Լավ օր էր սեպտեմբերի 4-ը 2016-ի՝ իմ ծննդյան օրը, նշանավոր իմ կյանքում. ես, իմ մի խումբ ընկերների հետ սեպտեմբերի 3-ին, 4-ին նվաճեցի Արագածի չորս գագաթները… Սկսեցինք մեծ խումբ սեբաստացի սովորող-ուսուցիչների հետ՝ հարավային գագաթի նվաճումով. մեծ խումբ սեբաստացիներ, Արագածի նվիրյալ-ընկերներ Ալբերտ Տոնեյանի, Հրաչ Մակարյանի ու Գևորգ Հակոբյանի կարգով ու քավորությամբ կնքվեցին-օծվեցին… Գիտե՞ք կարգը. հարավային գագաթ չհասած՝ գագաթից հիսուն մետրի վրա, Արագածով օծողը կապում է գագաթն առաջին անգամ նվաճողի աչքերը՝ մինչև եզրը… Հետո, խառնարանի դեմ-դիմաց, հանում կապը… Օրագրի ընթերցողներից շատերն են ապրել խառնարանի, Արագածի անհունի՝ երեք գագաթ-աշտարակների ներկայությամբ բացվող տեսարանի առեղծը, որ իր ազդեցությամբ ու հանկարծակիությամբ անջնջելի է որպես տպավորություն, ու կապ՝ Արագածի՝ մեր հայրենիի-մայրենիի հետ… Այս ծիսակարգից հետո մենք՝ ութ արշավականներով, պոկվեցինք մեծ խմբից, բարի վերադարձ մաղթեցինք Քարե լիճ գնացողներին ու շարժվեցինք արևմտյան գագաթի ուղղությամբ…
Դեպի հարավային գագաթ:
Այնպես չէ, որ մենք՝ ես, Արշակ Գասպարյանը, Ալինա Թումասյանը, Տաթև Համբարյանը, տեղյակ էինք արշավ-արկածի մանրամասներին, գիտեինք, որ արևմտյան գագաթից հետո պիտի իջնենք խառնարան, վրանային ճամբար կազմակերպենք Գեղարոտ գետի կանաչ բարձունքին… Մնացածը պիտի որոշեինք ընթացքում… Ախորժակը, գիտեք, ուտելիս է բացվում. չգիտեմ, բայց շատ ուտելը լավ չէ, գիրացնում է, քիչ ու ախորժակով՝ հնարավո՞ր է արդյոք։ Բայց բոլոր չորս գագաթները նվաճած տեսնելը մի նվեր-միտք էր, որ արագ դարձավ տիրապետող ու իրագործվեց՝ գագաթ գագաթի ետևից… Սրանից լավ նվե՜ր ինձ՝ իմ ծննդյան օրով. հայտնի արագածանվաճողների՝ Գևորգի, Հրաչի, Ալբերտի հետ, ովքեր վստահելի-հետաքրքիր են՝ որպես մարդ-ճամփորդ, ռուսաստանցի մեր ֆիզիկոս ընկեր Հարությունն ու սեբաստացի սկսնակներս փայլուն անցանք ճամբարից Գեղարոտ գետի անցումով արևելյան-հյուսիսային գագաթների թամբ, այստեղից՝ նախ գրոհեցինք արևելյան գագաթը, հետո՝ վայրէջք թամբ, նվաճեցինք հյուսիսային գագաթը, մեր հայտնագործած խճե սահքով ընկանք ճամբար, հավաքեցինք ճամբարը, ոնց որ ստեղծել էինք, ուսապարկերի մեջ, Գեղարոտի կիրճով մտանք Ապարանի Արագած գյուղի արոտներ… Տասներկու ժամ անընդհատ քայլք-բարձունք-անցում՝ սեպտեմբերի 4-ին, և տասներկու ժամ անընդհատ՝ սեպտեմբերի 3-ին… Իսկ իմ ծննդյան դեղձ-տորթը՝ բենգալյան կրակներով, մենք վառեցինք հյուսիսային գագաթին… Իմ ընկերներն այնքա՜ն հուզիչ-հոգատար էին ո՜ղջ ծննդյան օրը… Ես էլ իրենց նվեր մատուցեցի՝ դարձա առիթ. պետք էր առավոտ 6-ին ոտքի լինել՝ հասցնելու համար. առանց իմ կոփվածքի ու իշխանության հնարավո՞ր էր դա…
Հյուսիսային գագաթին:
2015-ի սեպտեմբերի 4-ը նույնպես լավ օր էր, հիշո՞ւմ եք կրթական շքերթը՝ Արագածի վերելքը՝ մեծ թվով ազգական-Բլեյանների, հարազատների, տարատարիք սեբաստացիների… Իմ որոշումը՝ ամեն տարի ծննդյան օրը նշել բարձունքին, անբեկանելի է… 2017-ի սեպտեմբերի 4-ը նույնպես կլինի լավ օր, բարձունքի նվաճում… Սրանով-այսպիսով ծննդյան օրը, որ մերժված-օտարված «փիս» էր ինձ համար՝ միշտ փախուստի-դժգոհության ռեժիմում, այնքան, որ սրա համար ես փոխել էի իմ ծննդյան օրը, իբր խառնել էի 4-ն ու 5-ը, որ մի դեպքում անցել լինի, մի դեպքում՝ դեռ չեկած… ներառվեց իմ կյանքում, դարձավ հարազատ այնքա՜ն, որքան կարելի էր սպասել… Հիմա ես գիտեմ, որ ծնվել եմ սեպտեմբերի 4-ին, ու անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը՝ բարձունքում…
Իսկ երեկոյան, երբ Երևանում էինք խմբով՝ բարեհաջող, իմ կինը՝ Արմինեն, մեզ հրավիրեց տուն… Մենք մեզ հերոս էինք զգում. դիմավորում էր Դավիթ Բլեյանը՝ ազգականների մի խմբով… արժանի: Հիմա այլ գաղտնիք բանամ. օրեր առաջ ես վնասել էի ձախ ձեռքս ու աջ ոտքս այնպես, որ չգիտեի՝ կկարողանա՞մ մասնակիցը լինել արշավի… Եղա, և պետք էր ո՜ղջ վերելքի ընթացքում քիչ նեղություն տալ-հենվել ձախ ձեռքին ու աջ ոտքին… Ախր, մեր Արագածը, «գագաթները՝ ալմաստ վահան» այնքա՜ն մարդասեր-մատչելի են…
Արագածի մկրտության ծես:
Ես Արագածն այսպես ներսից, խոհանոցով չգիտեի… Ինչպես որ վատ գիտեի ծննդյան օրվա հնարավորությունները… Օգտագործել է պետք: Եվ ի՜նչ հուսադրող է, որ «Բարձունքի նվաճում» նախագիծն իր մեկնարկը տալիս է Արագածով… Եվ մեր ուսուցիչների-Ավագ դպրոցի սովորողների մեծ խմբի հաջող հաղթահարումը հարավային գագաթի ծննդյան օրերի մշակույթի փոփոխման, նոր կազմակերպման ինչպիսի՜ հեռանկարներ են բացում…
Լուսանկարները՝ Ալբերտ Տոնեյանի:
# 781