Շորտերով եմ սկսում իմ օրը-գիրը mskh.am-ում։ Վրացախոսների ակումբի բլոգում՝ տեսահալովակ-շնորհավորանքների արձագանքները Վրաստանից․․․ Փշաքաղվեցի․․․Մեկ օրվա կտրվածքով տեսահոլովակը դիտվել է 3849 անգամ․․․

Շատ հաճելի անակնկալ Հայաստանից․ եղբայրական Հայաստանը Վրաստանի անկախության օրն է շնորհավորում վրացերեն։ Ապրե՛ք, Հայաստան։

Սունդուկյանի անվան թատրոնի շենքն իր ընդարձակ հին այգով՝ Անգլիական կոչվածով, պարզվեց, որ ես ու Արեգ Գրիգորյանը նույնչափ շատ, ամենից շատն ենք հավանում Երևանյան բոլոր այգիներից․․․ Թատրոնի շենքից հաճույքով դուրս եկանք ու այգով անցանք, քայլեցինք անշտապ, առանձին կտորներ իրար ներկայացրինք, այգու մեր հիշողությունները, այգու զարգացման մեր պատկերացումներն էլ իրար լրացնող են՝ դրամատիկական թատրոնի հետ, որպես մի կուլտուրական-կանաչ խնամված միջավայր․․․ Վերջում սելֆի եղանք․․․ միշտ հարգանքով-գնահատումով։ Շնորհակալ եմ, պրոֆեսոր Արեգ Գրիգորյան, և օրվա համար։

Շատ քիչ բան է հարկավոր, որ ամեն ինչ փչացնես․․․ ինչպես նաև շատ քիչ բան, որ սիրտդ ջերմանա․․․ Շնորհակալություն նախաձեռնողին լավ գաղափարի համար․․․

Սա էլ՝ Քեթևան Ադեիշվիլիի արձագանքներից է հայտնի տեսահոլովակին․․․ Գաղափարը՝ գաղափար. այն ծնվեց սեբաստացիների սիրով ու անկեղծ միջավայրում։

«Գեղարվեստը կրթահամալիրում» ավանդույթ դարձած համերգ-ներկայացումը փորձենք այս անգամ Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի սրահում, ոչ դահլիճում անել․ օգտագործենք նաև այգին՝ իր տարբեր յուրահատուկ հարթակներով․․․ Միայն թե շուտ համաձայնության գանք, որ անցյալ տարվա մեր փորձ-հանդիպումը այգում այս  տարի զարգացում ունենա, տպավորիչ-հավաքող լինի, կուլտուրական իրիկնային զբոսանքի բերի շատ ու շատ սեբաստացիների, ընտանիքներով, բարեկամներով․․․ Այցելե՛ք, սեբաստացիներ, առաջիկա օրերը ճամբարային ջոկատներով, ճանաչողական նախագծերով, եղեք թատրոնի շենքում-այգում․․․

Սունդուկյանի թատրոնը` ներսից-դրսից…
Լուսանկարները` Աշոտ Բլեյանի

Հայկազ Մարգարյանի «Երևանյան թաղերը-վայրերը» նախագիծը սկսենք հե՛նց այս թատրոնով-նշանավոր այգով․․․ Իսկ դեպի այդ նշանակալի հավաք, միասին երգելով-լինելով, հունիսյան ուսումնական ճանապարհով, Բանգլադեշյան պլեներով անցնենք։

Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, միասին նշելու հրավերը Երևանի Մետրոպոլիտենի այնքան կիրթ էր, որ շնորհակալությամբ ընդունեցինք։ Քնարիկը, Սվետան, Գրիգորը․․․ ես։ Նկարչական ցուցահանդես կունենանք մետրոյի «Երիտասարդական» կայարանի սրահում, կերգենք հաջորդ՝ «Հանրապետության հրապարկ» կայարանի տուֆապատ բարձունք-հարթակում․․․ Այո՛ «Հակաբացիլ Կոմիտաս» բաց տոնախմբությունը, որ անցյալ տարի «Կասկադում» էր․․․ ինչո՞ւ այս անգամ հրապարակամերձ այգում չլինի․․․ Սիրում եմ մեր ընտանեկան միասնական բաց ծրագրային հավաքները․․․ Հունիսի 1-ին՝ ժամը 19։00, որպես կարևոր մայրաքաղաքային իրադարձություն՝ տոնական տրամադրությամբ, Կոմիտասով միասին լինելու, մաքրվելու և մաքրելու միմյանց, ծանոթ-հարազատ-անծանոթով մեկ դառնալու, որպես մեկ ճաշակ․․․

