Ճշմարիտ ուրախությունը միշտ պարզ է և չունի պատճառներ. այդպիսի ուրախության մեջ ես անցկացրի շաբաթն էլ, կիրակին էլ, այդպիսի ուրախությամբ ես սիրում եմ այս շաբաթը (3-8 նոյեմբերի)։ Վճռական տոնին նախորդող թվագրությամբ եթե շարժվենք, Ավագ շաբաթ է՝ իր Ավագ երկուշաբթիով սկսած… Որևէ լարում, արհեստական ջանքեր պետք չեն, իհարկե, եկեք ապավինենք բնական-կենդանի ուրախ ընթացքին։ Այս շաբաթ կկարողանա՞նք ավարտել Տոնի պատրաստության աշխատանքները: Դրա համար անհատականացրեք, խնդրում եմ, տոնի պատրաստությունն էլ, անկախ տարիքից` Տոնին մասնակցությունը յուրաքանչյուրի անհատական գործը դարձրեք: Դրա համար պիտի կոնկրետ լինել. ո՞վ ասաց, որ Տոնն ինչ-որ մեկի գործը չէ, չի ուզում: Անհատական մոտեցեք, ու կոնկրետ յուրաքանչյուր սեբաստացի կմասնակցի, կունենա հնարավորություն մասնակցելու իր Տոնին: Իսկ այդ պատրաստությունը նաև ուրախություն պիտի բերի յուրաքանչյուրին: Այսպիսի ուրախությունն է, ըստ մեր օրերի բուդդայական լամայի, և՛ ցուցանիշը մեր ջանքերի, և՛ ուղեցույցը: Թթուդրեքը, որ ծավալվում է դպրոց առ դպրոց, կրթահամալիրով մեկ, Տոնի մունետիկն է դարձել։

Մրսել չի կարելի ո՛չ սովորողներին, ո՛չ ուսուցիչ-դաստիարակներին. ինչո՞ւ  մրսել, ես կնեղանամ, ցավ կզգամ, ես պարզապես թույլ չեմ տալիս ու խնդրում եմ` չմրսեք: Անպայման տաք ներքնաշոր հագեք, ինչպես ես, ամոթը մրսելն է. այնքան հարմար ներքնաշորեր կան, որ մարդ ուզում է մի քանիսը հագնի, մեկն էլ… վրայից, որ ցուցադրի: Մեր շենքերը, ջեռուցման համակարգերը` դրանք սպասարկող աշխատողներով, մեր տանիքները, դռներ-լուսամուտները, մեր բակերը պատրաստ են ձմռան: Այստեղ էլ ամեն մեկս իր կոնկրետ ու անհատական գործն ունի. դպրոցների հարգելի ղեկավարներ, այնպես արեք, որ յուրաքանչյուրն անի անհրաժեշտը: Այս շրջանը` նոյեմբերով սկսած մինչև ապրիլ, ամենաարդյունավետն է ուսումնական աշխատանքի առումով` խորասուզվելո՛ւ ուսումնական աշխատանքի մեկնարկ է: Ուրիշ ո՞վ, եթե ոչ սովորող սովորողը, սովորող-սովորեցնող ուսուցիչն են ամենաշահագրգիռը, որ կրթական միջավայրը ձմռան շրջանում ջերմ լինի։

Նոր ռադիոյով օրեր առաջ ինչպիսի՜ շնորհավորանքաթափ էր իր հիմնադիր ուսուցիչ Մարգարիտ Հարությունյանի ծննդյան առիթով` արժանի և՛ մեզ` Մարգարիտի գործընկերներին, և՛ Մարգարիտի սաներին` Նոր դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներին… ովքեր Մարգարիտի հետ են և՛ մայրենիի պարապմունքներին, ռադիոհաղորդումներ ստեղծելիս-թողարկելիս, և՛ բազմօրյա հայրենագիտական ճամփորդությունների ժամանակ (սրանք ընդամենը 2013, 2014 թթ. ճամփորդություններն են), հայրենագիտության պարապմունքներին… Մարգարիտ Հարությունյան, Մարթա Ասատրյան, Տաթև Աբրահամյան, Վահրամ Թոքմաջյան, Անահիտ Մելքոնյան, Ազնիվ Հովհաննիսյան, Մարգարիտ Սարգսյան, Գնել Հարությունյան… մենք գործ ունենք արդեն ուսուցչի նոր որակի` ուսուցիչ-կազմակերպչի հետ. «Դպիրում» ուսուցիչ-կազմակեպչի հանդես գալու ժամանակին իմ արձագանքի հիշեցումը տեղին է…

Երեկ ես խոսում էի ուսուցիչ-սովորողների համատեղ ստեղծած աշխարհների մասին, որոնցով ձևավորվում է կրթահամալիրի «Աշխարհացույցը»… Ամեն մեկի և՛ ստեղծման, և՛ օգտագործման, և՛ զարգացման համար. մենք պարտական ենք կոնկրետ ուսուցիչ-կազմակերպիչին… Մեր կյանքի լիարժեք կազմակերպումը կրթահամալիրում ենթադրում է նոր աշխարհների ստեղծում: Օրակարգում մարզաշխարհի, ռազմաշխարհի ստեղծումն է, որըպահանջում է ռազմագիտության իր ուսուցչին, սովորողների հետ ռազմական գործի կազմակեպիչին… Ու փնտրում ենք: Ովքե՞ր են մասնակցում այս որոնմանը… Թվում է` եթե ոչ յուրաքանչյուր սովորող, ասենք, սկսած 5-րդ, 6-րդ դասարանից, նրանց միջոցով շատ ընտանիքներ, գոնե յուրաքանչյուր մանկավարժական աշխատող… Կա՞ այսպիսի փնտրտուք` բաց ու շահագրգիռ, կոնկրետ… Ավա՜ղ, ես հիմքեր ունեմ պնդելու, որ այս փնտրտուքը սահմանափակվում է աշխատողին ներկայացվող պահանջների հրապարակմամբ, մեզ հասու ԶԼՄ-ով տարածման շրջանակներում… Ձևական մի տիրույթ, մի տեսակ փակ տարածք, որից դուրս է շարունակում ապրել, ու գուցե այսպիսի գործի (իր կյանքի գործի) մասին մտածել մեր կրթահամալիրի ժամանակի նոր հերոսը` տվյալ դեպքում զինվորական գործի ուսուցման կազմակերպիչը… Մեծահասակ, որ դեռահասների, պատանիների մեջ է ուզում լինել, նրանց դժվարություններ հաղթահարելու իր փորձն ու հմտությունները փոխանցել, հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ հմտությունները՝ որպես գրավիչ ուսումնական աշխատանք կազմակերպել, դժվարություններից ոչ միայն չփախչել, այլև իր վրա հրամատարի պատասխանատվություն վերցնել, իր անձնական օրինակով զինապարտությունը՝ պատանու ազատ ընտրությամբ քաղաքացիական ծառայություն դարձնել… Միացե՛ք մեր փնտրտուքին` և´ այս, և´ սովորողի տեխնիկական ստեղծագործության կազմակերպման, ծրագրավորման ուսուցչի գործին… Ովքե՞ր են, որ իրենց կյանքով հանգել են, կարող էին մտածած լինել ու պատրաստ են այսպիսի խիզախ գործ սկսելու… Հիշում եմ` ինչպես ամիսներ առաջ զանգեց ինձ անիմացիայի հայտնի դարձող նկարիչ-մասնագետ Լևոն Աբրահամյանը… Այն աշխույժը, որ հասել է նաև մեր դասվար-դաստիարակներին, ոգևորիչ է… Ես գիտեմ, որ նման ուսումնական աշխարհներ ստեղծողների ճանապարհները տարբեր են լինում, մինչև վերջ անիմանալի… Բայց սեբաստացիներ բոլոր տարիքի, միացեք այս փնտրտուքին, արեք այս գործը կոնկրետ ու հետևողական, այլապես… սկսում ենք ծերանալ ձգտումներից. ես գրող-հրապարակախոս Վարդգես Պետրոսյանից եմ լսել, ում, գիտեք, պարտական եմ Բանգլադեշի ուսումնական աշխարհի կազմակերպիչը դառնալու համար` տարիքից չեն ծերանում, այլ երբեմն հոգնում են ձգտումներից…

Իսկ Մեդիակենտրոնում մեկնարկեց դասվարների շախմատի ամենամյա առաջնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

2015-ի ելքի ու 2016-ի մուտքի արանքում

Նոր տարին իմ օրագրի համար սկսվում է Սուրբ Ծննդով. հիմա Սուրբ Ծննդյան արձակուրդ է իմ բլոգում, օրագրում։ Հիշեցնում եմ իմ հրավերը՝ հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագից հետո Սուրբ Ծնունդը Մեդիակենտրոնում տոնելու։ Այդ

Նոր գինին նոր տիկերի մեջ

Ուրբաթ առավոտյան մեծ խցանում առաջացավ մեր աչքի առաջ, մեր տանը, առավոտյան ժամը 8-ից սկսած, երբ թվում էր, մենք ընտանեկան սեբաստացիական եռյակով պատրաստ էինք տանից դուրս գալու… Արմինեն ոգևորված էր. —

Ապրիլյան մեկնարկների բերած մանկավարժական-մարդկային վայելքների մասին է իմ գիրը…

Հագեցած մինչև վերջ, լեցուն օր էր. Գեղարվեստի ավագ դպրոցի Սուրեն Պողոսյանի տոնական համերգից տուն հասա երեկոյան ժամը 9-ին։ Կեցցեք, Սուրեն և ընկերներ՝ Էլիզա, Հայկ, Դավիթ, Լուսինե, Աստղիկ… Կայ, Լուիզա Քեշիշյան,