Մեր ժամանակի ամենա-ամենա-ամենականացին էր, մաթեմատիկոս, իրանցի. 40 տարեկանում մահացավ… Ճանաչո՞ւմ էինք նրան՝  ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսորին, որ 2014թ. Հարվարդի համալսարանում մաթեմատիկայի գծով դոկտորի աստիճան է ստացել, իսկ 2014-ին դարձել առաջին կինն ու առհասարակ առաջին իրանցին, որ արժանացել է Ֆիլդսյան՝ մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակի… Ես ունեցա անձնական կորստի ցավ… ու հայտնեցի…

Հարավկորեացի նկարիչ և դիզայներ Չո Յոնգ Հվան օգտագործել է 1000 հնամաշ դուռ այս յուրօրինակ շինության համար։ Այնքա՜ն տարվեցի ստեղծված յուրահատուկ աշխարհով, մտքերով-հույզերով, Դավիթ Բլեյանը կասեր՝ ուրե՜ր (շատ ուր) հասա, որ աչքերս փակվեցին, ու ես տեսա այս դռների առաջ մեխված … Մարիամ Միրզախանիին։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հայտնի գյուղատնտես, վաստակաշատ Դերենիկն իր բազմազբաղ օրվա մեջ-վերջին, իր ընդմիջումին-հանգստին այնքա՜ն պատրաստակամ է օգնում մեզ մեր շարունակ ընդարձակվող կանաչ տարածքների խնամքում։ Մի գործ է, որից ո՛չ կփախչես, ո՛չ էլ առանց խելամիտ կազմակերպման առաջ կտանես։ Շարունակ մեծացող, ջանք ու միջոց սպառող հոգս։ Առանց քաղաքային իշխանության, վարչական շրջան գործուն աջակցության չի լինի… Բնակելի արվարձանում կրթական պարտեզի նախագիծը ոչ միայն ենթադրում է, այլև իր մեջ պարունակում է այդպիսի կազմակերպման մոդել. մենք բոլորս դա կտեսնենք։ Իմ շաբաթ օրը հիմնական ժամանակով ես հատկացնում եմ այս նախագծին։

Արագածի ծաղկունքը…
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Այս նախագծի շրջանակում է ծավալվում և համագործակցությունը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, նրա նորաստեղծ հետազոտական լաբորատորիայի հետ։ Հուլիսի 13-ին կրթական պարտեզում աշխատանքային-ճանաչողական օր անցկացրեց լաբորատորայի հիմնադիր ղեկավար, հին ընկեր Գագիկ Ներսիսյանը։ Գագիկի հետ մեր կյանքի մի նոր՝ գործընկերության շրջանում ենք։ Եվ սկսում ենք մասնագիտական ուսուցումից. Գագիկը կարևորեց-առանձնացրեց մեզ համար նոր՝ գյուղատնտեսական-բնապահպանական, դեղաբույսերի հավաքման-մշակման-գործածման ուղղությունը։ Մեր տեխնոլոգիական հանրակրթությունը՝ իր նյութական բազայով-միջավայրով, հայրենագիտական-ճանաչողական-ճամփորդական-էկոլոգիական ուսումնական դրվածքով, կրթական փոխանակումների զարգացած ցանցը լավագույն մեկնարկի հնարավորություններ են ապահովում։ Համաձայն եմ։

Շաբաթ օրվա իմ ժամանակի կարևոր հատված տարան ուսումնական ագարակը մեր և … Կարինե Խառատյանը՝ «Գործընկերություն» բլոգով, մեր հայտնի գործընկեր դպրոցների հետ կատարված աշխատանքի վերջին շրջանի ներկայացման քննարկումով։  Հիմնադիր տնօրենին վայել աշխատանքային շաբաթ օր ունեցա, այնքա՜ն լեցուն, որ մի գրում օրվա համառոտ պատումն անգամ չի տեղավորվում։ Եվ դա լավ է։

