Որքան մութը սև՝ այնքան ես համառ․․․

Հինգ հարյուր տարի առաջ խորտակված «Բարի Հիսուս» անունով նավը, որի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չի եղել, պատահաբար հայտնվել է Նամիբիայի ափերի մոտ` ծայրեծայր լցված ոսկով ու արծաթով․․․ Ո՞վ հավատաց։ Ինչպե՞ս գանձը արդար բաժանել․ սրա մասին Դավիթ Բլեյանի հետ մեր զրույցն իմ կիրակնօրյա օրակարգում է։ Սա կարագացնի՞  Հայաստանով մեկ գանձերի որոնումը․․․  Փառքերի մասին գիտեինք, մենք գանձեր ունե՞նք թաղված հողի տակ․․․ ․․․

Արևիկ Ներսիսյանը ներկայացրել է «Վախթանգ Անանյան» հայրենագիտական-մշակութային-ընթերցողական-ճամփորդական նախագիծը․․․ Գնում ենք բոլորիս Վախթանգի գրողական քարտեզով, ուր մեր սիրելի արկածագիրը եղել է, չի եղել․․․ հետո կիմացվի։ Ի՞նչն է հորինել, ինչո՞ւ, ինչպե՞ս․․․ Ի՞նչ է մնացել իր տեսածից․․․ Մի իսկական շուրջտարյա ճամփորդության, ընկերովի, իհարկե, վրաններով-ուսապարկերով-ֆոտոօբյեկտիվով- նոթբուքերով․․․ ու գանձերով լեցուն վերադարձ….

Այն հաստատ գրքերից-հեղինակներից մանկավարժության մեջ, որոնք ինձ համար եղել են ու կան հեղինակություններ․․․ Ահա այդ տասնյակից մեկը․կարդացեք Կ․Ուշինսկի՝ իր ծննդյան օրվա առիթը բարիքով օգտագործեք ձեզ համար, ինչպես ժամանակին՝ մանկավարժության բնագավառ մուտք գործելիս եղել է ինձ հետ։ Շնորհակալ եղեք Աշոտ Տիգրանյանին ու առողջություն իրեն ցանկացեք, որ երկար ունենաք անվճար-մոբիլ ընթերցողական ուղեցույց․․․ Իսկ ես կարդում եմ իմ Տերյանի օրագիր-կենսագրությունը, թերթում նամակները Վահանի, որպես ուղեցույց ունենալով մեր մեդիագրադարանը։

4-5-րդ դասարանցիների ճամփորդությունը Չարենցի կամար, Գառնի-Գեղարդ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Սեբաստացի ամեն ընտանիք ունի՞-կարո՞ղ է ունենալ ընտանեկան օրացույց-տոնացույցը․․․ Սովորողի-ուսուցչի բլոգը հարմար գործիք է սրա կազմակերպման համար, իսկ մեր մանկավարժությունը սրա պատվիրատուն է․․․ Թե՞ մեր բոլորիս mskh-ի օրացույց-տոնացույցը զբաղեցրել է տարին ամբողջությամբ, այլ կենսատարածք չի թողել․․․ Բլեյան Շամխալի մեծ ընտանիքի համար մարտի 4-ը իր ավագ որդու, իմ նշանավոր ավագ Էդվարդ եղբոր ծննդյան օրն է, մեր՝ Բլեյանների-Հովհաննիսյանների-Բազեյանների օրացույցում ամենանշանավորներից․․․ Իմ, Արմինե-Դավթի շաբաթ օրվա երկրորդ կեսը ամբողջությամբ նվիրվեց այս հարազատական-ավանդական հավաքին։ Առաջ ես խուսափում էի Դավիթ Բլեյանին մեզ հետ գերեզմանոց տանելուց, մտածում էի, կասկածում էի․․․ Հիմա այդպես չէ։ Հավաքը մեկնարկում ենք գերեզմանոցում․ այլևս ոչ մի կեղծ տրտմություն․ Վիկտոր Հյուգոյի՝ «մահը փոխակերպում է հավերժական լույսի» խոսքը բանաձև է ինձ համար, ուղեցույց։ Մենք՝ հարազատներով այցելում ենք մահից-լույս փոխակերպման շրջանը անցած մեր անմոռանալիներին․․․ Ու Դավթի հետ մենք նորից կարդում ենք նրանց շիրիմների արձանագրությունները՝ ծննդյան-մահվան թվերը, անուն-ազգանուն-հայրանունները՝ իմ բացատրություններով։  Մի ժամի չափ այս բնական դպրոցը ինձ կարևոր թվաց․․․ Ինչպես կարևոր էր բոլորիս համար Տեր Զենոն քահանայի հավաքող-ազնվացնող այցը իմ ավագ եղբոր ընտանիք․․․ Մեծով-պստիկով շրջապատել էինք մեր քահանային, լսում էինք նրա խոսքը, միասին աղոթում, հաղորդվում․․․ Իսկ ավագ հարսիս՝ անմոռուկ-Ռոզալիայի կամեցած խոստովանությունը քահանային այնքա՜ն հուզիչ էր։ Եվ քահանայի թողած լույսը պարուրել էր մեզ, ու մենք սեղանի շուրջ, կրկին բոլորով, հարազատական միջավայրի հեռու-մոտիկով իմ ավագ եղբոր ազդեցությունն էինք երկա՜ր ու երկա՜ր վայելում․․․

