Արփենիկի հիշատակին

Երբ առաջին անգամ բացվեց
Սիրո գարուն արևավառ, —
Երբ ես տեսա ծաղիկ ու սեզ
Բացված կյանքում և ինձ համար, —
Ինչպես գարնան առու անբիծ,
Ինչպես սիրո քնքուշ քնար, —
Կարկաչելով անցար կյանքից,
Իմ սեր անգին, իմ սեր անմար…

Ինչպես այգում առուն անտես
Գիշերներին աստղանկար
Լռության մեջ տխրահանդես
Երգում է հար ու անդադար, —
Այդպես՝ թողած աշխարհն ու ինձ,
Դարձած կարոտ ու հուշ անմահ —
Քո երգն ես միշտ երգում նորից,
Իմ սե՜ր անգին, իմ սեր անմար: —

Ախ, նո՛ւյնն է միշտ քո երգն անծայր,
Բայց միշտ անհուն ու խո՛ր այնպես,
Ինչպես անդարձ մի ճանապարհ,
Որ նոր է միշտ, ինչքան քայլես:
Ամեն վայրկյան երգում ես ինձ
Սիրո կարոտն անմխիթար, —
Երգն ես երգում անցնող կյանքիս,
Իմ սե՜ր անգին, իմ սեր անմար: —

Ժամանակի նման անեզր,
Եվ լռության նման անբառ —
Որքան գնում — այնքան անեղծ,
Եվ խո՜րն ես դու, — ինչպես անտառ: —
Ամեն գարնան կարծես նորից
Նույն գիրքն ես ինձ կարդում անբառ, —
Եվ նո՜ր է քո իմաստը միշտ,
Իմ սե՜ր անգին, իմ սեր անմար…

Եվ ես գիտեմ, որ երբ քեզ պես
Մի օր ես է՜լ ննջեմ անդարձ, —
Կիպարիսներ սգահանդես
Շիրմիս վրա շրշան երբ սառ, —
Նոքա անվերջ ձայնով քո ջինջ
Պիտի երգեն սիրողաբար —
Կանչեր կյանքի, կարոտ աննինջ
Եվ մոռացման տրտունջ անբառ…

8—12. III — 22. V. 1937.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ֆրանցիսկոս պապի ուղերձը երիտասարդությանը

Բարի երեկո, սիրելի երիտասարդներ։ Բարի է, որ այստեղ եմ, ձեզ հետ իրիկնային այս արթուն աղոթքի պահին։ Ականատեսի իր ցնցող և հուզիչ պատմության վերջում Ռենդը մի բան խնդրեց մեզնից: Նա ասաց. «Ջերմեռանդորեն

«Ամենամեծ վտանգն այն կլինի, երբ հասարակությունը պասիվություն ցուցաբերի և միայն կառավարությանը կամ մեկ նախարարին վերապահի բարեփոխումները»

  31 մարտի, 2016 MAMUL.am «Ես Ձեզ հետ համաձայն եմ, սակայն միայն անձով պետք չէ պայմանավորել բարեփոխումները, թեպետ անձի դերը ևս չպետք է թերագնահատել»,- ի պատասխան MAMUL.am-ի թղթակցի հարցին, թե

Հովհաննես Թումանյան «Հանգցրեք հրդեհը»

Պատերազմն ինքնին մի վայրենի և բարբարոս երևույթ է։ Բայց եթե դա համարենք վիճելի, սակայն մեր՝ հայերիս և թաթարներիս, վերաբերմամբ կան անվիճելի ապացույցներ և՛ մեր վայրենության, և՛ մեր բարբարոսության մասին, երբ