…. Որպես
Ուլիս մի՝ թողած եւ հող, եւ տուն,
Անցա ծովեր ու ցամաքներ ես՝
Ամեն տեղ օտար եւ անխնդում…
Կիրակի ցերեկով, ջրհեղեղի աղմուկով, երբ Դավիթն իր ընտրած մեդիագիտության աշխարհում էր, Արմինեն՝ իմ պարտադրած, ես Տերյանի ողջ Երկիր Նաիրին կարդացի՝ կանգնած, հետո նստած, բարձր, Դավիթ-Արմինեի և բոլորիդ համար.
Կանգնիր հպարտ, որպես լույս լեռն է մեր կանգուն…
Ձնհալի ուժգին երգն ինձ բորբոքում էր դրսից, ու ես ժամանակ ունեի… Վերջից սկսեցի ընթերցումը շարքի՝
Մեր տունը համր ու դատարկ է,
Մեր տունը որբ ու ավեր է…
մինչև՝
… Ու կարոտակեզ ահա կրկին
Վերադառնում եմ, որ առհավետ
Ունկնդիր լինեմ քո հին երգին
Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ…
Փորձե՞լ եք… ճանապարհին այս շունչ-ոգի առած իմ երկրի, դադարներով, ինչպես իմ հայտնի հեծանվի դրախտի ճանապարհի հանրահայտ հարթակներում.
— Դո՛ւ պահապան մշտարթուն,
Լուսակատար Արարատ…
Մարտի 13-ին սեբաստացիական ավանդույթի համաձայն մենք կարդում ենք թափառումով, փոխանցումով… հևքով, մեզ պատահած ամեն մի գողտրիկ անկյունում մայրաքաղաքային, հարթակում սիրելի-պատահած, մայթին, յուրաքանչյուր ծանոթ-անծանոթ երևանցու հետ։ Կկարողանա՞նք….
Եվ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան…
Ու որքան էլ օրը հայոց հանճարի պոռթկումից ծնված մեր Չարենցի ծնունդով է նշանավոր, մենք մայրաքաղաքը մեր կդարձնենք լեն-բոլ ամբողջական ներառական մի հարթակ «Կարդում ենք» ստուգատեսի համար… Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց… Կգանք որպես առուներ ձնհալի, քչքչան, կհավաքվենք-կամբարվենք մեր ձայներով-շարժումով Չարենցի արձան-Չարենցի թանգարան-Մաշտոցի պուրակ տարածքում… Մարիետ Սիմոնյանը, Սյուզին Մարգարյան, Քնարիկ Ներսիսյանը, Կարինեն Մացակյան ուզում են, որ մեր դասական ելույթն էլ լինի Չարենցի տուն-թանգարանում… Նաև այդպես կլինի… Եկե՜ք, եկե՛ք…
Հովիտներում հայրենի, հովիտներում սրբազան
Կլինի մի հարսանիք հազարնվագ ու խնդուն,
Երգ ու ծիծաղ կլինի ու աղջիկները կգան
Ու կպարեն հնամյա պարերը խե՜նթ ու ճկուն…
Լեզվական վարժություններ:
Այն, ինչ անդրադառնում է բոլորի վրա, պե՞տք է հաստատվի բոլորի կողմից: Հարցնում եմ: Հաստատվի՝ ասել է թե յուրաքանչյուրը մասնակցի որոշման ընդունմանը, բոլորը անհրաժեշտ չափով տեղեկացված լինեն, դրանից (խնդրից լուծվող): Իմ ասածը վերաբերվում է և՛ աշխատողի աշխատանքի ընդունմանը կրթահամալիրում՝ սովորողի ծնող, կրթահամալիրի շրջանավարտ, անծանոթ, և՛ սովորողի ընդունմանն ու ազատմանը, խրախուսանքին, կրթական ծրագրի մշակման, կազմակերպման ու տարածման յուրաքանչյու փուլին… Սրան է կոչված նաև իմ օրագիրը-բլոգը՝ կրթահամալիրի՝ իր բոլոր հարթակներով շարունակ բաց-մատչելի կազմակերպմանը, մեր ողջ գործունեության տեսանելի-թափանցիկությանը…
1. Կրթահամալիր դիմում է հոգեբան ծնողը։
