Որքան էլ ասեք՝ չէ, ես շփոթվում եմ կորցնելու աստիճանի, երբ իմ անձը հայտնվում է իմ սիրելիների ու հարազատների-ծանոթ-բարեկամների ուշադրության կենտրոնում, ծննդյան օրվա առթիվ, թե, ասենք, 1000-րդ գրի։ Ես ուրիշ եմ դառնում՝ անբնական, ոչ ինքնաբուխ… Ես երեխայի նման ամոթխած եմ։ Ի՜նչ լավ է, որ երեկ-նախորդ օրը անցան… Ես ես եմ ու նորից՝ շնորհակալ։

Անցնենք գործի. ապրիլն անցնում է սրընթաց։ Իսկական ապրիլ՝ իր պարտիզապուրակայինով, մարզախաղերով, լողով-հեծանվաերթով, քայլքով-ճամփորդությամբ Զանգվի ողջ ավազանով, իր բնապահպանությամբ-մաքրությամբ, լանջերի-կիրճի-ափամերձի, այլ ծրագրերով ու լուծումներով բնագիտատեխնիկական, երգով ու տոնախմբությամբ, ընթերցանությամբ բացօթյա, նկարչությամբ, պլեներով, այսպիսի, ռոդարի-աղայանական խաղ-ստուգատես եմ սրան ասում՝ մեր մանկավարժության օրացույցով ապրիլյան որոշված հերթական պարգևը ազգիս մանկանց…

Գլուխ գովելով հո չէ. հեծանվորդի վարժ վարգով որքան էլ ջանացի, չեղա երեկ մեր Հարավում ու Արևմուտքում. հյուսիս-արևելքով՝ Խառնարան, Խառնարանից՝ Արևելքով Քոլեջ, հյուսիսով՝ Գեղարվեստ ու Կենտրոն… Ես այլ եմ դառնում, երբ ուշանում եմ օրացույցով պարտադրված պարապմունք-նախագիծ-հավաքից…  Իսկ օրացույցով որոշված՝ «Գեղարվեստի հարթակում» մեր պարապմունքը սեբաստացի Վախթանգ Հարությունյանի հետ հանդիպումը«Ձոնը» Մարմարյա սրահի համաձայնեցրե՞լ էինք… Գերմանացի մեր Գերալդ Քյոլլեր անուն-ազգանունով հարազատ դարձած մասնագետի, նրա թարգմանիչ ու լանդշաֆթի դիզայներ դարձած Արեն Շահնազարյանի, պարտիզապուրակային նախագծերում ընդգրկված հարյուրավոր (ոչ մի չափազանցում) տարատարիք սեբաստացիների հետ… այնքա՜ն աշխույժ էինք դարձրել մեր Մետաքսի ճանապարհը երեկ, ուսումնական նախագծերի փոխանակման-իրականացման իմ ընտրած հեծանվավոր երթուղին՝ ապրիլյան ամսվա և օրվա օրացույցով որոշված…

Նույն շփոթն է, ինչպես Դավիթ Բլեյանի մոտ, շաբաթը՝ իր յոթ օրով՝ միաշաբթի կիրակիով, երկուշաբթիով, վեցշաբթի ուրբաթով ու յոթշաբթի շաբաթով՝ յոթն օր հագեցած-լեցուն, և շաբաթ այս օրը՝ մի օր մեր ապրիլյան օրացույցով որոշված ճամփորդությամբ մեր Զանգվով՝ Երևանից սկսած Հրազդանի ձախ-աջ ափերով դեպի Արազ-Արաքս-Երասխ, մինչև … Ճամփորդի գնալն է իրենը, գալը՝ Աստծունը, կիմացվի, կգանք՝ կպատմենք, մեկ հազար, զրո հարյուր և երեք միավոր համարով (Դավիթն է այսպես հաշվում) հերթական գրով։ Իմ գիրը, կյանքը, պատումը նրա միասին ենք ստեղծում, սա մի հոգու նախագիծ չէ, մեր մանկավարժությամբ որոշված….

