Ճամփորդության գերազանցիկ, ճամփի նախանձելի ընկեր… Այսպիսին էր Դավիթ Բլեյանը թիֆլիսյան ուրբաթ-շաբաթ-կիրակին, ուղեկից մեծահասակ եռյակի միաձայն գնահատմամբ: Ճամփորդությունը հասունացնում է մարդուն. մենք տեսանք այս անգամ, տեսնում ենք-զմայլվում ամեն անգամ միասին լինելիս… Որքան էլ Թիֆլիսով թափառումի ժամանակը կարճ էր, ես կարողացա մի նոր հայտնագործություն կատարել ինձ համար Թիֆլիսում՝ քաղաքի գետառը՝ Վարազիսխևին… Չե՞ք տեսել… Գորգասալի փողոցի նշանավոր բաղնիքներից, որ հայտնի են «Ծծմբային» անվանումով, վեր, էլի վեր, ուր մեծ թափով շարունակվել են իմ բացակայության շրջանում մզկիթի վերակառուցման աշխատանքները, զարմանալի մարդաշատ էր, զբոսաշրջիկների տարբեր խմբերով… դեպի գետառի հունը…
Թբիլիսյան քրոնիկոնը` Արմինե Աբրահամյանի:
Այնքան խորն էր, մաքուր-գրավիչ գետառը՝ իր հունի ողջ երկայնքով, կամուրջներով-անցումներով, առու հիշեցնող ջրով զուլալ… Նախանձիր ու նախանձիր. բարձունքից ենք նայում, ամեն ինչ՝ ոնց որ ափիդ մեջ… Արդեն տունդարձի ճանապարհին՝ Մյասնիկյանի պողոտայով Երևան մտնելիս այս տեսարանը… Գազանանոցից քիչ ներքև՝ հանդիպակաց, Յուրա Գանջալյանի բարեհոգությամբ հայտնաբերեցի Երևանի Գետառի բաց հունը, մինչ նրա անհետանալը գետնի տակ, Բելաջիո ռեստորանի հանդիպակաց մասում… Մեր Գետառը՝ աղբանոց, որից երևանցիք, իշխանությունները քաղաքային ու հանրապետական մի փրկություն գիտեն՝ թաղել-ծածկելը գետնի տակ. չկա գետը՝ չկա նրա խնդիրը քաղաքում… Այս խնդիր կոչվածն էլ՝ ով ինչպես հասկանա՝ Թիֆլիսով ցուցադրական-բաց-զբոսատեղի, Երևանում՝ գետինը մտած… Գետառ ջան, չգիտեմ ոնց՝ դու երևանցիներից պրծար, թե իրենք քեզնից ազատվեցին, բայց ինձանից օր ու արև… կունենաս, նոր-նոր սկսում եմ դարձնել իմ խնդիրը. Երևան Թիֆլիս ճամփորդության իմ ընկերը-ուղեկիցը եղար… «Գետը քաղաքում» համատեղ նախագիծը պարտադիր չէ, որ Քռին ու Զանգվին վերաբերի. նա կարող է և մեր երկու գետառներին ուղղվել, հատկապես որ վրացիները, ուրախությամբ եմ ասում, փոխանցելու արժանի լուծումներ-ձեռքբերումներ ունեն։
Հասմիկ Ղազարյան և ընկերներ։
Այս անգամ բացակա տիար Գևորգի՝ մեր ճամփի ընկերոջ ուղեցույցով մինչև Չարենցավան հասնելը մի քանի անգամ կագնեցինք, զմայլվեցինք քառագագաթ Արագածով՝ տեղով մեկ իսկակա՜ն տեսիլ… բոյով-լայնքով-գագաթներով… Ի՜նչ տեսարան, որն իր մայրամուտով, Չարենցի անունով քաղաքի ճամփեզրի բլրի վրայի հոշոտվող հուշարձանով, իմ այֆոնով ինձ տարավ վեր-վեր… Դիմացս անհունի ու մայրամուտի ոսկու մեջ արագածյան վեհությունն էր, որ փորձում էի իմ օբյեկտիվում բոլոր երանգներով ու վայրկյանների շարժով անմահացնել, ետդարձին ընթերցողին ներկայանալ նախանձ շարժող մի շարքով… խորհրդավոր լույսի թափանցող ծավալում այլ կերպարներ ստացած հուշարձանը… Ներքևում քաղաքն էր արդյունաբերական, որից այնքան էի նեղացել, որ… չնկարեցի, ու հիմա փոշմանել եմ… Ես կվերադառնամ քեզ, Չարենցի անունով քաղաք, որ իրար լսենք, իրար չկորցնենք…
