Իսկ պարտականությունը, որպես աշխատանք, իհարկե, կատարել՝ բարեխիղճ, կրկնում եմ ես, մեր օրերին-մեր վիճակին ավելի համապատասխան բառ չգտնելով։ Վերնագրի, վերնագրի տակ եղած ծափերով ընթերցած նյութի համար պաչիկներ Հերմինե Անտոնյանին։ Սքանչացա-փառավորվեցի․ գտնված է ամենը, Հերմինե ջան, իր տեղում, քեզ նման-սազական․․․ Սա էլ մեր այսօրվա ցասումը՝ պարտականություն. մնացածը՝ վաղվա գրում։
Ինչպես Նունե Մովսիսյանի Խ․ Աբովյանի մասին այս հրապարակումը․․․ Շատ-շատ Աբովյան բերեք, հնարավոր բոլոր միջոցներով, բոլորին խառնեք-աշխատացրեք, Մարիետ Սիմոնյանի պես, ճամփորդեք-մաքրեք-կարդացեք Աբովյան՝ Զանգիով, Աբովյանի Զանգին, Զանգվից թռած լուսավորիչի, որ «Օրը Աբովյանի հետ» նախագիծը մինչև ապրիլի 29-ը, 29-ին ապրիլի, դրանից հետո, մինչև հունիսի 5 (լեցու՜ր–լեցու՜ր–լեցու՜ր) գործով, ջանքով, բանով լեցուն լինի․․․
Իսկ հայ-վրացական հանրակրթական կամուրջներով Թբիլիսիի 25 հոգանոց խմբի Էկոտուր 2017-ի նախագիծը այս ապրիլի 25-ից սկսվող, մինչև 29-ապրիլի, թույլ տվեք ես համակարգեմ։ Հրամանի հավելված ծրագիրը կորոշակիացնենք, հենց թբիլիսցիները հասնեն Բանգլադեշ, միասին, ամեն օրվա համար։ Նախագիծն անուն ունի, որպես միջազգային բնապահպանական ծրագիր, բարձր մակարդակով որոշված «Գետը քաղաքում», Երևանում՝ Հրազդան-Զանգուն։ Ոչ մի հետաձգում, համատեղ հայ-վրացական ուսումնական-բնապահպանական-հետազոտական-ճանաչողական աշխատանք․․․ Թե չէ, այս կրթական այցով ի՞նչ ենք փոխանակում։ Զբոսանք-զբոսաշրջության հետ, թեկուզ՝ հայ-վրացական, ի՞նչ գործ ունենք… Մերը հեղինակային կրթական ծրագրի տարածումն է՝ որպես փոխանակում։
Անընդհատ շարունակական կարո՞ղ է լինել Լիլիթ Սահակյան-Գայանե Սարգսյան դուետի մարզախաղեր-տեսապարապմունքը՝ ամեն անգամ ընտրելով հարմար միջավայր կրթական պարտեզ մեր բնակելի արվարձանում․․․ Այս խաղերը «Իմացումի հրճվանք» ծրագրով սեբաստացի 2-5 տարեկանների 1-3-րդ դասարանցիներին, ավանդական հայրենագիտական խաղերը՝ 4-8 –րդ դասարանցիներին, ռազմամարզական խաղերը՝ 9-12-րդ դասարանցիներին պիտի կլանեն մայիսին այնպես, որ հունիսի ուսումնական ճամբարները Երևանում, Սևանում, թե ամենուր՝ Զանգվի ավազանով, բացվեն նաև այլոց՝ ոչ սեբաստացիների համար, հայտնվեն ճամբարական գործունեության առանցքում, արտագնա ճամփորդական խուրջիններում սովորողների բրդուճների պես։
Պապենական Բաքուն՝ իր, իր հոր, պապի ծննդավայր Բաքուն 1989-1991-ին հարկադրաբար թողած, Զանգվի ափին բնակություն գտած տիկին Ժենյային հանդիպեցի երեկ առավոտ, Զանգվի ձախ ափին՝ Հաղթանակի կամրջից ներքև, կանաչ լանջերին բանջար հավաքելիս… Բարևեցի, խոսեցինք… պատմեց, հուզեց.
– Կարո՞ղ եմ ձեզ նկարել։
– Ինչո՞ւ,- հարցրեց։
– Ես Բլեյան Աշոտն եմ,- պատասխանեցի այսպես։
– Խելա՞ռ, որ գնաց Բաքու…
– Ինչո՞ւ խելառ…
Անակնկալի եկած, հիացած այսպիսի անցումով-զրույցով, առավոտ 10-ին, երբ արդեն երեք ժամ իմ մանկության Զանգու-Գետառ-ջրանցքներ-թաղերում էի, Զանգվով պատրաստվում եմ Գինու կոմբինատի ջրանցքն ի վար իջնել մինչև…
– Մարդիկ պատերազմում էին հարստանալու համար, Ադրբեջանում, Բաքվում, Ղարաբաղում… Դուք ինչո՞վ էիք զբաղված… Խելառ։ Հիմա ի՞նչ եք անում հեծանվով այս կողմերում, այս ժամին, այս օրով․․․կիրակիով։
Պատմեցի իմ Զանգվի, իմ օրվա մասին։
– Նույն խելառն եք մնացել․․․
Տոպրակից ազատ, կարճ փայտով ձեռքը թափահարեց Զանգվի նոր բնակիչն ու շարունակեց իր գործը՝ բանջար հավաքելը․․․
Զանգվից նախկին տրամվայի պարկի թաղով դեպի Արշակունյաց դուրս գալիս իմ ուշադրությունը գրավեց երկհարկանի քարե մի հին շենք․․․ Կանգնեցի, որ նկարեմ․․․ Մարդիկ մոտեցան․․․ ի՞նչ է անում մեր կողմերում հարգելի Բլեյանը՝ ծանոթ հարցով…
– Թափառում եմ,- տիկին Ժենյայի թողած դրոշմը դեռ կա,- նկարում եմ… Ի՜նչ լավ տուն է, ովքե՞ր են բնակիչները․․․
– Ձեր սովորողն է՝ Էմիլիա Այդինյանը․․․
Ողջո՜ւյն, Էմիլիա։
Սևանի և Արշակունյաց փողոցների, Ձերժինսկու անվան հաստոցաշինական, ռետինատեխնիկական, պահածոների, 14-րդ գործարանների միջև պարտակված իմ թաղից Գետառի ափին, Զանգվի ավազանում մնացել եմ ես։ Ինչո՞ւ է ուշանում Հայկազ Մարգարյանի հրապարակումը Գետառի մասին։ Ողջը հիմա բետոնե-մետաղե ցանկապատերի մեջ է, կողպեքներով, արտադրական մի ընդարձակ տարածք՝ կողպած այնպես, որ Բլեյանն իր հեծանվով-առանց հեծանվի չի թափանցի․․․ Բետոնե խուլ պարիսպների մեջ է և երկաթուղային կայարանից մինչև Սևանի փողոց, գագաթին երկաթգծի քանդված կամուրջ ձգվող տարածքը։ Սևանի փողոցից Տիգրան Մեծ, Ուպրավլենի-Տերյանի անվան դպրոց բոլոր անցումները մեր նախկին թաղից խուլ-անառիկ-փակ են։ Կամ ես՝ կրկնակի խելառ Բլեյանս, որ Կրկնազատիկով, հեծանվով, առավոտ 7-ից սկյուռի պես Զանգվի մի հատվածում շրջագծով․․․ 4 ժամ վեր-վար է անում… Չեք շտապում, չէ՞․․․ Երևան մոլը շրջանցող փողոցով, Սևանի փողոցից-Արշակունյաց անցումով մտնում եմ Կաշեգործների նշանավոր փողոցը․․․ Գետառի-Զանգվի կանալի արանքում ծվարած, երկար ձգվող այս թաղն ապրում է․․․ ինձ հիշող-ճանաչող, աղավնի պահող հասակակիցներով․․․
Այստեղ ես տանն եմ․ մարդիկ ապրում են, ափսո՜ս, շատ ուշ են արթնանում, ու հսկա ավազանը՝ աղբանոց-ավերակ-լքված շինարարությունների, նշանավոր կաշվի գործարանի ստվերների, ինքնաթիռների-ռադիոդետալների գործարանի մի արտադրամասից եկող հաստոցների ձայներով, ինձ կլանում է տանում։ Ես գտա ինձ։ Ինչո՞ւ պատմել․ ես սիրով բոլորիդ կուղեկցեմ․․․ Միայն ե՞ս եմ կրկնակի խելառ մականունով, միայն ե՞ս եմ Զանգվեցի․․․ Պապերով-արմատներով հազարները․․․ Երևանի, Զանգվի ավազանի հնաբնակներ ու Զանգվի այսօրվա տերեր, ուր կաք, հե՜յ, դուք մասիվներում-բանգլադեշներում-Դավթաշենում-Աջափնյակներում… ինչո՞ւ չգաք, չանցնեք, չպատմեք… Ինչո՞ւ Աբովյանը գրի կառներ-կուսումնասիրեր 1840-ի Թիֆլիսը․․․ Դուք Երևանի մասին չեք անի դա ձեր այսօրով, ձեր հիշողություններով կենդանի․․․ Ձեր վերադարձով։
Իսկ երեկվա իմ 1017-րդ գրում վրիպում է եղել, որը ես սիրով ուղղում եմ։ Կիրակի օրը Գեղարվեստում Դիանա Տատինցյանի հետ աշխատել է ոչ թե Արփի Սահակյանը, որ ծնունդ էր գնացել, այլ Աննա Սողոմոնյանը։ Նրանք՝ Դիանան, Աննան ու Արփին, այսօր էլ միասին աշխատում են. տեսել եմ։
130 տարում առաջին անգամ Մեծ Բրիտանիան անցկացրել է օր՝ առանց ածխի էլեկտրակայանների։
Պատրաստվե՛ք մեկ օր առանց աղբի Զանգվի օրվան…