Շուշիի վերադարձը` որպես ազատ հայոց քաղաք, Շուշիի ազատագրումը 1992-ի մայիսի 8-ին` որպես համահայկական տոն, թվում է`անցնող 23 տարիների ընթացքում իր բազմաձևությամբ-իմպրովիզով պիտի ընդգրկեր ու ընդգրկեր նորանոր խմբեր-շերտեր այնպես, որ տոնը անհատականացվեր, դառնար մարդունը: Հայաստանում թե Արցախում սովորական, ապրող մարդիկ մայիսի 8-ի առթիվ պիտի հանդիպեին Արցախում, Շուշիում… Հանդիպեին ընտանիքներում, դպրոցներում, կազմակերպություններում, գրկախառնվեին, ուրախանային կատարված փոփոխություններով, քննարկեին համատեղ լուծման խնդիրներ: Այդպես չէ. ավելի ու ավելի արհեստական-հերթապահ դարձող, տոնական, սովորական մարդուն եթերային ( Հայաստանում) արարողակարգային (Շուշիում) հանդիսատես դարձնող միջոցառում է: Տոն է եթերում, պետական պաշտոնյաներ կամ ծանոթ «հանրայիններ», անդեմ ժողովուրդ… Ո՞ւր է մարդը. ո՞ւր է ինքնաբուխ տոնը…
Ընդամենը երեք տարի առաջ մայիսին մեր կրթահամալիրի միջին ու ավագ դպրոցների տասնյակ ու տասնյակ սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ, երեք-չորս մեկը մյուսից հետաքրքիր կրթական-մշակութային-մարզական-հայրենագիտական նախագծեր էին իրականացնում այս օրերին Շուշիում… Անցյալ տարի կրթահամալիրի ավագ դպրոցների, քոլեջի սովորողների մեծ խումբը Ստեփանակերտի ավագ դպրոցի հրավերով մասնակցեց «Հարսանիք լեռներում» նախագծին` Շուշվա ազատագրման երթուղուն… Այս անգամ Արցախից ոչ մի զանգ, ոչ մի հրավեր` ո´չ մեր գործընկեր դպրոցներից, ո´չ մեր գործընկեր ուսուցիչ-տնօրեններից, ո´չ մեր, թվում է, արցախցի ընկերներից: Ի՞նչ եղավ: Ինչո՞ւ այսպես: Իսկ մեր ջանքերն ուղղված էին նրան, որ սովորողները Երևանում, Շուշիում, Արցախում անհատական-ընտանեկան կապեր հաստատեն, լինեն այդպիսի շատացող հրավերներ… միջոցառումը տոն դառնա հայ մարդու համար` Երևանում թե Արցախում: Օտարվում ենք միմյանցից Արցախում, թե Երևանում, անգամ կրթահամալիրում, նրա Բանգլադեշում:
Այս տարվա Բերձորի հայտնի միջադեպով չսկսվեց օտարումն այս, որի մասին ահա ցավով, որպես մեծացող անձնական ցավ, գրում եմ … 2015-ի Բերձորը հնարավոր դարձավ մեր հարաբերությունների տարիների արհեստականությամբ, Արցախի ու Հայաստանի մարդու օտարմամբ: Ցավոք:
Կրթահամալիրը ծաղկած`ներսից ու դրսից: Լուսանկարները`Մարիետ Սիմոնյանի:
Իմ գիրը բացօթյա դպրոցի ու կաբինետի, բացօթյա պարապմունքի, բացօթյա խմբասենյակի մասին է, այնպես որ մենք չշփոթենք բաց կրթական համակարգն ու բացօթյա ուսուցումը: Բացօթյա ուսումնական պարապմունքը՝ որպես երեխայի, սկսած երկու տարեկանից, իրավունքի իրականացում, որպես սովորողի էկոլոգիայի պարտադրանք:
Ասել եմ. որևէ խորթություն-անհարմարություն սեբաստացի սովորողը, ուսուցիչը չպիտի զգան ներսուդուրս, դուրսուներս անելիս. խոսքը միայն խաղալու, վազվզելու մասին չէ: Նախ՝ ապահով-հարմար ելումուտն է, ոտքով թե անիվներով, հարթակները, անշեմ դռները… այս ամենը ծաղկի ու կանաչի մեջ կորած… Հետո ծաղկով, ծառով, թփով ու կանաչով խնամված-գեղագիտական միջավայր, ուսումնական (սովորողի ուսպլանով որոշված) պարապմունքների համար պատրաստված մեկուսի-հարմարավետ-անվտանգ տարածքները` ուսումնական ինտերնետով, էլեկտրական սնուցմամբ, ուսումնական անհրաժեշտ պիտույքներով… խմելու ջրով, էլ ինչ`հարցնում եմ: Այո, ուսումնական ամառային ճամբարային ամենաժամանակակից միջավայրի հետևողական ստեղծումով ենք զբաղված մենք կրթահամալիրում` և´ Գեղարվեստում, և´ Մայր դպրոցում, և´ կրտսեր դպրոց-պարտեզներում, և´ Քոլեջ-արհեստագործականում, և´ գյուղացիական ուսումնական կենտրոնում… Երեկ ժամը տասներկուսին ես Արհեստներից իմ հայտնի երկանիվ «նժույգով» հասա Հիմնական դպրոց-պարտեզ՝ Լիլիթ Առաքելյանի 2-4 տարեկանների խմբի բացօթյա զարգացնող տարածքի նորամուտին…
[embedplusvideo height=”280″ width=”450″ editlink=”http://bit.ly/1JWShva” standard=”http://www.youtube.com/v/cezcmueluOo?fs=1″ vars=”ytid=cezcmueluOo&width=450&height=350&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep5240″ /]
Հիշո՞ւմ եք՝ մայիսի 5-ին խումբը արել էր ծածկած խմբասենյակի նորամուտը… Բացօթյա ծածկած տարածքների զարգացնող ամբողջականություն կունենան այս ամառվա ընթացքում մեր բոլոր 15 նախադպրոցական խմբերը` ամենօրյա բացօթյա քնի և ճաշի, մարմնամարզանքի հարմարություններով, կից` լողափերով, հեծանվահրապարակով… Գիտեք, մի քանի շաբաթ ես կենտրոնացած էի փակ տարածքից բաց տարածքի ամեն պահի, ամեն տարիքի երեխայի ինքնուրույն աստիճանի` հետաքրքիր ու անվտանգ, մշակմամբ… Համեցեք, համոզվեք, զարգացրեք… Միջավայրի, կրթական-զարգացնող միջավայրի նկատմամբ դաստիարակի, ծնողի, դպրոցի ղեկավարի վերաբերմունքը չի կարող մշտական ակտիվ-գործուն-ազդեցիկ չլինել, որպեսզի անընդհատ փոփոխվող-բարելավվող միջավայրը առաջացնի անընդհատ սովորելու ստեղծականության պահանջով ակտիվ սովորողներ…
Արհեստների դպրոց, քոլեջի բակը մշտական խնամքի, բարեկարգման ընթացքի մեջ է: Լուսանկարները` Անահիտ Մելքոնյանի:
Երեկ Մայր դպրոցի Մարմարյա սրահի սրճարանում ես հրավիրել էի «վռազ» կլոր սեղան` ձիասպորտի ղեկավար Խորենի, նետաձգության ղեկավար Գևորգի, Միջին դպրոցի ղեկավար Մարիետ Սիմոնյանի, գնումների համակարգող Ցոլակի, դպրոցի շինարար-վարպետների և նախաձեռնության մասնակից մի խումբ սովորողներ միջին դպրոցից` արդեն հայտնի դարձող Նարեկի առաջնորդությամբ: Այո, մենք վճռական ենք տրամադրված այն աստիճանի, որ կոնկրետ-ծրագրված գործում ենք:
Նախաձեռնող խումբը: Ձիանոցն ու հարակից տարածքը:
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի
Այսօր շաբաթ է, ու ես իմ օրագիրն ավարտում եմ Մեդիակենտրոնում. մինչ այս մեկ ժամից ավելի «վռազ» կլոր սեղանի ընկեր-մասնակիցների հետ ձիանոցում անցկացնելուց հետո… Եղա նաև հրաձգարան-նետաձգարան-սուսերամարտի սրահներում նոր մարզիչների ուղեկցությամբ… Ի՞նչ մնաց հունիսի մեկին` մեր սեբաստացիների պաշտպանության բաց ստուգատես-ճամբարների մեկնարկին, որին ամեն օր, ամեն ժամ մենք ընդառաջ ենք գնում ավելի ու ավելի ինքնավստահ, պատրաստ ու անհամբեր…
Ֆոտոխմբագիր՝ Մարիետ Սիմոնյան