Դավթի նկարաշարը՝ Աշոտ Բլեյանի:

Ռոզալիա Գևորգյան ավագ հարսը մեր Շամխալբեկի մեծ ընտանիքում բացառիկ դեր է խաղացել․ ինձ մայր-քույր-ընկեր է եղել, իրար գաղտնիքներ ենք վստահել։ Ազնվական-տոկուն-հոգևոր կինը ոնց որ մեր գերդաստանի «ь»-ը (мягкий знак) լիներ, Բլեենց փափկություն է հաղորդել, զսպել-խաղաղեցրել․․․ Ընտանիքն էլ մի մեխանիզմ է, առանց ամորտիզատորների* ո՞նց կլինի․․․  Ի դեպ, այդպիսի դեր է խաղում հիմա իմ մեծ եղբոր ընտանիքում Արմինե Բազեյան հարսը՝ Պետրոս Բլեյանի կինը, իմ կույր հարսի խնամակալն ամենօրյա՝ իր երեք բարեկիրթ, նվիրյալ զավակների հետ։ Տեսե՜ք` ոնց են խնամում իրենց տատին 24 ժամ անընդհատ։ Հուզվեցի, ինչպես երեկ, երբ սեղանի շուրջ պատմում էի այս «օտար» կանանց մեր կյանք ներխուժման, նրանց ներառման, ազդեցության, նշանակության, կարևորության մասին։

Գիտնականների կարծիքին՝ համոզմանը, արևային լույսի անբավարար քանակը նույնքան վտանգավոր է, որքան ծխելը, միանում եմ և ես։

Հիմնավորված եմ համարում նաև գիտնականների այսպիսի եզրահանգումը․ ընտանիքում երկու երեխայի առկայությունը երկարացնում է ծնողների կյանքը։

Աշխարհի ամենաանհեթեթ 15 օրենքներից այս մեկը․ «Չիկագոյում հրդեհվող տարածքում ուտելն արգելվում է օրենքով», ինձ ամենամարդասիրականը թվաց․․․ Կարդացե՛ք, ընտրե՛ք ամենա-ամենան․․․

— Ես եմ ինձ ղեկավարում, ոչ թե դուք, չեք հասկանո՞ւմ, հերիք ա խոսեք․․․ ձեր գործն արեք․․․,- Դավիթն է Բլեյան. այսպես է խոսում շաբաթ օրվա իրիկնավերջին, երբ ես հասցրել էի նաև ատամնաբույժի մոտ լինել․․․

Դավիթն ու իր գտած նոր կողմանցույցով, որը յուրացնում է, ե՞րբ կառաջնորդվի․․․ Ես էլ` Տերյան իմ կողմնացույցով, հազարին մոտեցող իմ գրով…

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեգ նաիրցի գնում եմ անկանգ.-
Թող գուժկան գիշերն անհաստատ դավե-
Որքան մութը սև՝ այնքան ես համառ,
Երկի՛ր, իմ երկիր, հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակդ վեհ…
Վ․ Տերյան

Բանգլադեշի լուսնի նկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ֆոտոխմբագիր` Արմինե Թոփչյան
#968

* Ամորտիզատոր — մեղմիչ, հարվածամեղմիչ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մայրիկ, գիժ կուկուների վրա մի՛ ջղայնանա

Կամ՝ Ոգին փոխանցվում է ոգու հետ… Դավիթ Բլեյանն իրիկնային հաշվետվություն էր ներկայացնում ինձ՝ պարտեզային բուռն-լիարժեք գործունեությունից. մեր հերոսը մեծերի խմբում («ես էլ եմ մեծ, ես ամենամեծն եմ իմ կուկուներից») կերել-խմել,

Որ արևը մայր չմտնի մեր երկրում…

Հայաստան գալն ինձ համար մի մեծ քայլ էր: Այնպիսի քայլ, որ փոխեց իմ կյանքը շատ դրական կողմերով: Ես վերադարձա իմ հայրենիք… Կրթահամալիրի ավագ դպրոցի 11-րդցի, սիրիահայ  Հուրի Իսկանյանի Ամեն ինչ

Հաղթել-մաղթել չկա. ո՛չ մի մրցում

Այսպես է ամեն անգամ պատասխանում-կտրում խոսքդ Դավիթ Բլեյանը, երբ առաջարկում ես մրցումով խաղ… Չգիտեմ՝ ինչու է այսպես… Երեկոյան մտնում եմ տուն, հեռուստացույցը չի հասցրել անջատել. սովորաբար հասցնում է… Իրեն պահում է