Որպես կանոն այդպես է, իմ օրվա գիրը չեմ սկսում կամ չեմ ավարտում՝ առանց նախորդ գիրը կարդալու. մեկ անգամ, այո, կարդում եմ… Հարգելի Խաչատրյան Արմանի սեմինար-պարապմունքն իր՝ «Ինչպես ստեղծել ինտերնետային կայք առանց ծրագրավորելու» վերնագրով, այնքա՜ն գայթակղիչ ռոդարիա-աղայանական թվաց, որ դժվար էր գոնե մի քանի րոպեով չմտնել-չխանգարել Ավագ դպրոցի ընթերցարանում հավաքվածներին… Ի՜նչ աշխույժ իմացումի միջավայր էր հաստատել ծրագրավորող մասնագետը…
Աիդա ջա՜ն, ընտանեկան Ռոդարի՛կ, Կամիլայի ընտանիք, դուք ինձ դուրս բերիք փակուղուց… Իսկական «Սակալա-պակալա».
— Սակալա-պակալա,-ասաց մի տղան:
— Պակալա պակալա, բրաֆ,- ասաց մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան:
Ես էլ՝ հետները…
Գեղարվեստի կրտսեր դպրոցի հինգ տարեկան նկարիչները:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:
mskh.am-ի համար ճամփի ընտրության այս հանգրվանում ի՜նչ տեղին էր Վահրամ Թոքմաջյանի նախաձեռնությունը… Մեր փնտրա՞ծն է առաջարկվող բանալին… Դիլետանտությունը (չեմ շփոթում սիրողականության հետ) իմը չէ. կանգ եմ առնում, բայց բարեկամնե՛ր, մեր մեդիան՝ mskh.am-ը, ինչպես մեր ֆիզիկական միջավայրը, պիտի լինեն թափանցիկ, շարունակական, բոլորիս փոխազդեցությամբ…
— Պա՛պ, քո մեծ աղջիկը Լիլիթն է, հետո՝ Տաթևը, հետո՝ Շուշա՞նը…
— Հա, Դավիթ, Շուշանն ամենապուճուրն է…
— Պա՛պ, Լիլիթի ամուսինը Վահեն է, Տաթևինը՝ Սամվե՞լը… Բա Շուշոյի ամուսինն ո՞վ է լինելու… Ինձ կտանես, չէ՞, Շուշանի հարսանիքին… Շուշոյին կարոտել եմ, արի զանգենք-նկարով խոսենք… (viber կապին իր դրած անունն է):
Երբ մարդիկ շատ են կարոտում, երբ մոտիկ-հեռու են կամ հեռու-հեռու ու չեն կարող կարոտն առնել ու չգիտեն՝ կարոտի հետ ի՞նչ անեն… նեղանո՞ւմ են… Շուշոյին, ահա, ես կարոտել եմ նեղանալու աստիճան… իմ ավելի ու ավելի ինքնավստահ-գործուն-նպատակասլաց դարձող աղջիկն ամեն կիրակի իր ընկերուհու հետ երգում է Վիեննայի Մխիթարյան միաբանության եկեղեցում… Պատարագ է երգում… Կապվեցինք Դավթի հետ՝ պատարագի ճանապարհին էր… Պիտի հետո զանգեր, չզանգեց… Ուրիշ պատիժ ձեռքիս տակ չկար՝ վերցրի ու նեղացա… Լիլիթ Բլեյանը Վիեննայից պատարագի ձայնագրություն էր բերել… Լսեցինք, հուզվեցինք…
Երկաթգծով դեպի Հիմնական դպրոց:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Շողիկ Պողոսյանը կօգնի՞, որ շուշանների ամենամեծ հավաքածուն ստեղծեմ պատշգամբում, Շուշանի սենյակում, Դավթի հետ… Շուշանի տարի է, ամենուր ո՜նց են ծաղկում… Երեկ Մեդիակենտրոնում տենդագին պատրաստվում էին «Ծաղկաձոնին»… բացումը հիմա նշանակեմ, տնօրենի օրագիր է, ապրիլի 15-ին, եղա՞վ… հետո կլինի տոնախմբություն-համերգ Մարմարյա սրահում, վրացի-թբիլիսցի մեր բարեկամների հետ, «Ծաղկաձոն»՝ «Վրացերենի օրերի» շրջանակում…
