Մոբիլ՝ այսպես են գործում. որոշեցի առավոտ 7-ին ճանապարհել Գյումրի գնացքով մեկնող իմ Տաթևիկին Բլեյան ու թոռնուհի Արևիկին, երբ ավարտել էի օրվա գիրը, երբ Արմինեն ու Դավիթ Բլեյանը շարունակում էին իրենց կարևոր քունը… 7.30 րոպե, աղբի տոպրակը ձեռքիս, իմ նժույգի վրա էի, 7.40 րոպե՝ երկաթուղային կայարանի դիմաց: Գյումրի 1-ին գնացքը  մեկնում է 7.55: Պարզվեց, որ կայարանի շենքը (լսեք) հեծանվի կայանատեղի չունի… Երկաթուղի չունենք, որ ունենայինք, և նրանով երթևեկեին նաև օտարները, եթե մեր կայարանը տրանզիտ լիներ, կայարանամերձ հրապարակն այսպիսի սովորական շուկայի վերածած տարածք չէր լինի… Կայարանի շենք չես մտնի՝ պիտի անցնես գյուղատնտեսական՝ առտու 6-7-ից գործող շուկայով… Անցա, մոտեցա ոստիկանին… Շնորհակալ եմ վերաբերմունքի համար. կամավոր ստանձնեց իմ նժույգի պահպանությունը… Կառամատույցին հատուկենտ ուղևորներ էին…  Չորս վագոնից կազմված Գյումրիի գնացքն այդպես էլ դատարկ (ամեն վագոնում 4-5 մարդ) մեկնեց… Տաթևի ու Արևիկի զարմանքը պատմելու չէ՝ էսպիսի հայրիկ-պապիկը հենց զարմացնելու համար է. աղջիկներիս տեսքը հոյակապ էր… Ես կարճ հրահանգեցի հայրենագիտական 3 ժամվա ճամփորդության վերաբերյալ (գնացքից, անլվա պատուհաններից դուրս Երկիր Նաիրին է ձգվում). վստահ չեմ, որ Արևիկին պետք կգան իմ խորհուրդները… Բոլոր դեպքերում տեսա՞ք թե Շուշան Բլեյանի նախագիծը՝ «Ուսանողական ամառը մշակութային Գյումրիում» ինչպիսի հետևողական աջակցություն է ստանում, ծավալվում… Իսկ Շուշանը, ով դիմավորեց, ուղեկցեց իր քույրիկներին Գյումրիի կայարանում, մինչև օգոստոսի վերջ, իր ընկերուհի Մանեի հետ, երիտասարդ, բայց, տեսեք, Վիեննայի ուսանողներին հայտնի Մարինե Հակոբյանի մոտ վոկալի մասնավոր պարապմունքներ է ստանալու…

Կայարանից Բանգլադեշի «Անկախ մայլա»՝ Հիմնական դպրոց, հասա ինձ համար նոր հեծանվային երթուղով, անշտապ, 30 րոպեում՝ ուսումնասիրելով հարակից հնարավորությունները… 8.30 ես սկսեցի իմ աշխատանքային օրը Բանգլադեշում, իսկ դուք ասում եք՝ շոգ է: Սովորական հուլիսյան բազմազբաղ օր դարձավ իմ այս օրը…

Գեղարվեստի լողավազանի մեռոնաջրում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Գիտե՞ք, կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողները հավասարապես ու լիարժեք կօգտագործեն Մայր դպրոցի, Գեղարվեստի և Արհեստագործականի հնարավորությունները՝ իրենց ազատ ընտրությամբ, իրենց անհատական ուսումնական պլանին համապատասխան ու կարգերով: Սա հասունացած, մեր իրականությամբ պարտադրված քայլ է, որին ողջ ամառ պարտավոր էինք, ու պատրաստվում ենք. Գեղարվեստում և Արհեստագործականում նյութական միջավայրի ծրագրված փոփոխություններն ընթանում են ժամանակացույցով, իմ անմիջական հսկողությամբ: Հասցնում ենք, ավելի շատ օդ, ջուր ու կանաչ: Ջանում ենք, որ 2015-16 ուսումնական տարում լրացուցիչ կրթությունը, սկսած 5 տարեկանից, ազատ ընտրությամբ՝  սեբաստացի սովորողի ուսումնական ծանրաբեռնվածության ճանաչված-ձևակերպված-հաշվառված բաղադրիչը դառնա, դպրոցը, ուսուցիչը՝ ղեկավարով ու սովորողով, ընտանիքով հարգի-ճանաչի-փոխհամագործակցի լրացուցիչ կրթության՝ սովորողի ամբողջական կրթության ապահովման հարցում… Ջանում ենք, որ լրացուցիչ կրթության կազմակերպմամբ կրթահամալիրն ամբողջանա՝ որպես բաց կրթական համակարգ, ամբողջանա նաև բաց և պարտադիր կրթությունը կրթահամալիրի դպրոցներն ընտրածի թե չընտրածի դեպքում: Ավելի պարզ ասեմ. իրեն սեբաստացի զգա և´ մեր 1-12-րդ դասարանի սովորողը, և´ կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, ակումբներում, վերապատրաստման դասընթացներում, ստուգատեսներում-ճամբարներում, ուսումնական այլ նախագծերում ընդգրկված երեխան ու մեծահասակը…

