Որտեղ հայն ապրում է, այնտեղ է նրա տունը, պետք չէ այն սփյուռք անվանել․․․- այսպես է ասում Ամերիկայում բնակվող երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը։- Տարին 3-4 անգամյա պարբերականությամբ եմ Հայաստան այցելում։ Այն անգամ մի փոքր երկար մնացի։ Բացահայտում չեմ կարողանում անել, գրեթե ամեն ինչ նույնն է, բացառությամբ երիտասարդների շրջանում առկա լարվածությանը։ Նկատում եմ, թե ինչպես են երիտասարդները ձգտում ապրել Հայաստանից դուրս։ Դա ցավալի է, երբ հատկապես երիտասարդ սերունդը դժվարանում է իր ապագան հայրենիքում պատկերացնել․․․
Արեգ Գալոյանը, անունը չտայի՝ կճանաչեի՞ք, մեր հիմնական կրթության շրջանն ավարտած՝ հայտնվեց արտերկրում, սովորում է Եվրոպայի նշանավոր կենտրոն-քաղաքներից մեկի ավագ դպրոցում․․․ Ամառային արձակուրդին Երևանում է՝ իր սիրելի ու կրթահամալիրում, որ հանդիպեցինք, գրկախառնվեցինք, դիպուկ արտահայտվեց․․․ «Կրթահամալիրից, Բանգլադեշից լավ տեղ չկա․․․ Չեմ ուզում հեռանալ․․․ բայց, դե, ծառայել բանակում էլ չեմ ուզում, վտանգավոր է…»։ Սրա արդարացնողը չեմ, ոչ էլ դատավորը։ Անապահովությունը, անհեռանկարությունը, որ բերել է մեզանում մի վիճակի, որ 30 տարվա վաղեմություն ունեցող խնդիրը (2018-ի փետրվարին Արցախի շարժման՝ հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության 30-րդ տարին է) ոչ միայն չլուծված, այլև խճճված ու բարդ այնքան, որ պատանին-երիտասարդը, նրա ընտանիքը չեն ուզում իրենց կյանքը-խնդիրը դարձնել․․․ Դուրս Հայաստանից՝ ազատ այս բեռի՞ց․․․ անվնա՞ս է այսպես, սեբաստացիներ․․․ Կմնան դատողություննե՞րը․․․
Օրը Տեղերի վանքային համալիրում: Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:
Մեր հայրենակիցների հետաքրքրության մի նոր ալիք է նկատվում իմ, կրթահամալիրի նկատմամբ․ աշխատանք է ու աշխատատար, որ պետք է բարեխիղճ կատարել․․․ Դիզայներ-ոսկերիչ Սևակ Տումանյանը՝ սեբաստացի Վասակ-Պետոյի, Վարագ-Նարեկի, Վանեի հայրիկը, Արևմտյան դպրոց-պարտեզում դաստիարակ աշխատող Նաիրի Տումանյան-Բաբահեքյանի ամուսինը, հետևողական օգտագործում է իր կապերը-կենսագրությունը՝ կրթահամալիրը ճանաչելի դարձնելու, արտերկրում ապրող մեր հայրենակիցների, նրանց ղեկավարած կազմակերպությունների հետ գործընկեր հաստատելու համար․․․ Պայմանավորվածություններ, ծրագրեր։ Ինձ օգնական է անհրաժեշտ արտաքին կապերում հուսալի գործընկերոջ բարի համբավը չխաթարելու համար․ մանկավարժության կենտրոնի ղեկավար Սուսանի համար իրոք որ դժվար, անհամատեղելի ծավալ է նոր պարտականությունների․․․ Կրթահամալիրի ամեն մի օղակի ղեկավար, յուրաքանչյուր մանկավարժական աշխատող, իհարկե, իր բեռը պիտի վերցնի, իր մասնակցությունն ունենա մեր արտաքին կապերի, նոր կամուրջների հաստատման, դրանց բանուկության, փոխանակման մշտականությունը ապահովելու համար, բայց համակարգող մասնագետի պահանջը օր օրի զգալ է տալիս։ Առաջարկե՛ք։