Բարև Ձեզ, հարգելի տիար Բլեյան։ Ձեզ գրում է Միջին դպրոցի, 7-3 դասարանի սովորող Դավիթ Առաքելյանի ծնող՝ Լիլիթ Շահբազյանը։ Քիչ առաջ կարդում էի Ձեր այսօրվա օրագիրը և հասկացա, որ կրթահամալիրի հոգեբաններից մեկին, ով մեկնում է «մայրիկական գործուղման», փոխարինող եք փնտրում։ Ուզում եմ խնդրել Ձեզ, հաշվի առնել իմ թեկնածությունը, քանի որ ես ինքս հոգեբան եմ, ունեմ 15 տարվա աշխատանքային փորձ։ Անցյալ տարի կրթահամալիրի կայքում հայտ եմ լրացրել և 2016թ․ հոկտեմբերին անցել եմ վերապատրաստման դասընթացները։ Անչափ երջանիկ կլինեմ, եթե հնարավորություն տաք՝ ապացուցելու, որ փորձառությունս մեծ է, և ունեմ նախագծային պլան, որը պատրաստվում էի ներկայացնել Ձեզ։ Կրթահամալիրում վերապատրաստման օրերին բացել եմ նաև իմ բլոգը՝ lilitshahbazyan.wordpress.com, որը թեև ոչ հաճախ, բայց փորձում եմ ակտիվ պահել։
Միշտ շնորհակալ ենք Դավթի համար։ Այլ հավասար պայմանների դեպքում մեր կրթական համայնքի անդամը առավելություն ունի։ Սկսեցինք հնարավոր աշխատանքի համար անհրաժեշտ ծանոթացման հաջորդ փուլը։ Մեզ լսում են։ Հրապարակեք Ձեր ծրագիրը։
Մարինե Մարտիրոսյանի մեծ ընկերները:
2. Կրթահամալիրի քոլեջի շրջանավարտ Աննա Պետրոսյանի նամակն է իմ էլեկտրոնային փոստում։
Բարի երեկո, տիար Բլեյան։ Այսօր՝ երկար դադարից հետո նորից լինելով կրթահամալիրում, զգացի հարազատ շունչը ու մեծ ցանկություն առաջացավ գրելու ձեզ։ Ներկայումս սովորում եմ ԵՊՄՀ-ի Տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի առաջին կուրսում՝ հեռակա համակարգով, ցավոք, դեռ ունեմ ուսման վճարի խնդիր։ Կցանկանամ աշխատել կրթահամալիրում, լինել Ձեզ հետ, հարազատ միջավայրում։ Եթե լինի որևէ աշխատանք, որում տեսնում եք ինձ, մեծ սիրով ու պատրաստակամությամբ կփորձեմ ուժերս։
Ուրախ եմ հանդիպման համար. ձեր երկար բացակայություններն ինձ անհասկանալի են, ինչպես նաև արդարացումները, որքան էլ որ երկուսն էլ ձեր իրավունքն են։ Վարձի խնդիրը չեմ կարծում, թե նոր է առաջացել. աշխատանքի հարցը չլուծած՝ ինչո՞ւ եք նոր ծախսեր առաջացնում, ինչո՞ւ եք շտապում մի նոր փաստաթուղթ ունենալ՝ առանց ունեցած մասնագիտական կրթությամբ աշխատելու-վաստակելու, նոր որոշման, այդ թվում՝ շարունակական կրթության համար անհրաժեշտ հարթակ ստեղծելու։ Քո նամակն առիթ է բոլորին դիմելու համար, ուստի մեր զրույցը քո համաձայնությամբ տեղափոխում եմ իմ գիր՝ մեծացնելով կրթահամալիրում աշխատելու քո հնարավորությունները։ Գիտես, որ Արմինե Թոփչյանն ու գրական ակումբը իմ 1000-րդ գրի առիթով մեծ նախագիծ են առաջարկում…
3. Եվ 6-1-ի Ղազարյան Արմենի մայրիկի՝ Աննա Բեգլարյանի նամակով սկսած՝ Միջին դպրոցի սովորողների ծնողների քննարկումը։
