Ուզեցել եմ ու ստացել՝ թևեր. Տա-թև աղջիկ եմ ուզեցել Տաթևում, վանքի բարձունքում կանգնած, հայացքս՝ դեպի Որոտանի կիրճը, ուրիշ ի՞նչ պիտի ուզենա տղամարդը, որ… չունի… Թևեր… Ուրիշ ի՞նչ պիտի ուզենա մարդը՝ բարձունքներ հաղթահարելու համար. թևեր… Իմ աղջիկ Տաթևիկը՝ իմ միջնեկը, միշտ թև է եղել ու կա. Տաթևի հետ, Տա-թևով միշտ հեշտ է… Շնորհակալ եմ: Ի՞նչ պիտի ուզենա երեք աղջիկ ունեցող հայրը. իրար քույր լինեն, ու այդպես է եղել միշտ ու կա. իրար հասնող, իրար համար ցավացող-կամեցող… Երեք աղջիկ չունեցած, թևեր չառած, աղջկա (երեխայի) համն ու հոտը չստացած հայրը ո՞ր իրավունքով է տղա ունենում… Իսկ տղան էլ, թող որ Դավիթ անունով, արդեն 3 տարեկան 3 ամսական, գիտեք՝ ինչի համար է. այսպես, գիշերվա ժամը 4-ին, նվվոցով արթնանալու, աչքերը փակ՝ իր մահճակալից իջնելու ու թփթփոցով-քսքստալով մութ-երկար միջանցքով դեպի մայրիկի մահճակալը մղվելու համար…
— Մամայիս եմ ուզում…
— Վախկո՛տ… Գնա մորդ թևի տակ կուչ արի…
Լուսանկարները Անահիտ Բեկյանի
Իմ պայծառ-սքանչելի Տաթոն, գիտեմ, վստահ եմ, այդպես է, իր կարևոր, հիացմունք առաջացնող Արևիկը վկա, կարևոր-հերթական տարում է. հանգիստ, Տաթև ջան, ու ավելի վստահ, դու այդպիսի ընթացքի համար հիմքեր ունես: Այնքա՜ն հարուստ է Տաթոն՝ ինձնով-քեզնով-ամենով. ի՞նչ չունի Տաթոն… Տարի է, ինքը գիտի, թև անի՝ կունենա: Ի՞նչ կարող է ցանկանալ հայրն աղջկան՝ կանացի երջանկություն. իմանամ, որ Տաթևիկը, որպես կին, երջանիկ է: Ուրիշ ի՞նչ պիտի անի շրջապատ-ազգուտակը, շրջակա աշխարհ կրթահամալիրն այսպիսի օրով՝ մարտի 11-ին, Թև տվող աղջկա ծննդյան օրով… Գովեք ինձ, Կարինե մայրիկին… շնորհակալ եղեք, որ Տաթև ունեք: Ես, օրինակ, շնորհակալ եմ Կարինե Ջանոյանին՝ այսպիսի աղջիկ պարգևելու համար: Շնորհակալ եմ, Կարինե ջան, Լիլիթ-Տաթև-Շուշանի համար… Դու արժանի մայր ես:
Այն, ինչ ցցուն արեցին մայրենիի ուսուցիչներ Հասմիկ Ղազարյանը, Նունե Մովսիսյանը, Սոֆյա Այվազյանը, ես նկատի ունեմ «Հրաչյա Աճառյան. հայոց լեզվի օր», «Ռաֆայել Իշխանյան», «Խաչատուր Աբովյան» ուսումնական նախագծերը, մեկ բառով ասած՝ հարգանքի արժանի է. ես ինձ լավ եմ զգում այսպիսի կրթական հաստատության գոյության փաստով, լսեցի՞ք, շնորհակալ եմ: Ուսումնական հուզմունքն էլ, գիտեք, ուրի՜շ վայելք է, ուրիշ շռայլություն, տիար տնօրենին վայել ապրում. անգամ կարող է դիտվել որպես հեղինակային կրթական ծրագրով ձեռք բերվող ցուցանիշ… Երեկ, Վարժարանի ընթերցասրահում, Աճառյանի ծննդյան օրվա առիթով մեծ հավաքում, հուզված էի: Ինքնաբուխ-կիրթ-ազնիվ եղավ այդ 45-50 րոպեն: Հասմիկ Ղազարյանի հետ համակարծիք ենք՝ այսպես հնարավոր է միայն գործընկերային համերաշխության միջավայրում, երբ Մարգարիտ Սարգսյանը, Ելենա Սարգսյանը, Թամար Ղահրամանյանը, Մարիետ Սիմոնյանը… առանց աչքի ընկնելու, 2-րդ՝ կարևոր պլանից աշխատում են, որ առաջին պլանում՝ կենտրոնում, լինի Հասմիկ Ղազարյանը: Երեկ՝ Նունե Մովսիսյանի համար, այսօր՝ Սոֆյա Այվազյանի, վաղը՝ Մարգարիտ Սարգսյանի… Յուրաքանչյուր սեբաստացի՝ ցանկացած տարիքում, յուրաքանչյուր տեղում, պիտի կարևորի իր մասնակցություն-նպաստը 2-րդ պլանից: Դուք տեսած կա՞ք, որ ես հենց այնպես ներկա լինեմ. պիտի գործես-լինես աջակցման ռեժիմում, լավ է երկրորդ պլանից, միշտ պատրաստ՝ նախաձեռնությամբ առաջին պլան մղվելու… Առանց համերաշխության-փոխօգնության ո՜նց առաջ մղվես, ի՞նչ թիկունքով…
«Հրաչյա Աճառյան. հայոց լեզվի օր»: Մայր դպրոց: Լուսանկարները՝ Ելենա Սարգսյանի։
