Հորս հետ իմ խոսակցությունը չի ավարտվել, հայրս կա։ Մահացել է 1976թ.՝ 38 տարի առաջ ու, տեսեք, ի՜նչ մանրամասներ եմ ես հիշում, ինչ սիրով ու ցավով…

Իրիկունը 8.00-ի մոտ ես բարձրանում եմ Խանջյանի վերգետնյայի աստիճաններով. դադար… էլի դադար… Այնքա՜ն ծանոթ տնքոցներ եմ հիշում… Հետո, մեր շենքի չորս հարկը նվաճելիս, 2-րդ 3-րդ հարկերում կանգնում, հենվում, բռնում եմ աստիճաններից հորս նման. վատ եմ զգում… Ախր, շա՛տ էր կոպիտ, ծանր հորս արհեստական ոտքը… Հայրս չուներ աջ ոտք, պատմել եմ, չէ՞, կորցրել էր ստալինյան աքսորում, թողել երկաթուղու վագոնի անիվի տակ ու… փրկվել. 1944-ին Սիբիրից հոսպիտալացրել էին։ Յոթ տարի աքսորում… հակառակ դեպքում չէր վերադառնա, ինչպես հազար հազարները… Ահա, հաղթանդամ, բարձրահասակ ու թիկնեղ հայրս՝ երկու հենակները թևի տակ, քարշ էր տալիս իր ծանր մարմինը՝ հենվելով… կորցրած աջ ոտքին… Մի անգամ, ո՞ւմ տուն հյուր էինք գնում, հայրս պիտի բարձրանար երեք-չորս հարկ, ու ես, երևի, 6-7 տարեկան, իրեն ուղեկցում էի…
— Պապ, շո՛ւտ արա,- առաջից գնում, տասն անգամ բարձրացել-իջել էի ես…
Հայրս ոչ այն է ծիծաղում էր, ոչ այն է բարկանում.
— Շան տղա, մաջալ տու, ես քո ոտները չունեմ…

Տուն մտա. Արմինեն է դիմավորում. Դավիթը հյուրասենյակում, խորքում, իմ համակարգչի առաջ մուլտեր է նայում…
— Շան տղա, չես դիմավորո՞ւմ հորդ…,- լսում եմ հորս ձայնը, տնքոցը, հայրս տուն է մտել աշխատանքից, ու ես ինչ-որ բանով տարված եմ ՝ դուրսը, ներսը, հորս չեմ դիմավորում…

Ես նայում եմ Արմինեին… Մորս շամփրող հայացքը կամ ուժեղ, գործողություն դարձնող ձեռքն եմ փնտրում, ու չկա… Ընտանիքում բոլոր անդամներս՝ հարսս, եթե տանն էր, մայրս, քույրս՝ Էմման, ես (Ստեփան եղբորս բռնել չէր լինի, նա արտոնյալ էր՝ Բլեն իսկական, ապուպապն ինքն էր)… Բոլորս անելիք ունենինք. երկու ժամ տևող պրոցեդուրաների շարքով պիտի անցներ հայրս (մենք՝ իր հետ) առավոտ 7-ից մինչև իրիկունը 7-ը ոտքի վրա աշխատելուց հետո, որ ուշքի գար, տեղավորվեր հյուրասենյակի իր տեղում՝ սեղանի գլխին, բազմոցին… Ես, աղվեսի թե նապաստակի պես պիտի գայի, անձայն տեղավորվեի նրա կողքին… Հիմա սկսվում է ամենահետաքրքիր պահը… մայրս դատարկում է հորս գրպանները, իսկ այնտեղ օրվա աշխատած փողերն էին՝ ռուբլիներ, երեքանոցներ, հինգանոցներ… ու անակնկալ կոնֆետներ… Ես սիրում էի փող հաշվել, հայրս ինձ վստահում էր դասավորել, գումարել, ի մի բերել… Հայրս անգիր, անսխալ գիտեր իր գրպանի պարունակությունը…

Հիմա, երբ ես խոհանոցից դուրս եմ եկել, Դավիթը դեռ համակարգչի առաջ է, իսկապես խռովել եմ Դավթից… Այդպես էլ ոչ մի բառ չխոսեցի. հետո քանի՜ անգամ Դավիթը մոտենալու փորձեր արեց՝ անդունդն անհաղթահարելի էր:

Հայր իմ, ահա, նայում եմ նկարիդ, դու ինձ նորից հուզեցիր. ես այնքան քիչ ու վատ եմ քեզ խնամել, երբ իմ տնքոցով անգամ Շամխալի տղան եմ…

Շուշանի հետ սկայպով խոսել չի լինում, համերգի է, ուշ կգա… Իմ Շուշանը… ի՞նչ եմ անում ես տղա, երեք, տեսեք՝ ի՜նչ աղջիկներ ունեմ… Բա իմ լոշիկ թխող «այլընտրանք» թոռնուհի Սոնուլիկը…

Ինչ լավ է, որ մահիճը կա՝ ժամը 9.00-ին, արդեն անկողնում եմ… Շուշանի զանգի մասին ես կիմանամ միայն առավոտյան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչ պատահեց, երբ կաթսայից պակասեց մի քանի տոլմա

Իսկապես՝ վերջ… Ես շոկոլադ, տոլմայի չափ, չէ, սիրում եմ, պահանջ օրվա մեջ ունենում եմ: Դավթի հետ հեշտ չէ. չի զիջում, չի հագենում… Մանուչարյան Աշոտի մայրը, լուսահոգի տիկին Լենան կասեր՝ «Բլեյանի

Այլոց հետ մեր մանկավարժությունն ապրելու հունիսը

Շուշան Բլեյանն ավելի ու ավելի բազմազբաղ է, ներառված Վիեննայում… ասեք՝ ո՞ւմ քաշած կլինի… Այսօր առավոտյան վաղ իր ուսանողական գործընկերուհու՝ Թերեզայի հետ Մխիթարյան միաբանության Վիեննայի հայր Վահան Հովակիմյանի ուղեկցությամբ շարժվեցին Բուդապեշտ. հրավիրված

Թբիլիսիի Գլդանից Երևան ճանապարհն անցնում էր կիրակիով

Կարոտել էի Բանգլադեշիս… Թբիլիսիի Գլդանից Երևան ճանապարհն անցնում էր կիրակիով. այն ամբողջությամբ անցկացրի տանը՝ Դավթի ու Արմինեի հետ: Արմինեի հիվանդությունը՝ այս տարածված «զզվելի վիրուս» կոչվածը, կարծես կրկնվում է. Արմինեն լուրջ անհանգստացած է