Անձրևն ինձ բաց պատուհանից ձայնել էր, ինչպես իմանաս՝ ե՜րբ… Փակ աչքերով, բաց մտքով-շուռումուռ անկողնում՝ ես երեկվա օրվա և այսօրվա սահմանագլխին էի: Մահճակալից վեր կացա վճռական, համակարգչին իմ երեկ իրիկուն թողած թղթերն են, հատուկ իմ օրվա համար թողնված, գրասեղանիս վրա՝ գրքեր, թերթեր, թղթեր… գրություններ մնացած Դորպատից…  Այսպես սկսվում-գրվում է իմ պատումը՝ աշխարհի իմ անկյունում, բաց պատուհանից լսվող անձրևի ձայնակցությամբ… Չի գրվի, չի շարունակվի, քանի ես մի տեսակ մեխանիկորեն ձեռքս չեմ տարել «Գիրք ճանապարհի»-ին, վարժ-վստահ մի շարժումով բացել էջ 147-ը ու բոլորիդ լսելի ընթերցել…

Գիշերը չէր քնել։Հոգնած էր, վաստակած,
Խոհերը խառնիխուռը և վրդովյալ,—
Հոգնած էր ու տխուր,— երբ դուրս եկավ սակայն
Առավոտվա վեհությամբ թովված՝
Զգաց հանկարծ իրեն այնքա՛ն թեթև,
Եվ այնքա՛ն, այնքա՛ն թարմացած,
Որ ամե՛նը, ամե՛նը, որ մնում էր ետևը,
Իբրև ցնորք անցած
Թվաց անգին ու քաղցր, հեռու ու անիրական,
Սրբագործված, ինչպես ոսկեղեն հուշ

Ջա՜ն, Աբովյա՛ն ջան…

Էմանուել Ագջոյանի «Զանգու՝ մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը՝ Արազի քրքրված ղրաղումը» Աբովյանի կնքած անունով ուսումնական նախագիծն սպասված էր այնքան, որ դարձա՞վ-կդառնա՞ սեբաստացիների երեկվա-այսօրվա-վաղվա միավորող ընթերցանությունը, հետո՝ նաև գործը: Յուրա Գանջալյանի քոմենթին՝ ավելացնեմ. սա նախագիծ-ուղեցույց է, որում Զանգվով համակված յուրաքանչյուր սեբաստացի անհատ-խումբ տեսնում է-կգտնի իրեն: Եվ դա լավ է: Սկսեցինք:

Երեկվա օրը սկսվեց, իմ էլ. փոստը այսպիսի հաշվիչ է, Հարավային դպրոց-պարտեզի Շամիրամի գրոհ-հաղորդումներով՝ «վարպետ Կորյունը վերանորոգել է շարժիչը. ոռոգման հետ կապված այլևս խնդիր չունենք», «վարպետները 6 տարեկանների ներքին բակում տեղադրեցին շան բույնը», «Նոր տնկած ծառերի, ծաղիկների թփերի ջրում՝ ամեն օր. ծառերի սրսկում, ջրում՝ ապրիլի 24-ից. ճիմերի քաղում և ջրում՝ ապրիլի 25-ից», և ավարտվեց Արևմուտքի դպրոց-պարտեզի Տաթևի գրոհներով…

Հարգելի՛ տիար Բլեյան, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից գրել է Նարեկ Ադամյանը: Ապրիլի 29 —ին Բուսաբանական այգում կազմակերպում են «Երկրի օրը» ծրագիրը, որի շրջանակում իրականացվելու է աղբահավաք: Մեր սովորողների համար նախատեսել են նաև փայտերի փորագրություն և լոգոյի պատկերում: Եթե դեմ չեք, Արևմտյան դպրոցպարտեզից մի խումբ կմասնակցի աղբահավաքին և փորագրման աշխատանքներին:
«Գիտության փառատոն» ծրագրով առաջարկել են, որ իրենց երկու ֆրանսիացի կամավորները Արևմտյան դպրոցպարտեզի սովորողների հետ էկոդասընթացներ, բնագիտական գործնական դասընթացներ անցկացնեն

Մեդիագրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը շարունակում է իմ գրական ակումբի հետ խոսակցությունը որը շարունակություն-զարգացում ունեցավ օրվա վերջում Մարետ-Սուսան դուետի հետ… Խաչատուր Աբովյանի նորացված էջ՝ սովորողների և ուսուցիչների համերաշխ աշխատանքի արդյունքում… Հալվեցի. այսպես, համակված Աբովյանով, Աբովյանի նման մեր դիրքը հայրենիքում-սիրուն Զանգվում ճշտած, խելամիտ ուսումնական ուղեցույց, կարդալով-երգելով-պարելով-մաքրելով, փոքր-մոբիլ խմբերով, միավորելով ողջ ավազանի՝ 141կմx1000մ-ի յուրաքանչյուր մարդու, Զանգվի հայտնաբերման-նոր վերաբերմունքի՝ խնամքի մեր աշխատանքներում… Շնորհակալ եմ սենսեյ Հայկուհի, Փարաքար գյուղի ջրանցքի քո նախաձեռնած մաքրության օրվա համար: Ապրիլի 20-ին ժամը 10-ին… Հետևեք իմ գրին, սենսեյի հետևից հասնել չի լինի…
– Մենք ձեզ մենակ չենք թողնի…
Այսպիսին է մեր Հայկուհին՝ շիտակ, ուղիղ հարվածով, ուղիղ գործերով-խոսքերով… Հուզվեցիր: Միասին կլինենք՝ Հյուսիսայինով, Հարավայինով, Մայր դպրոցով… Հեծանիվներով-աշխատանքային երթով-բրիգադով, կանցնենք, մի խումբն էլ երկաթուղով-երկաթգծերով… մինչև մեր հարևան Փարաքարը: Գյուղապետ Սամվել Վարդանյանով, մեր նոր ընկեր-զանգվեցի Վահեով, հին ընկեր զանգվեցի Արամ Արտենյանով… Էքսկավատորով, Փարաքարի դպրոցականների խմբով: Աբովյանը, Զանգին մեզ միավորում են: Հիշո՞ւմ եք Զանգվի ձորից, Հաղթանակի կամրջից, կից թունելով դուրս եկող ջրանցքը անցնում է նաև Փարաքար-Թաիրովով ու աղբանոց դառնում… Հայտնի-շեն բնակավայրը հո այս աղբի հետ չի՞ ապրի: Էմանուելի աշխատանքային ուղեցույց-նախագիծը նորից կարդացեք, ջրանցքներին վերաբերող մասով, Զանգվի, նրա ճյուղավորման… Լուծում կգտնենք. մերը կարողությունների դրսևորման ու զարգացման մանկավարժությունն է…

– Ես մեքենայից հոգնել եմ… Ուզում եմ քեզ հետ հեծանվով գնամ…
– Ո՞ւր, Դավի՛թ Բլեյան,- խորամանկ-ոգևորված-ոգևորող հարցնում եմ ես։
– Ուր դու գնաս…
Միասին հեծանվով առավոտյան աղբն ենք թափում։ Գիտեի՞նք երկու Աշոտիկներով, որ հանդիպելու ենք օրվա վերջին, ես՝ հեծանվով, Քոլեջի լանջաստեղծ շինարարական հռնդյունից հետո, մայր ու որդի՝ շփոթված, առանց մեքենա մնացած… Ես ու Դավիթը հեծանվով անցանք Զորավար Անդրանիկով, Բաբաջանյանով… Սեյրան բարձունքից նոր շարունակություն ունեցավ իմ «Օրը Աբովյանի հետ» նախագիծը, որ իմ կյանքն է դարձել-կլանել ինձ… Զանգվի ձեզ ծանոթ բնակիչը՝ նորագյուղցի Միհրանը, մեզ տարավ իր տուն, ճիշտ գեներալ Պասկևիչի արձանի-բարձունքի դիմաց… Ի՜նչ դիրք է, ի՜նչ պատշգամբ, հացատուն, շուրջը պուրակ, իսկական ուսումնա-հայրենագիտական կենտրոն։ Միհրանն ու իր կինն էլ՝ Շարժման ընկերներ. որքա՜ն բան հասցրեց պատմել եռանդուն ավագ ընկերը՝ Աբովյանով-Զանգվի կենդանացման-լուսավորման, մեզ՝ ավազանի բնակիչներիս վերադարձման ծրագրով համակված… առանցքում՝ ինքն ու Վանո Սիրադեղյանը։ Այսպիսի իրիկուն եղավ։ Առավոտյան մեր տան խոհանոցի և հյուրասենյակի սեղաններին Միհրանի երեխայասեր Մարգարիտ աղջկա նվիրած փնջերն էին՝ կակաչներ ու հաղարջի ծաղկած թփեր։

Մենք այս բարձունք կվերադառնանք. Միհրանի ու բարեհամբույր կնոջ ուղեկցությամբ կլինենք Աբովյանի քարանձավում, ապրիլի 29-ին հաց կթխենք, թոնրատնից ծուխ կբարձրանա… Այսպես բարձունք առ բարձունք, տուն առ տուն, մարդ առ մարդ… Ու դեռ Միհրանի երաժիշտ թոռան թմբուկի նվագի տակ կպարենք…

Explore More

Աստվա՜ծ իմ, ինչ սիրո՜ւն է…

Քնարիկ Ներսիսյանի այս նկար-բացիկը առանձնացնում եմ իմ նկարախեղդ փոստին ամեն օր ստացվող նկարներից… Մեր կրթական պարտեզի ծաղկած ծառի ծաղկին բզզոց է…

Հակաբացիլ անշարժության, հակաբացիլ անճաշակության…

Մեր ուսումնական ճամբարներն են այդպիսիք, մեր Ամառ 2017-ի նախաձեռնությունները, մեր «Գեղարվեստը կրթահամալիրում» անունը ստացած, տարիներով ձևավորված բաց հանրային համակարգը՝ իր շուրջտարյա գործունեությամբ… Բազմաճյուղ գեղարվեստ՝ կերպարվեստի, երաժշտության, կինո-ֆոտոյի, թատրոնի, գրականության, զարդակիրառական ուղղություններով,

Գովք հուլիսի

Դավիթ Բլեյանը երկու օր պարտեզ չի գնացել (խնդիրներ՝ ականջի ու կոկորդի),  ու «Պապա, ես պարտեզին կարոտել եմ: Ես Արամին չեմ ծեծում: Արամն իմ ընկերն է: Ես Արամի հետ խաղում եմ: