Իմ օրը ապրիլի 25-ի սկսում եմ mskh.am-ի Թատրոնի ուսումնական բլոգում Գետառի մասին «Սեփական փորձով խցանված երակ» 27 րոպեանոց ֆիլմը դիտելով: Արժանին մատուցելով արժեքավոր-եզակի այս TV ուսումնասիրության հեղինակներին՝ «Գետը քաղաքում» նախագծով մեր գործընկերներին, ասեմ՝ ես այս ամենը գիտեի իմ մանկությամբ-պատանեկությամբ, իմ կենսափորձով… իմ երևակայությամբ… Շնորհակալ եմ Քնարիկ Ներսիսյան, տպավորված:
Ես հիմա էլ ապրում եմ Գետառի ափին, Խանջյան փողոցում. Օղակաձև այգու այն հատվածը, որտեղ Գետառը բացվում է երևանցիներին, սիրահար զույգերի համբույրի-գրկախառնության իրոք սիրված վայրերից, մեր շենքի դիմաց է, Խանջյան փողոցն է մեզ բաժանում: Դավիթ Բլեյանի հետ հաճախ եմ անցնում մետաղե կամրջակով, կանգնում գահավիժումի առաջ, որտեղ Գետառը նորից մտնում է գետնի տակ… աչքից-մտքից հեռու, բայց ոչ փորձանքից, ոչ մեր կյանքից դուրս-անդին… Իսկ Մայակովսկի գյուղ՝ Գետառի սկիզբ, և Հրազդան՝ Գետառի գետաբերան (որտեղ թափվում է Գետառը) այցելություններն իմ օրակարգում են… Մենակ հո չե՞մ գնալու. հետևեք իմ գրին։
Լուսանկարները` Աշոտ Բլեյանի:
Գետառի մասին մի ուսումնասիրություն-ֆիլմ ստեղծեցին սեբաստացիները ամենամյա մեր «Էկոտուր»-ի շրջանակում… Ինչո՞ւ այն շարունակություն չունեցավ… Գետառը, որ մեր հայրենիք-մայրենիի երակներից ամենամայրաքաղաքային Զանգվին հավասար, նրան միախառնված է, մայրաքաղաքի կենտրոնից դուրս, կենտրոնական ու քաղաքային-թաղային իշխանության իբր աչքից հեռու-աննկատ, ասել է՝ բրախած-թողտվությամբ, ճարպիկ ինքնագործունեության արդյունքում շարունակվեց ծածկվել… Գետնի տակ անցավ-անցնում է մեր գետը. «Գետը քաղաքում» ծրագրով քանի՜ ուսումնասիրության արժանի հուզիչ-կենսական ֆիլմի նյութ կա առջևում…
Հեծանվային պարապմունքներ Հարավային դպրոցում:
Օրեր առաջ ես հայտնաբերեցի իմ մանկության թաղում արտադրական տարածքի տակ մնացած Գետառի ելքը… Գիտեք, ժամից ավելի փնտրում էի, ոնց որ կորած երեխայի, ինձ համար մանկության զիլ ձայն… ու ջրի ձայնով գտա… Ո՜նց ուրախացա… Հետո Սևանի փողոցում՝ դեպի Արշակունյանց փակուղում, կամրջակի վրայից ես երկար դիմավորում էի փակուղու տները, աջ ու ձախ ափեր ստեղծող գետն իմ, դրանց միջով դեպի ինձ վազող խելառ Գետառին… Այդպես ես դիմավորում եմ Զանգվին, նրա որևէ տուտին, իմ կյանք դարձած շրջագայությունների ժամանակ… Միախառնվում են, չէ՞, Գետառն ու Զանգուն հենց մայրաքաղաքում, միասին որպես Հրազդան հոսում ևս տասնյակ կիլոմետրեր մինչև Արաքս թափվելը… Ի՞նչ է, Արաքսը մերը չէ՞, կարելի է կոյուղի դարձնել գետն ու թափել Արա՞քսը, թունավորել ո՞ւմ, թուրքերի՞ Արաքսը, ադրբեջանցիների Կասպի՞ցը… Իմ օրագիրը Զանգվապատում է դառնում «Գետը քաղաքում» նախագծի հանրային հսկիչի (Մաթևոսյանի հայտնի հերոս Տերը), ինքնակոչ տրիբունի… Մի բան պիտի մտածել…
Ես իրոք հիացումի-վայելումի-ճանաչումի օրեր-ժամեր եմ անցկացնում Զանգվում: Ու Աբովյանի նման, Աբովյանի հետ ես սիրեցի քեզ, գետ իմ, ու առանց քեզ չիք իմ կյանքը, մենք այլևս անբաժան ենք, ու քո հոգսերը-ուրախություններն իմն են, Զանգի իմ, գեղեցիկդ իմ Հրազդան… Իսկապես որ՝ իմ բնակարան։