Ագարակում…
Այդպես չանցա Նոյեմբերյանով. այցելեցինք Նոյեմբերյանի ամենահայտնի մարդկանցից մեկին՝ ճանաչված գրող-հանրային գործիչ, Շարժման ուղեկից-ընկեր Սամվել Բեգլարյանին… Ի՜նչ գոհունակություն ապրեցինք՝ տեսնելով այս տարիներին Սամվելի ու իր անմոռանալի հմայքով կնոջ կառուցած շեն, առաջադիմած տունը՝ ուժեղ-ինքնավստահ-հասնող տղայով (Սամվելի երեք զավակներից կրտսերը), նուրբ-միշտ ժպտադեմ հարսիկով, աշխույժ թոռներով… Իսկ խնամված այգի՜ն՝ խաղողի թարմով ու կիվիի ծառերով, շնով որսորդական, որ ազնվության դրոշմներ էին մի մի… Խոսքաշեն, միշտ իր հազարի մեջ ընկերոջս, որ Նոյեմբերյանի հայ-ադրբեջանական սահմանային գոտի հերթական գրողական շրջայցից էր վերադարձել, մենք տեսանք, ինչպես վեց տարի առաջ, երբ Արմինեի հետ նոր տարին անցկացրինք միասին… երեկ մեզ հյուրասիրած կարմիր գինու պես անմոռանալի… Ի՜նչ լավ է, որ մարդը-գործիչը չի ծերանում… «Արջաորսի այբուբենը» ու «Ցուրտ երկիր, տաք կայարան» գրքերից էլ լավ նշաննե՞ր։
Սամվել Բեգլարյանի բակում-տանը…
Չենք թողնի՝ ծերանա-նահանջի մեր ավագ ընկեր-ուսուցիչ միստր Յուրան, ում անունը «յուր»-ից, «յուրահատուկ»-ից չի՞ առաջացել… Հաստատուն, խաղաղ-ուշադիր բոլորիս նկատմամբ… պատրաստ նոր ճամփորդությունների, արկածների, ում դասընկեր-կինը՝ Անահիտը, իմ օրագրով էր հետևում մեր տեղաշարժներին, մեզանից առաջ ընկնում… Լավ ծիծաղեցինք, երբ Անահիտն ասաց, որ գիտի, թե Նոյեմբերյանում ո՛ւմ տուն ենք մտնելու… իմ երեկվա գրից… Իսկ Երևան-Թիֆլիս-Երևան 600 կմ-ը կողք կողքի աննկուն անցկացրած առաջին վարորդն ու նրա շտուրման Արմինեն խելացի միասնությամբ կարողացան անհաղթահարելի պատնեշ ստեղծել իմ հայտնի բռնկում-ժայթքումների դեմ…
Նելի Արղությանի ընկերները զարգացնում են իրենց զգայարանները…
Նոյեմբարյանն առանց Վանոյի չի լինում, հատկապես, որ Գանջալյանենք մի կողմով կոթեցի են, իսկ Սամվել Բեգլարյանը «Ղաչաղը» պատմվածքը՝ իրապատում՝ չկատարված վերջաբանով… նվիրել է Վանոյին՝ ընկերոջը-գրչակցին… Մենք բոլորս քո գրկից ենք ելել, քո անառակ որդիներն ենք, ուրեմն տոկա, դիմացիր, երկիր, ու միշտ հիշիր քո ներսի, քո միջի թշնամու մասին:
Ե՞րբ կհյուրընկալենք, Ելենա Խոդիկյան, Սամվելին «Գեղարվեստի հարթակում»… կիմացվի: Իսկ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է. այդպես, կներեք, ես եմ սիրում… Այստեղից էլ հայրենիի խնամքի ու նրա նկատմամբ կոնկրետ-խնայող վերաբերմունքի իմ-մեր մանկավարժությունը, որի ամենալավ դրսևորումը մեր ուսումնահայրենագիտական ճամփորդություններն են, մեր այս եռօրյայի նման… Այդպիսին չէր՝ դարձավ, դարձրինք… որ գիր բերենք, ու կարդաք։
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1060