Որպես հայելի՞՝ ստրկության ու ազատության միջև…
Կրթահամալիր եմ ասել. նույն օրում է՛լ Սևանի «Ժայռ», է՛լ Արագած, է՛լ Իզմիր տիեզերագիտական

Օշո էլ ես ինչպե՞ս պիտի կարդամ. որպես ամառային, թե շուրջտարյա ընթերցանություն, մեր ուսուցիչների, սովորողների բլոգներով, այսպես, հանկարծ, երբ բացված նոթբուքի էկրանին հայտնվում է իմաստունն այս։

Սերն արժեքավոր է հենց նրա համար, որ քեզ մենակություն է տալիս։ Բավարար չափով տարածք է տալիս, որ դու մենակ լինես։

Դավիթ Բլեյանն ու Արմինեն ժամեր հետո «Ալմաստ» կայարանից ընթերցողական մեր գնացքով Մարիետ Սիմոնյանի գրական ակումբով կշարժվեն Սևանի «Ժայռ»՝ ընթերցողական-լողափային ճամբար։ Ի՜նչ կազմ է՝ մորաքույր Ռուզա՜ն, կեցցես, քույր իմ, սեբաստացի ընթերցող ակումբականների մի փունջ…

Որքա՜ն  բելգիացի պատանիները Բանգլադեշի մեր ճամբարում ջանացին, երեկ օդանավակայանի ճանապարհին էլ չմոռացան, հրաժեշտի եկան, անհատական նվերներ հանձնեցին պատանեկան ճամբարին զուգահեռ, նրա հայելի դարձած մեր Արևմուտքի մանկական լողափային ճամբարի բոլոր սաներին։ Դավիթը, օրինակ, գլոբուս ստացավ ճամփորդական, որ իր հետ Սևան է տանում։ Բայց միևնույն է, անկաշառ է մեր հերոսը.
— Իմ քույրիկներն ամենասիրունն են, բելգիացիներից սիրուն են Մարիամ-Մելինեն, Արևիկը, Սոնան… Լիլիթը… Շուշոն…
Ոչ մեկին չի մոռանում երկար շարքում… Տանն էլ թե՝
— Հա, պա՛պ, ամենասիրունն են…

Էս երեկ։ Ճանապարհեցինք Բրյուսել։

Կրթահամալիրի տնօրենի ֆոտոօբյեկտիվից…

Ես նորից հեծանվով, հեծանվի վրա եմ, դրախտի ճամփին Բանգլադեշ-Խանջյան՝ տնից-տուն, Հրազդանի կիրճով… Օրվա վերջին վճռական մոտեցա նորոգում անցած հեծանվին.
— Տես,- խոսում եմ ինչպես ձիու հետ,- ես էլ քո ընկերության կարիքն եմ զգում, ինձ էլ մենակ չթողնես։ Ճամփա է իր արկածներով, մեկ ես կտանեմ, մեկ դու, ընկեր… ինձ մենակ չթողնես…
Բոլոր հարթակներին, ճամփի մտերիմներին առցանց-ձայնեղ, կարոտակեզ ողջույններ եմ շռայլում… Հուլիսի 27-ը՝ մեր Սեյրանի ծննդյան օրը կրթահամալիրի օրացույցում է, ու ես ճամփից աջ ու ձախ եմ անում՝ Թոփչիկին մեր, «Սեբաստացիներ» ու Երևանի կամերային երգչախմբերի Սեյրանի ընկերներին օգնելու, ճամփորդական-ծննդյան՝ Հրազդանի կիրճո՞վ… մի տուտը… Առաջ չընկնեմ՝ օրվա քարտեզը գծելու համար։

Հանկարծ հորդացած անձրևն ինչ պիտի անի, ոչ կկանգնեցնի, ոչ կարագացնի… Եկավ, որպես… որպես պսակ… Ի՞նձ պսակի… Ինչո՞ւ ոչ… Սրտանց ծիծաղում եմ. չի՞ կարելի, ինչ է, իմ տարիքում՝ այս վաթսունում պսակվել հեծանվի հետ… Օշո՛ իմաստուն…

Եթե դուք իրարից կախում ունեք, կառչում եք իրարից, իշխում եք իրար, եթե իրար թույլ չեք տալիս մենակ լինել, բավարար տարածություն չեք տալիս աճելու համար, դուք թշնամի եք, ոչ թե սիրահար։

Ժամեր հետո էլ կնստեմ նորից հեծանիվս ու ճամփա կընկնեմ Բանգլադեշ՝ ճանապարհելու Իզմիր միջազգային տիեզերագիտական ճամբարի մեր 12+2 մասնակիցներին, նրանց թվում՝ Դավթի ամենաԱրևիկ քույրիկն ու ամենաԳոռ եղբայրը… Սևանի «Ժայռ» ու Իզմիրի տիեզերագիտական, ու իմ գիրը՝ հայելի սրանց միջև…

Ճանապարհում… Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։

— Դավիթ,- ասում եմ առավոտ կանուխ իմ ճամփորդ-ընթերցող-լողորդ ժառանգին,- մայրիկի կողքին կլինես, լողալ կսովորեցնես։
Նշանավոր ժպտում է.
— Դե, հա՜, ասեցի…

Կիրակի առավոտը ես ու Շուշան Բլեյանը կլինենք Լանջաղբյուրում, մեր Դոշից (բարձունքից)-եկեղեցուց երգ-աղոթք կհղենք «Ժայռ»-ի, Իզմիրի, Արագածի վերելքի սեբաստացիներին…

#1094

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ խոստացած, անխուսափելի, 99 օր սպասված 100-րդ գիրը օրվա

Բարի առավոտ: Ես այսօր գրում եմ լույսով. այդպես ուզեցի: Կիրակի, անձրև… Երաշտն այս` ամբողջ ամառ-սեպտեմբեր ձգված, քանի՜ բույսի ու ծառի կյանք տարավ: Երևանում անձրևը երբեք անտեղի-ավել չի լինում: Ահա ինչու՝

Իմ պապան վաղուց է իմ մամայի մոտ աշխատում, իմացա՞ր…

Դավիթ Բլեյանն ու Արամ Խաչատրյանը՝ մեր Արտեմ Խաչատրյանի չորս երեխաներից երրորդը, Դպրոց-պարտեզի Կարինե Խառատյանի խմբում են։ Երկուսն էլ լիդերություն հաստատելու մշտական ջանքեր են գործադրում, իրար հետ մրցում… Մեկ-մեկ կռվում են,

Բալկանիզացիա, որտեղ երկաթ, բետոնն ու բոլգարկան դեռ անելիք չունեն

Ի՞նչ եմ անում գիշերը ժամը 3-ին… Քունս, ինչպես տրամադրությունս, այնպես է խառնվել-փչացել, որ միայն Շուշոն՝ Շուշան Բլեյանը գլուխ կհանի… Առայժմ խաղող եմ ուտում գրել-կարդալ-ներսուդուրս անելու ընդմիջումներին… Ուտելու խաղող շատ եմ