Երևանի կամերային երգչախմբի համերգին…
Լուսանկարները՝ Նառա Նիկողոսյանի

Չես թաքնվի. երեկ Կամերային երաժշտության տան դահլիճում Երևանի կամերային երգչախմբի համերգից հետո, որ Սեյրան Ավագյանի ընկերներով ունկնդրում էինք որպես ի հիշատակ Սեյրանին՝ կամերայինի հայտնի մեներգչին, սեբաստացի ուսուցչին մեր, մեր ժամանակի աշուղին, «Բրոյի-բրոյի» ուսումնական նախագիծն իրականացնողին, Շուշան Բլեյանն ինձ տարավ… քաղաք։ Ե՞րբ էի եղել։ Վերջին երեք տարին մշտապես Վիեննայում բնակվող-սովորող աղջիկս ո՜նց գիտի քաղաքն իր՝ Երևանը, ոնց որ ես՝ 1980-ականների իմ քաղաք Երևանը… Մի նոր մետաղյա գործ-ձևավորում գտա Աբովյան 28 հասցեով, շենքի մուտքի հարևանությամբ, որի գոյությունը զարմացրեց Շուշանին. ես քաղաքում, ոնց որ տուրիստ շփոթված… մնացած խանութ-ժամանցի վայրերի, ցուցանակ-ցուցասրահների, փոփոխությունների մեկնաբանությամբ էի տարված։

Երևանի կենտրոնը մարդաշատությամբ-մարդահոսքով արագ ճզմեց-ուժասպառ արեց… Պետք էր տուն հասնել կամ … նստել… Շուշանը ժամը 9-10-ին բաց թողնողը չէ… Քաղաքի կենտրոնում չես թաքնվի… Քիչ առաջվա համերգի ընկեր եղբայր-հարսիկ Առնոլդ-Աստղիկ տեսարան-զույգը առցանց գրանցում էր իմ վիճակը… Նստեցինք Աբովյանի մի սրճարանում, ու ես չէի դադարում սրճարանի մոտով-մայթով անցնող մարդկային հոսանքով զարմանալուց… Մնացածը, վստահ եմ, գիտեք ֆեյսբուքից։

Ես տուն հասա, Դավիթ Բլեյանը կասեր՝ ցխլվա՜ծ։ Մեռա-ծնվեցի. այդ կարողությունն աստվածատուր ինձ այս օրը պարգևեց։ Ես գնում եմ այսօր Լանջաղբյուր, ինչպես գնում են գործի, որ հարկ է կատարել բարեխիղճ։

Իմ էլ.փոստից Թոփչյան ֆոտոխմբագիը կառանձնացնի երևի ընթերցողական գնացքով-ակումբով Սևանի «Ժայռ» ընթերցողական-հայրենագիտական ճամբար մեկնող Դավթին ու Արմինեին։ Եվ, իհարկե, Լիլիթ Հովհաննիսյան ծոցվոր դաստիարակի այս նամակը…

Բարև Ձեզ, հարգելի տիար Բլեյան: Ինչպես գիտեք՝ գտնվում եմ ֆիզարձակուրդում. պատրաստվում եմ երրորդ սեբաստացուն ունենալ։ Շնորհակալ եմ Ձեզ, կրթահամալիրին, միշտ Ձեզ հետ եմ լինելու։
Ձեզ անչափ հարգող և սիրող՝  Լիլիթ Հովհաննիսյան

Երրորդ երեխայի ծննդի վճիռ կայացրած կնոջ-ընտանիքի նկատմամբ նույն վերաբերմունքն ունեմ՝ աճող հիացումը։ Ու, երկու տարեկան դարձած մեր նոր սեբաստացու հետ բարի վերադարձ կրթահամալիր, բարեխիղճ աշխատանքը շարունակելու, Լիլիթ ջան։

 #1095

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդիկ ափի մեջ… Ու երանության մասին է գիրը…

Որպես տանտեր-տիար՝ դիմավորեցի մեծ խումբ մարդկանց՝ Հայաստանի տարբեր քաղաքների-գյուղերի մանկապարտեզների դաստիարակներ բոլոր կարգի, կրթահամալիրի հեղինակած հնգօրյա ուսուցման ծրագրով եկած… 50-ի չափ մեծահասակների կրթության կամավորներ, ի՞նչ սպասելիքներով… Օր առաջին, մայր դպրոց, մարմարյա սրահ.

Ես գիտեմ չծերանալու բանաձևը. լսեք…

Ե՞րբ է մարդ սկսում ծերանալ հարցին երախտահիշատակ, 80-ականների հայտնի գրող ու հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանը սիրում էր պատասխանել. — Երբ հոգնում ես ձգտումներից… Ես չիրականացված գործեր ունեմ շա՜տ, բայց ահա,

Շոպենը սկուչնի ա, մի՛ դիր…

Մաս առաջինում իմ գրի Երևանի ավագանու մինչընտրական եռօրյան է… Որքան կսազեր սրան, համաձայնեցնելով Դավթի հետ,  Բախի «Տոկատա և ֆուգան»… Դավիթ Բլեյանինը Մոցարտի կոնցերտներն են… — Շոպենը սկուչնի ա, մի՛ դիր,-