Մարդու համար վերևից եկած ազատությունը ցողից ավելի չէ, եթե մարդը նախ՝ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ՝ այնուհետև ինքը պիտի բռնանա յուր ընկերների վրա:

Ամբողջական-հասկանալի է ասված, ու ասողն էլ մեր մյուս հերոսն է՝ Միքայել Նալբանդյանը, ում երևանյան հուշարձանի պատվանդանին արդեն քանի՜ տարի մոտենում եմ, մոտենում եմ… Իր նշանավոր-եզակի հաջողված մայրաքաղաքային արձանի մոտ ուզում եմ ձեզ հետ խոնարհումով կանգնել, գործընկեր-ընկեր սեբաստացի ուսուցիչ թե սովորող` որպես մի ուսումնական ճամփորդություն… Սկսե՞նք որպես ուսումնական նախագիծ «Ուսումնական գարուն» ծրագրով, սովորողի մարտյան արձակուրդին, շարունակենք-թափ հաղորդե՞նք ապրիլյան առաջին ուսումնական շաբաթում… Կարևոր է, որ անընդհատ ամեն օր սրտով-մտքով՝ ոգով անընդհատ մոտենա այս` Թումանյանը կասեր հայ ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը… Դերենիկ Դեմիրճյանն է շարունակում. «XIX դարի 60-ական թվականների որոտն է ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը: Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի և ալեկոծության, բերեց փոթորիկ և մաքրեց հասարակական կյանքի օդը»։

Այդպես, որպես տարատարիք նախագծային խմբերով մի երկարատև ճամփորդություն եմ պատկերացնում մեր բնապահպանական հանրակրթական ստուգատեսը, որի մեկնարկը լինի ապրիլին. հետևեք մեր ուսումնական կյանքի կազմակերպիչ օրացույցին, «Օրը Աբովյանի հետ» քայլքով… Ու իրար ընդառաջ գանք՝ Հրազդան-Զանգուի մի տուտը բռնած Սևանա լճից թե Արաքս-Արազ-Երասխից, ու հավաքը՝ տիտիկը, իմ ղեկավարությամբ, իհարկե, Երևանյան ծովի-լճի շուրջ… հունիսի 5-ին` շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը, հունիսյան ուսումնահետազոտական ճամբարի օրացույցով որոշված… Ո՛չ մի խտրություն. եթե Զանգու-Հրազդանը՝ իր Քանաքեռով ու նրա նշանավոր հերոս Աբովյանով կանչում է, սեբաստացի-ոչ սեբաստացի տարատարիք, ուսուցիչ թե սովորող, երևանցի-ոչ երևանցի թող միանա իր ձևավորած խմբով ճամփորդական-նախագծային, ապրիլի-հունիսի իրեն հարմար ժամանակում…

Օ՜, անձկալի
Ժամեր միայնությա՛ն, ընդվզո՛ւմի, խոհի՛,
Ոգու ըմբոստության ու կորովի,
Ստեղծագործ մտքի թռի՛չք ամեհի՝
Ճգնության պես անձուկ* ու թովիչ
Եղիշե Չարենց

 

Ես ձեր աչքի առաջ շատ արագ վերականգնում եմ իմ գարնանային-մինչձմեռային մարզավիճակը՝ հեծանվով Բանգլադեշի մեր Կենտրոնից Խանջյանի տուն իրիկնային իմ ճամփան… Ժամը 19.00 ես Սեյրան բարձունքում եմ… Օհո՜, բաց ենք թողել, եղբայր իմ, հո թույլ չե՞նք տա նորից աղբավայր դարձնեն փողոցով դեպի Նորագյուղ անցող-դարձողները, Ամերիկյան դեսպանատան կանգառի վերածածները։ Սեբաստացիական ո՞ր խումբը առաջինը կարձագանքի՝ Քոլե՞ջը Սեյրանի…

Իսկ «Նոյ» գինու կոմբինատի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակի-աշտարակի մուտքի մոտ, որ իմ հեծանվային ճամփին է, հանդիպում եմ իմ հին ընկերներին… որ հոգնած քարոզարշավային առօրյայից՝ մեքենա են ուզում նստել: Նրանց կուսակցության նախընտրական 15 կետին ես ավելացնում եմ իմը՝ 16-րդը, համահայկականը… Թող 50+1% ձայների դիմաց բոլոր հայաստանցիներին  խոստանա հեծանիվ նստեցնել Գագիկ Ծառուկյանը… Մի բո՜լ ծիծաղում ենք: Այսպես, Գինեսի գիրք անցած գերմանացի այս կնոջ՝ 90-ամյա Ջոան Կասսի վիճակն եմ համարում միակը՝ ինչքան ուզում ես ապրի, բայց այս մարզավիճակում: Ծիծաղեցի՞ք, լավ է, լուրջ չընդունեցի՞ք և՛ այս կնոջը, և՛ իմ ասածը…

Ամեն մեկն իր ճամփով. ես՝ որպես նորահայտ մի Աբովյան… հեծանվով, չգիտեմ՝ որ տարիքում, 1000-րդ համարից հետո իմ օրագրի, իհարկե, դուրս եմ գալու ու հայդե՜… Դեպի լյառը անհաս ու վեհանիստ, դեպի գագաթը բարձր… Ինչ կգտնեմ՝ կիմացվի… Դուք երկար ապրեք, բայց այսպես պտտաձողի, նժույգափայտի թե… հեծանվի, բայց միշտ` ձիու վրա, որպես ճամփորդ `ընթացքի մեջ…

