Կարդացեք Չարենցի «Ռեքվիեմը»՝ Կոմիտասի հիշատակին։ Այս օրերին առանձին տողեր շարունակ ինձ հետ են…

Հնչյուններ ես հավաքել
Հենքի համար քո երգի
Դու՝ հանդերից մահաբեր
Հայրենական եզերքի,-
Եվ հայրենի հանդերի
Մրմունջներից չմարող
Հյուսել ես երգ անթերի
Սերունդների համար նոր…

Բերանացի գիտեի ողջ «Ռեքվիեմը»… Եվ ի՜նչ ուրախություն ինձ համար, ես սրան սպասել եմ, վկա եք, մասնակից եք, նպաստել եմ, որ սերունդներն այս նոր հավաքվեն իրենց Հայրենիքում, այս անգամ Երևանի Գաֆեսչյան արվեստի կենտրոնում՝ Կասկադում, ու հնչեցնեն երգն այս անթերի… Լինեն և՛ տասը երգից կազմված միթերթանի երգարանը, որ այնքան սիրով Գրիգոր Խաչատրյանը Սուսան Մարկոսյանի, Արմինե Թոփչյանի հետ վերջնական տեսքի է բերում, և՛ այս ժամերը…
Մամա ջան, որքա՜ն կարոտում եմ հունիսի 10-ին, երեկոյան ժամը ութին… Երևանցի՝ սեբաստացի, ոչ սեբաստացի, բոլոր տարիքների,  արի, խնդրում եմ, անպայման արի, ու հավաքվեք-եկեք, լսո՞ւմ եք ինձ, ո՛չ մի բացակա, կնեղանամ, եկեք բոլորդ, թողեք ամեն առօրյա, Կոմիտաս երգենք միասին, շա՜տ լինենք՝ Կոմիտասով ժողովուրդ:

«Ժայռ» ճամբարի ցուցադրություն Մայր դպրոցի կրթական պարտեզում:

Պաղ ջրում մանուկը, զրնգուն-տկլոր, ինչպես երգն անթերի, նույնպիսի ազդեցություն է գործում… Երեկ Արմինե Թոփչյանի ուղեկցությամբ ես անցա  մեր Բանգլադեշի լողափերովԶրնգուն ձայներ լսեցի… Ես ամեն ինչ կանեմ, որ մեր սեբաստացի ուսուցիչները-կամավորները ողջ ամառ այս լողափերը՝ մեր մանկավարժության բաց ու մատչելի պահեն, որ այս տարածքներից անթերի երգի ու զրնգուն ջրախաղի ձայներ հնչեն… Տեսեք-տեսեք՝ ոնց են հեծանիվ քշում… Կարինե Մամիկոնյանի ճամբարային շարքն առանձնացնեմ. հեծանիվ+լողը ամենահավեսն է ճամբարում։ Կեցցես, քույր իմ, որ քո 2016-2017-ն առաջին դասարանցիների հետ սկսում ես լողով, հեծանվի վրա։ Երեկ ամբողջ օրը կրթահամալիրի դպրոցներով մեկ այսպիսի հպարտ ցուցադրության քանի՜ տեսարանի ներկա եղանք… Հրաչյա Առաքելյանը, Գևորգ Ստեփանյանը, Միքայելը, Խորենը ամեն ինչ արեցին, որ երեկվա ճամբարային ստուգատեսին մեր հեծանիվները լինեն անթերի վիճակում, մանուկը՝ վրան…

Լողափ-պլեներ Բանգլադեշ-կրթահամալիրում:

Իններորդցիների այսօրվա ռազմամարզական խաղերին ես անհամբեր եմ սպասում. երեկ հաճելի էր արձանագրել հարազատական կապը, որ հաստատվել է մեր զինղեկ Բորիսի, կազմակերպիչ Լուսինեի, Բուշի, մարզիչներ Նառայի, Միքայելի միջև… «Ժայռ» ճամբարը իսկական հավաքանի է ստեղծում, կրթական ծրագրով՝ նախագծային. ստեղծագործական ուսուցումը՝ բաց ու մոբիլ, իր գործն արել է՝ համերաշխ, ներառող հասարակություն է ստեղծել. քննությունները չեն կարողանում մխտռել… ինչպես չորրորդներում՝ անզոր ստուգումները… Ապրի՛ր քո կյանքն առանց հատվածականության, առանց «տեսնենք»-ի-սպասելու՝ «սա էլ կանցնի ու վերջ»: Կանցնի, բա կյա՜նքը. այնպես որ կյանքդ ապրիր, քո՛ կյանքը, քո ապրելո՛ւ ժամանակը… Սա, կարծեմ, Վիլյամ Սարոյանի պիեսի վերնագիրն է…

