Ընկա էլ՝ չպրծա, գրեցի էլ՝ համարյա գետնին պառկած, որ ազատվեմ կրկնվող հարցերից, ախ ու վախից. պրծում չկա… Հատուկ երեկ առավոտ շուտ աշխատանքային շրջայց կատարեցի կրթահամալիրի Բանգլադեշով. Սենսեյ-Քնարիկ-Վարդ եռյակը սրա սահմանը մինչև Փարաքարի Զանգու, Շադրլու ջրանցքի կամուրջ է հասցրել՝ սրան էլ հասա, ներկայացա որպես սովորական-ամենօրյա տիար Բլեյան… Ու բռնվեցի՜ք միամիտ… ձեր հավատարիմ, ինքնաբուխ թռած «վայ, էս ինչ է եղել տիար ջան»-ով… Ախր, պարզ գրե՜լ էի իմ նախորդ օրվա գրում… Դե, չե՜ք կարդում իմ գիրը, ուսուցիչ, էլ չեմ ասում սովորող-ծնող, շատ-շատերդ չեք կարդում: Իրավունքի դաշտո՞ւմ է, թե՞ պարտականության… Բա Տիարը ո՞ւր մնաց…

Հեծանվով մայիսի 1-ին՝ ժամը 14.00-16.00, մենակ էի Զանգվի Հաղթանակ-Կիևյան-Դավիթաշեն կամուրջների միջև ռեստորանապատ ձորում… ուտուշ-խմուշների հայտնի օբյեկտներով, երևանյան այսօրվա չափանիշներով՝ նախանձելի ճանապարհների առկայությամբ։ Համեմատաբար մաքուր-ջրառատ Զանգվով ձորը դատարկ էր… Մի քանի տասնյակ մեքենաներ-ձկնորսներ, Զանգվի ափին խորոված-կրակ անող, հաց ուտող խմբերը կիլոմետրերի վրա, աջ ու ձախ ափերով, չէին երևում… Ո՛չ մի հեծանվորդ-չմուշկավոր մարդ, թափառող զույգ-ընտանիք-խումբ… Իսկ եղանակը պայծառ գարնանային էր… Լավ, ո՞ւր է երևանցին, ո՞նց այսպես վերջնական ետ վարժվեց-շրջանցեց իր դրախտային Զանգուն, ինչո՞ւ, որտե՞ղ հայտնվեց, որտե՞ղ նրան հանդիպենք…

Արևմտյան դպրոց-պարտեզի պարտիզպան-հերթապահները:
Լուսանկարները` Տաթև Աբրահամյանի:

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմակիցների հետ գնում է շենքերը, խոսում բարձրախոս-մեգաֆոնից բնակարաններում պատսպարված քաղաքացիների հետ… Ինչո՞ւ ոչ այգիներում, պուրակներում, Հրազդանի երևանյան 27 կմ ձգվող կիրճում, մարզահրապարակներում, բացօթյա էստրադաներում… էլ չեմ ասում հանրային տրանսպորտում… Վե՞րջ մեզանում հանրային տարածքներին. քաղաք առաջացրած ֆենոմենը իբր սոցցանցո՞վ է փոխարինված… Իմ գրով գիտեմ, որ ոչ… Այս ի՜նչ անվստահություն-անհաղորդություն է առաջացել Հայաստանում, Երևանում գործչի-գործի-շահառուի միջև…

Իմ էլեկտրոնային փոստի նյութերի ձևն ու բովանդակությունը մայիսյան-հանգստյան-տոնակա՞ն փափուկ-սիրուն են, թե՞ կրթահամալիրային կյանքն է ընդհանուր պուպուշացել-թավշացել… Մարգարիտ Սարգսյանն առանձնացնում է մեր կողքին՝ Թբիլիսիում, ապրող, պարզ գրող (ինչպես Միլան Կունդերան, Ալեն Գինզբերգը… Արամ Պաչյանը) Իրակլի Սամսոնաձեին: Գրական ակումբը կանդրադառնա՞ նրա «Ականջաբաղձ» գրքին… Հրաչիկ Բայրամյանը թարգմանել, համալսարանի հրատարակչությամբ ներկայացրել է վրաց դրամատուրգի երեք փոքրիկ պիեսներ. կրթահամալիրի թատրոնի դասընթացի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի հետ պայմանավորվեցինք այս գործերից մեկը ներկայացնել 2017-ի Բանգլադեշյան պլեների թատերական փառատոնին: Մնո՞ւմ է մեր պայմանավորվածությունը ուժի մեջ…

Կրթահամալիրի Ագարակում երկարացված օրվա կազմակերպիչներն են:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:

Արևիկ Բաբայան սիրելի հոգեբանը մեր գրում է. «Հարգելի տիար Բլեյան, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվանից ֆիզարձակուրդում եմ: Կվերադառնամ փոքրիկ սեբաստացիկով: Շնորհակալ եմ»:
Տարոսը մեր բոլոր ծոցվորներին… Քրիստինե Ջամվելյանը և Լիլիթ Շահբազյանը՝ կրթահամալիրում վերապատրաստված և կրթահամալիրին ներկայացված մասնագետները, մայիս-հունիսին ամենատարբեր, տարատարիք, միջդպրոցական խմբերի, ուսուցիչների հետ նախագծեր անելու հնարավորություն ստացան։

