Ստեփանակերտի մանկապատանեկան կենտրոնի պարի խումբը՝ իր երկու տասնյակի չափ պարողներով ու ղեկավարներով, իրական Արցախն է՝ ապրող մայրաքաղաքով, այսօրվա-վաղվա օրով… Ինձ, կրթահամալիրին, մեր գործը բոլորն են Արցախում ճանաչում. դա վերջին անգամ շոշափելի արձանագրեցի արցախյան իմ այցի ժամանակ,պատմել եմ, Արցախ TV-ի «Երեկոն մեզ հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս (կարող եք մի անգամ դիտել)։ Իսկ ես ստեփանակերտցիների հետ հաճույքով քայլեցի Մայր դպրոցով։ Սիրելի էր նրանց հիացմունքը Մայր դպրոցի տանիքից դիտելիս. մեր բախտից էլ՝ Մասիսը ոնց որ ափի մեջ։ Արցախի որևէ խմբի, այս անգամ՝ Արվեստի վաստակավոր գործիչ Գարիկ Ավանեսյանին ու իր խմբին, չեմ կարող անհատական ուշադիր վերաբերմունքի չարժանացնել. հետո, դեռահասության տարիքից, թող երկու տասնյակ արցախցու մոտ Հայաստանն ասոցիացվի նաև Բանգլադեշի Բ-4 թաղամասի հյուրընկալության, մանկական ջերմ վերաբերմունքի ու Մարմարյա լիքը սրահի ծափողջյունների հետ… Հայրենիքը թող այսպես կոնկրետ ու տպավորիչ լինի… Ամեն մի կրթամշակութային խումբ ու գործիչ վստահ լինի, որ կրթահամալիրը նաև իրենն է, ու հայրենիքում ինքն առանց կացարանի, հոգատարության չի թողնվի… Միասին լինելն այսպես չէ՞… Քանի՜ ընտանիք իրական Հայաստանի ու իրական կրթահամալիրի մասին ճիշտ տպավորություն կստանա ու կտարածի։ Մեր արածի ի՞նչն անկեղծ ու իրական չէ…
Դպրոց-պարտեզի Հռիփսիմե Առաքելյանի դասարանի հարցերի խմբին խոստացել եմ պատասխանել… Ինձ հարմար է դա անել իմ օրագրով՝ խմբավորելով հարցերը… Փորձե՞նք. 5-6 հարց մեկ օրում: Արթուր Բախտամյանն «Առանց չակերտների» հաղորդման ձևաչափով կարող է իր ուզած տասնյակ հարցերը տալ ու ստանա պատասխաններ, իսկ, ասենք, 3.1-ի Մանե Աբգարյանը չի կարո՞ղ: Համաձայնեք, որ արդար չէ, խտրություն է առաջանում. չակերտները դեռ ոչինչ, բայց խտրություն կրթահամալիրում հանդուրժել չի կարելի…
Սկսեմ Մանե Աբգարյանի հարցերից. Մանեի մայրիկն էլ է իմ սանը, սեբաստացի, համ էլ Մանեի հարցերն առաջինը հայտնվեցին իմ էլեկտրոնային փոստում…
- Մայր դպրոցի, մեր կրթահամալիրի 1-ին քարերը, Մանե ջան, դրել են Աշոտ Մանուչարյանը, Աշոտ Դաբաղյանը… հետո… ես, հետո…
- Ինչո՞ւ չենք հագնում, սև էլ ենք հագնում, սպիտակ էլ… Դուք չե՞ք ընտրում ձեր հագուստի ոճն էլ, գույներն էլ, բա ո՞վ ընտրի… Ես իմ շորերից հազիվ եմ գլուխ հանում, հիանում եմ իմ թոռնուհի Արևիկ-մոդելի ճաշակով, հիմա էլ Դավիթը Բլեյանը՝ իր արդուզարդով… Դուք պիտի անընդհատ սովորեք ընտրել՝ հագուստ, մասնագիտություն, աշխատանք, ամուսին… իշխանություն…
- «Տիար»-ն իմ անուն-ազգանունն է դարձել, Մանե ջան, որպես մեր մեծ տան ավագ՝ մեծ այր… Ես մեծ եմ, Մանե ջան, մյուս տարի կդառնամ կլոր 60 տարեկան… Ինձնից մեծ մեկ էլ Տիգրանյան Աշոտն է, նա էլ սիրում է, որ իրեն «ընկերով» դիմեն… Համ էլ ինքը շա՜տ մեծ է՝ հո չես ասի տի-տի-տի-այր… Իսկ ինձ հարմար է ու կարճ՝ տիար. տի՝ մեծ+այր՝ մարդ:
- Մայր դպրոցը, Մանե ջան, բացվել է 1984-ին, տես, այս տարի այդ շենքը քանի՞ տարեկան է դառնում… Դպրոց-պարտեզը, որտեղ դու սովորում ես, նախկինում եղել է միայն մանկապարտեզ… Հետո ես մտածեցի քո մասին… ինչո՞ւ պարտեզից հետո դպրոց էլ չլինի… Դա եղավ 1987-ին: Իսկ կրթահամալիրը, որպես բոլոր դպրոցները միավորող մի Տանիք, գործում է 1989 թ.-ից… Սա էլ իմ ղեկավարած նախագիծն է, որի 25 տարին միասին տոնում ենք, քանզի և՛ դու, և՛ քո մայրիկը, և՛ քո ընկեր Հռիփսիմեն մասնակցել-մասնակցում եք այս նախագծի իրականացմանը։
- Ես, որքան ինձ հիշում եմ, միշտ ամուսնացած եմ եղել։ Տաթևիկն իմ միջնեկ աղջիկն է, Արևիկի մայրիկը։ Սոնուլիկի մայրիկը՝ Լիլիթ Բլեյանը, իմ մեծ աղջիկն է, երգեր է գրում ու երգում, մեր դպրոցն է ավարտել, ահա լսիր. տեսնեմ կհավանե՞ս… Իմ կրտսեր աղջիկ Շուշանիկը սովորում է Վիեննայում, կոնսերվատորիայում, ուզում է երգչուհի դառնալ օպերային: Ես հիմա էլ ամուսնացած եմ. Արմինե Աբրահամյանը՝ Դավիթի մայրիկը, ձեր դպրոցի 4-5-րդ դասարանցիների մայրենիի ուսուցիչը, իմ կինն է… բա՜…
Երեկվա գրում ես խոսում էի կրթահամալիրի աշխարհների մասին… Չգիտեմ՝ հաջո՞ղ հասկացություն է. բայց ի՜նչ լավ է, որ ես երեկ մտա Մայր դպրոց՝ եղած չափերով անտանելի դարձած ռոբոտաշինության մեր սրահը… Բովանդակությամբ, այո՛, աշխարհ, բայց, ախր, ֆիզիկապես ճնշող չափերով… Ուրախ եմ, որ այն այսօրվանից կրկնակի մեծ է. հանդիպեցի ոգևորված Գնելին Մեդիակենտրոնի մուտքի մոտ, ողջ Մայր դպրոցը, Մեդիակենտրոնն էլ հետը, տեխնիկայի, տեխնիկական ստեղծագործության տուն է՝ ոչ մի խոչընդոտ դրա ճանապարհին… գործի՜ր…