Վահանապատում: Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:
Իսկ հայր Ներսեսի՝ Հռոմում գերմանական ուսումնական կենտրոնի կաթոլիկ վարդապետի հետ մեր հանդիպումը երեկվա հուզականության աղբյուր ունի․ մենք 1991-ին հանդիպել, կարճ շրջան ապրել ենք Վենետիկում՝ Սուրբ Ղազարում, Մխիթարյան միաբանությունում, երբ ես, որպես Երևանի փոխքաղաքապետ և Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր, ուղեկցում էի նոր Հայաստանի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին Հռոմ, իր պաշտոնական այցելության ժամանակ․․․ Շրջայցը՝ Մայր դպրոցով, Արևմուտքի ու Արևելքի դպրոց-պարտեզներով, Գեղարվեստով, ոչ միայն ճանաչողական էր հայր Ներսեսի համար, այլև երկուստեք տրամադրվածությամբ-նպատակադրմամբ՝ աշխատանքային․․․ Քանի՜ հնարավոր կապեր-գործեր-մտահղացումներ առաջացան քննարկվեցին․․․
Հարավային դպրոցի ճամբարականները Թումանյանի այգում:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի ՖԲ էջից:
Իզմիրի տիեզերագիտական ճամբարի բոլո՞ր մասնակիցներն արտահայտվեցին․․․ Կարևոր է․ յուրահատուկ ուսումնական փաթեթ է ստացվում այս շարունակական նախագծով, 2018-ի ճամբարի մեկնարկի պատրաստությամբ, սրանով և ուսումնական աշխատանքի անընդհատությամբ․․․ Նայեք ուսումնական փաթեթը և ճամբարին սեբաստացիական ջոկատի արժանի ղեկավարներ Հերմինե Անտոնյանի ու Մարգարիտ Սարգսյանի հաշվետվությունը․․․ Անգլերեն ունե՞նք այս հաշվետվությունը, ունե՞նք հրապարակում ճամբարի կայքում, մեր սովորողների արձագանքները հետաքրքիր չե՞ն կազմակերպիչներին, օտարագիրներին։
Ուսումնական յուրօրինակ-հուզիչ փաթեթ է ստացվում և Շուշիի մշակութային արշավից. Քնարիկ Ներսիսյանը, տեսե՜ք, որքա՜ն խորն է տպավորված Ջդրդուզով-Շուշիով, որքա՜ն բարեխիղճ նյութ է հավաքել․․․ Ֆիլմ ֆիլմի հետևից․․․ ամեն մինը՝ մի օրագիր․․․ Ուսումնական բլոգ եմ ասել՝ օրդ, ոչ աշխատանքային ժամանակդ կտանի․․․ Երախտագիտության պայծառ զգացումով, իհարկե․․․ Իսկ Շուշի-Ջդրդուզ-շշմեցուցիչը՝ Հունոտի կիրճով, Զոնտերով, կարող է շարունակություն ունենալ․ օգոստոսի 14-ից մեզ կացարան են առաջարկում Շուշիի «Պետրոսյան» ճամբարում․․․ Համեցե՛ք, ո՞վ կնախաձեռնի․․․Ի՜նչ ճանապարհ-ճամփորդություն կիսատ մնաց․ նշանավոր «չռիկներից» ոչ թե Մխիթարաշենով ետ՝ Շուշի, այլ առաջ՝ Քարին տակով Շուշի…
Կաղամբին սովորական ես միշտ վստահել եմ, առանց այս տասն օգտակար հատկություններն իմանալու էլ առիթը բաց չեմ թողնում հում կաղամբ ուտելու․․․ Ես որքա՜ն կաղամբ եմ խրթխրթացնում․ այս՝ կաղամբի հաճույքն է, որ րոպե առաջ ուզում եմ ավարտել երեկվա մասին պատումս ու մտնել խոհանոց. Արմինեի երեկվա անզուգական ամառային տոլման հո կաղամբի ամբողջ պաշարը չի՞ տարել․․․
#1106
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան