Այսպիսի գիր՝ վռազ, որպես էսսե ճամփորդական, համերգ հրաշալիից առաջ, որպես նախերգանք…

Գիտե՞ք, ինչի մասին էր մեր խոսքը-զրույցը Արատեսից հագեցած աշխատանքային օրվա վերջին, երբ իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռավոլիի, քանդակագործներ Վիգեն Ավետիսի ու Ալիս Գևորգյանի հետ դպրական կենտրոնի հարավ-հյուսիս ուղղությամբ տուն առ տուն անցանք մեզ Նորավանք ուղեկցած Եղեգնաձորի հայտնի դարձող ճարտարապետ Արման Այվազյանի, ճարտարապետության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Վահրամ Աղաջանյանի հետ, Հերմոնի գյուղապետի ու Եղեգիսի համայնքի ղեկավարի տեղակալ Գայ ու Դավիթ Օհանյանների ուղեկցությամբ… ծանոթացանք, արձանագրեցինք յուրաքանչյուր կացարանի թերացում-զարգացում-ապրիլյան աշխատանքները։ Անցանք հարավի առաջին տնից մինչև հյուսիսի վերջինը, դրանից էլ վեր՝ Արատես գետի խառնարան՝ հյուսիսայինարևելյան վտակով, մեծ դադարներով Արատեսի վանքի ծիսական հարթակում, ակումբում, որտեղ մեր իտալացի գործընկերոջը ցույց տվեցինք մեր թոնրատան ողջ հմայքը ու արդար սեղանի շուրջ բաժակ բարձրացրինք հունիս-հուլիսյան հայ-իտալական ճարտարապետության-քանդակի բաց փառատոնի հարատևության համար…

Ճամփորդական լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

Իսկ երբ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի ու փոխմարզպետ Նանե Բագրատունու սիրալիր ընդունելությամբ բազմամարդ հավաքին ներկայացրել էինք Արատեսյան ստեղծագործական հավաք-փառատոնի ծրագիրը՝ Վայոց ձորի մարզի մասնագիտական-սիրողական ընկերակցության լիարժեք մասնակցությամբ, երբ պայմանավորվել էինք կրթահամալիրում մարզպետ-փոխմարզպետի ընդունելության և առաջիկայում իմ ուղեկցությամբ Արատես նրանց աշխատանքային այցի մասին, փառատոնի պատրաստության ընթացքին ծանոթանալու համար, երբ Նորավանքի Արփա-Պառնաս պանդոկի սիրալիր թեյախմությանն էինք արժանացել ու Նորավանքի կիրճի մուտքին ամեն օր, առավոտից իրիկուն ստեղծագործող ինքնուս քանդակագործներ Ռուբեն ու Կարեն Ղազարյան եղբայրներին հրավիրել էինք մասնակցելու քանդակագործության մեր փառատոնի աշխատանքներին… Երբ ետևում էին մնացել Արենի-Արփան, տարածաշրջանի սիրուն աղջիկների բնակավայր Չիվան ու զարմանալի քարափ-միջնաբերդով Ելփինը, որի նմանը ըստ Ռոբերտոյի մեկ էլ կա Աֆրիկայի չգիտեմ որ երկրում, խնձորաշատ, հյուրընկալ Չանախչին… Երբ Եղեգնաձոր-Երևան մայրուղուց աջ էինք թեքվել, մտել Ուրցաձոր-Վեդի գեղեցիկ ձյունազատ ճանապարհ՝ ընդառաջ մայրամուտի արևով բոցավառ ու աստվածային-պառնասային լույսով ողողված անհունին, խաղաղ-տիեզերական, որի նմանը ըստ Աշոտ Բլեյանի, ինքը տեսել էր 1973-ին Ղազախստանում՝ ուսանողական-շինարարական ջոկատների առաջին ամռան երկար ընթացքում դեպի Կոկչետավ, որը, չնայած Արատեսի հյուսիսի բարձունքին մեզ բռնած կարկուտին-ձյան-քամուն, աննման-չտեսնված պարգև էր մեր օրվա, հայ-իտալական մշակութակրթական զարգացումների անսպասելի թափի-հեռանկարի համար… Վիգեն Ավետիսի ասած՝ չհաշվվող այս ու նման հրաշալիների օրերը թողած ետևում՝ մենք մեքենայում լսում էինք մեր ընկեր Ռոբերտոյին… Նա հանձնարարություններ էր տալիս մեզ, շատ գործնական, որպես նախագծի համակարգող՝ Վիգենին, ինձ, Ալիսին, մենք էլ հենց մեքենայի միջից փոխանցում էինք դրանք ձեզ, ընթերցող-չընթերցող գործընկերներ…

Կրթահամալիրի Բանգլադեշը՝ իր քառասնամյա բազմահարկերով, բնակիչների միջամտություններով կամայական-հուռի, այնքան հոգնեցրել է, անտանելի դարձել մշտական բնակչի կանչով մեր հեղինակային մանկավարժության ցանցային տարածման կենտրոն լինելու համար… Գույն-թեթևություն-ճախրանք է անհրաժեշտ, կանաչի նոր դիզայն, բնություն, ելևեջներով լուծումներ, այնպիսին, ինչպիսին փռված էր, տեսանք, Երևան-Արատես-Եղեգիս-Երևան ճանապարհին, ինչպիսին, Ռոբերտոն ասաց՝ մեր առավոտյան շարականներն են, այսօրվա մեր երգեցողությունը ուսուցչական…

Իսկ վերնագիրը, որ Ռոբերտոյի բացականչությունն է Նորավանքում, լրացնում եմ հիմա մեկ նշանով հարցական, Ռոբերտո ջան՝ շա՞տ հեռու էր ձեր աշխարհը մեր աշխարհից…

Մասնակցային ճարտարապետություն Ռոբորտո Ռավալիի հետ։

Ֆոտոխմբագիր՝  Տաթև Աթոյան
#1615

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ գիրն էլ, որպես «թափառող ընթերցարան»…

Ես չեմ կարող մասնակցել, ոչ էլ առայժմ Դավիթ Բլեյանը, տիկին Աիդայի ու իր թոռնիկ Արեգի շրջիկ-խաղալիք ընթերցարանի կազմմանը, այնպիսի ընթերցարան, որ, Արեգի ասելով, «թափառող ընթերցարան» լինի, «ոնց որ շները, դրանց

Ձմեռ պապի գավազանի կախարդանքի ողջ ուժով…

Սովորել-ճանաչել, իմանալ-տարածել՝ փոխանցել նաև որպես Ձմեռ պապ՝ իր գավազանի կախարդանքի ողջ ուժով… Որքան էլ ամանորի պարտադրած անհոգությունը, օր առաջ պարապ, իբր հրաշքի սպասումին հանձնվելու հանրային իներցիայի ուժը զոռում են, կա՛

Ով դարի՝ ով բարի…

Իմ այս տեսանյութի հերոսին հանդիպեցինք Եղեգիսի կենտրոնում, երբ Վիգեն Ավետիսին ու Աշոտ Ասլանյանին ներկայացնում էի Օրբելյանների տապանատունը, իսկ 26-ամյա Սարգիսը իր Նիվա-ամենագնացով քշում էր ուլիկ-գառուկների խմբերին…