Թող զբոսնենք անվերջ ծաղկած այգիներում,
Կորենք Փարիզի մութ փողոցներում…

Երգում է ֆրանսուհի Բարբարան… Լիլիթ Բլեյանը՝ մեքենայի ղեկին, ես՝ կողքին. այդպես ե՜րբ է եղել, որ ես առջևում լինեմ, վարորդի կողքին… Որպես կանոն, ես ակնդիր եմ՝ ինչ է կատարվում պատուհանից այն կողմ…

Երեկ իրիկուն Օհանավան-Երևան ճանապարհին Լիլիթն ինձ պատմում-ներկայացնում էր իր ճամփի, աշխատանքի, կյանքի ուղեկից Բարբարային… Ո՞նց կպատկերի Լիլիթը, այդպես էլ լսում էի… Սոնա թոռնուհին ու իր քեռի Դավիթը, Օհանավանի՝ Շուշոյի նախաձեռնած-կազմակերպած հավաքից գոհացած, ինչպես բոլոր Բլեյան-Հովհաննիսյան մասնակիցները, գտել էին իրար հետ լինելու մեզ չխանգարելու եղանակը… Հավես ավարտ Օհանավանի փոթորկուն-կարկտաբեր, բառիս բուն իմաստով, խնդուն-լեցուն Շուշոյի օրվա: Շուշոյի ծնունդ նախագիծը ստացվեց. Շուշոն գոհ էր։

Ծննդյան օրվա լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

Ի՞նչ ընթացք-զարգացում կունենա «Լանջաղբյուր՝ Հայրավանքով, Բլեի դոշով, Սպիտակ սար-Աժդահակ անցումով, Գեղարդով Երևան» նախագիծը… 2016-ի օգոստոսի 11-ի մեր Նավասարդը Աժդահակում, հիշեցնեմ-հիշեմ, թեթև հղումով… Իմացա, որ Ալբերտ հոպար-ընկերը ավելի մեծ շրջանով է պատրաստվում Նավասարդին… Կուզեմ՝ Բլեյան-Թադևոսյանների մի խմբով Լանջաղբյուր-Սպիտակ սարով միանամ Աժդահակի ստորոտում խնջույքի վրանային հավաքին… Շարունակությունը՝ միասին… Կուզեմ, որ մեր Բիձա Եգորի՝ Եգոր Թադևոսի Բլեյանի ժառանգների խոստացած Բլեյան-Թադևոսյանների հավաքը օգոստոսին կայանա Սիսիանի Ծղուկում՝ Բորիսովկայում… Իմ Արամ պապի նշանավոր ավագ եղբայր Եգորի արտաքսումի-ինքնաքսորի մասին մինչպատերազմյան Լանջաղբյուրից Սիսիան՝ Բորիսովկա, պատմել եմ

Օրեր առաջ Շուշիի ճանապարհին, Սպանդարյան ջրամբարի մի հարմար բարձունքից-ափից զմայլվում էինք մեծ ջրավազանով, Արաքսի ձախ վտակ Որոտանի  նախկին ընդարձակ հովտով, որտեղ Եգորը հիմնեց-շարունակեց Բլեյանների մի ճյուղ-քոչ, որ սեբաստացիներին այսօր ծանոթ է Աշխեն Թադևոսյանով…. Դավիթ Բլեյանն ու Աշխենը Թադևոսյանը նույն Թադևոս պապի, հզոր իշխան Պետրոսի որդու ժառանգներն են՝ Դավիթը՝ Արամ Բլեյանի ծոռը, Աշխենը՝ Արամի եղբայր Եգոր Բլեյանի ծոռը… Տեսաք՝ ոնց մոտիկացան, մի դպրոց-դասարան դարձան, նույն ծառի պտուղը… Պտուղը՝ ծառո՞վ, ծառն՝ արմատո՞վ… Մեզ համար կարևոր է դարձել մեր ազնվական (իշխանական) ծագման գրանցումը մեր, մեր երեխաների ինքնագիտակցության մեջ, դրա նյութականացումը… Օրակարգում Բլեենց ավերված մատուռի վերաշինումն է տեղում՝ գյուղի կենտրոնում, գյուղացիների տնամերձների պահպանվող տարածքում…

Արցախյան բնապատկերներ: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

— Հայաստանն էս ինչքա՜ն մեծ է պապ, որ այսքան մեծ ծով է տեղավորում իր մեջ…- Դավիթն է մեծախոսում-կրկնում. Շուշի կենսամշակութային արշավի մասնակիցը, Սպանդարյանի լճի բարձունքից իր ասածը չի մոռացել…
— Հայաստանը մեծ է՝ 30 հազար քառակուսի կմ, բազում այսպիսի-սրանից մեծ ջրեր-լճեր-ավազաններ ունի, Սևանա ծով ունի, Դավի՛թ, դաշտեր…
— Ի՜նչ մեծ է…
— Իրանի, Թուրքիայի համեմատ է փոքր… Դավի՛թ…
— Բա Ռուսաստանը, պա՜պ,- ծիծաղում է…- Ոնց, որ 30-ը 3-ի՞ց է մեծ, տասն անգա՞մ։
— Չէ՜, Դավիթ, ավելի փոքր է Հայաստանը…
— Ոնց որ 300-ը 3-ի՞ց, պա՛պ, 100 անգա՞մ…
— Շատ չեղավ, Դավիթ… Ավելի…
— Դրա համա՞ր են Արցախը միացնում, պա՛պ… Մեր դասարանում ասում են, որ…
Ու Դավթի սիրած պատմությունը՝ իր պատմական Հայաստանով, հին ու նոր Բայազետով, Բազարչայով-Ծղուկով, մեր կյանք է մտնում նորից…

Արևմուտքի ճամբարի առօրյան: Լուսանկարները՝ Սոնա Քեհեյանի:

Ովքե՞ր են Բլեյան-Թադևոսյաններն այսօր, ի՞նչ ուժ կարող են ստանալ նրանք իրենց պապական ժառանգության ազնվականությունից… Իմ ջանքերում-մտահոգություններում-լուծումներում նախագծի այսպիսի զարգացումներն են… Պետրոս Բլեյանն իր Յուրա-Էդվարդ որդիների հետ սկսել է  Եղվարդի հայրական տան արդիականացումը… Որոշումը, որ մեր ավագ եղբոր ամառանոցը օր առաջ բացի իր դռները, դառնա սիրելի հավաքատեղի, ուժ-աջակցություն, մտքի-ճաշակի սնուցում ստանո՞ւմ է  Լանջաղբյուրի Բլեենց մատուռի վերականգնման նախագծից… Ես այսպես եմ մտածում, գրում:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1093

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գրոց-բրոց կամ իմ փոստի, սոցցանցի սնդուկից

Էլ ի՞նչ նոր բան գրեմ, եթե իմ փոստը mskh-ում, սոցցանցը լիքն են մեկը մյուսից հետաքրքիր պատմություններով։ Ստամբուլի Ազգային կեդրոնական վարժարանի խմբի հունիսյան այցը դեռ զրնգում է… 1886 թ. Պոլսի Ներսես

Ա՛յ, այսպես էլ ապրում ենք հուլիսին Բանգլադեշում՝ ծիրան ուտելով, կուտ ջարդելով, չիր ու ջեմ պատրաստելով… փրփրաջրում լողալիս լողափին պերֆոմանս անելով…

Իմ օրն այսպես էլ է լուսանում, սկսվում… Արթուն եմ իմ ժամին՝ առտու 4-5-ի արանքում, բայց աչքերս փակ՝ սկսում եմ պատմել իմ օրը… Մի ամբողջ հավերժություն ու վայելք… Ամենակարևորը փակ աչքով

Կղզի, բայց ոչ երբեք կղզիացած

«Դպիր» ամսագրին ես միշտ մոտեցել եմ ընդգծված հարգանքով՝ մանկավարժական առաջադեմ պարբերականի հարկի-դերի գիտակցմամբ։ Մեր Սուսան Մարկոսյանը՝ էլեկտրոնային «Դպիրի» հիմնադիր խմբագիրը եթե միայն կամ գլխավորապես «Դպիրով» զբաղվեր… Այս որոշումը միայն իրենից