Թամար Հարությունյանը, Գրիգոր Խաչատրյանը, Արեն Շահնազարյանը այսպիսի նախագծային էսքիզներ են ներկայացնում։ Չգիտեմ՝ ինչ անեմ, հրապարակում եմ, մնան իմ փոստում՝ ի՞նչ լինեն… թթվեն, այսպես, մեկ էլ տեսար բլոգից իջան-իրական դարձան: Հետևեք իմ բլոգին, «Միջավայր Շարունակականություն։ Փոխազդեցություններ» նախագծով կրթահամալիրի Բանգլադեշի զարգացումներին…

 

Դավիթ Բլեյանն իմ էլ. փոստով այսպիսի հարցեր է հրապարակում Google որոնողական ծրագրի «հարցրեք-պատասխանեք» ծառայությունը…

Ո՞րն է ամենահին երկիրը աշխարհում։
Ո՞րն է ամենանոր քաղաքը աշխարհում։
Ո՞վ է (որտե՞ղ է, ինչպիսի՞ն է) ամենահին մարդը աշխարհում։
Ինչո՞ւ բուրգեր միայն Եգիպտոսում են կառուցվել։
Մի վայրկյանում քանի՞ մարդ է ծնվում ամբողջ աշխարհում։ 

Քնարիկ Ներսիսյանն ուղարկել է Տաթև Աթոյանի մատը երեկ երեկոյան ժամը յոթի դրությամբ: Ժամը 12.00, իմ անփութությամբ, Տաթևի քնքուշ մատը քիչ էր մնում՝ մնար մեքենայի դռան տակ… Թու-թո՞ւ, թե՞ տարոսը… ո՞ւմ…

Լաօ Վաչօ, հեղինակդ այս պոեմի, որ «նվիրվում է Տիար Բլեյանին, նրա սկսած սուրբ գործին և Զանգվի երկու տուտերում ապրող բնակիչներին», դեռ կտեսնենք՝ ո՛վ է մեզանից ապերախտը…

Իմ ագահությունը-անհագությունը քայլելիս առավել կերևա… հեծանվով-ոտով նույն մարդը չեմ… Երեկ օրվա կեսին փլվում էի, ֆիքսած-կապով ձախ ձեռքս իմը չէր, առաջ էր ընկնում, ուժեղ հարված ստացած ծունկս, որ խնամքով ծածկել էի… ծալվում էր… Հազիվ հասա տուն… Չէի կարող պարտիզպան Վարդանի պարտեզը խնամված չներկայացնել Հարավի դպրոց-պարտեզի լայն հասարակությանը… Շամիրամ ու ընկերներ, թե չծավալեցիք-զարգացրիք պարտեզն այս նախանձ շարժող Շամիրամի այգիներով… չեմ գա… ուր գամ… ինչ անեմ… թե մեր կրթահամալիրի բանգլադեշն իր մետաքսի նոր կրթական ուղիներով մայիսյան շրջայցի օրերին չպիտի ջրվի, խնամվի, գործածվի, ինչպես Գալիլեյից սկիզբ առնող Հորդանան գետի աջ ափը (կպատմեմ, եթե սկսեք կարդալ), հենա մեկ ամիս իրավունք ունեմ… տանից կաշխատեմ, առցանց:  Իմ գրասենյակը սրա վարպետն է:

Շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ:
Լուսանկարները` Տաթև Աթոյանի:

Իսկ հեծանվով մարդը Երևանում, ինչպես Հրազդան գետի 141 կմ-ը Հայաստանով մեկ, շվարած… մենակ… մտամոլոր մտքերով… այնպես որ դուզ ասֆալտի գույն ստացած «պառկած ոստիկանին» ճանապարհով մեկ չի նկատի կամ կնկատի, երբ եղածն եղած է… Հետո ամոթը գետնից ինձ կբարձրացնի, ճամփի կեսից ետ կգամ, փոխանակ շուտ իմ նոր հալին հասնեմ, երեխու պես ամոթի վայրն եմ գալիս… Էս ո՜նց եղավ… Երեխու պես էլ դեռ ոտերով «պառկած ոստիկանին» ծեծե՜մ, ի՜նչ անեմ… որ խորդուբորդերը հետևից եկողի համար ուղղեն… Որ ոչ մեկն էլ չգա, մեկ է՝  օր առաջ վերադառնալու եմ… հեծանվով-ոտով…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1027

 

Explore More

Եթե բանտ եք, ապա ոչ ցմահների․․․

Օրագրի իմ երևանյան ժամն է․ էլի ես պատշգամբում եմ, բայց հռոմեացիների կառուցած և իրենց կայսեր անունով Տիբերիա կոչած քաղաքի հյուրատան, դեպի Տիբերական լիճ նայող․․․ Հոկտեմբերի 6-ը՝ առտու 5-ը․․․ Էլի ես պատմում

Կիրակնօրյա ընթերցարան

Կարմիր սոխի տեսքից, երբ շերտ-շերտ կտրած է ու կտրած չէ, ուշքս գնում է… Կարող եմ խնձորի պես ուտել, իհարկե, բնական, այնպես, ինչպես կա, ստեղծվել է… Սիրում եմ սոխի հոտը, որ

Անակնկալ հանդիպում Նիցցայում

Աշխատանքային կիրակի Նիցցայում։ Տեսապատումի շարք։