Այս ապրիլի 1-ից… խոնարհված մեր զինվոր տղաները հետապնդում են ինձ… բառը՝ խոնարհված, երկա՜ր փնտրեցի, Կարինե Պետրոսյա՛ն… Այս օրերին, երբ հրապարակում են՝ անուն առ անուն, նկարով, առերեսվում ես… Մխրճվում է իր հայացքով-պատկերով, ինչպես այս տափերականցի քսաներեքամյա երիտասարդը, պարզվում է, երեք ամսական երեխայի հայրը… Քսանհինգ տարի և ավելի այսպես, սկզբում՝ որպես կրտսեր եղբայր, հիմա՝ որպես որդի, զավակ՝ բոլորն իմն են, նրանք իրենց կյանքի գնով պաշտպանում են… ի՞նչը… ուզում եմ ճշգրիտ լինել… իմ երկար ապրե՞լը, իմ գո՞յը… Ու ես կա՞մ, ապրո՞ւմ եմ, զբաղված եմ մանկավարժությամբ-անձնական կյանքո՞վ՝ այսպիսի անվերջ խոնարհումներով…
Ամերիկայում-Ֆրանսիայում մեր հայրենակիցների ցույցերին ես հետևում եմ, իհարկե. ոչ թե նյարդայնացնում են, այլ, նորից ճշգրիտ բառն եմ փնտրում, այնպես ուզում եմ որևէ ձևով չվիրավորել, չառանձնանալ… Բայց և կորչել չեմ կարող այս հախուռն իներցիայի մեջ… Ուզում եմ հասկանալ իմ հայրենակիցներին՝ Երևանում-Փարիզում թե Լոս Անջելեսում… Հայրենակիցնե՛ր, ես ձեզ չեմ հասկանում… Ա՞յս է մեր սփյուռքի ուժը և անելիքը, երբ, տեսեք մեր տղաները շարունակ խոնարհվում են…
Ավագ դպրոցի սովորողները Հիմնական դպրոցի մրգատու պարտեզում:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:
Ապրիլի 24-ի բնապահպանական, ավանդույթի ուժ ստացած արվող նախաձեռնությունն եմ մտմտում՝ բանգլադեշյան պատանիներով-ուսուցիչներով… Կա՞ առաջարկ, Միքայել Կամենդատյան…
Կապվում է խոսքս, ցաքուցիր եղավ, կյանք է-գիր է, միշտ ուզեցել եմ, որ մեր յուրաքանչյուր դպրոցական բակում մի հատուկ անկյուն լինի, որ կոչվի տնկարան՝ մսուր, ինչպես մեր նախակրթարանի երկուսից չորս տարեկանների խմբերը… որպես հատուկ հոգածություն ապագայի… Իմ եղբայր, չորս սեբաստացիների հայր Արտեմ Խաչատրյանը կօգնի՞ այս տնկարանների նախագիծը ևս մեկ տարով չհետաձգելու համար… Ես չվստահեցի ո՛չ մեր դպրոցների ղեկավարներին, ո՛չ Գեղարվեստի կրտսեր դպրոցականներին, որ երեկ անցան խմբերով՝ մեր շաբաթօրյակի արդյունքը, կիրակի անց, փաստելու… Երեկ-այսօր ես եմ անցնում. այնպես ուզում եմ, որ մեր Կրթական պարտեզում ամեն մի տնկած, մեր պատասխանատվությանը հանձնված ծառ-թուփ չխոնարհվի, որևէ պատճառաբանությամբ, որ յուրաքանչյուրն իր անձնական գործն ունենա, ինչպես ամեն մի սեբաստացի սովորող թե ուսուցիչ:
Իսկ երեկվա մեր լաբորատորիայի անդրանիկ հավաքը կայացավ, պայծառ էր… Սա էլ մի տնկի է մեր պարտեզում, ու չենք թողնի, որ չզորի, որ չծնի…
Կրթական պարտեզի խնամողները:
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:
Արթնացա, վեր կացա ու տողեր եմ փնտրում Մաթևոսյան Հրանտի կազմած «Չարենց» ժողովածուում, զգացողություն եմ փնտրում, որ Չարենցի մոտ ձևակերպած էր, հիշում եմ… Իմ սեղանին «Դանթեական առասպելն» է… Ու խոնարհված տղաները՝ ստատուս քվո (լատ.՝ status quo-«իրավիճակ) կոչված սահմանի այս դին, այն դին. դե, նայե՛ք նկարներին՝ մի-մի պատկեր, այնքա՜ն նման, անազգային…
Գտա… սիսեռի հատիկի պես, որ ինձ տանջում էր, շուռումուռ անում… Պետք եղավ անցնել նորից՝ «Դանթեական»-ով…
Բայց չէ՞ որ այստեղ ապրել են անհույս—
Եվ չե՛ն էլ լսել քնքշության մասին…
Ֆոտոխմբագիր՝ Լուսինե Աբրահամյան:
# 640