Գարնանային արձակուրդը մոտենում է, և բոլորս էլ ծրագրեր ունենք իրականացնելու մեր երեխաների հետ: Այդ ծրագրերում միշտ ընդգրկում ենք Արմենի ընկերներին: Ուզում եմ խնդրել, որ կրթահամալիրի ղեկավարությունը վերանայի արձակուրդի ժամկետները, արձակուրդներն ընթանան համընդհանուր ընդունված ժամանակացույցով: Կրթահամալիրից դուրս երեխաների միջև շփումը և ժամանցը կազմակերպելու համար համարում եմ նման որոշումը իմաստավորված և խելամիտ: Շնորհակալ կլինեմ, եթե հաշվի առնեք այս դիտարկումը, և համոզված եմ, որ ես միակ ծնողը չեմ, որը կուզենար տեսնել այս փոփոխությունը:
Թույլ տվեք Տիարի իրավունքով միջամտել-մասնակցել խոսակցությանը՝ օգտվելով գործընկերային այս մթնոլորտից։ Առաջարկում եմ միասին նորից կարդալ հեղինակային կրթական ծրագրի և օրինակելի ուսումնական պլանները՝ արձակուրդին վերաբերող մասով։ Օրինակելի ուսումնական պլանով, որով առաջնորդվում են հանրապետության, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցները, սովորողների գարնանային արձակուրդը մարտի 27-ապրիլի 2-ին է՝ 2-12-րդ դասարանցիների համար, և մարտի 20-ից ապրիլի 2-ը՝ 1-ին դասարանցիների համար (կետ 13-15)։ Հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով արձակուրդը մարտի 27-ապրիլի 2-ին է, որի ժամանակ, որպես լրացուցիչ կրթություն, ուսուցումը կազմակերպվում է «Ուսումնական գարուն» նախագծով։ Նախագծին կարող են մասնակցել բոլոր ցանկացող-սովորողները, իրենց ազատ ընտրությամբ, նաև այլ դպրոցներից։ Մեր արձակուրդը միասնական է 1-12-րդ դասարանցիների համար. մերոնք չեն հոգնում, կրթության կազմակերպումն է այդպիսին, նաև միասնական տրանսպորտային տեղափոխման խնդիր կա։ Ծնողների ուզածը չէ՞ր սա. այդպես մենք աշխատում ենք ոչ առաջին տարին։
Շնորհակալ եմ։
Քաղաքում գարուն է։ Լուսանկարները՝ Կարեն Բիչախչյանի։
4. Կրթահամալիրի ֆրանսերենի դասավանդող Աննա Մարությանն էլ գրում է.
Հրավեր եմ ստացել մասնակցելու Ֆրանսիայի Ռուանի համալսարանում JEDA (հեռավար ուսուցում երիտասարդ դասավանդողների համար) ծրագրի 2-րդ փուլին: Հայաստանը ներկայացնում են 2 դասավանդող, այդ թվում՝ նաև ես: Ծրագիրը տևելու է 2017-ի մարտի 15-ից հուլիսի 15-ը: Ծրագրին մասնակցությունը ֆինանսավորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը:
Իհարկե, շատ ուզում ենք, որ ֆրանսերենն իր կարևոր տեղն ունենա մեր կրթական ծրագրում։ Առավելագույն աջակցություն եմ պահանջում մեր Աննային։ Վստահ եմ, որ այս դասընթացն իր, իր ակումբի համար կլինի հեռավար ուսուցման արդյունավետ, պահանջված նախագիծ։
Որպես վերջաբան ու ընթերցարան։
«Առանց տեսլականի՝ մարդիկ կմեռնեն», ասում է Սողոմոն Իմաստունը: Ապագայի վերաբերյալ պարզորոշ տեսլական և էական երևույթների հանդեպ միանշանակ ու հստակ վերաբերմունք չունեցող առաջնորդները ժողովրդի համար ամենաիսկական աղետ ու պատուհաս են։
Վերջակե՞տ դնենք. որ ի՞նչ։ Շարունակենք մեր սիրելի Արիանային՝ «Ճամփորդի» ընթերցողին ուղղված «Համատարած դիմազրկության ժամանակը» իր խոսքի ընթերցումով:
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#969