Թաքնված տեսախցիկը (այս անգամ երաժշտության ուսուցիչ Հասմիկ Մաթևոսյանի ձեռքում) ուսուցչի՝ հետազոտող ուսուցչի, հեղինակային կրթության ծրագրով պարտադրված դիրքի, 2-րդ պլանից հնարավոր աննկատ՝ դիտարկողի, միայն ըստ սովորողի պահանջի-անհրաժեշտության միջամտողի գործիք է… Սովորող երեխայի ինքնաբավություն, էկոլոգիայի անաղարտության երաշխավորը… Որքան կարևոր է այֆոն-պլանշետ-հեռախոսի այսպիսի մշտական վիճակը, նրա ներառումը մեծահասակի-մանկավարժական աշխատողի արդուզարդում-զինանոցում, նրա սովորույթ դարձած ինքնաբերաբար գործածումը, mskh.am-ի եթերի անաղարտ միամիտ-կենդանի-բնական վիճակի պահպանումը… Ա՛յ քեզ շարունական մեծ միավորող նախագիծ…

Իսկ նախագծային ուսուցման երեկ մեկնարկած շաբաթի երկուշաբթին ես անցկացրի մի մասով Միջին դպրոցում, նրա ղեկավար Մարգարիտ Սարգսյանի ուղեկցությամբ ճամփորդելով նախագծային միջավայրով… Սա է հեղինակային մանկավարժության այս օրը՝ իր բոլոր բացերով հանդերձ, իր ձեռքբերումներով… Ափսոս, որ իմ՝ անուղղելի-չմեծացողիս նախաձեռնությամբ միջին դպրոցի ճաշասրահի կլոր սեղանի, ինքնաբուխ-քննարկման համար թաքնված տեսախցիկ չգտնվեց… Այ, Հերմինե Անտոնյան ջան, ինչպիսի՞ն պիտի լիներ այս փուլում միջին դպրոցի մեդիան՝ սպոնտան-անմիջական արձագանքող… Ես նեղացա Դավիթ Բլեյանի պես ու նրա պես էլ տարին մեկ անգամ պոզա կընդունեմ, երեկվա ասածս-հավաքածս էլ ձեզ չեմ տա, չեմ կրկնի, կբերեմ իմ օրագիր… Դե, արեք հազարի միջից կարդացեք, գտեք…

Նեղացա և կրթահամալիրի դպրոցների ղեկավարներից-կազմակերպիչներից… հեռարձակում եմ իմ գրով անընդհատ-այսպես… Մարտի 20-ին ես մասնակցում էի մեկ շաբաթ առաջ հայտարարված, մարտ ամսվա և այսօրվա օրացույցով նախատեսված «Երգող շրջանավարտներ» համերգին «Սեբաստիա» համերգասրահում։ Ո՜նց անցան համերգային 45 րոպեները, չնկատեցի։ Տպավորիչ էր։ Շնորհավորենք, իհարկե, երաժշտության լաբորատորիային, նրա ղեկավար Կարեն Խաչատրյանին, ավագ դպրոցին։ Բայց ինչո՞ւ դահլիճում միայն ավագ դպրոցն էր։ Ինչո՞ւ նախագծային ուսուցման այս շաբաթում ո՛չ միջին դպրոցի 6-8-րդ, ո՛չ կրտսեր դպրոցների երաժշտասեր 4-5-րդ դասարանցիներն իրենց երաժշտության ուսուցիչների հետ, թեկուզ փոքր խմբերով, ներկայացված չէին։ Այս համերգը նաև միջոց էր, որ մեր սովորողները ճանաչեն, գնահատեն մեր ավագ դպրոցը նաև երաժշտության, գործիքային-խմբային ու անհատական ընտրությամբ գործունեության արդյունքներով։ Հարցնում եմ՝ ինչո՞ւ։

#984

Explore More

Աուտիզմը հիվանդություն չէ, այլ զարգացման առանձնահատկությո՞ւն…

Ես կլինեմ հետևողական, և շնապահ (կինոլոգ) Վահեի հետ կհասնենք նրան, որ Ատին դառնա իսկական ներառական կրթության մասնակից, բաղկացուցիչ։ Այս հոդվածը ոգևորեց և հուզեց։ Կրկին շնորհակալություն հնարավորության համար։ Երկտողի հեղինակը Հյուսիսային

Չանենք բաներ, որոնց հետ համաձայն չենք

Ինչերի ասես չես հանդիպի իմ էլեկտրոնային փոստում… բայց այսպիսի՜… «Հարգելի, սիրելի մարդիկ, շնորհակալ եմ իմ համեստ աշխատանքը այսքան բարձր գնահատելու համար»՝ ճամբարային գործունեությունը ուսուցչի, որ դրամական արտահայտություն է ստացել նաև Ձմեռ

Օ՜, բնություն, օ՜, մայր, վերադարձիր իմ քաղաք, որն է մայրաքաղաք Երևանը

Ամառային հուլիսն իրավունքների մեջ է. անտեսել չես կարող, իմ օրագիրը՝ վկա։ Ես Երևանում եմ, ավելին՝ ամենօրյա աշխատանքային նույն անցուդարձով (փաստ, որով հիացած չեմ), բայց…  Նայելով մեքենաների չմաշվող հոսքերին՝ տեսնում եմ,