Հանրապետության հրապարակը երեկոյան` կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից

Ճամբարային առաջին օրերը բավարար կլինեն մեր ընտանիքներին-մերձավորներին, բոլոր երգասերներին հունիսի 1-ի խմբերգությանը պատրաստվելու համար․․․ Անցյալ տարվա նման կունենանք փոքրիկ երգարան, կլինենք գունեղ-ոչ սովորական, մինչև բաց ելույթը կերգենք ամեն օր ընտանիքներում, կլսենք այդ սիրելի երգերը սեբաստացիների ամենատարբեր կատարմամբ․․․

Հունիս ամսվա իրադարձությունը, իհարկե, կրթահամալիրի դպրոցներով՝ սովորողներով, ուսուցիչներով, ծնողներով, որպես մեկ կրթական ընտանիք-ծրագիր՝ տոնախմբությամբ ներկայանալն է․ դպրոց առ դպրոց։ Պարզ-ուրախ-միասնական՝ երգեր-պարեր Մարմարյա համերգայինում, ներկայացում՝ Մարմարյա ցուցասրահում․․․ Ես հաճույք եմ զգում այն մտքից, որ կարող եմ որպես հիմնադիր այսպիսի մեծ կենսական-ժողովրդական նախագծի՝ կրթահամալիրի, հնարավորություն կունենամ վարելու այս հանդիսությունները․․․ Բան ունեմ ասելու-անելու հե՛նց հունիսին․․․ հե՛նց Մայր դպրոցի Մարմարյայում․․․

Խանջյան փողոցով, Խաչատուր Աբովյանի հետ հանդիպումով իջնում եմ Անգլիական այգի՝ Սունդուկյանի անվան դրամատիկական․․․ Ասել եմ։ Ընդառաջ՝ միջահասակ երևանցի այր․․․ Բարևում է նվեր-ժպիտով․․․
— Ողջո՜ւյն, եղբայր,- նշանավոր վերադարձնում եմ ես․․․
-Միշտ որ լինես․․․,- փոխադարձում է նա անկասկած ժպիտով, որով պարգև է դարձնում օրս, անծանոթ-հարազատը․․․

Դավթապատումը` Աշոտ Բլեյանի…

#1052

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տարածման ենթակա չէ՞…

Գիրն իմ, պատումն օրվա որոշակիություն-ձև ստացավ աշխարհի ամենաթանկ դպրոցի մասին նյութը դիտելիս: Իմ երեկվա աշխատանքային շրջայցը կրթահամալիրի Բանգլադեշով, գումարած mskh.am-ի առաջին էջի նյութերը միասին ի՞նչ են փաստում, ի՞նչ անուն տաս մե՛ր

Հրաշալի ես, օ՜ր, իրականում, իմ գրում…

Վիգեն Ավետիս հայտնի քանդակագործը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իր հեղինակած-ստեղծած, իր անունով՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի շնորհիվ նույնչափ հայտնի է դառնում-կդառնա ամեն օր, նաև հրաշալի ընկեր է ու … վարորդ,

Համահավաք ԲԱՆականություն-2016. հայկական քաղաքաԿՐԹՈՒԹՅԱՆ հարացույցը

Tert.am-ի «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծին է միանում, թերևս, ամենակարևոր ու զգայուն ոլորտը՝  կրթությունը: Այն նախասահմանված է որպես երկրի բանականություն, անվտանգության,  մարդու և ամբողջական էթնոսի ազատության ու բարոյականության ցուցիչ: Եվ սահմանված է