Կիրակին Դավիթ Բլեյանն ու մայրիկ Արմինեն վայելում են. միասին դեմ առ դեմ մուշ-մուշ երկար քնած են… մայր ու տղա: Պատկեր է: Ես ունեմ ժամանակ՝ խոստացածս կատարելու. իմ բլոգում «Քսիֆներ կալանատնից. կալանավորի օրագիր» բաժնի համար իմ 1999-2001թթ մնացած արխիվից ձեռագրեր ընտրելու… Որքան էլ բաց եմ ապրել-ապրում, գործել-գործում իմ ողջ կյանքում, բոլոր պաշտոններում, ես չեմ ներկայացրել իմ անձնականը հանրային հետաքրքրություն շահելու համար, քննարկման, եթերում անկեղծանալու առիթ ու նյութ չեմ դարձրել. ավելին՝ հետևողական խուսափել եմ… Բայց… 60 տարեկան եմ դառնում… «Ինձ վերցրեք այնպիսին, ինչպիսին կամ, կամ էլ հանգիստ թողեք», սրանք գեներալ Դը Գոլի խոսքերն են. ու հարգելով իմ օրագրի ընթերցողին, ձգտելով բլոգում իմ կյանքի ամբողջականության ապահովմանը՝ սկսում եմ խոստացած խորագիրը… Այդպես է. հիմա ափսոսում եմ, որ շա՜տ ու շատ ձեռագրեր շտապել եմ «delete» անել… Եղած է: Մնացածից փորձեմ, խնայելով ձեր ժամանակն ու չջրիկանալով, ավելի գրավիչ դարձնեմ բլոգս նորանոր ընթերցողների համար…

«Կարծես մեր՝ հայերիս ընդհանուր հատկությունն է, որ չենք կարողանում մի բան մինչև վերջ տանել, մակերեսային կամ բնավ զարգացում չառնելով՝ միշտ անկատար ու պակասավոր մարդիկ ենք հասցնում…»։ Այսպես գրել է… դե, ասեք, տեսնեմ գիտե՞ք՝ ով կարող էր այսքա՜ն դատավճռային արտահայտվել… Այո՛, Կոմիտասը… Եվ ես այն կարդացել եմ բերդում, 2000-ին…

Կրթահամալիրի 2015-16 թթ-ի օրացույցն էի զննում. սեպտեմբերի 21-26-ը կոմիտասյան օրեր են ավանդական, ամենամյա… Օրացույցը մեր ուսումնական է, նրանում արձանագրվածը միջոցառումներ չեն՝ անես-պրծնես, գա ակտիվ ուրիշը, երգի կամ խոսի, դու իբրև ներկա-մասնակից լինես, բայց մտածես, թե հոգի հանեց, ե՞րբ պիտի պրծնի… Օրացույցում մեր ուսումնական կյանքն է, բովանդակությունը՝ ուսուցմամբ, ուսումնական նախագծերով յուրացվող… Այս օրացույցով պիտի կազմված լինի նաև ուսուցչի, կազմակերպչի, ամեն մի մանկավարժական աշխատողի ուսումնական դասընթացների, գործունեության աշխատանքային ծրագրերն ու պլանները… Օգոստոսի 30-ը անգամ ուշ է հետաքրքրվելու համար. արված են մշակումները, որտե՞ղ են դրանք հրապարակված, կարո՞ղ եք ցույց տալ ձեր ուսումնական բլոգներում: Ցո՛ւյց տվեք:

Գեղարվեստի դպրոցի 5 տարեկանների մրգային օրը: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Մի բան հաստատ է՝ ինչ արվի, պիտի արվի մինչև 2015-ի սեպտեմբերի 4-ը. այդ օրը կդառնամ 60 տարեկան ու դրանից հետո ամեն օր ես կհեռանամ 60-ից… Ահա ինչու՝ որոշեցի ոչ մի օր չհետաձգել, այսօր ու վերջ: Առանձնացնենք հոբելյանական տարվա լավագույն նորություն-փոփոխությունը իմ կյանքի՝ իհարկե, հեծանիվը:  Փաստ է, որ 2015թ. ապրիլի 13-ից ամեն օր գործածում եմ հեծանիվ՝ ո՛չ որպես շքեղություն, էկզոտիկա, պարապմունքի միջոց, այլ սովորական ու հարմար փոխադրամիջոց: Կիրակի էր այսօր, ու հեծանիվն ինձ տարավ կրթահամալիր ու բերեց. ես եղա Հարավարևմտյան զանգվածում, Բ-1, Բ-4, «Անկախ մայլա» թաղամասերում տեղավորված մեր բոլոր ութ կրթական օբյեկտներում. մեկ առ մեկ բոլորը բաց են ու աշխատանքային վիճակում, վերջին պատրաստություններն են սեպտեմբերի 1-ին ընդառաջ… Ես հեծանվով հասցրեցի լինել վարսավիրանոցում. այսպես կտրած, կոկիկ լավ է, մայրս կասեր՝ «ժժնթփուկ չէ»…

Նոր ուսումնական տարի, նոր բնակիչներ Դպրոց-պարտեզում: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Այսպիսով՝ հեծանիվը: Տարվա լավագույն՝ ամենահանրակրթական, ամենաոգևորիչ ու զարգացումներով լի նախագիծը «Բանգլադեշն անիվների վրա»-ն է անկասկած… Փաստ է, որ հեծանիվը դարձավ առօրեական. մեր ուսուցիչներից շատերը սկսել են ձեռք բերել … Փաստ է, որ մենք ամենահարմար պայմաններով ստացանք 40 հեծանիվ՝ 20-ը՝ մինչև 11 տարեկանների, 20-ը՝ մեծահասակների համար, նոր ու եվրոպական  արտադրության, նախանձելի… Փաստ է, որ ավարտին է մոտենում հեծանվակումբի շինարարությունը. սեպտեմբերի 22-26-ի հեղինակային կրթական ծրագրերի հավաքին մենք կներկայացնենք տարատարիք հեծանվախմբերը… մեր եռամարտը, հնգամարտն ու միամարտը, հեծանիվներ ու հեծանվավոր սովորողներ և ուսուցիչներ… Փաստ է, որ այս 4-5 ամսում ես ու իմ հավատարիմ ընկեր-օգնական Գևորգ Հակոբյանը նախագծեցինք Անաստասավան՝ Շիրակի փողոցով կամ Լենինգրադյանով, Խանջյան փողոց՝ Ծովակալ Իսակովով կամ Սեբաստիայով, Բանգլադեշի՝ կրթահամալիրի Բանգլադեշի հեծանվային բոլոր հուսալի անցումները… Հավատացնում եմ՝ բազմապատիկ նվազեցին նյութական ծախսերն ու ժամանակը «Բանգլադեշն անիվների վրա», «Հեծանիվը՝ հանրակրթական միջոց» նախագծերի իրագործման պիլոտային ծրագրերի համար: Մենք միայն մեզ համար չէ, որ անում ենք, մենք, այդպես ստացվեց, էլի գնում ենք առջևից՝ հանուն Հայաստանի Հանրապետության, առողջ գլորվող սերնդի…

2-4 տարեկանների այսօրը բացօթյա պարտեզում: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Երբ Դավիթ Բլեյանին որևէ գործողության համար ասում ես՝ «ապրես» կամ «կեցցես», անմիջապես հակադարձում է.
— Ինչի՞ համար ապրեմ…
Կամ.
— Խի՞…
Առաջ ինձ թվում էր՝ հերթապահ-մեխանիկական իր խոսքն է, հետո համոզվեցի, որ սրանով ստուգում է ի՛մ խոսքի հերթապահ չլինելը, արժեքն իսկական… Այսպիսով Դավիթն իր համար ճշտում է, թե իր որ գործողությունն է, որ արժանանում է «ապրես» գնահատականի…
Հետո էլ թե.
— Որ այդպես չանեի (չպաշտպաներ ընկերուհուն, չկիսեր տարած ուտելիքն ընկերների հետ, չզիջեր դիմացինին… ), ի՞նչ կլիներ… Ինչի՞ լավ չէր լինի: Ի՞նչ է նշանակում…
Վերջում էլ թե.
— Որ այդպես արեցի, դու ուրախացա՞ր…
Այսպես անհոգնել՝ ես էլ, ինքն էլ, օրը քանի՜ անգամ, ամիսը 100 անգամ…

2-4 տարեկանների տրամադրությունը Հիմնական դպրոցում: Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի: 

Կան պաշտոնական նամակներ, կան փակ նամակներ ու բաց… կան քսիֆներ… կան գաղտնի նամակներ… Իմ ամեն օր վարվող բլոգում օրվա գրերը դարձան կրթահամալիրի տնօրենի անընդհատ էլեկտրոնային նամակներ, որտեղ ոչ միայն կրթահամալիրային խնդիրներ են ու լուծումներ՝ քաղաքային-թաղային, հանրային, հանրապետական… Իմ 435 նամակներից յուրաքանչյուրը, որ նաև պաշտոնական է, շնորհիվ ֆեյսբուքի նաև բաց է, նաև անանձնական, ինչպես այսօրվա իմ գիրը. բոլորը։ Այսքան առաջարկներ եմ արել, ու մնացել են անպատասխա՞ն… Անգամ չե՞ն կարդում քաղաքապետը, իր աշխատակազմը, վարչակազմի ղեկավարը… Ոչ մի արձագա՞նք… Այդպես չեն կարդացել իմ 434-րդ գի՞րը… Ախր, ինչպե՞ս… Չեմ նեղանալու։ Երբե՛ք։ Մեր հանրապետությունն է՝ իր վարչապետով, մայրաքաղաքով ու քաղաքապետով, վարչակազմի իր ղեկավարով, ԱԺ մեծահարուստ պատգամավորով…

Օգոստոսի 30-ի, լույս 31-ի լիալուսինը: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

436-րդ այս գրով-նամակով սկսում ենք նորից։
Սեպտեմբերի 1-ը իմ կյանքում բացառիկ է։ Երեսուն տարի է՝ իմ վաթսուն տարիների կեսը՝ փոքր ընդմիջումներով, որոնք երեսուն տարվա ստաժի մեջ են, Բանգլադեշում եմ, իմ ընկերների հետ… Համեցեք Բանգլադեշ, հարգելի վարչապետ ու քաղաքապետ, վարչակազմի ղեկավար ու ԱԺ պատգամավոր, մեր գովական նախագծերը, մեր աշխարհացունց գործերն ու առաջարկները ներկայացնենք, մեր առկա խնդիրներին ծանոթացեք, օգնեք՝ լուծենք դրանք։ Եկեք Հարավարևմտյան Բ-1 թաղամասը մեկ միասնական՝ յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկություններին համապատասխան և հարմարեցված միջավայր դիտենք, բնակելի զանգված-շենքերի և դպրոցների միջև կորած ճանապարհներից առանձնացնենք հեծանվուղիները, ուսումնական պատշաճ անցումները. դրանք պետք են բոլորին՝ սեբաստացի, թե ոչ սեբաստացի…

#436

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքնացնցումով առաջացող-ծավալվող կրթական ցանցին մեր միացեք…

Առտու ժամը հինգն է. բաց պատուհանով աշխարհի իմ անկյունում, բարի լույս, սկսում եմ ես օրն իմ պատումով երեկվա։ Ես ունեմ մինչև մեկ ժամ սրա համար, մինչև մեկ ժամ կարդալու. այսօրվա

Ռետրո արձագանք…

Դավիթ Գևորգյանի հիշատակի՝ կենդանի դարձած ֆուտբոլի մրցաշար․․․ ամենամյա, օրացույցային․․․ Մեր հերոս սեբաստացու պայծառ հիշատակի այսպիսի կենդանի՝ կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողից եկած ու սովորողին հասկանալի միջոց․․․ Ֆուտբոլի հրապարակը, «Սեբաստիա» մարզադաշտերում հետևողական

Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի, ձեր մեջ գլուխ կճաքի

Մեր Դավիթը տղա՜ է, տղա՛, ինչպես ինքն է հաճախ հիշեցնում, ու ինչպես իրենց մաշկի վրա դա ամեն անգամ զգում են իր քույրիկներ Արևիկը, Սոնուլիկը, Մելինե-Մարիամիկը։ Երեկ հերթը Նազենի կրտսեր Հովհաննիսյանինն