Ինչպիսին դու ես հունիսի 1-ին, այդպես էլ կանցնի ողջ ամառը, ասել է թե՝ ուսումնական-ճամփորդական… Շորտով, իհարկե, ամառային թափերով («հողաթափ»-ը արհեստական չէ՞. հոմանիշներ եմ փնտրում, ինչպես նաև «շորտ»-ի համար. «խուրջին»-ի պես բառեր գտեք, ուղարկեք) և շապիկով…
Ամառ է՝ իր հունիսով, հունիսի 1-ով, անտիվիրուս Կոմիտասով, ուսումնական ճամբարներով, բանգլադեշյան ծովերով՝ բաց ամենամատչելի հումանիստական լողափերով, դրանց բերած հոգսերով… Ապրիլից Սևանա լճի ափը բռնած, մայիսին հիմնական կրթության մարտական քննությունները Սևանի Ժայռում անցկացնող բացօթյա լողի շրջանը մեկնարկած սեբաստացիներին բանգլադեշյան նոր ծովեր էին պետք… Ունեցածը ծնկից՝ սաղր ու փոքր էր թվում… Ասենք՝ ուռա՜, շնորհիվ Հրաչյա Առաքելյանի, Արման Բլեյանի ու Գևորգ Ստեփանյանի անձնական ջանքերի, Քնարիկի, իհարկե, Տիարի շռայլության, երեկ առաջին նոր ծովը ծփաց Գեղարվեստում… Ի՜նչ ափ է՝ լազա՜թ, ի՜նչ ջուր՝ լազո՜ւր… Բանգլադեշո՜ւմ… Այսօր, հունիսի 2-ին նույն հավեսը կապրեն մեր Բ-4-ում՝ Դպրոց-պարտեզում։ Նոր դպրոցն ու Հիմնականը ամենալավը կարողացան իրենց լողափերը պահել-պահպանել-գործածել։ Շնորհակալ եմ…
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:
Փոփոխությունները մեր կյանքում անընդհատ են, ինչպես դրանց անհրաժեշտությունը, իսկ ամառը՝ իր ուսումնական նախագծերով, այդպիսի փոփոխությունների ներկայացման-հանրայնացման-խթանման հարթակ… Արմինե Թոփչյանի օրինակը՝ վերցրեց ու կարգավիճակ փոխեց, Գեղարվեստը կրթահամալիրին թողեց ու հեծանիվի վրա հայտնվեց անծիրում… Վարակիչ է այնքան, որ Բաբուջյան Կարինեին էլ հասավ… Այսօր, ինչպես խոստացել-պատրաստվել ենք, մենք անորոշ մի խմբով կծափահարենք իր տպավորիչ-հայտնի արդեն երրորդ դասարանցիներին առոք-փառոք Գեղարվեստում հասունության-ինքնուրույնության հաջորդ՝ դեռահասության մակարդակ հասցրած «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ղեկավարին, ու հայդե, Անկախ մայլա՝ Հիմնականում իր կյանքի շրջապտույտը սկսելու… Սա լավ հայտ է անձնական կյանքում փոփոխություն կատարելու համար…
Գեղարվեստից՝ Դպրոց-պարտեզով Հիմական դպրոց:
Դե, ի՞նչ եք տապ կացել, ծվարել Բանգլադեշում, իմ նման շորտեր-թափեր հագեք, հեծանիվով-ձիով, նավով՝ գետով-լճով-ծովով ճամփա ընկեք… Ամա՜ռ է, է՜, ձեր՝ բոլոր տարիքի սեբաստացիների մինչ այս անհայտ, չդրսևորված «Արև» նախագծով Բանգլադեշյան պլեներային հարթակ չեկած դրսևորումների, ինքնարտահայտումների ժամանակը: Փաստ դարձրեք ձեր տաղանդը… Ասում եմ՝ նաև նավով-լճի վրա, միայն Սևանը՝ իր «Ժայռ» գոտիով, նկատի չունեմ, այլ նաև Երևանյան լիճը… Ես երեկ ժամը ութին նավում մեր-իմ, տուն-աշխատանքի ճանապարհի, մանկության, Հրազդանի ծնած լճի վրա, մանկության հավերժ-սիրահարի օրորներ էի փոխանցում… Օրոր, օրոր, օրոր… Իսկապես, ինչո՞ւ մենք մեր նավատորմիղը չենք ստեղծում, գնդապետ Ալիկ Մինասյան, «Ժայռում», և բոլոր տարիքի սեբաստացիներ, Երևանի լճում… Սա իհարկե, հարց չէ, հրաման է, սկսե՛ք:
