2015 մայիս ամսվա մեր օրերի ամենախառնված-կենտրոնում հայտնված մարդիկ՝ 12-րդ դասարանցիները, դպրոցական շրջանն ավարտողները սկսել են… խոսել, գրել, հուզվել ու հուզել, պատմել-խոստովանել, ի մի բերել… Կենդանի զգացումներ են . mskh.am-ի, «Լուսաստղ»-ի, մեր մյուս պարբերականների, բլոգների թույլտվությամբ առանձին հույզեր բերեմ իմ օրագիր. ձեր կյանքը, սիրելիներս, իմ կյանքի նման է, ճիշտ այնպես, ինչպես ես կամ ձեր կյանքում. իրար կյանք կերել ենք, չէ՞…

«Ինձ ամենից շատ կրթահամալիրում զարմացնում է բազմազանությունը՝ աշակերտների, ուսուցիչների, հետաքրքրությունների, բնավորությունների, նախասիրությունների… Ամեն ոք անում է այն, ինչ իրեն դուր է գալիս և այստեղ է հենց ձևավորվում ազատ, ինքնահաստատված անհատ»:

Հեղինակն է 12-րդ դասարանցի Ամալյա Մնացականյանը, որ կարծեմ «Այբ» ավագ դպրոցից է տեղափոխվել անցյալ տարի: Կարդացե´ք ամբողջությամբ. ինձ հատկապես անակնկալի բերեց Ամալյայի՝ մեզնից այն կողմ տիրապետող կանոնների դպրոցը, Ջանի Ռոդարին սրան անվանում էր «դասացուցակով ուղղիչ տուն», «կանոններ, որ խախտել չէր կարելի երբեք»…

Լիլիթ Աղաջանյանի՝ ռեժիսորի մասնագիտական կրթություն ստանալու որոշման մասին տեղեկացա նրա «Անցումային խոհերում»… Սկզբում՝ չէ հա, հետո էլ՝ ուրիշ ի՞նչ, իհարկե…

«Էստեղ զարգացրեցի գրավոր արտահայտման հմտություններս՝ վերլուծություններ, թարգմանություններ: Ու դա ապարդյուն չեղավ նաև նյութական տեսանկյունից. «Տիգրան Հայրապետյան» մրցանակի կարևորությունը գուցե ստանալու պահին այդքան էլ չէի գիտակցում, բայց հիմա հասկանում եմ ու հպարտ եմ, որ արժանացել եմ դրան:
Դպրոցում ինձ համար շատ կարևոր վայր է մեր գրադարանը, որն ինչքան ասես փոխեց իր տեղը, բայց մեկ է՝ միշտ ստեղծեց ու ստեղծում է աուրա, որտեղ յուրաքանչյուրը, անկախ նրանից սիրում է կարդալ, թե ոչ, իրեն հարմար ու հանգիստ է զգում: Ինքս եղել եմ դրա ներսի մասնիկներից ու տեսել եմ, թե որքան ջանք ու եռանդ են ներդնում որակ ու հաճելի մթնոլորտ ստեղծելու համար»:

Լիլիթի այս ճշգրիտ բնութագրումը կրթահամալիրում ներկայացնում է «Սեբաստացի» ռադիոն՝ իր հերթական՝ թվով 107-րդ ամենօրյա ռադիոյով… Ես առանձնացնում եմԳեղարվեստի ռադիոյի թողարկումը. ընդամենը 03.35 րոպեում տեսեք՝ որքա՜ն կյանք՝ «բազմազանություն՝ աշակերտների, ուսուցիչների, հետաքրքրությունների, նախասիրությունների»:

 

