Դավիթ Բլեյանը «լռվել» է իմ համակարգչին, իր սիրելի «Ուկա»-ի մուլտիկներն է նայում… Դավթի հասակակիցները` իմ գործընկերների երեխանե՞րն էլ են այս շարքը սիրում: Ի՞նչն է մեր փոքրերին, մասնավորապես Դավթին, ձգում:  Ի վերջո, մեզանից ո՞վ ստանձնեց մուլտադարանի հավաքումը, Զառա ջան:

Փորձում եմ կտրել դիտումից, ուշադրությունը շեղելով դեպի իր հեծանիվը:
— Դավիթ, տես, հեծանիվդ թողնում գնում է, տանից…
— Շատ եմ մուլտիկ նայել, հեծանիվս նեղացել-գնացե՞լ է, հայրիկ:
— Հա, Դավիթ ջան, հեծանիվդ պահել չի լինում, արի փորձի համոզես՝ չգնա ուրիշի տուն, ուրիշ կուկուի մոտ:
— Հեծանիվը թող գնա, ես լավը չեմ, թող ինձ չմնա…

Ասել է թե՝ ինձ երեխու տեղ մի դրեք, նույնը կանեմ ես ձեզ հետ…

— Մամա ջան, նայի ոնց եմ զարմացած:
Ու սիրելի մռութը զարմանք է դառնում: Ֆոտոօբյեկտիվն այսետեղ նորից ուշացավ. կադր կորցրինք:

— Մայրիկ, որ ջուրը էսպես շաղ տամ (շաղ է տալիս) կնեղանա՞ս:
— Չէ, չեմ նեղանա, թափի, ջրի, կոտրի:
— Մամ, մի՛ նեղացի, (լացակումած) արդեն շաղ եմ տվել:

— Մամա, արի անջատենք, թող Ուկա-ն էլ քնի..

— Մայրիկ, դու դասի գնաս վաղը, դպրոց, ես գնամ պարտե՞զ:
— Դպրոցն էլ է պարտե՞զ, հայրիկ, պարտեզն էլ դպրո՞ց. ես սկզբից գնամ դպրոց, հետո կհոգնեմ, կսովածանամ կգնամ պարտեզում կխաղամ, ճաշիկ կուտեմ, կքնեմ, ընկեր Կարինեն ու ընկեր Մելինեն մեր խմբի լավն են…

Իսկ Դավթի հեծանիվն ամբողջ գիշերն անցկացրեց դրսում՝ իր Դավիթ հեծյալից նեղացած… Առավոտյան կանուխ Դավիթն արթնացավ, որ ինձ ճանապարհի Դիլիջան, ու … տեսավ՝ հեծանիվը չկա…
— Նեղացե՞լ ա ինձանից, որ իրեն մենակ եմ թողել, հայրիկ, ուշադիր չեմ եղել, մուլտիկ եմ նայել…. Ուզում եմ՝ գա իմ հեծանիվը։

Հեծանիվը հեռու չէր գնացել, տիրոջը չէր փոխել, պահել էր հավատարիմ-նեղացած ձիու նման։ Դավիթն ուրախության ճիչով դիմավորեց իր հավատարիմին։ Նույն ուրախությամբ, մեծի պես փաթաթվեց ինձ.
— Գնում ես Դիլիջա՞ն, հայրիկ:
Եվ աղբի տոպրակը քարշ տվեց ինձ մոտ:

Այսպես սկսվեց իմ շաբաթ օրը: Բարի օր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրի՜կ, մայրիկը չարություն է անում

Անցնեմ Դավթապատումին: TV-ով ինչ-որ մեկը բարձր կլկլացնում է, մոռացել ենք հեռուստացույցին: — Վա՜յ, էս ինչ վատ ա երգում. ես չեմ լսում, հայրիկ: — Բարի լույս, Ծովիկ, կոմպդ միացա՞ծ է… Սա

Իսկական ճամփորդի պես

Դավիթ Բլեյանն իրեն արժանի պահեց, կարծում եմ, ողջ 250 կմ ճանապարհին, այդպիսի հայտնի խմբի հետ ճամփորդության ողջ ընթքացքում՝ Երևանից Մարտունի՝ Գեղահովիտ, Մադինա, Լեռնահովիտ, Վերին ու Ներքին Գետաշեններ, սարերով-ձորերով-Սևանա լճով, միկրոավտոբուսով,

Բոլոր մեքենաների խցանումներից Դավիթը սարքեց մեքենաների… գերեզմանոց

Համերգը պիտի ավարտվեր ու ավարտվեց, իսկ ես առավոտյան աստիճաններով միասին իջնելիս Դավիթ Բլեյանին խոստացել էի օրվա վերջում, երբ ինքը պարտեզից կգա ու ես «գործից» (ինչպես ինքն է ընդգծված ասում), միասին