Եվ աքաղաղը վերադարձնում է ծիածանի (թափթփվա՞ծ) գույները․․․ Տեսե՜ք` ինչ գույներ են իմ օրագրի ընթերցողին ծանոթ Չինաստանի Դոնչուան նահանգից․ այստեղ է գտնվում Կարմիր երկիրը, որպես ութերորդ հրաշալիք աշխարհի։ Ուզում ենք, չէ՞, որ այսպիսի գունեղ աշխարհ դառնա Բանգլադեշը մեր․․․  Հավաքեք բոլոր գույները, սերմերը, ավազները, խիճը, թփերը, տնկիները ու ստեղծեք ամենագունեղ երկիրը։ Գարուն է, ու սա է գործը սեբաստացի պարտիզպանի․․․

Եվ երեխաները դպրոցում են քնում լուսնի՞ թափթփվածության պատճառով․․․ Իսկ ուսուցիչնե՞րը․․․
Աղայան-Ռոդարի ստուգատեսն այնքա՜ն սպասված է, որ ոչ մեկիս ու ոչ մի բանի թափթփվածությունը,․․․ անգամ Տիարի օրագրի, որ բռնի ու ապրիլի 5-ի օրվա գրի հերթական համարը՝ 999-ի կամ ապրիլի 7-ի՝ 1001-ը թարս՝ աջից-ձախ, ոչ թե ձախից աջ կարդա, ոչինչ չի փոխվի, իսկ եթե ապրիլի 1000-րդ համարը աջից –ձախ կարդա՞նք, կլինի՝ 0001։ Կարելի՞ կլինի նոր թվագրությամբ, նոր օրապատում ստեղծել․․․ Կարո՞ղ է ձեր մազերը, ընթերցող, այս մտքից սկսեցին թարս աճել, թե՞ օրագիրն էլ մի ջուր է, ուր մտել եք Դավթի ու նրա ուսուցիչ  Կարինե Մամիկոնյանի նման ու չեք ուզում դուրս գալ, վերջանա․․․ ապուշ օրագիրը պուպուշ-անուշ դառնա։

Արագիլ, բարով եկար…
Լուսանկարները` Սոնա Փափազյանի:

Ամեն մեկիս թափթփվածությունն ընկալում եմ, ծիծաղում, անուշ-պուպուշ կլինի, բայց ա՜յ, էլի Դավիթ, բայց Բլեյանի ուսուցիչ Մարինե Մարտիրոսյանի թափթփվածությունը․․․ Հնարավո՞ր բան է։ Ո՛չ Ռոդարիական ստուգատեսն է առիթ դառնում, ո՛չ իմ հայտնի երևակայությունն է զորում, որքան էլ ահա՝ զոռում եմ․․․ Զոռից պայթող երևակայություն տիարի․․․ Որքա՜ն խնամք կա-բարեխղճություն, օրինակ՝ Թումանյանի «Կանանչ ախպեր»-ում, որ նաև այս նկարաշարով կամ Մելինե դաստիարակի այս տեսանյութով փոխանցվում է. խաղում են գրելով․․․ Գևորգ Հակոբյանի՝ հայտնի թափթփված սեղանով մարդու իրերը կարգավորվեցին-դասավորվեցին․․․ ուրախությունի՞ց․․․

Իսկ իմ սեղանը․․․ ծածկվում է նոր գրքերով։ Վերջինը հիշո՞ւմ եք, Հովիկ Չարխչյանի նվիրած, իր «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպն է․․․  երեկվանից` Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի. Ողբ հայրենասերի» պատմական վեպը, Աբովյանի լուսավորիչ-ազատաբեր ընկերներ Միքայել Նալբանդյանի հատորյակը, Ստեփանոս Նազարյանի «Հյուսիսափայլ»-ը, Հայաստանի պատմության ատլասներ։ Ասել է թե՝ ես պատրաստվում եմ ընդհուպ-կոնկրետ և՛ Հովիկ Չարխչյանի հետ, մարտի 24-ի հանդիպմանը՝ որպես ունկնդիր, և՛ մարտի 23-ի՝ որպես ներկայացնող։ Այսպիսով, իմ ընթերցանության (միա՞յն)` կրթության մի նոր պատվիրատու-կազմակերպիչ առաջացավ՝ «Հարթակը գեղարվեստում», իսկական ակումբ՝ իրեն ուղեկցող «Թատրոն» ուսումնական բլոգով, ինչ-որ տեղից ծիկրակող Ելենա Խոդիկյանի մեդիափաթեթներով։

Սիրուն ու գիժ մարտը…
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:

Իմ ոգևորվածությունը Աբովյանով, մինչև ինձ ու ինձնով հետաքրքրվածներին լսելի-տեսանելի լինելը եղավ անուղղակի՝ Թումանյանով, Չարենցով, Բակունցով, Աղայանով․․․ հետո, շատ ավելի ուշ՝ 1999-ին, Նուբարաշենի կլոր բերդում առաջացավ Աբովյանի հետ, նրա կողքին լինելու, նրա պատշպանությունը ունենալու պահանջը․․․ Ի՜նչ համակվածություն էր՝ իր բերած խորին հարգանքով, իմ ժամանակի հերոսի նկատմամբ․․․ Այնպես, որ ես կուզեմ յուրաքանչյուրդ ունենա-ապրի այդպիսի հարգանք։ Այսօր իմ գրում, որպես վերջակետ գեղարվեստ-կրթահամալիրի՝ խանդավառ-հետաքրքիր սովորող-աղջիկներով շրջապատած հոբելյար Գևորգ Գրիգորյանին, ձեր այս հրավերով-առաջարկով, ինձ հուզեցիք-անակնկալի բերեցիք․ սպասված, իհարկե։ Ես պատրաստվում եմ, դուք էլ, խնդրում եմ։ Իմ սեղանի «Վերք»-ը բացում եմ 3-րդ, 4-րդ անգամ․․․ ես սկսել եմ Խաչատուրի պատմությո՞ւնը․․․ վեպի առաջաբանից։ Դուք այսպիսի կրակոտ խոսք երբևէ կարդացած կա՞ք․․․ Սրանի՞ց չի ծնվել ուղղակի Տերյանի «Երկիր Նաիրի»-ն, Չարենցի շարքը հայրենիքիս` «Կապուտաչյա Հայրենիք», «Հայրենիքում», «Ես իմ անուշ Հայաստանի»…, Ամենայն հայոց բանաստեղծը․․․ Իսկ վեպի հավելվածը՝ Զանգի, որ գիտե՞ք, պարսկերեն բացատրում է հեղինակը, նշանակում է՝ հարուստ, ճոխ․․․ Վեպը հավելվա՞ծ է ունենում․ այսպիսի՞․․․ Մամա՛ ջան․․․ Ես ձեզ դեպի Աբովյան տանող երկու բանալի առաջարկեցի` յուրաքանչյուրիդ ընտրած կածանի նկատմամբ հարգանքով։

Երեկ՝ շաբաթվա,  Տիգրանի հետ օրվա հագեցած օրվա վերջում, տան ճանապարհին, ես նորից գինու կոմբինատից շեղվեցի ու Հաղթանակի կամրջի տակով մտա Զանգի․․․ Չմտնեի։

Սեր, խաղաղություն պահեն զամենայն զազգս[1] և զազինս ի բարօրութեան[2]։

Արարատն այսօր բացվեց…
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի

Ընթերցարանին կիրակնօրյա գրի ճայթյուն անվանեմ.

Ֆոտոխմբագիր` Արմինե Թոփչյան
#980

  1. ազգ — ցեղ, տոհմ, ժողովուրդ, տեսակ
  2. ազն — սերունդ, ցեղ, ազգ, տեսակ. այստեղ` սերունդները
    «Ազն» արմատը բառերում` «ազնիվ», «ազնավուր», «դյուցազն», «հայկազն» և այլն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դուք ուզում եք, որ ես ծիծաղեմ…

Ծիծաղ: Առավոտը Հյուսիսային դպրոցի պարտեզում. տեսանյութն այս բաց էի թողել… Ո՜նց չծիծաղես։ Դժվար քնեցի, կտորներով, արթուն եմ կեսգիշերին՝ 12-ն անց կեսից մեկը, հետո 3-ից 4-ը, հետո 6-ից… Հեշտ բան չէ էս

Մաքուր խիղճը մշտական տո՞ն հոգու…

Մերի Երանոսյանի առաջարկածը այս՝ որպես իր ընտրություն, ռոդարի-աղայանական ստուգատես է, իմաստավորված սխալ ստացա… Մաքուր խիղճը մշտական Տո՞ն հոգու համար…: Ո՞վ իր մաքուր խիղճը իմ հոգու համար վարձով կտա… Կրթահամալիրում տրիաթլոնը՝ հեծանիվ-լող+վազք,

Հուզումնալից կիրակի՝ երկու-երեք մասերով․․․

Հուզիչ ժամեր անցկացրինք երեկ՝ կիրակի օրով, Շուշին հարկադրաբար թողած բնիկների՝ Միշա—Նազիկ պապիկ—տատիկների, 8 հոգիանոց հարազատ ընտանիքի անդամների հետ, Երևանին կպած Քասախի խրուշչովկա շենքի կազարմա—բնակարանում․․․