Երեկ, երբ ես նորից Գեղարվեստի դպրոցում էի, իմ օրագրի հերոսը՝ Արթուր Շահվերդյանը, իր ընկերների, ուսուցիչների հետ կախել-ավարտել էր իր անհատական ցուցադրությունը…Արման Գրիգորյանի հետ խոսել չէր լինում՝ վայելքի մեջ էր… Ուսուցչի վայելքն այսպիսին է լինում… Էլիզա Բաղդիյանը շողում էր ու Արմանի-ինձ հետ քննարկում իր անհատական ցուցադրության ու համերգի տեղը, վայրը, ձևը, օրը… Սա ուրիշ պատմություն է… Գեղարվեստի բակում 11-րդ դասարանցիներ Հայկ Ֆուրունջյանը, Տիգրան Գրիգորյանը, իմ օրագրի հերոս Երեմ Գալստյանը, Գայանե Առաքելյանի մշտական ներկայությամբ  քննարկումից անցել են լողավազանի մաքրման, բարելավման-ներկման աշխատանքին… Իմ այցին սպասում էին. պիտի հասցնեն, չէ՞, մայիսյան հավաքին, նույն կերպ և Արհեստագործականի տղաները՝ Արտեմ Խաչատրյանի ստանձնած, իրենց բակի լողավազանը։ Գործի հալալ բաժանում է, ընկերներ. ներկը, գործիքները՝ ինձնից, աշխատանքը՝ ձեզնից։

Մայր դպրոցի բակում Արտեմ Խաչատրյանը փորձարկում, Միջին դպրոցի երկրագործության կազմակերպիչներին ներկայացնում էր նոր խոտհնձիչը՝ իր բոլոր առավելություններով… Ժամանակին կրթահամալիրի խնամքի տակ գտնվող ողջ հողային տարածքին մոտենալ որպես թիվ մեկ հարստություն և թիվ մեկ հարստության սեփականատեր զգալ քեզ՝ մշակել, ջրել ժամանակին ու խուզել, այսպես՝ շարունակ-անընդհատ, որ ունենանք կրթահամալիրի կանաչ Բանգլադեշ, որ իրավունք ունենանք բաց, միջազգային «Էկոտուր» անցկացնել, ինչպես այս՝ թվով 5-րդը… Այո´, եթե դու ինքդ քո շրջակա միջավայրը չես խնամում-կանաչեցնում, ի՞նչ իրավունքով ես խոսում, բողոքում, պահանջում, նախագծեր ներկայացնում… Ո՞վ անի… Գործի՛դ կաց, ասել եմ-ասում եմ էկոտուրի մասնակից վրաստանցուն, հայաստանցուն, արցախցուն, բոլոր տարիքների մարդուն, մաճը ձեռքիցդ բաց մի՛  թող, առանց նախապայմանի… Սա էլ քեզ՝ հինգ տարիների էկոտուրի դևիզը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

2015-ի ելքի ու 2016-ի մուտքի արանքում

Նոր տարին իմ օրագրի համար սկսվում է Սուրբ Ծննդով. հիմա Սուրբ Ծննդյան արձակուրդ է իմ բլոգում, օրագրում։ Հիշեցնում եմ իմ հրավերը՝ հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագից հետո Սուրբ Ծնունդը Մեդիակենտրոնում տոնելու։ Այդ

Ի՞նչ է նշանակում կենդանի, իսկ կենդանացնե՞լ…

Դուք տեսել եք՝ ինչպես է իմ հարգելի Իսրայել վարսավիր ընկերը (պատմել եմ) իր երկու տարեկան տղայի հետ երկա՜ր-կարևոր քայլում, տղան՝ խնամված-զուգված, ինչպես ցուցադրության հարթակի վրա, Իսրայելն էլ՝ ողջ ընթացքում ճառագայթվող

Իմ սիրտը սար կուզե, լաո…

Ինձ պատվել են հոբելյանին իմ՝ ստացել եմ, ինչպես Արմինեն ասաց, քաղաքակիրթ մոմակալներ, սեղանի հայելի… Մահ՝ կասեր Համլետ Խաչատրյանը… Դավիթն առավոտյան խաղում էր մեքենաներով, ու բարձրաձայն. — Ինչո՞ւ են էս ապուշ