Սուսան Մարկոսյանի ֆոտոհաղորդումը Այսրկովկաս-Ռուսաստան սահմանից:

Յավաշ-կամաց, ասել է՝ հայավարի, թըս-թըս, միշտ ուշացած ու ժամանակավրե՞պ… Երևանի պետական համալսարանում մեր զինղեկ, մայոր Կոգանի մասին պատմե՞լ եմ, լսեք կարճ վերապատումը: Մեր ծուլություն-անհավեսություն-անհամաձայնությունը մեզ պարտադրվող 2-րդ մասնագիտության՝ ԽՍՀՄ բանակի սպայի նկատմամբ, ամենատարբեր դրսևորումներ էր ունենում: Հաճախ էինք մեջբերում մի խոսք, որ այդ շրջանում շատ հայտնի էր.
— Тише едешь, дальше будешь, товарищ Коган.
Մայոր Կոգանն անընդհատ-անհոգնել հակադարձում էր.
— Правильно, от того места, куда едешь…
Ռուսերենը ես գործածում եմ որպես միակ օտար լեզու, որին տիրապետում եմ: Տեսեք՝ իսլամական պետությունն այսօր ռեալ սպառնալիք է՝ իր ընդարձակվող պատերազմով Իրաքում և Սիրիայում՝ մինչև Թուրքիա, Եգիպտոս, Աֆղանստան տարածումով, այնպես, որ հնարավոր դարձրեց, թելադրեց Արևմուտքի հետ Իրանի հաշտեցումը, թուրք-սիրիական սահմանի Թուրքիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միասնական օդային հսկողությունը… Եվ այս սրընթաց զարգացումների հորձանուտում՝ մեր թըս-թըսը, «յավաշ-յավաշ»-ը՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններում… Այնպես ենք ապրում-գործում, կարծես և´ անհատական, և´ հանրային, և´ պետական իշխանության մակարդակում վերջնական է գիտակցումը՝ հակամարտության-անհաղորդության-թշնամության ռեժիմի փոփոխություն 21-րդ դարում չի լինելու… Համաձայն չեմ: Մեր պասիվացված-սառեցված անկախ քաղաքական կապիտալը կտրուկ ակտիվացնելու, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսություն նախաձեռնելու շրջան է: Սահմանադրության փոփոխությունը   կարող է և պիտի սպասի, նահանջի, սառեցվի՝ հրապարակն ազատելով միջազգային հարաբերությունների կարգավորման խնդիրների համար…

Ղափանից կրթահամալիրի Միջին դպրոց տեղափոխված սովորողները միջավայրի խնամքով են սկսել: Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բացվո՞ղ, թե՞ փակվող Հայաստան…

Եթե խնդիր կա, սա է խնդիրը… Եթե ես թեկուզ 100 ռուբլի ունենայի, կհագնվեի, կվարձակալեի սենյակ և կնկարեի ու կնկարեի… Նիկո Փիրոսմանին է՝ վրաց անվանի պրիմիտիվիստը, որի անունով է աշխարհի ամենափոքր

Ինչո՞ւ են լուսինները մի հատ, իսկ աստղերը շատ-շատ

Դավիթ Բլեյանն առաջարկում է անցնել ինքնավարության. Դպրոց-պարտեզի իրենց խմբում մնան ինքն ու իր կուկուները, իր ընկեր Ռազը, իսկ ընկեր Կարինեն ու Մելինեն գնան… — Ո՞ւր գնան,- հարցնում եմ: — Թող

Արատեսն ազդո՞ւմ է Եղեգիսի կիրճում մեր վարքի վրա…

Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Վարդահովիտ (նախկինում՝ ադրբեջանաբնակ Գյուլիդուզ) գյուղ մենք մտանք Արատեսից, Հերմոնով, հողի ճանապարհով… Շաբաթ օր էր, օգոստոսի 25-ը։ Մեզ հետ էր ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանը, որ առաջին անգամ