Այսպիսի՝ Պրոկլես Դիադոքոսից փոխ առած վերնագրով էլ սկսենք իմ օրապատումը։ Աշոտ Տիգրանյանն իր նախագծով որ չլիներ-չպարտադրեր, շնորհակալ եմ, ամեն Աստծու օր mskh.am-ի գլխավոր էջում, ես Պրոկլեսի մասին անգամ լսողը չէի։ Ուզում եմ հավատալ, որ երեկվա մեր ֆլեշմոբով ովքեր չէին լսել մեր «Դպիր» էլեկտրոնային պարբերականի մասին, չէին ընթերցել նրա որևէ հեղինակի․․․ հանդիպեցին-հայտնաբերեցին մեզ հետ ապրողների, ասենք՝ Նելլի Արղությանին՝ իր «Միասին ապրելու կրթություն՝ խաղով, երգով ու պարով», կամ, էլի ասենք՝ Մարգարիտ Սարգսյանին՝ իր «Սովորող-սովորեցնող զարգացումը, անընդհատ ուսուցում-ինքնուսուցում-փոխանցում» հրապարակումներով, ինչպես մեծ խումբ Գեղարքունիքի մարզի դպրոցների մանկավարժական աշխատողներից շատերը՝ կրթահամալիրում իրենց հայտնվելով․․․ Ոնց որ 412թ․ ծնված Պրոկլես Դիադոքսի երեկվա հայտնությունը՝ իր, ասենք, Էվկլիդեսի մեկնությունով… Շիտակ լինենք, որքան էլ որ մեկնությանը նրա այդպես էլ չհասանք, տեղն իմացանք։ Իսկ Աշոտ Տիգրանյանի Աշակերտական գիտական ընկերության և Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության համագործակցային նախագծերից մեկով «Դպիր»-ում առաջիկայում կներկայացնեն իրենց մեկնաբանությունը Պրոկլեսի մեկնության․․․ ճիշտ ու ճիշտ որպես հաստատում Մարգարիտ Սարգսյանի՝ «Կրթությունը տարածման, փոխանցման ենթակա գործիք է» մտքի։
Արևելյան դպրոց-պարտեզի երկարացված օրվա երկու խմբերի հանդիպումը «Հեքիաթասաց» նախագծի շուրջ:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Նայեք, թե մի հրապարակման մեջ Նելին իր ու իր գործընկերների հրապարակումների քանի՜ հղում է անում․․․ Կսկսես ընթերցումը, բայց կավարտե՞ս․․․
Երեկ այդպիսի օր էր. պիջակով էր Տիարը ձեր․․․ Երկու տարբեր լրագրական խմբերի հանդիպեցի․․․ Լավ է, որ ինձ սկսել են մեկուսի դիտել, չեն խառնում-չեն շփոթում ոչ մի կուսակցության, խմբի հետ․․․ Անգամ լրագրող աղջիկներից մեկը գործածեց «ինքնօրինակ»-ը․․․ Կարդացե՞լ էր Պրոկլեսին մեր․․․ Հիմա շնորհակալ եմ իմ բլոգեր սեբաստացիներին, իմ ամենօրյա մեդիա-ԶԼՄ-ներին, պատրաստվում եմ նրանց հետ հնարավոր առերեսումների․․․ Օրինակ, ի՞նչ եք կարդում հիմա․․․ Ա՛յ, հենց սրա համար իմ սեղանին, համակարգչի դեսքթոփին բաց-կիսատ, այդպես էլ, վստահ եղեք, ողջ տարվա ընթացքում չավարտվող մի քանի գրքեր ունեմ՝ որոշ նշումներով․․․ Պրոկլեսն էլ ավելացավ սրանց․․․ Այդպես նաև չդիտած-սկսած ֆիլմեր ունեմ․․․ Օրինակ, թատրոնի ուսումնական բլոգի ֆիլմադարանում «Մալենա» ֆիլմը։ Երբ հարց է լինում, օրինակ՝ նախընտրելի դերասան-դերասանուհու մասին, ինչպես երեկ, տնային մշակում-պատասխաններ էլ ունեմ՝ կարդացե՛ք իմ բլոգում-օրագրում, ես իմ գրում անդրադառնում եմ․․․ Հենց այսօրվա համար եմ պահել․․․ հղումները․․․ Իսկապես առինքնող են և՛ Անջելինա Ջոլին, և՛ Թոմ Կրուզը։ Բայց ա՛յ «ո՜նց եք հասցնում այսքա՜ն գործի-առօրյայի հետ» հարցի պատասխանը ոչ մի շարքում չի տեղավորվում։ Ի՞նչը հասցնես, ես սիրում եմ ոչինչ չանել (զարմացա՞ր՝ կասեր Դավիթ Բլեյանը). ժամերով ընկղմվում եմ, անջատվում՝ իրիկունը քնելուց առաջ և ցայգի-այգի արանքում, ինչպես հիմա։
Դավիթ Բլեյանը՝ ֆոտոօբյեկտիվից թաքնվելիս:
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:
Դավիթ Բլեյանին իր խմբից կտրել չի լինում․ Արմինե մայրիկն ուզում է՝ շուտ տուն գա, ամեն ինչ հասցնի և օրինակելի ուսուցիչ-մայր-կին-լինի, Դավիթն իր խմբի դուռը դաստիարակի ներկայությամբ փակում է մոր առաջ ու շարունակում երկուսից չորս տարեկանների իր նախկին խմբում խաղալ․․․ Սիրահարվել է Տիգրանին։
— Դավիթ, տղեն տղի չի սիրահարվում,- ամոթխած բացատրում է եղբայր Արմենը։
— Ո՜նց չէ, լինում է․․․ Ո՞նց են մայրիկն ու մորաքույր Ռուզանն իրար սիրում․․․ Ուզում են՝ քույրերով ամբողջ օրը միասին լինեն․․․
Այո, Հիմնական դպրոց, Աննա Սմբատյան ու ընկերներ, ստվարաթղթից ու հարմար կտորներից էկո պայուսակներով Մարմարյա սրահում մարտի ցուցադրությանը պատրաստվեք, ձեր գործին եղեք, ինչ լա՜վ, տեղին նախագիծ եք սկսել․․․ Ինչպես երեկ Քոլեջում հասցրին զարդակիրառականը մեկտեղել տեխնոլոգիական դիզայնի ընդարձակ արվեստանոցում և այնքա՜ն սպասված տեղն ազատել գեղեցկության սրահի, մեր նոր գործընկերուհուն՝ դիմահարդար Լինա Պետրոսյանին, է՜լ պատվով-շնորհքով ուղեկցել Քոլեջ, Գեղարվեստ ներկայացնել․․․ Օրվա հոգսը բավ է օրվա համար, ու ես գիտեմ՝ օրվա մեջ ո՛ր գործն է, որ չանել չի կարելի․․․ Երեկ օրվա վերջում ես մենակ մտա Քոլեջ․․․ Պիտի համոզվեի․․․ հենց Քոլեջից զանգեի՝ այսօրվա անհետաձգելին պատրաստեի։ Այսօր ես այցելելու եմ Արևմուտքի դպրոց-պարտեզ՝ Փաշինյան Էդմոնդի 2017-ի նախագծով․․․ Ես խորին հարգանքով եմ վերաբերվում բոլոր ինքնօրինակներին՝ իմ գործընկերներին։
Արևմտյան դպրոց-պարտեզի թատրոն-լաբորատորիայի նախապատրաստման աշխատանքներ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
# 930