Վարդան Հարությունյանի, որ այս կենսագրականն ունի (վիքիպեդիան, հանրագիտարան եմ ասել, հընթացս, յուրաքանչյուր գործողի հետքը պահում-ներկայացնում է), ում նկատմամբ 1988-ից՝ 30 տարի անփոփոխ, հարգանք եմ տածում, ում հետ, սիրով ասեմ, ընկերներ ենք, ում խոսքին միշտ ուշադիր եմ, այս տեսագիրը հղում է, որ ակտիվացրեք՝ հիմա, որպես անօտարելի մաս իմ երեկվա, այսօրվա, վաղվա գրի, օրապատումի…

— Ի՞նչ ա եղել Նիկոլի ձեռքին, պապ,- հանկարծ կհարցնի ողջ օրը Արմինեի հիվանդապահ անպետքը՝ Դավիթ որդին մեր։ Երեք թվային միջոց՝ տան մեծ էկրանով Apple-ը, Արմինեի մեծ էկրանով նոթբուքը ու այֆոնը ողջ օրը փոխեփոխ գործածել է, որ ոչ միայն այս անցումների, սեփական հետաքրքրությունների փնտրտուքի մեջ թռչնի բարձունքից գիտի Ֆրանսիայի հրապարակն ու նրանից ձգվող Բաղրամյան պողոտան… Պատմել եմ, 2018-ի մարտի 11-ին՝ Փաշինյան Աշոտի ու Բլեյան Տաթևի ծննդյան օրը, Նիկոլենց տան ընտանեկան մոտիկությունը ճաշակած Դավթին շարունակում են սնել իր ֆիզիկական ու մեդիա հետաքրքրությունները… Հարցը, ընթերցողը որ չմոռանա, կրկնում է Դավիթը.
— Ի՞նչ եղավ Նիկոլի ձեռին, պապ, չե՞ս լսում… ա՛յ անջատված…
— Կրակի միջից շագանակ հանելու ժամանակն է, Դավի՛թ, ու Նիկոլը հանեց…
Ես չգիտեի, որ իմ գրի վերնագիրն եմ ասում, հատկապես, որ վստահ չէի, որ նորից չեմ խախտի իմ գրի անընդհատությունը:
— Ինչի՞ էր պետք կրակի մեջ մտնել, Սիթիում չկա՞…
Այսպիսի ընտանեկան-հրապարակային զրույցների, մանկական անմիջականության, թե նավսող բիձայականության պատասխանը, որպես օգնություն, ինձ հրամցրեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը. «Ոչ ոք չէր հավատում, որ Նիկոլը տոտալ ապատիայից կկարողանա հանել հանրությանը և շարժվել ու քաղաքական իրավիճակ փոխել, որ նա ինչ-որ բան կարողացավ շարժել ու փոխել, դա նշանակում է, որ առայժմ  այս պահին ինքը գրագետ է գործում»… Էս մեր Նիկոլը: Իսկ ես՝ նույն պահին կանգնած, ինչպես ճիշտ 30 տարի առաջ, ճանապարհի ընտրություն կատարելու պարտադրանքով՝ 1988թ-ին հանկարծ բռնկած արցախյան շարժման ու արդեն ձևավորվող, կերպար ու բովանդակություն ստացող կրթահամալիրում հեղինակային մանկավարժության ղեկավարման:

Աշխատանքային քայլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ճարտարապետի հետ: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ու նորից բռնեցի կրթահամալիրի Բանգլադեշի ճամփան… Երեկ հեծանվով անցա ինձ ու օրագրի ընթերցողին փակ աչքերով հայտնի Կենտրոն-Արվարձան դրախտի ճամփան՝ Հրազդանի աջ ափով, հետո աշխատանքային լեցուն օրվա վերջին Արվարձան-Կենտրոն՝ Հրազդանի ձախ ափով, ճանապարհին իմ այֆոնով անշտապ փաստելով անհաս Արարատի ներկայությունն ու իմ հաստատակամությունը… Լեցուն օր ունեցա արվարձանում… մեղա, մեղա, երբ ծփում է Կենտրոնը մարդկային տարուբերով՝ նորի՞ց աշխարհ բռնող… նաև իմ երիտասարդ ուսուցիչ-գործընկերներով, շրջանավարտ-ուսանող աշխատողներով, պարմանի սովորողներով, նրանց ծնողներով. բոլորն իմն են…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Հա, բայց էդ ձեր գործն է, ու սկսել եք, Նիկոլին ձեր լիդեր կարգած, ա՛յ պարմանիներ Հայաստանի, ու դրանից ավելի լավ եք հասկանում, քան ես, ձեր հայրերի-պապերի ողջ սերունդը: Ես կամ իմ հարգանքով-օրհնանքով-փոխանցածով… Ավելին ձեզ կխանգարի, կզրկի ինքնուրույնությունից, կլինի միջամտություն-կաշկանդում…

