Իմ այս գրով կկարողանա՞մ հասանելի լինել սեբաստացի ընտանիքներին. յուրաքանչյուրիդ աջակցության կարիքն ունեմ, դարձեք ընտանեկան ճամփորդական նախագծի հրահրողը, խորհրդատուն, կազմակերպիչը: Այս օրերին՝ մայիսի 7-ին, 8-ին, 9-ին Երևանի Զանգուն առանց մեքենայի ընտանեկան ճամփորդության վայր դարձնենք, ընտանիքով, մեր մերձավորների հետ մի քանի ժամ, կես օր անցկացնենք Զանգվի ափին… ու պատմենք: Այո, սրանով միացեք Էկոտուր 2017-ի կրթահամալիրային «Զանգի, գեղեցիկդ իմ Զանգի» բաց նախագծին: Ինչ-որ անհարմարություննե՞ր պիտի հաղթահարվեն. խնդրում եմ, հաղթահարե՛ք: Քայլեք Զանգվով, նստոտեք, դիտեք… եղեք Զանգվում, ջրի քչքչոցի, քարե սիմֆոնիայի, ծաղկապատ կանաչ լանջերի-դարավանդների՝ երևանցիներին նվեր աշխարհում:

Շատերի համար վերադարձ է մանկություն-ծննդավայր-հուշեր, է՜, սրանից էլ լավ առի՞թ, վերադարձեք: Խոսեք Զանգվի հետ ձեր կապի, առանչությունների, ձեր ցավի ու հնարավորությունների մասին, ձեր առաջարկների, որոշումների, իրագործումների մասին, որպես յուրային, որպես Զանգվի աջ թե ձախ ափի բնակիչ: Ցավով–սիրով-կրակված սրտով, եղեք Զանգվում, թարմ խոսք բերեք, զննեք, լուսանկարեք, նկարեք, ձայնագրեք, պատմեք: Խնդրում-առաջարկում եմ։ Եղեք խուրջիններով-ուսապարկերով, բրդուճներով, ճամփորդական ամենաանհրաժեշտով: Այդպիսի օր՝ մարզական-ընտանեկան-քայլքային-ճանաչողական… ուսումնական…

Վճռական համարձակները թող Երևանի Զանգուն էլ անցնեն, Մի տուտը Սևանի հանդարտ ծովումը, մյուս տուտը Արազի քրքրած ղրաղումը, հարազատին ծննդավայրում այցելեն, լիարժեք օր անցկացնեն… Զանգվի գյուղի, որևէ տարածքի խնդիրները-լուծումները-մտածումները բերեն… Այսպիսի կապը Զանգվի հետ այնքա՜ն բնական-մարդկային է թվում, Զանգուն մեր հենց այսպիսի անմիջականության կարոտ-պատրաստ: Սրանով է Զանգին գեղեցիկ եզակի-հրաշալի, յուրաքանչյուրինը, շատերիս համար, ինչպես Աբովյանի՝ նազելի բնակավայր Հրազդանը:

Հաջորդ այսպիսի բնապահպանական-շրջակա միջավայրի հետ կապի սեբաստացիական ուսումնական նախագծով միասնական-ընտանեկան քայլքը-այցելությունը նախատեսել ենք հունիսի 1-4-ը երեխաների պաշտպանության միջազգային օրվա, շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվա, մեր հունիսյան ուսումնական երևանյան ճամբարների մեկնարկի օրերին… Կարող ենք հաստատ պայմանավորվել: Կկարողանանք այսպիսով Զանգուն դարձնել-պահել մեր ուսումնական ամառային նախագծերի կիզակետում… Սեբաստացի ընտանիքները կունենան մեր աջակցությունը մշտական: Մյուսները, է՜հ, թող միանան. բաց, 141 կմ-ոց ընթացքով Զանգուն՝ իր վտակներով-ջրանցքներով, միավորող երկիր է՝ բնակավայր:

