Իմ բոլոր ջանքերը՝ Դավիթ Բլեյանին մինչև ժամը 8.00 արթնացնելու, հաջողության չունեցան: Մարդը կիրակի չքնածը խորը-խորը հիմա է քնում. ո՜ւր ունի շտապելու, իրեն ինչ, որ հայրիկն էլ, մայրիկն էլ ժամով կապված են դպրոցին: Ի՞նչ են անում այս դեպքում մեր գործընկներները… Մենք ելք գտանք. Դավիթն արթնացել է 9.30, ես արդեն տանը չեմ. իսկ մայրիկն արագացնում է Դավթին, որ 3-րդ ժամին մայրենիի պարապմունք ունի 5-րդ դասարանում:
Դավիթը չի շտապում. ուզում է իր կիսատ թողած մուլտն ավարտի…
— Ի՞նչ ես ուզում, Դավիթ,- զայրացել է մայրիկը…
— Ուզում եմ քեզ հանեն շպրտեն դուրս դպրոցից, մնաս տանը, ես իմ մուլտիկը նայեմ, հանգիստ խաղամ տանը…
Մայրիկն էլ, կարծեմ, դեմ չէ… Ես էլ կարտահայտվեմ, երբ գործողություն դառնա։

Մի՛ փորձեք խղճահարություն արթնացնել այս գազանների մոտ… Նրանք դրանից ավելի աննահանջ են դառնում, ավելի իրենց ասածի տեր… Պիտի լինել դրության տերը` շրջանցելով բոլոր փակուղիները, չառաջացնելով դրանք, եթե բռնության, ուժային լուծման չեք դիմելու…

Իրիկունը մանկապարտեզից միասին ենք տուն գալիս. քնել է խմբում մինչև 17.15, արթնացել ամենավերջում, երբ ընկերները ոչ միայն արթնացել, այլև հաց են կերել… գնացել են տուն…

Ճանապարհին, ինչպես առավոտյան, պարզկա Մասիս էր, տեսարան «Հաղթանակ» կամրջի վրայից դեպի Մասիս. Նորագյուղի բլուրն էլ իր լույսերով՝ ոնց որ Նոր տարվա խաղալիք, ընկած Մասիսի փեշերին… Ես ու Դավիթը մոտեցանք կամրջի մեջտեղին, որտեղից կիրճն էր երևում, Զանգուն էր իրիկնային լույսի ներքո փայլատակում, հեռվում Մասիսն էր` թարմ ձյունե շղարշով…

Քայլում ենք դեպի մեր շենքը. ցուրտ է, ու լուսինը մաքուր-մաքուր է… վախեցնելու չափ…
-Ես լ ուսնից չեմ վախենում, հայրիկ: Հենց ուզենա լուսինը կծի, կասեմ` փախի, շնիկ լուսին, ու ինքը կփախնի, արևը կգա… Լուսինը շունիկի նման կծում ա՞, շունիկի նման հաչում ա՞, հայրիկ…

Էլի չի ուզում, չի քնում մեր տղան. 23.00 է արդեն: Արմինեն նյարդայնանում է:
— Հայրի՜կ,- ձգվում է ննջարանից մինչև իմ աշխատանքային անկյուն «պարանը», որով Դավիթն ինձ քաշում-տանում է իր ծոցը: Օրը պատմում է ինձ, հերթական անգամ մայրիկից ներողություն է խնդրում… մինչև կեսգիշեր…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դավիթ Բլեյանը մեծերի խմբում է

Դավիթ Բլեյանը մեծերի խմբում է: Մեծ է: Ու մեծավարի քնել է: Հաշտվել ենք եղբորս հետ: — Պապա ես քեզ շատ եմ սիրում,- գնում գալիս պտտվում է այս մի նախադասությամբ: —

Փինաչիությունն արմատախիլ անելու մասին է 274-րդ գիրը

Արմինեն շաբաթվա ընթացքում իմ խաթեր ոտքի վրա էր մնում, դրանից իր հիվանդությունը, ավաղ, խորացավ… Առանց հարազատական դեսանտի գլուխ չես հանի. ի՜նչ լավ է, որ մարդ այսպիսի հարազատներ ունի… Իմ օրագրի

Ծով պետք է լինել՝ մի կեղտոտ հոսանք իր մեջ ընդունելու՝ առանց կեղտոտվելու…

Որն է ճանապա՞րհը… Ծով դառնալը։ «Պետք է ծով լինել, որ կեղտոտ հոսանք ընդունելիս մաքուր մնանք, որ կեղտոտվելուց հետո էլ մաքրվենք»,- հետևելով Ֆրիդրիխ Նիցշեին՝ mskh.am-ի «Շողակն» ամսագրով ապսպրում է մեր Անի