Ու ես մտա մեծ մարմնամարզական դահլիճ Մայր դպրոցի, որտեղ Սենսեյ Հայկուհին՝ այսքան ուժեղ, որ իր 3 տարեկան Աբգարյան Էդգար որդու հիվանդությունն ու հիվանդության բերած տրտմությունը հաղթահարած՝  հանրապետության մանկապարտեզների երեսունի չափ դաստիարակներին մանկանալու ինքնամոռացության պարգևին էր հանձնել… Հետո նրանց հետ ընթերցարան-համերգասրահում ամփոփեցինք իրենց հնգօրյա, ինչպես նրանցից մեկն ասաց, այլմոլորակային դարձածների  1-ին օրը աշխատանքային. «Այլ մոլորակ ես դու մեզ բերել՝ մեր տիարն էլ դարձած հարազատ»… Հետո մեզ միացան «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գոզալները. օրացույցով փորձի ժամն էր, Հարություն Թոփիկյանը լռվել էր Կենտրոնի խցանումներում… Այ, դժվարը մաեստրոյի համար էր. ո՛չ Արվարձան, ո՛չ Կենտրոն՝ Ֆրանսիայի հրապարակ դիրքում: Լավ է՝ խմբավար-ուսուցիչ մաեստրոյին իր հեղինակային համերգին պատրաստվող Նարինե Դավթյանը փրկեց:

Հետո մեր Գյումրիի դաստիարակների  հերթական  մի խմբի հետ անցանք կրթահամալիրի հյուրատան-կացարանի ճամփան, որքա՛ն անմիջական ու կենդանի, հարազատների զրույցով, երբ հասուն-սեփական կենսափորձով երևելի դաստիարակները մեր ծրագրերն են սկսել գործածել, ոչ միայն հետևում են, այլև մասնակից-որոշողներն են Գյումրի-Բանգլադեշ կրթական զարգացումների… Հիմա ես ծիծաղեցի բավարարված, երբ Ֆրանսիայի հրապարակից լսեցի Գյումրիից Երևան Հաղթանակի կամրջի վրա կանգնեցված ավտոբուսների մասին, երբ մեր մանկավարժության ավտոբուսը Գյումրիից, տեսնում եք, ոչ միայն ժամանել է, այլև մենք մշտական փոխանակման ռեժիմում ենք: Ու սա 30 տարվա պատրաստություն ունի: Մի՛ շտապեք, լսո՞ւմ եք, հեյ, դուք, պարմանիներ կենտրոնում, հատկապես, որ շատերդ երեսուն էլ չկաք, ուսապարկով եք, տեսնում եմ, ու երկար ճամփա պիտի անցնեք… Չի հոգնում նա, ով գնում է երկարատև ճամփորդության: Դուք չեք կարող չհաջողել, կրակից հանած շագանակը մյուս ձեռքով կկարողանաք մաքրել ու ճաշակել: Ասված է Նիկոլի կողմից նուրբ ու պահին՝ ինքնակազմակերպվեք:

Ֆոտոհաղորդում Կենտրոնի հավաքից…
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Ա՜խ, թե ո՜ւխ, գիշերվա 3-ի 4-ի արանքում այս վերսկսված գիրը (նայել էի ժամացույցին)… երբ ավարտեցի, հինգն էր՝ առտու շրջանի սկիզբը, Դավիթ Բլեյանը հասցրել էր արթնանալ ու մեր ննջարան ճամփին իր ջուրն ուզել ինձնից, իսկ իմ քաշված ձախ ոտքի ցավից ոչինչ չէր մնացել…

Իմ գիրը Նարեկից եկող բուժիչ ազդեցություն ունի, ինձ վրա եմ փորձել…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1347

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ցանցով, պարտեզով, փառատոնով, ճամբարով… հեղինակային-կրթական…

Լավ է, որ չորս սեբաստացիների մայրիկ, կրթահամալիրի հեղինակած մանկավարժությամբ խանդավառ Աննա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ, «Իմ քայլը», «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ մեզ համար նոր կարգավիճակով, իմ

Բանգլադեշյան պլեների, Գագարին պրոյեկտի ու Բլեյան կրթական ցանցի հանդիպման հունիս

Օրը՝ հունիսի 2-ը, որ եղել է, կա ու միշտ կլինի Լիլիթ Բլեյանինը, իրենով կսկսվի․․․ Գիշերվա-առտու չորսի-հինգի արանքում (Լիլիթն է հաճախ հարցնում. «Հայրի՛կ, ինչպե՞ս ես քնում») արթնացա  Լիլիթի ֆեյսբուքյան տեքստով, անցնցում օրվա

«Հետքի» հետքերով… գիտակցված իրավունքով…

Ճանապարհին հեռախոսով Հետք-ի հետաքննող լրագրողների ընկերակցության Սեդա լրագրողի հարցումը անակնկալի բերեց սկզբում, հետո… ժպիտներ… Միշտ ուշադիր հետևել եմ Հետք-ի՝ Էդիկ Բաղդասարյանի ու իր խմբի գործունեությանը, ուսումնասիրություններին ու հրապարակումներին, կարևորել «Հետքի»