— Հայրիկ, արդեն Շուշի գնացել ե՞նք, հիմա Երևան ենք գնում. ես Երևանը սիրում եմ…

Դավիթ Բլեյանը Դպրոց-պարտեզի իր խմբին է կարոտել, իր Սոնային, Շուշանին, Արմենին…

Չնայած, երկու իրիկուն որ անցկացրեց Շուշիի Խաչատրյան-Նալբանդյան ամուսինների հյուրընկալ տանը, մի բոլ խաղաց Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի սովորող դարձած Արթուրի («Մեծ Արթուր»,- ասում էր Դավիթը, պարզվեց, որ փոքր Արթուրն իրենց խմբինն է), քթի փոքրիկ միջամտություն-վիրահատությունը հենց նոր տարած կրտսեր դպրոցական Աննայի, ռազմական ուսումնարանի ուսանող մեծ Դավթի (Դավիթը հանկարծ հասկացավ, որ «Դավիթը» անուն է), Արցախի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանող Քրիստինեի և Շուշիի հիմնական դպրոցի սովորող Արամ Խաչատրյանի հետ, ով մետաղե պատյանով ատամներն է ուղղում։ Շուշիի մանկաբույժ Նունե Խաչատրյանը, Միշա պապիկ Խաչատրյանն ու Նազիկ տատիկ Նալբանդյանն էլ՝ Դավթին փեշքեշ, լավ երես տվին, թողեցին, որ կարմիր ձեռնոցներով Դավիթը մի բոլ իրենց բոքսի… Երես տալը հենց այսպես է լինում, որ Շուշիի վարչակազմի ղեկավարի տեղակալ, Շուշիում ծնված, մեծացած, միշտ ու այսօր էլ իր քաղաքին ծառայող Միշա Խաչատրյանն առավոտ 7-ին արթնանա, որ Դավթի սիրած մոշ-մորին եսիմ որտեղից հավաքի, որ Դավիթը մեր վայելի…

Երբ Երևանում էինք, հիշեց պապիկին, ստիպեց, որ զանգեմ.
— Պապիկ, ես մոշ-մորի եմ ուզում, քաղի ուղարկի…

— Հայրիկ, հիշո՞ւմ ես, մշուշ էր քիչ առաջ՝ քաշվեց, գնաց, անտառը երևաց:
Շուշին, երբ մենք երկար ու ջերմ հրաժեշտ տվեցինք, մշուշի մեջ էր, որ Քաշաթաղ չհասած, շուտով ցրվեց… Ամբողջ ճանապարհին, մինչև Երևան հասնելը՝ պարգևելով պայծառ աշուն…

— Հայրիկ, ես կարմիր ծառ տեսա, մշտադալար եղևնի ու դեղին անտառ…
Եվ երեք իշուկ, որ երկար ճանապարհին մեզ ուղեկցում էին և Աղավնո եկեղեցի ու գետ. գետի ափին ես տեսա ջրկոտեմի մի «անտառ». առաջ չգիտեի, թե սա ի՜նչ համով կանաչի է, հիմա, Խաչենից հետո… Բաց չթողնեք:

— Հայրիկ, կանաչ այս եղևնին շուտով կզարդարենք, որ տոնածառ դառնա…
Դավիթ Բլեյանի հետ կռվում-բարիշում ենք ողջ ճանապարհին։ Չի մոռանում ոչինչ. Շուշիի ընտանիքը երկու մեքենա է նվիրել, երկուսն էլ ինքը վերցրեց («Սրանցով ես խաղացել եմ, իմն են». զավթիչի բնավորություն ունի մեր տղան), խաղում է, կոտրում, սարքում…

— Հայրիկ, դու մեքենան սխալ ես սարքել, սպասի փորձեմ…

Բոլորն «ապուշ» ու «գիժ» են…
— Էլ Արմենին «ապուշ» չասես Երևանում, լսո՞ւմ ես, քո եղբայրն է, քեզ շատ է սիրում. լավն ա Արմենը,- խնդրում, սաստում է Արմինեն:
— Հա, Արմենը լավն ա, բա ո՞վ ա ապուշ, մայրիկ…

 Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին ու «Սեբաստացիներ» երգչախմբին՝ ֆիլմով մեկօրյա թափառումին մասնակից դարձնելու համար… Դավիթ Բլեյանի ուրախությո՜ւնը, ճիչը, երբ տեսավ երգող ընկեր Կարինեին ու սկսեց փնտրել ընկեր Մելինեին, փոխանցում եմ սիրով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դե, ձեր մեռելն եկեք տարեք

— Դավիթ, ժամը երեքն է,- պատանդի վիճակում, դատապարտվածի նման խնդրում եմ ես. – Լավ չէ, որ ժամը երեքն է, լավ կլիներ՝ երկուսը լիներ գիշերվա: Հետո կլինե՞ր երեքը գիշերվա, հետո՝ չորսը գիշերվա,

Պապայի դա՞սն ես կարդում, մայրիկ

Դավթի մայրիկը՝ Արմինեն, շատ գոհ է իր օրից. ընկեր Կարինեն ու ընկեր Մելինեն, երևում է, հիմնավոր գովել են մեր տղուկ Դավթին, շեշտել նրա դաստիարակվածությունը, վայելուչ պահվածքը՝ թե՛ դաստիարակների ու թե՛

Իմ օրը, շաբաթը՝ սիրուն պատմություններով լի․․․

Ինչի՞ նման կլիներ իմ գիրը առանց  այդ սիրուն պատմությունների… Չէր լինի, կընդհատվեր վաղուց… Բայց տեսեք, կա իմ գիրը, իմ հավեսը՝ պատմելու ինձ հետ կատարվածը, իմ տեսածը-լսածը՝ անընդհատ… Դավիթ Բլեյանն առավոտ մի