Հովհաննես Թումանյանն ինքն իր մասին է այսպես ասել՝ պետք է արժանին մատուցեք այն մարդուն, ով կարողանում է բարկանալ այն ժամանակ, երբ պետք է, այն մարդու վրա, որ պետք է, այն պատճառով, որով պետք է, այնքան, որքան որ հարկավոր է: Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրներից Արիստոտելի կարևոր կյանքի այս 15 դասը համեցեք հղումով այս:
Հորի՞ցս, ով ինձ հանդիպած ամենահանդուրժող մարդն է մնում, փոխանցվել է այս հերսոտությունը աննահանջ: Գիտեք-լսել եք` քանի՜ անգամ վճռականություն ցուցաբերեցի հաղթահարել ամենայն… ի՞նչը, բնույթով տրվա՞ծը, այն, ինչի համար Արիստոտելը կոչ է անում արժանին մատուցել… Ամենուր Չարենցի ու իմ հերոս Աբովյանն է ինձ հետ… Այս անգամ արժանի մղումով…
…Երբ ինքը մի գյուղացու
Ուզում էր սառցապատ ճանապարհից գցել,
Որովհետև այդ բութ գյուղացին
Համոզել էր, թե ինքը գիտե ճանապարհը,
Բայց հասցրել էր իրենց անդունդի…
Այսպիսի՝ անդունդը գլորելու վիճակում ես տեսել եմ հորս ամեն անգամ, առանց «գյուղացիների» միջև խտրություն դնելու, եթե անգամ հարազատն էր իր… Այս վիճակի առաջ ես կանգնում եմ նաև, երբ համակարգչի առաջ եմ, խաղաղ-հանդուրժող-ընդունող այնքան, երբ մտքի-փորձի պակաս կա, բայց ոչ տգիտությունը իշխանատենչ…
«Երգող շրջանավարտները» նախագիծ. լուսանկարները՝ Մարինե Խաչատրյանի
Դավիթ Բլեյանի հետ շարունակում ենք որպես առօրյա զբաղմունք չափել-հաշվել առանց սահմանների… Սահմանները, արգելափակոցները բոլոր տեսակի մեծերի մանկությունից-դպրոցից, աշխարհից եկած, փոխանցված են… մի տեսակ ինքնաբերաբար… Ամեն անգամ դարձեք քուչի ախպեր (սրա հոմանիշը եղբայրն է), եթե քուչին` փողոցին, հարգանքով մոտենանք, հավատարիմ ուղեկցող ձեր երեխային-ընկերոջը-անծանոթին, ով Թումանյանի հայտնի հերոսի՝ Աքաղաղի պես վիզը ձգում է, որ իմանա, թե ինչ կա պատնեշից այն կողմ, ու առաջարկում է դրա համար իր ուղեկիցը դառնալ ճամփորդության-իմացության…
– Պապ, գիտե՞ս՝ մինչև միլիարդը հաշվենք, ձմեռը նորից կգա…
– Հա՞, Դավիթ, չէի մտածել, արի ստուգենք…
Ու մենք անշտապ հաշվում ենք-չափում ժամանակը…
– Ցույց տուր մեկ վայրկյանը, պապ…
– Մեկ,- դադարով ասում եմ ես,- լսեցի՞ր տևողությունը…
– Ժամանակը չեն լսում, պապ…
– Իսկ ես չգիտեմ՝ ինչ անել ժամանակը, ապրելուց բացի՝ սրբազան վայրկյանը, Դավիթ ջան, որ ըստ Չարենցի՝ բռնկում է ու մահ…
Ծիծաղում է Դավիթը նշանավոր… խնձորն ուտելով.