Երեկ մինչև ժամը 10-ը՝ ապրիլքսանչորսյան «Կանաչ ապրում» նախագծի մեկնարկը կրթահամալիրի Բանգլադեշում, ես իմ օրը սկսեցի առավոտ 7-ին, Հաղթանակի կամրջից աջ շրջադարձ, կամրջի տակով, Թաիրով ողջ փողոցով, Ամերիկյան (նախկին Էջմիածնի) փողոցով, Գագիկ-Լուսինեի տան հայտնաբերումով, սուրճով-կոնյակով… պայմանավորվածություններով… Զանգուն իմ թաղն է… Հետո «Կանաչ ապրում»՝ կրթահամալիրի Բանգլադեշով մեկ, ոնց որ քչքչացող Զանգվի տեսարաններ ձախ-աջ ափի. ինչպիսի՜ խանդավառ դեմքեր՝ տարատարիք սովորողների, հմայքը բազմապատկած, ոնց որ ծաղկած-բողբոջած-նոր-նոր կանաչած թարմ ծառեր, ուսուցիչներ-ծնողներ… Տեսեք՝ ինչպիսի խանդավառ-աշխատանքային տրամադրություն էր Հարավային դպրոցում։
Տեսանյութը՝ Լուսինե Գասպարյանի։
[youtube https://www.youtube.com/watch?v=j0vomFq0Y-s?rel=0&showinfo=0]
Օրվա վերջում, այո, ես շտապում էի… Խոստացել էի տեսնել Կաշեգործների փողոցից մետաղե կամուրջը Զանգվի, բայց ուզում էի անցնել Նորագյուղի այգիներով… Երեք-չորս ժամ ես կորա այգիներում, գտա նոր զանգվեցի ընտանիքներ, ճժեր, ընկերներ, հեռու-մոտիկ ծանոթներ, չորս եղբայրների ընտանեկան ընդունելությանն արժանացա Ամերիկյան 98 հասցեում… Սրանք ֆիլմեր են, թողնելու բան չէ, մի մարդու գործ չէ, մի տիարի. հա՛մ կրթահամալիրը, հա՛մ Զանգուն նույն Տիարո՞վ… Հանգուցալուծվում է, մոտենում է… Լրջանանք, բարեկամներ: Ես անցումների մարդ եմ եղել, մնում:
Իսկ մայիս ամիսն ընդառաջ է գալիս Զանգվի նման սպասված-քչքչալով, տարերք որպես: Տա՜ր ինձ, մայիս, ու տրվեմ ես քեզ իմ ողջ ուժով-երևակայությամբ-անխնա: Մայիսյան շարժախաղերը՝ «Իմացումի հրճվանքի» ռոդարիական մարզախաղերը, բակային-ավանդական խաղերը, ռազմամարզական խաղերը, Վահրամ Թոքմաջյանի նախաձեռնած հոլախաղերը մեր մայիսյան օրացույցում են… Մայիսի առաջին օրերին դրված կլինեն լողավազանները, կարգի կբերվեն լողափերը… Հեծանիվների սարքինության ստուգատեսն ավարտվեց բոլոր դպրոցներով մեր… Մայիսը ամենաստեղծագործական ֆիզիկական բարձունքների նվաճման շրջան է. դրա մեկնարկը մեր տիար Գևորգն ու Ալբերտ Տոնոյանը Հատիսի նվաճումով տվեցին, մինչ ես կորել էի Զանգվի ձորերում…
Միջին դպրոցի սովորողները Մասիսի ձկնաբուծարանում:
Ֆոտոշարը՝ Լիլի Եղիազարյանի:
Թվում է՝ Սուսան Մարկոսյանը քննարկման ներկայացրած օրացույցում մայիսի բաց տեղ չի թողել, Գետառի նման ծածկել է ողջ ամիսը ամենամսյա-ամենօրյայով, ավանդականով-ծիսականով… Օրացույց է, այդպիսին պիտի լինի. դատարկ օր ո՞նց կլինի… Բայց չէ. կա: Ես բան ունեմ ասելու: Զանգուն բարեխիղճ հետևողականություն է պահանջում… Սերը ստանում եք-կստանաք լիուլի: Մեր Զանգու-Հրազդանը՝ իր Գետառով, վտակներով, ջրանցքներով, մեր կիսատ-պռատ՝ միջոցառումային մոտեցման զոհն է: Այսպես չմոտենաք: Հուզեցիք ինձ Հայկուհի սենսեյ, Քնարիկ Ներսիսյան ձեր այս բարեխիղճ-հետևողականության քայլերով…
Հարգելի տիար Բլեյան, ներկայացնում եմ «Սիրուն Զանգի» բլոգը: Բլոգում հավաքագրել եմ Զանգվի մասին mskh.am-ում հրապարակված բոլոր նյութերը: Վաղը Լուսինե Բուշի օգնությամբ բլոգում կբացենք համապատասխան էջեր՝ խորագրեր, ինչպես նաև կստեղծենք ավելի ներկայանալի շապիկ:
Հարգանքով՝ Քնարիկ Ներսիսյան
…. սիրով Ձեզ ուշադրությանն եմ ներկայացնում օրվա արձանագրությունը՝ կապված Թաիրովի ջրանցքի հետ։ Ապրիլի 28-ին և 29-ին նախատեսվում է կրկին ստանձնել ջրանցքի մաքրման աշխատանքները։ Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
Հարգանքով՝ Հայկուհի
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1019