Հունիսը-ամառը՝ արև բերած, ուսումնական-գերազանցիկ ինքնաստուգումների ի՜նչ հարթակ է… մամա՜ ջան… Երեկ ես վեր եմ կացել իմ մահճից Չայկովսկու 30-ի մեր բնակարանում, գիտեք, ժամը 4-ին առտու և մտել նույն հասցեի հայտնի լողարան-սառը ցնցուղի տակ երկոյան 8.30. փաստեք, որպես անձնական ցուցանիշ, ես առանց ընդմիջումի, մեքենայի, կաբինետի, ինտերնետի, 16 ժամ անընդհատ գործել եմ… Ո՞վ կհասնի… Նունե Մովսիսյանի ձայնը լսեցի։ Չես փրկվի, Նունե ջան, Կարինե Մացակյան ու Քնարիկ Ներսիսյան, Սուսան Ամուջանյան, ոչ մեկդ պրծում չունեք կրթահամալիրի Բանգլադեշում, եթե Բանգլադեշյան պլեների որևէ հարթակ չդարձրիք ձերը՝ ֆիզիկական ու մեդիա միջավայրում, հայաստանցուն, Հայաստանից դուրս հասանելի չներկայացաք…. Այո՛, հունիսի 13-ին մեկնարկող պլեներն այս հարթակ է՝ որպես 2015-2016 ուստարվա ձեր գործունեության փոխանցում, 2016-2017-ի սեբաստացիական կյանքի ձեր հայտի հանրային ներկայացում, որպես ինքնաստուգում՝ ճամփորդի, ամառային այս անծայրածիր թվացող ճամփորդությունից առաջ… Սկսեք հիմա ու այլ թափով, ինչպես քոլեջի աշխատանքային ջոկատը՝ իր հրամանատար Անահիտ Մելքոնյանով ու վարպետ Էլյայով։
Ճամբարային խոհանոց Հիմնական դպրոցում:
Քանի՜ անգամ ես անցա մի օրում Բանգլադեշյան պլեների հարթակներով՝ նույն հունիսի 1-ին։ Գեղարվեստի Բաբուջի երրորդ դասարանի Վարուժան Պողոսյանի հեծանվային բեմելը մնաց իմ բզով ծակած օպտիկայում, Սոնա թոռնուհուս խանդավառ Կոմիտասը… Երեկ Մարմարյա սրահից ուղիղ միացումով, այդպես ստացվեց, Սոնուլի Լիլիթ Բլեյան մայրիկը ինձ-մեզ մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց, ես, Սոնա աղջիկն ու Մարմարյա սրահը՝ Սոնա ստեղծածին… Նոր դպրոցի պարտեզը մնաց իմ հայացքում՝ իր պարտիզպանով՝ շրջանավարտ Էդվարդով, որ օրվա վերջում ծառուղիներից մեկում գերանդին էր սրում… Վարպետ Պետոյի ուսումնական դարձող արհեստանոցի՝ բուլդոզերի տակ ընկնող պատերի դղրդյունը մնաց, ու շփոթը մարդկանց՝ Բլեյանն էս ո՜ւր հասավ, չի կանգնելո՞ւ… Լիդիա Կամենդատյանի ու Դավիթ Մարտիրոսյանի երգը մնաց «Ուրվագծի» եթերից ու ծովերի ծփանքը Բանգլադեշի ու օրորը Երևանյան լճի… Արմինե Աբրահամյանի գոհությունը-հպարտությունը իր չորրորդ դասարանցիների մայրենիի գրավորներից… Ու Մահարու պատումը (որտեղի՞ց եկավ), ողջույնը, օրը, աշխատանքի զնգոցը…
Առավոտը՝ Գեղարվեստում:
Լուսանկարների հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան:
# 689