իններորդ դասարանցիների ռազմամարզական խաղեր:

Ճամբարային ստուգատեսը կրթահամալիրով մեկ ստացվեց. հեծանվաերթը մեկժամանոց արձանագրեց հեշտությամբ… Հիմա ես mskh.am-ի եթերում եմ, և՛ վերնագրերն օրվա, և՛ ֆոտոշարքերը փաստել են օրը: Շնորհակալ եմ: Այսօր էլ ստուգատես է, վաղն էլ… Մեր հանրակրթական ճամբարների ամփոփիչ օրը. կգա՞ն Լևոն Մկրտչյանը, Սեյրան Օհանյանը այդ ամփոփիչ օրվան, բարով գան, ուրախանան. մենք վաղո՜ւց որևէ մեկի, որևէ անձի ու TV-ի համար ոչինչ չենք անում, մենք մեր կյանքն ենք ապրում, ինչպես Հռիփսիմե Առաքելյանը իր 2016-17 ուստարվա ընդունած 23 առաջին դասարանցիների գործող բլոգում է գրում. «Այս մեծ, գունեղ ու հետաքրքիր սեբաստացիական աշխարհում արի միասին ճամփորդենք, բացահայտենք ինքներս մեզ ու աշխարհը»… Կարծեմ այսպիսի աշխարհի բացահայտմանն է պատրաստվում «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը… Իրոք, ծնվել, ապրում ենք Կովկասում ու Կովկասը՝ որպես բնիկ ժողովուրդների աշխարհ, չենք ճանաչում… Կազբեկով Վլադիկովկաս՝ երգով… հայրենի երգը մեր աշխարհաճանաչումով կտարածենք…

Մեկ ժամ Բանգլադեշով՝ ոտքով, հեծանվով:

Դավիթ Բլեյանն էլ իր պլանշետը ավելի ու ավելի է աշխարհաճանաչման գործիք գործածում… Գտնում-սիրով լսում-դիտում-յուրացնում է հանրամատչելի ֆիլմեր… Հետաքրքիր է այսպիսի յուրացումը. մշտական երկխոսության հետ պլանշետի, ինքն իր հետ ու մեկ-մեկ էլ ինձ հետ… Գիտի՝ այսօր գործի ենք, որ վաղը աշխատելու ենք, վաղը չէ մյուս օրն էլ տանն ենք.
— Պապ, ես գիտեմ՝ շաբաթ է, հետո կիրակի…
— Լա՞վ է, Դավիթ…
— Ես գիտեմ, պա՛պ…

Իսկ ես հենց նոր բռնացրի, որ երգերից իմը անթերին է, ահա ինչու հայրենիքի ողջ ճամփին հեծանվի վրա ես Կոմիտաս եմ երգում-տարածում։ Լսո՞ւմ եք…

Հյուսել ես երգ անթերի սերունդների համար նոր… Շնորհակալ եմ։

IMG_8530

Լուսանկարների հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան

#696

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սովորեցնենք կյանքին վերաբերվել որպես էքսպերիմենտի

— Ա՜խ, էս ի՜նչ համով է, մարդիկ,- Լիլիթ Ազիզխանյանի նվիրած տուփից վերջին կոնֆետն ուտելով՝ բացականչում է Դավիթ Բլեյանը… – Հեռուստացույցով մուլտ նայեմ, չի բարկանա հայրիկը, համակարգչով նայեմ՝ կբարկանա՞…,- հարցնում է

Բաժակ ենք բարձրացնում խաղաղության․․․ Կենաց․․․

Կեցցե Հարավը սեբաստացիական՝ Շամիրամ Պողոսյանի դպրոց—պարտեզը, իր համայնքով՝ մեծով—պստիկով, սկսած յուրաքանչյուր երկու տարեկանից. թվում է՝ Հոգատարության ուսումնական նախագծի, նրա ցուցադրություն—հանգանակության երեկվա տոնավաճառին ներկա էր հարավի մեր 2-11 տարեկանների ամեն մի ծնող… Այսպիսի՜ համերաշխություն՝ «Սեբաստացիներ»