– Իսկ զրո վայրկյանը կարո՞ղ ես ցույց տալ… ո՞րն է զրո վայրկյանը, պա՛պ… Զրոն ի՞նչ է ցույց տալիս… որ չկա, պա՛պ, բա վայրկյանի հետ ի՞նչ եղավ… Ժամանակը չքացա՞վ…
Կիրակի է: Առանց ավտոբուսի-մետրոյի Դավիթն ինձ բաց թողնողը չէ… Արմինե մայրիկը՝ գնումների, մենք՝ Թումանյանի թանգարանով, հետո՝ Սարյանով, թափառումով Օպերա, ավտոբուսով վեր, Բաղրամյանով մինչև մետրոյի վերջին (սկզբի) կայարան, մետրոյով՝ Հանրապետության հրապարակ, հետո՝ ոտքով-ճամփորդելով տուն… Դավիթ քեռին իր եղբայր Վահանի ու քույրիկ Տաթևի հետ պիտի խոստացած այցը կատարի եղբայրիկներ 5 տարեկան Հայկազին, երկու ամսական դարձած Դավթին, նրա եղբայր, մեկ ու կես դարձող Միքայելին… Հարազատությունն այսպես է հարատևում-փոխանցվում: Իսկ Թումանյանի տունը, ինչպես իսկական պապիկի-հոր տունը՝ խնամված-լուսավոր, առանց «չէ»-ի, ընդառաջող-նվերներով-անակնկալներով:
«Վեց համարի երթուղին». լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։
— Էլի կգանք, պապ…
Իհարկե, հենց սրա համար էլ եկել ենք, որ էլի գանք… Մենք թանգարանի սիրելի տիրուհի Նարինե Թուխիկյանի հետ տնտղեցինք-ընտրեցինք առաջիկա ուրբաթ օրը մեր «Կարդում ենք…» ուսումնական նախագծով ընդհանուր պարապմունքի տեղը-ձևը… Իսկ տուն չհասած՝ զանգում է Չարենցի թանգարանի տնօրինուհին՝ մեր լավ բարեկամը դարձած Անահիտ Ասատրյանը, ու առաջարկում չարենցյան հանդիպում մեծ, ընդարձակ, այնքան, որ Թատերական հրապարակը նեղ լինի… Լավ է, որ ոգևորվել է… Բայց օպերայի շուրջ նորից քանդել են… Ինչի՞ են պատրաստվում քաղաքային իշխանությունները՝ ընտրությունների՞… Ու ես հիշեցի Զանգվի ձորի՝ շաբաթ օրվա, հին՝ Աբովյանի շրջանի, 1826-1829 ռուս-պարսկական պատերազմով Արևելահայաստանի կենտրոն դարձած Երևանի գետի տարածքը… Ի՜նչ գարշահոտ է, որքա՜ն կեղտ, ավերակ-աղբանոց է հաստատվել մեր մեջ, «մեկ տուտը՝ Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը՝ Արազի (Արաքսն է մայր) քրքրված ղրաղումը… Ձորագեղ մտնում, որ Հայաստանի սուրբ գետինը ոտնատակ տվողին… մեր հազար տարվա թունալից, անբժշկելի յարեն կտրի…» Նորից նույն բութ գյուղացի՞ն…
Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողները։
Ուռա՜, «Տիգրան Հայրապետյան» բոլոր տարիների մրցանակակիրները սկսեցին խոսել… Մանեն՝ 2010-ից, Հայկը՝ 2013-ից: Մի նոր անվանակա՞րգ հասարակագիտական-ուսումնական նախագծերի շրջանակում. ո՞վ կձևակերպի, հատկապես, որ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ պատմության, փիլիսոփայության, արևելյան ֆակուլտետների ուսանողները ազդեցին, ոչ միայն որպես համակազմակերպիչներ կրթահամալիրի հետ, այլև ուսանողական անվանակարգերով՝ քաղաքագիտական-պատմագիտական, նաև հասարակագիտական ուսումնասիրություններով… Բարի գալուստ ուսումնահետազոտական հանրային նոր հարթակ բոլոր տարիների շրջանավարտներ՝ սեբաստացի-ոչ սեբաստացի. մենք եղել և մնում ենք բոլորիդ կրթահամալիրը՝ առանց խտրության, սիրով: Հասարակագիտական ստուգատեսի՝ Զանգվի քչքչով ընթացող- գարնան վարարով ուժ հավաքող կազմակերպումը կբերե՞ն վաղը մասնաժողով մեր նաև բնապահպանական ուսումնական նախագծերի ամենամյա, 2017-ին թվով 7-րդ ստուգատես-ուսումնահետազոտական բաց հավաքի կազմակերպիչները… Կբերեն, կխոսենք, լեզուս բաց է խոմ Խաչատուր Աբովյանի պես, ով.
Կյանքի նման իր բարդ, խառնիխուռը, լիքը,
Իր խոհերի նման բազմապիսի,
Խոհեր՝ ուղղած դեպի սերունդները գալիք,
Ծրագիրներ՝ կիսատ, կամ սկսված հազիվ,—
Ո՞ւմ էր թողնում բոլորը, ո՞ր սիրեցյալ սանին,
Որպեսզի վաղը նա այդ թերթերից
Գուրգուրանքով հաներ իր խոսքը կենդանի
Եվ խնամքով հանձներ տպագրյալ գրին…
Ֆոտոխմբագիր` Սուսան Ամուջանյան
#981