Կրթահամալիրի Ագարակում նորամուտ ունենք՝ նոր հրավարս հովատակ: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Անհանգիստ իրիկուն ունեցա, գիշեր, ցայգ, այգ, առավոտ-հիմա… Մալաթիա-Սեբաստիայի հայտնի, «Փարոս» կոչվող բլրի լանջերին շինարական մեծ էքսկավատորը բուսական հողի շերտեր էր հանում… Մի՞թե այս բլուրը ևս դատապարտված է շինարարական հրապարակ դառնալու, կառուցապատման, ենթադրում եմ՝ Մալաթիա մոլլի ընդարձակման: Սեբաստիա փողոցը՝ իր ձախով-աջով իմ ամենօրյա ուղեկիցն է, աշխատանքը-կյանքը, քանի՜ տարի: Մի՞թե «Փարոսի» բլրի անկախության տարիների մաքառումը՝ անտառի վերացումը 1991-1993 թթ ցուրտ ձմեռներին, բնակիչներին փրկելու համար, 2000-ական թվականների հուսադրող ծառապատումը՝ բլուրը փրկելու համար, այսպիսի ավարտ պիտի ունենար: Ինչպիսի՜ ֆինալ-հանգուցալուծում… Դավիթ Բլեյանը կասեր՝ մեր օրերի Երևանի, Մալաթիա-Սեբաստիայի խորհրդանի՞շ… Գրիչը ձեռիցս ընկավ … լռվեցի: Եվ սա՝ ՀՀ ազգային ժողովի ընտրությունների ավարտի՞ն, Երևանի ավագանու (քաղաքապետի) ընտրությունների-քվեարկության ավագ շաբաթո՞ւմ… Երևանի արևմտյան մուտքի (Իսակովի պողոտա) քառաբլուրից, որ Մալաթիա-Սեբաստիայի խորհրդանիշն էր, յուրաքանչյուրը՝ նաև յուրահատուկ դիտարան, Զինվորական պանթեոնի բլուրը կմնա՞… Արցախի ազատամարտում ընկածներն իրենց շիրիմով պաշտպանում են հայրենի բնության մի կտորը… Հարակից, արդեն գլխատված բլուրներն անպաշտպա՞ն են…

Ես դիմում եմ ձեզ, Երևանի քաղաքապետ–քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյան, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյան, նաև շրջակա միջավայրի պաշտպաններ՝ պաշտոնով, կարգավիճակով։ Բլուրների շինարարական-կառուցապատման փաստաթղթերում կա՞ն բոլոր հիմնավորումները, այդ փաստաթղթերը համապատասխանո՞ւմ են օրենքի պահանջին, հաշվի առնվա՞ծ են Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների շահերը։ Որտե՞ղ ծանոթանանք դրանց։ Թե՞ դուք հարմար կհամարեք լրացուցիչ անդրադառնալ. կարելի է, չէ՞, այս խնդիրը կենսական համարող քաղաքացիներին պարզաբանումները ներկայացնել տեղում, հրապարակային, բաց՝ որպես շրջայց բլուրներով։ Խնդրում եմ՝ ստեղծեք այդպիսի հնարավորություն ինձ համար։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան

#1030

Explore More

Ի՞նչ կլիներ, եթե… 183 գիր բլոգային եթերում անընդհատ

Ի՞նչ կլիներ, եթե… Ես առտու 04-ին չարթնանայի, չսկսեի իմ օրը, ինչպես այս շաբաթ օրով՝ դեկտեմբերի 20-ին… Մինչ Արմինեն ու Դավիթը զբաղված էին իրարով, իրիկունը 10-ին շատ մոտ, ես անջատվում էի, միայն

Փայտը երկու ծայր ունի, լսելը՝ երկո՞ւ իմաստ…

Արմինեն շարունակ-հետևողական նախատում է ինձ, որ ես Դավթի դաստիարակությամբ չեմ զբաղվում, ասել է թե՝ չեմ նախատում, դիտողություն չեմ անում, մենակ իր վրա է մնում այդ կարևոր-պատասխանատու գործը, դրա համար էլ

Ճանապարհորդ տիարն եմ ձեր… չեք բռնի…

Երբ դուք, սիրելիներ, իմ օրվա գրից անպակաս դարձած ընթերցող լսարան, կստանաք մուտք՝ թվով 1255-րդն այս թերթելու, Արմինեի ու Դավթի հետ անցած կլինենք գնացքի ճանապարհը մինչև Գյումրի… Սովորականի պես ես հաստատում