սովորողներն են, Նոր դպրոցի բակում: Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի:
Դավիթ Բլեյանը խանութ-սիթիներում իրեն ուրախ—վստահ է զգում. զբոսնում է սայլակներով, ռեպլիկներ շռայլում, ուսումնասիրում տեսականին… Սիրուն-շփվող տղա, հատկապես երիտասարդ վաճառող-սպասարկողները խրախուսում են Դավթի անցումները:
Մայրիկի հետ մտել են մթերքների բաժին… Մեկ էլ՝ որտեղից-որտեղ, երշիկեղենի բաժնի մոտով անցնելիս Դավիթը թե՝
— Բարի սամարացի….
Երկու կին ակտիվ են եղել, Դավթին փոքրի տեղ են դրել: Դավիթն էլ, որ քիչ առաջ «Տիկ-տակ» տուփով կոնֆետ է վերցրել, մատով մեկ մի կնոջը, մեկ՝ մյուսին…
— Դու Տիկ-տակ ես… Տիկ-տակ…
Որ տիկինը ծիծաղել է բարձր, ակտիվացել է Դավիթը…
— Քո ծիծիկները բաց են, երևում են…
Իսկ հաց վաճառողին՝
— Էս ի՞նչ ապուշ լավաշներ են…
Դավիթ Բլեյանի խումբը՝ Դպրոց-պարտեզի առավոտյան բակում: Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:
Մեքենայով տուն գալիս նայում է դուրս, ուշադիր բոլոր մեքենաներին…
— Ո՞ւր են ծաղիկներով (նկատի ունի անմոռուկների պիտակները փակցրած) մեքենաները… Ո՞ւր գնացին:
Վարորդը թե՝
— Շուտ մոռացան, արդար չէ…
Պատմություններն այս ես շտապ-շտապ գրի առա, երբ շաբաթ երեկոյան, 7-8–ի արանքում, Դավթի հետ վերադարձա ավանդական դարձող հեծանվաերթից: Մոլեգնացող քամին ու կայծակ-որոտով ուղեկցվող անձրևը Դավթին չկասեցրին: Ծուռ Դավիթը ցուցաբերեց կամք և համառություն… Լավ նշան. Այդ ժամանակ Խանջյան փողոցի մյուս մայթից մեզ ողջունեց Դիլիջանյան ավարտական շրջագայությունից վերադարձող վարժարանցիների խումբը:
Մայիսի 24, կիրակիի ընթերցարան
- Ահա թե ինչպես է քնում ընձուղտը
- Մթերքներ, որոնք օգտակար են տեսողության hամար
- Ամրացրեք գոտիները. աշխարհի 15 ամենախելահեղ ճանապարհները ըստ ճանապարհորդների
- Տարբեր երկրների հարսանեկան ծիծաղելի ավանդույթները
- Ջուլիա Ռոբերթսի նիհարելու դիետան
- 10 հրաշալի գաղափար, որոնք գրոշներով են վաճառել
- Կրծքի քաղցկեղի առաջացման պատճառներ, որոնց ուշադրություն չեք դարձրել
- Դեն նետեք բոլոր դեղամիջոցները. մեղրի և դարչինի խառնուրդն ավելի օգտակար է
- 10 փաստ, որի մասին չգիտեինք մեկ շաբաթ առաջ
- Ինչպես պատրաստվել քննություններին
- «Բնական» իմունիտետով օժտված օլիգարխիաները
Լողում են Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորողները: Լուսանկարները՝ Սաթենիկ Օրդյանի: