Երուսաղեմում, ողջ ուխտում այս, Պաղեստինի բոլոր ուղտերից ամենահետաքրքիրն, իհարկե, Դավիթ Բլեյանն է․․․ Որքան էլ ավտոբուսային ճամփորդությունը երկար` Թաբոր-Գալիլեան Դավթի հասունության ցուցադրման-հայրացման հարթակը դարձավ։ Ես Դավթով այսպիսի հիացում ապրած չէի։ Հասուն է մեր տղան․ փաստ է։ 

Առավոտ 7-ին եկավ, պատշգամբում կանգնեց Տիբերական ծովի լուսաբաց-արևածագով հիացող, ներկայացնող հոր կողքին, հետո․․․
— Պա՜պ, լիճը ներքևում ա, մարդ, խանգարող չկա, գնացինք լողալու․․․
Լողաց ծովում, ավազանում․․․ Սրանից մեծ ուրախությո՞ւն մեծացող տղայի․․․ Լողազգեստով, ոտաբոբիկ անցավ ողջ ճանապարհը․․․ Ձայնագրիչ էր պետք այս մեծախոսին փաստագրելու համար․․․ Հետո ամենուր ծովն է փնտրում․․․Երանիների բարձունքի վրայից, լսելով իմ ընթերցմամբ լերան քարոզը՝ Ուսուցչի ուղեցույցը, որ ես փոխանցեցի մի գողտրիկ անկյունում Լերան, նավի վրա զբոսանքի ընթացքում, նավահանգստում․․․ մտքում ծովն է, ջուրն է, լողը․․․ գցվելը, լողալով ծովը կտրել-անցնելը․․․ Կտրեց, անցավ Հորդանան գետը նրա սկզբնավորման տեղում՝ ակունքում․․․ Դուք գիտեի՞ք, որ Հորդանան գետը սկիզբ է առնում Գալիլեական լճից (Սինարա լճից, որ եբրայերեն կոչվում է Քնար) ու գնում, թափվում է, մեռնում է հե՛նց Մեռյալ ծովում՝ չփրկելով ծովին․․․ Դավթի հետ լողալով անցանք Հորդանանի աջ ափից ձախը ու միասին Ուխտի մեր ծրագիրը կազմեցինք, այսպես, լողալով աջ ու ձախ ափ անցումներով, ափամերձ ապրելով Հիսուսի հետքերով մինչև Մեռյալ ծով․․․ Ինձ մնար, հե՛նց երեկ Հորդանան գետով կիջնեի Մեռյալ ծով, այնտեղից ջրանցք կգտնեի-կփորեի մինչև Միջերկրական ծով, այնտեղից էլ՝ Սև ծով, Սև ծովից էլ Բանգլադեշ ոտի ճանապարհ է։ Ես չգիտեմ, այսպիսի շարունակությունը որքան ցավոտ կհնչի Արմինեի ու Դավթի համար, համ էլ ուխտը ընտանեկան է և պիտի ի կատար ածվի։ Իսկ Դավիթը շարունակ հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին մենք պիտի լինենք Բեթղեհեմում։

— Պա՜պ, գնանք Շուշոյին տեսնենք, հետո նոր․․․
— Պա՜պ, Շուշոն լավ քույրիկ է, իմ մասին Վիեննայից հոգ է տանում․․․
— Պա՜պ, ինձ չի մոռացել, որ տեսնենք` կփաթաթվենք, լա՞վ, պապ, հետո մետրո կնստենք, գնացք, տրամվայ․․․
— Ես առաջին անգամ նավ նստեցի․․․ Ես ուզում եմ իսկական գնացքով ճամփորդեմ․․․

Էս քաղցր-մեղցրը ինձ «ոչ»  ասողն է, իմ զոռի-բռնության դեմն առնողը․․․ Տեսե՜ք, ոնց է նմանակում, ծալած ցուցամատը զայրույթով կծում-ցուցադրում, խեթ նայում ու աննահանջ կանգնում իմ դիմաց․․․
— Ի՞նչ ես բարկությունդ տարածում բոլորի վրա․․․ քեզ պահի պա՜պ, մի՛ բարկացի․․․

Խոնարհության-հեզության (առաքինության) մյուս ծայրը, որպես հականիշ` բարկությունը, այս ուխտով կկարողանա՞մ հաղթահարել` ունենալով այսպիսի՝ տղայական-որդիական աջակցություն․․․ Ճանապարհին, դադարին, բլրի վրա երեք լուսավոր հարթակներ էին երևում, անապատում Քրիստոսի հայտնի փորձության երեք կանգառները։

Ուղտը ճանապարհին մեզ էր սպասում, իսկ Դավիթը, երեկոյան ութն է, խորը քնած է․․․ հոր նման հանգած․․․ Առավոտ 7-ից` որպես հեղեղ հորդել է․․․ ու հիմա հանգել է․․․ Ո՜նց էի ուզում` ուղտ հեծներ․․․ Հետո, երբ արթնացավ, պատմեցինք. լսեիք, թե ինչ համբերությամբ նետեց՝
— Պա՜պ, ոչինչ, Բեթղեհեմում ուղտեր մենք կտեսնենք․․․ Ասում եմ քեզ, պա՜պ․․․ Ինձ տատիկներն են խոստացել․․․
— Ուզում ես` արագ լինի, պա՜պ, պիտի ցնցուղի տակ հագնվեմ, լողալով հագնվեմ․․․
— Ես Հիսուս Քրիստոսն եմ,- ծիծաղում է․․․
— Ի՞նչ է, ուզում եք Արաբո, Արաբո քաջ ֆիդայապետ դառնա՞մ․․․,- սարկավագ Վոլոդյայի հրամցմամբ ուխտավորների սիրելի երգի տողերն են․․․

Դավիթ Բլեյանը, իհարկե, սիրահար է․ Մարիամ անունով ուխտավորը հրեշտակի է նման, բա մազե՜րը․․․ Բոլորիս, իհարկե, հատկապես Դավթի ուշադրության կենտրոնում է․․․
— Մարիամին ոչ թե սիրում եմ, այլ շա՜տ եմ սիրում, պա՜պ․․․Մարիամը որ դառնա 3 տարեկան, ես կդառնամ 6 տարեկան, որ դառնա 4 տարեկան, ես կդառնամ 7 տարեկան։
Էսպես, Մարիամով հասանք մինչև իր 55 տարեկանը․․․ Սա դեռ ոչինչ, եղել է, որ Դավիթը հաշվել է տվել մինչև մեկ հազար ինը հարյուր իննսունինը․․․ Իսկ Մարիամը, որի մազերի հետ Դավիթը խաղում էր Երանիների եկեղեցում, ողջ ժամերգության ընթացքում, մեր ուխտի ամենակրտսեր մասնակիցն է՝ յոթ տարեկան Արմենի քույրիկը․․․
— Պա՜պ, տեսա՞ր Մարիամին ներքևում, հագնվել էր, էլի սիրո՞ւն էր, պա՜պ․․․ Դե ես էլ լողանամ, հագնվեմ։ Ի՞նչ եմ հագնելու, մա՜մ․․․
— Պա՜պ, որ ես Հորդանանն անցա, Մարիամը ո՞ւր էր, ինձ տեսա՞վ․․․
— Պա՜պ, Հորդանանը ոնց որ Հրազդանը լինի, Գալիլիայի լիճն էլ` Սևանը․․․
— Պա՜պ, Կասպից ծովը Հայաստանում չի՞։ Ադրբեջանը պետությո՞ւն է․․․
— Հա, Դավիթ, Հայաստանի նման պետություն է, մեր հարևան․․․
— Պա՜պ, բա ինչո՞ւ պիտի կործանվի․․․
Ուխտավորներն են ասում․․․, հա՜յ, ուխտավո˜ր․․․

Մնաց Նունեն Մովսիսյանի` Հայոց Երուսաղեմ ուխտի նախագծի գրադարանի հոկտեմբերի 7-ի ծրագիրը հրապարակեմ, ինչը անում եմ սիրով։

Հոկտեմբերի 7․  
Լոդ՝ Սուրբ Գևորգի գերեզման, Հոպպէ (Եաֆֆա) հին քաղաք, Սուրբ Նիկողայոսի հայոց վանք։
Թել Ավիվ, Միջերկրական ծով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրենիքն ամենագեղեցիկ հորինվա՞ծք, մայր…

«Այսօր ես շատ տպավորված եմ տուն եկել, դրական լիցքերով, ինքս էլ Փոքրիկ իշխան դարձած»։ Գրում է Վանուհի սովորողը՝ շնորհակալությամբ՝ Արևելան դպրոցը «Փոքրիկ իշխաններ»-ի հավաքատեղի դարձրած Վանուհի ուսուցչուհուն… Կրթահամալիրում ուսումնական կյանքի ամբողջական ներառմամբ

Ետտոնական Դավիթ

Դավիթն արթնացել է… – Մամ, պառկել եմ, նայում եմ քեզ… Հետո երգում է՝ համամ-զամ, զամ, զամ (ծաղրածուի երգն է երեկվա)… – Գիտե՞ս՝ Շուշոն եկել է… – Վիեննայի՞ց է եկել, ինքնաթիռո՞վ…

Պապ ջան, կներես…

Պապ ջան, կներես… Այսպես ես դիմեցի երեկ իմ Շամխալբեկ հորը, երբ ավարտել էի թվով 1278-րդ օրապատումն անընդհատ ու ընկղմվել գոլ ջրի բաժակով մի հեռավոր փնտրտուքի մեջ խորը-անանցի… Չփոխեցի-չավելացրի. հա՛մ գրել