Վահրամ Թոքմաջյանը, ում ղեկավարած «Դավիթ Բեկ-Մխիթար Սպարապետ» ուսումնական նախագծի արշավախումբն առաջին գիշերն էր անցկացնում Դավիթ Բեկ գյուղում, պատմեց, որ ճանապարհին Զորաց քարերում հանդիպել են Ստեփանակերտից վերադարձող Մարթա Ասատրյանի էկոհայրենագիտական խմբին… Օրեր առաջ Տավուշի Բլդան գետի մոտ, Ջուխտակ վանքի ճանապարհին գրկախառնվել էին Գեղարվեստի ավագ դպրոցի՝ մեկնող ու Նոր դպրոցի՝ վերադարձող բազմօրյա ուսումնահայրենագիտական ճամփորդության խմբերը… Ափսոս, որ մենք մեզ ենք հանդիպում, ուրիշները պարզապես ուսումնական այս արձակուրդին չեն ճամփորդում…

Հիմա, երբ մեր ճամփորդող խմբերը Երևանում են, երբ արցախյան հաջող մեկնարկից ոգևորված՝ Հանրակրթական էկոտուր 2015-ի կազմակերպիչ էկո-հայրենագիտական ակումբը Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Արցախի, Վրաստանի իր գործընկերների հետ պատրաստվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Կողբի Զիկատարում իրենց աշխատանքային հավաքին,  հիմա, երբ հայրենիքի ու աշնան տպավորություններով, ուսումնական նախագծերի հաշվետվություններով լցված են մեր mskh.am-ը, սովորողների և դասավանդողների ուսումնական բլոգները, ասենք, որ մեր շատ նախագծեր չէին լինի կամ կլինեին ոչ մատչելի շատ սովորողների, եթե չլիներ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությունը։ Այ, որ Հայաստանում քիչ են անցկացվում կամ չեն անցկացվում այսպիսի հավաքներ-ճամփորդություններ, դրա պատճառը նաև այն է, որ տրանսպորտային փոխադրության հարցը լուծված չէ։ Հանրակրթական ծրագրերում հայրենագիտությունը, կրթական փոխանակումները աջակցության կարիք ունեն, և պաշտպանության նախարարը այդպիսի աջակցության կոնկրետ ու տպավորիչ օրինակ է ցույց տալիս։

Մենք էլ, ո´չ Հին Խնձորեսկում, ո´չ Զորաց քարերում, ողջ Ստեփանակերտ-Գանձասար-Շուշի-Երևան 750 կմ-ոց ճանապարհին, բոլոր հնարավոր գեղատեսիլ դադարներով՝ ճամփորդող խմբերի՝ ավտոբուսով, միկրոավտոբուսով չհանդիպեցինք… մեկ-երկու մարդատար մեքենա ճամփորդ ու վերջ… Այսպիսի աշուն, այսպիսի երկիր (երկրներ), այսպիսի հնարավորություն՝ ուսումնական արձակուրդի տեսքով, ու այսպիսի վերաբերմունք՝ անվայելք-անհաղորդ իր բնությանը, իր հողին, իր մշակութային նյութական ու ոչ նյութական արժեքներին, ինքն իրեն…

Գանձասար տանող ճանապարհի, Վանք գյուղի, Գանձասար վանական համալիրի, Ծովին քարի աշնանային հմայքն ու դատարկությունը չեմ հաղթահարում… Լավ, ո՞ւր է մարդը. չերևաց աշնանային երկրագործ բնիկը, չտեսանք  ոչխարների սուրուներ, չհանդիպեցինք զբոսաշրջիկների՝ որևէ կարգավիճակով-ձևաչափով-փոխադրամիջոցով… Նորոգված, ապահով ճանապարհ, ու Գանձասարը դատարկ էր… Ողջ Արցախը կենտրոնացել-կենտրոնանում է Ստեփանակերտում, այս մեկ փաստը դառնացնում է, հսկա, շեն, մաքուր, կանաչ մայրաքաղաքի իրողությունը… Մեծացող մայրաքաղաքներով դատարկվող հայրենիք ունենք՝ Հայաստանում և Արցախում, ի՞նչ ուրախանաս…

 

Մինչև ժամը 18.00-19.00 պիտի լինենք Երևանում. Լիլիթ Բլեյանի մենահամերգը սկսվում է 20.00-ին, «Գաֆեսճյան» կենտրոնի դահլիճում. ես չեմ կարող ուշանալ: «Գաֆեսճյան» կենտրոնը համարում եմ Երևանում իրականացված ամենաերևելի, խիզախ նախագիծը: Բոլորս, շնորհիվ այսպիսի կենտրոնի, ներկայացնելու և ներկայանալու մշակութային միջավայր ունենք մայրաքաղաքում, պիտի առավելագույնս աջակցենք, օգտվենք, մասնակցենք…

Հիշում եմ, ինձ շփոթեցնում էին, որպես Երևանի փոխքաղաքապետ, Կասկադի լքված-կիսատ շինություններն իրենց ծավալով, երբ այցելում էի մեկ-երկու սրահում տարվող աշխատանքներին հետևելու-աջակցելու… Ի՞նչ է հնարավոր անել այս ամեհի կիսակառույցի հետ… Բրավո՜, Գաֆեսճյան. հիացած-զարմացած եմ…

Սիրում եմ Սարյան փողոցից քայլել դեպի թանգարան… Բացօթյա էստրադան, բազմամարդ համերգն ինձ գերում է. մարդու, կյանքի, աշխույժի կարիք ունեմ: Հետո աստիճաններով երթևեկում եմ թանգարանով վեր ու վեր…

Ես առաջին անգամ եմ լինում ավարտուն վիճակի բերված այս կառույցում, յուրօրինակ համերգադահլիճում, որ, ինչպես Լիլիթ Բլեյանը համերգին ասաց, այնքան է կարևորում-հավանում, որ ուզեցել է շատ այստեղ ելույթ ունենալ… Ամեն ինչ ճաշակով է այստեղ. հարազատ են մարդիկ, ծանոթ-անծանոթ նույն  միջավայրից են ու նոր միջավայր են ձևավորում, նոր կապ, նոր ընդհանրություն: Սա իմ Երևանն է, իմ Հայաստանը ու ես… շնորհակալ եմ Լիլիթին  այս օրվա համար… Ինչպե՞ս եմ զգում՝ հարցնում են: Ինչպես ծովի ափին: Իսկ ծովը… մեծ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդու՝ իր գործի, իր անելիքի տերը լինելու ժամանակը չէ՞

Գարունը հրեն, հա՜, մի քանի օրական փետրվարը մնաց. դրսում էլ՝ արև, չոր, էս համաճարակը չլիներ էլ, կստեղծեինք, որքան էլ որ հակահամաճարակությունը նույնքան կարգապահ-գրագետ աշխատանք է ենթադրում, ինչպես ուսուցման առցանց կազմակերպումը… Շաբաթ

Ա՛յ, այսպես էլ ապրում ենք հուլիսին Բանգլադեշում՝ ծիրան ուտելով, կուտ ջարդելով, չիր ու ջեմ պատրաստելով… փրփրաջրում լողալիս լողափին պերֆոմանս անելով…

Իմ օրն այսպես էլ է լուսանում, սկսվում… Արթուն եմ իմ ժամին՝ առտու 4-5-ի արանքում, բայց աչքերս փակ՝ սկսում եմ պատմել իմ օրը… Մի ամբողջ հավերժություն ու վայելք… Ամենակարևորը փակ աչքով

Սևանից սկսած մինչև Երևանյան լիճ

Ամեն ինչ Շուշան Բլեյանի սրտով եղավ, ինչպես մտածվել էր, այնքան հոգատար-կոնկրետ պատրաստել էր Շուշանի խնամակալ-քույրՏաթևիկը Բլեյան: Տաթևը միշտ Շուշանի կողքին է եղել՝ նրա ծննդյան օրվանից. ո՛չ երկարատև ուսումը Վիեննայում, ո՛չ