Գեղարվեստի արևելյան բակում Աիդա Պետրոսյանի սիրած քար-հարթակ բարձրացրի ապրիլի 7-ի օրացույցով որոշված պարապմունք-ներկայացման ծնող մասնակիցներին, նրանց մեջ և նորերին, ովքեր այսպիսի՝ մեր մանկավարժությամբ թելադրված փորձառություն են անցնում իրենց երեխաների հետ։ Ապրեք-ներառվեք, սիրելիներ, մեր բաց համակարգն իր բացօթյա հարթակներով, պարապմունքներով սրան հարմար է… Սրան հանրային առողջապահություն անվանեց մեր ծնող, «Սիվիլնեթի» հաղորդավար Արփին… Իսկ ապրիլյոթյան «Ձոնից» մի հավելում ունեմ այս բաց-բացօթյա բինոմին, որ երրորդությամբ կոշտանա-պնդանա-ամուր դառնա՝ պարգև մեր մանկավարժությունը ազգիս հայոց… Այն, ինչի մասին երազում էր լուսավորիչ հերոսն իմ՝ Աբովյանը Խաչատուր, որ իր հետ հավերժություն տարավ… Ուժ-թև առանք, սեբաստացի մանկավարժներ, ծնողներ, սովորողներ, որ պարգևը ստեղծման-տարածման բազմապատկումով, հանրային պահանջ է, պիտի բավարարենք 2017-ին, 2018-20-ին… Այսպես որոշված է մեր կրթահամալիրի, մեր մանկավարժության զարգացումով ու այն հաջորդ շաբաթ՝ իր երկուշաբթի-շաբաթ վեց օրերին միասին ավելի հասկանալի կներկայացնենք մեր նոր պատվիրատու կրթասեր երևանցիներին…

Մեր սովորողներն են, 5-6 տարեկանից սկսած, որ ակտիվ-տեսանելի ազդում-փոխում են իրենց ծնողներին, ներառում մեր բաց կրթական համակարգում իրենց ընտանիքներն ամբողջությամբ. զորավոր նախագիծ է, սովորող-սովորեցնողի ճյուղը մեր մանկավարժության զարգացման տրամաբանությամբ է թելադրված…

Իսկ Արփի Սիմոնյանի նախագծի ու հրապարակային արված իմ՝ աշխատանքի առաջարկի մասին իմ կիրակնօրյա գրում կարդացեք…

Մի հավելում էլ թույլ տվեք սեբաստացու պայուսակի (խուրջինի) մեջ անեմ. հավաքարարի պարգև ձեռնոց-տոպրակի հետ վերցրեք ճամփի-ճամփորդի ընթերցարան-գիրքը… պլանշետ-նոթբուքում, մի այլ էլեկտրոնային կրիչում դրեք, թե թղթի կրիչի՝ թղթե ժողովածուի տեսքով. մշակույթի-ավանդույթի-սովորույթի-հարմարության հարց է։ Իմը թուղթն է… Տեսա՞ք իմ Մեծարենցը հեծանվորդի սև ուսապարկում, Աբովյանի «Ողբը» կամ Չանրենցի «Գիրք ճանապարհի»-ն էլ փոխնիփոխ մեծ կարմիր ուսապարկում են…

Explore More

Սրանից էլ հարմար նվե՞ր…

Երկար մտածելու կարիք չունեցա․․․ Նվերները զատկական իրենք իրենց եկան։ Մնում է փոխանցելը, իմ գիր բերելը, իմ ֆեյսբուքյան ու mskh-ի առաջին էջում տեղադրելը՝ կարգով ու սիրով։ 

Գրով ընդդեմ ցավի

Հեշտ չէ մեր Շուշոյի՝ Շուշան Բլեյանի համար։ Հերիք չէ՝ ժամանակ է գտնում աշխատանքի-ուսման միջև, կտրվում-գալիս է իր աշխարհը դարձած Վիեննայից մեր աշխարհը մնացած Երևան, դեռ ինչքա՜ն մարդու՝ մեկը մյուսից հարազատ

Իմ պապան վաղուց է իմ մամայի մոտ աշխատում, իմացա՞ր…

Դավիթ Բլեյանն ու Արամ Խաչատրյանը՝ մեր Արտեմ Խաչատրյանի չորս երեխաներից երրորդը, Դպրոց-պարտեզի Կարինե Խառատյանի խմբում են։ Երկուսն էլ լիդերություն հաստատելու մշտական ջանքեր են գործադրում, իրար հետ մրցում… Մեկ-մեկ կռվում են,