Չինացիները, տեսեք, 19 օրում 57 հարկանի երկնաքեր են կառուցում-ցուցադրում… Սպասում եմ՝ նայեք: Իսկ մեր աչքի առաջ Բաբաջանյան պողոտայի վրա քանի՜ տարվա գյոզալ սոսիները խուզեցին, որ ի՞նչ… Ո՞ւր ենք մենք, որպես գոյապահպանական գոյեր-պոստեր. լավ է, գոնե «Էկոտուրը» վերջում (միշտ վերջում) հասավ: Միջին դպրոցի էկոակումբի սան 7-րդ դասարանցի Միքայել Կամենդատյանը «Ամենախելացին» խաղի մասնակից է: Կարծեմ՝ 1-2 միավոր պակասեց՝ խաղը շարունակելու համար: Ես խաղավար-քույրիկ Նազենի աստղ Հովհաննիսյանին, ահա, Միքայելի օրինակով եմ ասում՝ ինձ համար օժտվածության իսկական դրսևորումներն այսպիսի իրական գործերով, կենսական խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի-ջանքերի տեսքով են կարևոր-վճռական: Տեսեք՝ Միքայելն ինչ հաստատ-վճռական է կանգնած՝ որպես ծառերի պաշտպան. էկո-հայրենագիտական ակումբի ղեկավար Մարթա Ասատրյան ջան, «Էկոտուր 2015»-ի տնօրեն-համակարգող Էմանուել եղբայր, ապահով ուսումնական թաքստոցները թողեք, համեցեք-գործեք առաջին պլանում, որպես մեր՝ իրական կյանքի բնապահպաններ, նախ և առաջ՝ մեր եղած-չեղած ֆաունա-ֆլորայի պաշտպաններ… Գարունը, ախր, այնքան կարճ է տևում Երևանում՝ մի կարճ մարտ ու կիսատ ապրիլ. մայիսն իր շոգով հաստատ ամառային շրջան է: Այսօր, նշանավոր մարտի 11-ից հաշված, 2015-ի բնապահպանական նախագծերը ապրիլի 23-ին հանրակրթական ստուգատեսին ներկայացնելու համար մեկ ամիս ունենք, արանքում էլ՝ գարնանային արձակուրդը… Պիտի 2-6 տարեկանների ամեն խումբ, ամեն դասարան, ակումբ, անհատ, սկսի իր նախագծի իրագործումը, որ արձակուրդն էլ ուսումնական իր նպատակին ծառայի, դառնա ստուգատեսային…
Ռոբոտիքս ակումբ:Նոր դպրոցի 4-5-րդ դասարանցիներ:
Լուսանկարները՝ Գնել Հարությունյանի։
Ես կարիքը զգում եմ այսպիսի կենսական ավիշի. այս զարկերով-ռիթմով-թափով մայիսյան հավաքով որոշված բարձունքը չես հաղթահարի: Իսկ յուրաքանչյուր սեբաստացի՝ սովորող թե ուսուցիչ, պիտի մայիսին երկու բարձունք հաղթահարի՝ հավաքի ծրագրով մայիսի 5-7-ին ուսումնական արդյունքների ներկայացման և մայիսի 26-28-ի «Հանրապետության օրեր» նախագծի շրջանակում: Ահա ինչու ես սկսում եմ ամեն օր խմել տաք մեղրն ու մի բաժակ կիտրոնաջուրը: Առաջարկեք ավելի անվնաս-վստահելի-արագագործ բաղադրատոմս, տեսնենք: Վիկա Մարկոսյանի խոսքը միանշանակ հավանում եմ. երբ ես խոսում եմ կրթական միջավայրի մասին, այո, նկատի ունեմ ոչ միայն նյութական միջավայրը, որ, տեսնում եք, շարունակ ավելի թափանցիկ, հետաքրքիր, խնամված է դառնում… Միջավայրը ստեղծում են մարդիկ, սեբաստացիներով ենք ստեղծում՝ տարատարիք, սովորող թե ուսուցիչ, 1-ին թե 2-րդ պլանում… իրենց բլոգներով, իրենց նախաձեռնություններով, իրենց հետաքրքրություններով… Վիկա Մարկոսյանն է ստեղծում։ Միանշանակ:
Կրտսեր դպրոցի Կինո-ֆոտո ընտրությամբ գործունեություն:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի
Կարդացեք Չարենց… «… Եվ ինքը նորին անհրաժեշտությունը հարյուրամյա և վաթսունամյա անցյալից պետք է բարձրացնի ժամանակներն ու տարածությունները հպատակեցնողին, և ժամանակներն ու տարածությունները պետք է, ինչպես մեծ տերությունները իրենց նվաճողին, ճանաչեն ու հպատակվեն իրենց եզակի տիրակալին» (Հրանտ Մաթևոսյան)։
Իսկ ես, ամենաշատը, որքան էլ զարմանալի թվա, քնել եմ ուզում: «Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ»:
Իսկ իմ հոբելյար-աղջիկ Տաթոյի հետ ու Տաթոյի համար այսօր անպայման կարդացեք իր մանուկ շրջանի ամենաբանաստեղծությունը՝ «Ձյունապատ լեռներ» կամ, որ Չարենցն է կոչել, «Հայրենիքում».
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին…